Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Իռլանդական արկածներ, մաս 1. Դուբլին (Վերապրում)

on July 18, 2015

Չգիտեմ՝ երբ սկսեցի Իռլանդիան ու նրա մշակույթը սիրել: Չգիտեմ՝ երբ այնտեղ գնալը դարձավ իմ կյանքի նվիրական երազանքներից մեկը, բայց շատ լավ հիշում եմ, որ այն իրականացրի 2012-ին՝ խոստանալով, որ վերադառնալու եմ: 

Ու դժվար այս տարի Իռլանդիա գնայի, եթե կյանքումս մի շիլաշփոթ չսկսվեր, ու դրանից դուրս գալու համար չորոշեի. գնալու՛ եմ ու գնալու՛ եմ մենակ:

Ինձ պետք էր այս ճամփորդությունը, որ հասկանայի՝ իռլանդացու նկատմամբ սերս ժամանակավոր էր, Իռլանդիայի նկատմամբ՝ հավերժ: Ինձ պետք էր հասկանալ, որ այդ իռլանդացին, որն ինձնից խլեց ամեն ինչ, չի նույնանում Իռլանդիայի հետ: Հետո նաև ուզում էի ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել, ու տարօրինակ կերպով Իռլանդիան Եվրոպայի այն հազվագյուտ երկրներից է, որտեղ ոչ մեկի չեմ ճանաչում, հետևաբար կարող էի ուզածիս չափ մենակ մնալ: Ինձ պետք էր նաև ապացուցել, որ մեն-մենակ ճամփորդելն էլ կարող է լավ լինել: Ու կարևորը՝ պետք էր համոզվել, որ իմ կյանքը, իմ լավ լինելը, իմ ծրագրերն ու զվարճանքները ոչ մեկից կախված չեն: Ուրեմն ունեմ Դամիեն Ռայսի համերգի տոմսը, կգնամ դեսպանատուն, վիզան կստանամ ու մեն-մենակ կմեկնեմ արկածներ որոնելու:

Այս ճամփորդությունս ոչ միայն ֆիզիկապես ինձ տեղից տեղ էր տանում Իռլանդիայի տարբեր վայրերում, այլև անձնական մի ամբողջ ուղի էր: Դրա համար աշխարհագրական տեղափոխություններին զուգահեռ կպատմեմ նաև իմ ներքին ճամփորդության մասին՝բաժանելով երեք մեծ մասերի (Դուբլին – Քիլարնի – Դուլին կամ Վերապրում – Ազատագրում – Ապաքինում):

Մաս 1. Դուբլին (Վերապրում)

Դուբլինը

Ինձ թվում էր՝ հենց ոտքս դնեմ Դուբլին, թե չէ, պիտի լավ զգամ, պիտի մոռանամ կյանքս տակնուվրա արած այդ մարդուն և ուղղակի վայելեմ: Բայց դեռ ինքնաթիռը չիջած, ես լացում էի: Լացում էի նաև հաջորդ գրեթե ամբողջ օրվա ընթացքում: Հեռանալու փոխարեն այդ մարդն ավելի էր մոտեցել, ու Դուբլինը նրան ավելի էր հիշեցնում, քան նույնիսկ Կոպենհագենը: Եվ այդ երկու օրերն անցկացրի նրան ճանաչելուս մի տարվա ամեն ինչը վերհիշելով ու վերապրելով:

Հյուրանոցում թեյ եմ խմում ու գրում

Հյուրանոցում թեյ եմ խմում ու գրում

Նախորդ ճամփորդությանս ընթացքում սիրահարվել էի Դուբլինին: Այս անգամ նեղվում էի: Սարսափելի մարդաշատ էր ու աղմկոտ ու չգիտեի՝ որտեղ թաքնվեմ: Ինչ լեզու ասես կլսեիր շուրջդ: Անսովոր էր, որ փողոցում անծանոթ մարդիկ մոտենում, սկսում են խոսել հետդ: Ուզում էի փախչել էդ ամենից, պոկվել, մի հանգիստ անկյունում հայտնվել: Իսկ Գրաֆթոն սթրիթում սկսնակ երաժիշտների փոխարեն ինչ-որ տուրիստ կլպող ախմախ նվագախմբեր էին:

Առաջին օրվա երեկոյան փաբ մտա: Իռլանդական երաժշտության փոխարեն երաժիշտը Ջոնի Քեշ էր նվագում: Ներսում լիքը հարբած ամերիկացիներ էին ու իրենց կորցրած երգում էին: Այդ աղմուկից էլ նեղվեցի: Բայց մեկ էլ տեսա մի աղջկա, որ ինձ նման մենակ էր եկել: Ես սկսեցի խոսել հետը: Իսպանացի էր, Բելֆաստում է ապրում: Ասաց, որ երբեմն էսպես շաբաթ օրերին մենակով գալիս է Դուբլին, տժժում, հետ գնում Բելֆաստ:

Աղմուկին շատ չդիմացա ու վերադարձա հյուրանոց՝ հուսալով, որ երկրորդ օրն ավելի շատ բան կտա:

Գիդով զբոսանքը

Ամեն անգամ նոր քաղաք գնալիս լավ միտք է անվճար գիդով զբոսանքներին գնալը: Չվարձատրվող գիդը գործադրում է իր ամբողջ ուժն ու էներգիան, որ տուրիստներին զվարճացնի, իսկ վերջում մասնակիցները թեյավճար են տալիս: Այսինքն, եթե ձանձրացնի, փող տվող չի լինի, իսկ եթե հետաքրքիր պատմի, շատ փող կստանա:

Մեր գիդ Պատրիկը

Մեր գիդ Պատրիկը

Մեր գիդը Պատրիկն էր՝ իռլանդացի, ծնունդով Քորքից, բայց ծնողները դուբլինցի են:

– Մայրս Դուբլինի հարավից է, հայրս՝ հյուսիսից,- ասաց,- դա կոչվում է խառնամուսնություն:

Հետո պատմեց, թե Դուբլինում ինչ մեծ տարբերություն կա Լիֆիից հարավի ու հյուսիսի բնակիչների միջև: Դեռ վաղուց գիտեի, որ հարավն ավելի անվտանգ է ու հարուստ, իսկ հյուսիսը՝ աղքատ ու լիքը գողություններով: Բայց Պատրիկը դրան ավելացրեց, որ հյուսիսում մարդիկ կոշտ ու կոպիտ իռլանդական առոգանությամբ են խոսում, իսկ հարավում բրիտանախոս սնոբներն են:

Մեզ տարավ Դուբլինի զանազան վայրեր: Ընթացքում իռլանդերեն արտահայտություններ էր սովորեցնում ու պատմում Իռլանդիայի անկախության պատմությունը, թե ինչպես են բազմաթիվ ապստամբություններ ձախողվել ու թե ինչպես ի վերջո անգլիացիները ոչինչ չեն կարողացել Մայքլ Քոլինզի դեմ որևէ բան անել, հռչակագիր են ստորագրել: Անցանք նաև մի հինգ աստղանի հյուրանոցի մոտով, որտեղից ժամանակին Բոնոյին դուրս են շպրտել, իսկ նա կանգնել ու ասել է, որ մի օր հայտնի է դառնալու ու գնելու է այդ հյուրանոցը: Այդպես էլ արել է:

Ազգային գրադարանը

Զբոսանքից հետո գնացի Ազգային գրադարան: Սկզբում «Ուլիսեսի» ցուցանակները նայեցի, կարդացի, բզբզացի, հետո անցա Յեյթսի ցուցահանդեսին: Ու այ հենց էդտեղ ուժեղ էմոցիոնալ պոռթկում ունեցա: Էկրան էր, որտեղ Յեյթսի բանաստեղծություններն էին հայտնվում, ու ինչ-որ ձայն արտասանում էր դրանք: Մեխվել էի աթոռին՝ մի անձեռոցիկը մյուսի հետևից դեն նետելով: Իսկ երբ Cloths of Heaven-ը սկսվեց, լրիվ ինձ կորցրեցի: Հիշողությունների գիրկն էի ընկել ու մեկիկ-մեկիկ վերապրում էի ժուկով-ժամանակով ճանաչածս, ժամանակին ինձ համար այդքան թանկ եղած մի մարդու հետ անցկացրած լավ ու վատ պահերը:

Դուբլինը գրողների քաղաք է

Դուբլինը գրողների քաղաք է

Ու մեկ էլ կտրուկ վեր կացա տեղիցս ու դուրս թռա գրադարանից: Վազեցի Դուբլինի փողոցներով՝ առանց հետևելու, թե ուր եմ գնում: Վազեցի այնքան, մինչև հայտնվեցի մի գրախանութում ու սկսեցի նոր գրքերն ուսումնասիրել: Անձնակազմի խորհրդի տակ կար ոմն Մարտին Մադենի «Անյուշ» վեպը: Պարզվեց՝ Ցեղասպանության մասին է, հեղինակն էլ իռլանդուհի է: Գիրքը գնեցի, սրճարան գտա ու էնտեղ նստած սկսեցի թերթել: Հաջորդ մի քանի ժամերի ընթացքում լավ էի:

Դամիեն Ռայսի համերգը

Ես չգիտեմ՝ նա ինչ էր արել իր տոմսի հետ: Հնարավոր էր՝ համերգի ժամանակ իրար տեսնեինք: Բայց խելքս չէր կտրում, թե նա ռիսկ կաներ մենակով գալ համերգ: Իսկ հանդիպումից ուղղակի սարսափում էի, որովհետև չգիտեի՝ ոնց էի ինձ պահելու: Բարևելու՞ էի, արհամարհելու՞ էի, ջե՞րմ էի լինելու, թե՞ սառը:

Էնքան էի ինձ կորցրել, որ համերգի վայրը չէի կարողանում գտնել: Անընդհատ դեսուդեն էի վազում, հետ ու առաջ անում, մինչև վերջապես հայտնվեցի հերթի մեջ ու սպասեցի դռների բացվելուն: Հենց էդ պահից սկսած նորից աչքերս լցվեցին: Լավ էր՝ անձեռոցիկի մեծ պաշար ունեի, ու երբ կողքիս աղջիկը մի կնոջից անձեռոցիկ ուզեց, իմը պարզեցի:

Տեղավորվեցի ուղիղ բեմի մոտ: Իսկ աչքերս չէին չորանում: Մեր՝ միասին անցկացրած ժամանակից հիշում էի էնպիսի բաներ, որոնք լրիվ մտքիցս թռել էին: Ու էն հին ցավը, որ կարծում էի՝ անցել է, նորից նույն ուժգնությամբ զգում էի: Ներսիցս ծակծկոցներ էին, ոտքերս թուլացել էին, թվում էր՝ կընկնեմ:

– Դամիեն Ռայսը համերգ է տալու Դուբլինում,- ասել էր:

– Միասին կգնանք, կլացենք,- ասել էի:

– Տղամարդիկ չեն լացում,- ասել էր:

Երբ Դամիեն Ռայսը բեմ բարձրացավ, ինձ ավելի շատ կորցրի: Ու սկսվեց մաքրման ընթացքը. ներսիցս դուրս էր թափվում ամիսների կուտակածը, դուրս էր թափվում ինձ ցնցելով, ծեծելով, կտոր-կտոր անելով: 9 Crimes-ի ժամանակ հատկապես ես էլ ես չէի, դարձել էի ուրվական ու ի տարբերություն հանդիսատեսի, որը հետը երգում էր, ես քթիս տակ փսփսում էի բառերը: Տեսնողները կմտածեին՝ ո՞վ է էս գիժ ֆանատը: Էլ չգիտեին, թե ինչ էր պտտվում իմ գլխում:

Դամիեն Ռայսը հզոր էր բեմի վրա: Բարձրախոսն անընդհատ միանում-անջատվում էր, իսկ ինքն իրեն չէր կորցնում, շարունակում էր երգել: Հետն էլ արանքներում պատմություններ էր պատմում, թե որ երգն ինչու է գրել: Ու կամաց-կամաց սկսում էի ավելի լավ զգալ, կամաց-կամաց իմ մասնատված կտորները հավաքվում էին նորից, որ մի ամբողջություն դառնան:

Դամիեն Ռայսը վերջին երգը կատարելիս

Դամիեն Ռայսը վերջին երգը կատարելիս

Ամենավերջում կանգնեց աթոռին, լրիվ ակուստիկ՝ առանց բարձրախոսների Blower’s Daughter-ը կատարեց: Հանդիսատեսը մեղմ ձայնակցում էր: Ես էլ չէի լացում: Թեթևացել էի:

Համերգից հետո վերադարձա հյուրանոց: «Իռլանդիան դու չես»,- քթիս տակ ասացի: Հաջորդ առավոտյան ճամպրուկս հավաքեցի և ուղևորվեցի դեպի Քիլարնի՝ ազատագրում: Էլ երբեք Դամիեն Ռայս չեմ լսելու:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: