Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Իռլանդական արկածներ, մաս 2. Քիլարնի (Ազատագրում)

on July 19, 2015

Ճանապարհ

Առավոտյան աչքերս ուռած էին, բայց ներքուստ թեթևություն էի զգում: Ոնց որ ինչ-որ ծանրություն վրայիցս պոկված-ընկած լիներ: Արագ-արագ հավաքվեցի, ու քանի որ անձրև էր գալիս, ավտոբուս նստեցի, որ հասնեմ ավտոկայան: Էստեղ պետք է հիշել, որ Իռլանդիայում ավտոբուսները գրեթե երբեք ժամանակին չեն գալիս, ու ներվայնացնող են էդ ուշացումները:

Ճամփորդությունս պլանավորելիս ես շատ լավ գիտեի, որ ավտոբուսներում ահագին երկար ժամանակ եմ անցկացնելու: Մտածում էի՝ ոչինչ, պատուհանից դուրս կնայեմ, Իռլանդիայի գեղեցիկ բնությամբ կհիանամ, լիքը կգրեմ ու կկարդամ, կմտածեմ էն հարցերի շուրջ, որոնց պատասխանները պիտի ճամփորդության վերջում գտնեմ:

Բայց չէ… Ավտոբուսում անտանելի սրտխառնոց սկսվեց, ու ես մենակ կարողանում էի պատուհանից դուրս նայել, ֆեյսբուքում ստատուսներ պոստել, թե՝ Իռլանդիայի խոտն ավելի կանաչ է, մեկ էլ գլուխս դնել ապակուն ու քնել: Այդպես մի կերպ Քորք հասա ու թեյ խմեցի, որ սրտխառնոցս թեթևանա, հաջորդ ավտոբուսին դիմանամ:

Ճամփին: Տեսարան ավտոբուսի պատուհանից

Ճամփին: Տեսարան ավտոբուսի պատուհանից

Բայց ճանապարհին անցնում էինք լիքը սիրուն-սիրուն պստիկ քաղաքներով ու գյուղերում ու մտածում էի՝ ինչքան տեսնելու բան կա Իռլանդիայում:

Քիլարնի

Արդեն չեմ հիշում, թե ինչ սկզբունքով եմ ընտրել երթուղիս ու ինչու հենց Քիլարնին: Բայց հենց տեղ հասա, միանգամից նկատեցի, որ տուրիստաշատ քաղաք է: Չնայած դրան, Դուբլինից ահագին տարբերվում է. փոքր ու կոմպակտ, նեղլիկ փողոցներով, որոնց մի մասը դալաններից էին սկսվում: Շուրջդ էլի ինչ լեզու ասես չէիր լսի, բայց գոնե սպասարկման ոլորտում լիքը իռլանդացիներ կային, ու կարոտ չէիր մնում տեղացի տեսնելուն:

Քիլարնի. դալանից սկսվող փողոց

Քիլարնի. դալանից սկսվող փողոց

Հյուրանոցում տեղավորվելուց հետո դուրս եկա քաղաքով թափառելու: Մեկ էլ քաղաքի գլխավոր փողոցում երաժշտություն եմ լսում: Մոտենամ, տեսնեմ՝ ծանոթ դեմք է:

– Էրի՜կ,- կանչում եմ,- հիշեցի՞ր ինձ:

– Մի րոպե, չասես, չասես… Հայաստա՞ն:

Երեք տարի առաջ, երբ Դուբլինում թափառում էի ու ընկերուհիներիցս մեկի ծննդյան օրվա առթիվ փողոցային երաժիշտների շնորհավորանքներ հավաքում, Էրիկը շնորհավորողներից մեկն էր: Հետո զրուցել էինք մի քիչ: Ինքը սովորաբար ամեն ազգության հարմար երգ է ունենում, բայց հայկական երգ չուներ: Ու դրանից հետո Դուբլինում թափառելիս նրան հաճախ էի այս կամ այն փողոցում տեսնում, ինքն էլ երգն ընդհատում էր, գոռում՝ Առմենիա՜, ես էլ ժպտում, անցնում էի: Քիլարնիում նրան հանդիպելը մեծ անակնկալ էր:

– Այստեղ եմ ապրում,- ասաց,- ի՞նչ երգեմ քեզ համար… սպասիր, սա քո սիրածներից չէ՞:

Piano Man-ը սկսեց նվագել:

Էրիկը՝ նույն գլխարկով, Շոտլանդիայի դրոշը կիթառին

Էրիկը՝ նույն գլխարկով, Շոտլանդիայի դրոշը կիթառին

Հաջորդ օրն էլ Էրիկին տեսա: Շուրջը լիքը մարդիկ էին հավաքված, անցնող-դարձողներին էլ ռեպլիկներ էր բաց թողնում.

– Սիրում եք իրար, ինչու՞ իրար ձեռք չեք բռնում:

Մեկ էլ հայտնվեցին ճոխ հագնված տարիքով կանայք ու մի տղամարդ: Տղամարդը դանդաղ վալս պատվիրեց ու կանանցից մեկի հետ սկսեց փողոցի մեջտեղում պարել: Մի մեքենա կանգնեց, վարորդը դուրս եկավ, խլեց կնոջը, մի քիչ պարեց հետը, վերադարձրեց առաջին տղամարդուն , նստեց առաջին մեքենան ու հեռացավ:

Գիշերային վալսը

Գիշերային վալսը

Կենդանի էր Քիլարնին նաև գիշերը: Անբացատրելի կյանք ու դրական էներգիա կար մեջը:

Փաբ 98

Իռլանդիայում իռլանդական փաբերը քչություն չեն անում, բայց դրանց մեջ կան այնպիսիք, որտեղ բացառապես տուրիստներ են գնում, ու այնպիսիք, որտեղ տեղացիներին էլ կհանդիպես: Ես այդ վերջիններից էի ուզում: Դրա համար քայլելով Քիլարնիի փողոցներում ու հոտոտելով բոլոր փաբերի դռները, ի վերջո համարձակվեցի մտնել 98՝ բավական փոքր փաբ, որտեղ կենդանի երաժշտություն էր հնչում:

Փաբ 98-ի երաժիշտները

Փաբ 98-ի երաժիշտները

Կարծեմ սառած էի, թրջվել էի, ժամն էլ ուշ չէր: Սուրճ վերցրի, նստեցի մի անկյունում ու սկսեցի գրել՝ հետևելով, թե ինչ է կատարվում տարածքում: Իսկ տարածքում երկու իռլանդացիներ ուրախ ձայնակցում էին երաժշտին ու համոզում, որ մյուսներն էլ միանան իրենց: Մեկ էլ կողքի սեղանի մոտից մի տղամարդ հարցրեց, թե որտեղից եմ:

– Հայաստանից:

Մի քանի վայրկյան լռություն տիրեց: Փորձում էր տեղը բերել, թե որն է Հայաստանը:

– Թուրքերը ձեզնից պիտի ներողություն խնդրեն: Նրանք ձեզ կոտորել են:

Ահավոր խմած էր:

– Սխալ էր: Դա շատ սխալ էր: Հիտլերին գիտե՞ս: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ասել է. «Ո՞վ է հիշում հայերին»… մի քիչ խմած եմ, կներես,- գնաց խմիչք բերելու:

– Որտե՞ղ է Հայաստանը, կա՞ էդպիսի պետություն:

– Կա, Թուրքիայի մոտ է:

– Չկա: Ես գիտեմ, որ հայեր կան, բայց Հայաստան չկա:

Ազգային ինքնասիրությունս խիստ վիրավորվեց: Պայուսակիցս հայկական անձնագիրս հանեցի ու դեմ տվեցի:

– Հիտլերին գիտե՞ս, գիտե՞ս, թե ինչ է ասել:

Բլոկնոտս փակեցի: Փարթին թեժանում էր: Ես էլ միացա երգերին:

– Էս երգերը որտեղի՞ց գիտես,- զարմացած հարցրեց երգող իռլանդացիներից մեկը:

Դե արի ու բացատրի… Էս հարցն Իռլանդիայում լինելուս ընթացքում դեռ էլի էին տալու ու էդպես էլ չէին հասկանալու, թե ոնց կարող է Հայաստանի նման փախած երկրից մեկը, որը ոչ մի իռլանդացի նախնի չունի, էդքան տարված լինել Իռլանդիայի մշակույթով:

– Ու՞մ հետ ես,- հարցրեց երգող իռլանդացիներից մեկը, երբ երաժիշտը դադար տվեց:

– Մենակ եմ,- ասացի:

– Ո՞նց, մեն-մենակ եկել-հասել ես այստե՞ղ:

– Հա… պիտի մի ընկերոջ հետ գայի, բայց էլ իրար հետ չենք խոսում:

– Տղա՞: Պատմիր, ի՞նչ է եղել:

– Ուղղակի որոշեցի մենակ գալ:

– Քաջ աղջիկ ես,- ասաց,- հետո երեխաներիդ կպատմես էս ճամփորդությանդ մասին: Իսկ նա չի էլ պատկերացնում ինչ է կորցնում:

Նայեցի դեմքին: Պարզ, միամիտ, ուժեղ իռլանդական առոգանությամբ իռլանդացի էր: Ու մեկ էլ տեսնեմ՝ շրջվում, կողքինի հետ ինձ անծանոթ լեզվով է խոսում: Աչքերս թռան ճակատիս: Ուրեմն իռլանդերեն խոսողներ դեռ կան, նրանց կարելի է հանդիպել իրական կյանքում:

Եթե մենակ չճամփորդեի, այդ փաբում դժվար հայտնվեի, որովհետև ուղեկիցս չէր ուզենա փաբ գնալ, իսկ այնտեղ հնչող երաժշտությունն էլ իրենից ցածր կհամարեր: Եսի՞մ, երևի էնպես, ինչպես մենք՝ հայերս, ռաբիզն ենք ցածր համարում ու զարմանում, թե ինչպես են օտարերկրացիները լսում այն:

Քերիի օղակը

Ինձ ճանաչողները գիտեն, որ կազմակերպված տուրեր առանձնապես չեմ սիրում, որովհետև ինձ պետք է կոնկրետ վայրում անցկացնել այնքան ժամանակ, ինչքան ուզում եմ, ոչ թե այնքան, ինչքան ավտոբուսի վարորդը կթույլատրի: Բայց Քիլարնիում լինելով մենակ և ունենալով միայն մեկ օր ընտրությունս մեծ չէր, ու որոշեցի գնալ Քերիի օղակի տուրին:

Ավտոբուսը Քիլարնիից դուրս է գալիս, հերթով կանգնում Քերիի զանազան գեղատեսիլ վայրերում ու գյուղերում: Տարածքում ամեն մի բնակավայր մի փոքրիկ պատմություն ուներ. մեկում Փոք փառատոնն են տոնում ամռանը, մեկը Դանիել Օ՛Քոնելի ծննդավայրն էր, մյուսում Չառլի Չապլինն էր սիրում պարբերաբար հայտնվել, չորրորդը նախշուն տներ ուներ:

Ատլանտիկը

Ատլանտիկը

Ճամփին մի տեղ կանգնեցինք ու դիտեցինք իռլանդացի հովվի ներկայացումը: Այս հովիվը ոչխարների հետ սարեր չի գնում: Փոխարենը հատուկ վարժեցված շներին է ուղարկում ոչխարների հետևից: Իռլանդական հատուկ հումորով պատմում ու ցույց էր տալիս, թե ոնց է շանը հրահանգում այս կամ այն ուղղությամբ վազել ու դրան համապատասխան ոչխարները գնում էին այնտեղ, որտեղ պետք էր հովվին: Էնպիսի՜ վարպետությամբ էր դա անում: Շշմելու տեսարան էր:

Հովիվը

Հովիվը

Կանգնում էինք նաև Ատլանտյանի ափին զանազան տեղերում. Դինգըլ թերակղզու մոտ, լողափին, Սկելիգ կղզիները տեսնելու:

– Իռլանդիայում միայն մի տեղ կա, ուր ուզում եմ գնալ,- ասաց նա մեր երկրորդ հանդիպման ժամանակ ու ինչ-որ կղզիների անուն տվեց, որ մտքիցս թռան: Հետո հեռախոսով նկարները ցույց տվեց,- գուցե միասին գնանք:

Հազիվ երևացող Սկելիգ կղզիները

Հազիվ երևացող Սկելիգ կղզիները

Գուցե միասին գնանք… Ափից նայում էի կղզիներին ու ինքս ինձ խոստանում, որ երբե՛ք-երբե՛ք այնտեղ չեմ գնալու: Միասին պլանավորած լիքը բաներ ինքնուրույն անում եմ ու ինձ լավ զգում, բայց Սկելիգ կղզիներ չեմ գնա: Թող դա մնա այն միակ բանը, որը սկզբունքորեն չեմ անի, որը կպահեմ որպես հիշողություն այդ մի մարդուց ու ամեն անգամ Ատլանտիկի ափից կղզիներին նայելիս կտեսնեմ ինձ ափին մնացած ու նրան կղզիացած: Երբեմն մառախուղ կլինի, ու կղզիները լավ չեն երևա, ինչպես այս անգամ էր, երբեմն՝ պայծառ արև: Բայց ես պինդ կանգնած կմնամ իմ ափին:

Քիլարնիում ինձ ծանոթ իռլանդացին արդեն հեռավոր մի հուշ էր թվում, իմ կյանքի մի հատված, որն արդեն ավարտվել է ու որի ճանկերից ազատագրվում էի:

Առավոտյան ճամփա ընկա դեպի Դուլին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: