Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ինչու Անգլիայում չէի ապրի

on August 8, 2015

Վահեին խոստացել էի մի օր անպայման գրել, թե ինչու Անգլիայի ու անգլիացիների նկատմամբ դրական վերաբերմունք չունեմ: Էսօր էդ օրն է: Բայց մինչև սկսելս դիսքլեյմեր. այս գրառման մեջ տալու եմ ընդհանուր նկարագիր, ամենևին չի նշանակում, որ ասածս տարածվում է բոլոր անգլիացիների վրա:

Մի շաբաթ առաջ հիացած պատմել էի Դանիայում արձակուրդի մշակույթի մասին: Ու դրանից ընդամենը մի քանի օր անց լսում եմ՝ մեկը դժգոհում է Դանիայի արձակուրդային օրենքներից: Էլ ո՞վ պիտի լինի: Անգլիացի: Պարզվում է՝ չգիտեր, որ վճարովի արձակուրդ կարող է գնալ միայն աշխատել սկսելու հաջորդ մայիսից: Քանի որ այս տարի էր տեղափոխվել Դանիա, ամռանն արձակուրդ չուներ: Ինչ խոսք, էս արձակուրդային համակարգը մի քիչ նեղում է նրանց, ովքեր առաջին անգամ պիտի աշխատեն Դանիայում, հետևաբար հիմնականում արտասահմանցիներին: Բայց եթե երկարաժամկետ նայես, նոր տեղ աշխատանքի տեղավորվելու արդյունքում դու չես կորցնում հանգստի հնարավորությունը:

Դժգոհելը քիչ էր, պնդում էր, որ օրենքը պետք է փոխել, որ ՄԹ-ում վեց ամիս աշխատելուց հետո կարելի է արձակուրդ գնալ և այլն: Բայց հեչ, որ էստեղ կարող ես մի աշխատավայրիդ արձակուրդը տեղափոխել մյուսը, հեչ, որ շաբաթն ընդամենը 37 ժամ ես աշխատում:

Ընդհանրապես, անգլիացիների հետ շփվելիս մի ընդհանուր միտում եմ նկատել. իրենցը միակ ճիշտն է, աշխարհում մնացած ամեն ինչ սխալ է: Ու էդ ճիշտը վերաբերում է կրթությանը, գիտությանը, օրենքներին, անգամ լեզվին: Իհարկե, տեղ ունեն վեր-վեր թռնելու. օրինակ, չենք կարող չընդունել, որ իրենց կրթական համակարգը լավն է: Բայց հաճախ հասնում են ծայրահեղությունների: Հենց Դանիայում անընդհատ կլսես, թե ոնց են փնթփնթում, թե այսինչը կամ այնինչն անգլերեն չի խոսում կամ որ գործի ընդունվելիս դանիերենի իմացություն են պահանջում:

Բարև ձեզ:

Դանիայի բնակչության ութսուն տոկոսն անգլերեն գիտի: Բայց եթե որոշել ես գալ, այստեղ ապրել, բարի եղիր, լեզուն սովորիր: Դեռ գոհ եղիր, որ առանց լեզվի քննություների քեզ թողել են այստեղ: Դուք չե՞ք զանազան լեզվի սերթիֆիկատներ պահանջում որևէ մեկին ուսումնական հաստատություն կամ աշխատանքի ընդունելու համար: Էդ դեպքում ինչու՞ եք ակնկալում, թե մի պետություն, որի պետական լեզուն անգլերենը չէ, պիտի գրկաբաց ձեզ ընդունի:

Անգլիացիներն իրենց ճիշտը գերադրական համարելուն մեկտեղ՝ մնացած ազգերին հաճախ վերևից են նայում: Մենք՝ հայերս, նրանց համար ուսումնասիրության առարկա ենք, հետաքրքիր տեսակ, ոչ թե մարդ, որի հետ կարելի է հավասարը հավասարի պես խոսել: Նման բան, օրինակ, չեմ նկատել դանիացիների մոտ, չնայած անգլիացիներից բեթար հպարտ են իրենց հայրենիքով:

Անգլիացիները լիքը վատություն են արել իրենց շրջապատող ազգերին, բայց դրա մասին չեն խոստովանում: Վերցնենք նույն Իռլանդիային հասցրած վնասները (մեծ սովը, Թրինիթի քոլեջ կաթոլիկներին չթողնելը, լեզուն վերացնելը և այլն): Կամ հենց վերջերս էլ երբ Նյուքասըլում էի, գնացել էինք Շոտլանդիային մոտ գտնվող մի ամրոց: Գիդը պատմում էր. «Ամրոցը կառուցվել է շոտլանդացի թագավորներին դիմակայելու համար, սակայն հետագայում դրա կարիքն այլևս չկար, որովհետև բոլորս մի թագավոր ունեինք»: Ասում է անթաքույց հպարտությամբ:

Իսկ մնացած ազգերը հաճախ անգլիացիների ստեղծածն ուղղակի ընդունելուց բացի նաև հաճոյանում են, հետև մտնում, փորձում անգլերեն խոսել հենց անգլիական առոգանությամբ: Դա կարելի է տեսնել Դուբլինում, կարելի է տեսնել անգամ Դանիայում, երբ անգլիացի պրոֆեսոր է գալիս, բոլոր ուսանողները միանգամից լցվում են լսարան, կարելի է տեսնել անգամ Հայաստանում:

Տանել չեմ կարողանում անգլիացիների՝ որևէ բան ուղիղ ասելու փոխարեն քաղաքավարության սարուձորերն ընկնելը: Ասենք, նույն Նյուքասըլում գնացել էի զուգարան, դռան վրա գրված էր. «Խնդրում ենք՝ զուգարանը թողնել այնպիսին, ինչպիսին կուզեիք տեսնել, երբ մտնում եք: Շնորհակալություն»: Ես կնախընտրեի, որ ուղղակի գրված լիներ. «Մաքուր պահեք»:

Ու քաղաքավարությունն էլ, մնացած երևույթների պես, անգլիացիների բացարձակ ճշմարտություններից է: Ապրած լինելով զանազան երկրներում՝ սովորել եմ, թե որտեղ ինչն է քաղաքավարի, ինչը՝ անքաղաքավարի: Սովորել եմ նաև, որ մի բան, որը մի մշակույթում քաղաքավարի է, մյուսում կարող է անքաղաքավարի լինել կամ հակառակը: Իսկ անգլիացիների համար ճիշտը միայն իրենց քաղաքավարությունն է, մնացած ամեն ինչն անքաղաքավարի է: Արդյունքում՝ եթե ամեն նախադասությունից հետո փլիզ ու թենք յու չես ասում, դառնում ես անքաղաքավարի վայրի չոբան:

Ներվայնացնող է նաև սպասարկման ոլորտը: Անգլիացիները հաճախ բողոքում են, թե Դանիայում սպասարկում չկա: Իսկ ես բողոքում եմ, որ Անգլիայում շատ են համը հանում: Ասենք, մատուցողը պատվերը բերելուց հետո հազար անգամ հայտնվում է ու հարցնում, թե արդյոք ամեն ինչ կարգին է: Դա համարվում է որակյալ սպասարկում, իսկ ես քիչ է մնում գոռամ՝ թողեք հանգիստ հաց ուտեմ: Դրա համար Դանիայի «վատ» սպասարկումն ինձ ավելի է դուր գալիս, որտեղ մատուցողն անհարկի չի անհանգստացնում:

Էս ամենը հավաքելով մի տեղում՝ հասկանում եմ, որ Անգլիայում ապրելն ինձ համար շատ դժվար կլինի: Ճիշտ է՝ անընդհատ զանազան երկրներում ապրելով ու տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփվելով դարձել եմ բավական ճկուն, բայց դրա հետ մեկտեղ էլ հասկացել եմ, թե ինչ միջավայրում եմ ինձ ավելի լավ զգում: Ինձ դանիական սև հումորն ու նացիոնալիզմն ավելի է դուր գալիս, քան անգլիական պոլիտկոռեկտությունն ու քաղաքավարությունը: Ի դեպ, ոչ մի, բացարձակապես ոչ մի անգլիացի ընկեր չունեմ:

Հ.Գ. Ասածներիս մեծ մասն ամերիկացիների վրա էլ է կիրառելի, բայց նրանց մեջ մի մեծ գիտակից խումբ կա, որն իրեն մյուսներից վեր չի դասում, ուրիշ լեզու սովորելուց չի խորշում, հասկանում է, որ ուրիշ ճիշտ էլ կա: Ու էդպիսի ամերիկացի ընկերներ շատ ունեմ:

Հ.Հ.Գ. Բազմաթիվ կարծիքներ եղան, որ Անգլիայում էսպիսի պատկեր է միայն մեծ քաղաքներում, գյուղերում մարդիկ ավելի պարզ ու հասարակ են: Ասեմ, որ նյութս չի վերաբերում գյուղերի անգլիացիներին, ինչպես չի վերաբերում գյուղերի դանիացիներին, այլ նրանց, ում հետ շփում եմ ունենում, այսինքն՝ հիմնականում ակադեմիայում աշխատողներ կամ ուղղակի էսպես կոչված անգլիական միջին խավի ներկայացուցիչներ:

Advertisements

3 responses to “Ինչու Անգլիայում չէի ապրի

  1. gayaneatoyan says:

    Բյուրակն ջան, բարի վերադարձ Դանիա․ նախ ասեմ, որ շատ ցավում եմ, որ չհանդիպեցինք, շատ խառը օրեր էին ինձ համար Նյուքասլում այդ օրերը ցավոք։ Բայց ուզում եմ ասել նաև, որ Նյուքասլը համարվում է Անգլիայի ամենաընկերական ու հյուրընկալ քաղաքը, մնացած քաղաքաներում քաղաքավարության մակարդակը բոլորովին այդպիսին չէ 🙂 անգլիացիները այստեղ ավելի ջերմ ու մարդամոտ են, ես ունեմ հենց ջորդի ընկերներ ու ապշած եմ նրանց մարդկային վերաբերմունքից 🙂 երևի պետք է ունենալ ընկերներ, շփվել, որ տեսնեք, որ ոչ բոլորն են իրենց վեր դասում 🙂 ինչևէ, ես էլ առանձնապես հիացած չեմ Անգլիայով ու կարծում եմ, որ եթե հայերը մի քիչ մտածեն իրենց երկրի մասին, մենք էլ անգլիայից կամ այլ երկրներից ոչ պակաս երկիր կարող ենք ստեղծել; Բոլոր երկրներում ինձ միակ հիացմունք պատճառող փաստը դա այդ երկրներում մարդկանց հոգածությունն է սեփական երկրի նկատմամբ ։)

    • byurie says:

      Հա, շատ ափսոս, որ չհանդիպեցինք, իմ ժամանակն էլ էր շատ սուղ, բայց ոչինչ, թող մնա մյուս անգամ:
      Չգիտեմ, ես տեղացիների հետ առանձնապես չեմ շփվել: Անգլիացիների հետ շփումներս հիմնականում կա՛մ Անգլիայից դուրս են եղել, կա՛մ Անգլիայի ներսում, բայց Անգլիայի տարբեր մասերից հավաքվածների (ու հիմնականում ակադեմիայի ներկայացուցիչների): Ու հենց ամբողջ հարցն այն է, որ երբևէ որևէ անգլիացու հետ չեմ կարողացել ընկերանալ: Իմ շրջապատում ինչ ազգի ներկայացուցիչ ասես կա, բացի անգլիացիներից:

    • byurie says:

      Հ.Գ. Ու մի բան էլ ասեմ: Ամեն ազգի՝ իր երկրից դուրս գտնվող տեսակը, որպես կանոն, ահագին տարբեր ա իր երկրում գտնվող տեսակից: Չի բացառվում, որ նույնը ճիշտ ա անգլիացիների մասին, բայց ի տարբերություն, օրինակ, գերմանացիների կամ հոլանդացիների, անգլիացիների՝ Անգլիայից դուրս գտնվող տեսակն էն գոռոզ ու մեծամիտն ա, հետները շփվել չի լինում, լայն աշխարհայացք չունեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: