Գնացքում ինչ լեզու ասես չէի լսում. շվեդերեն, հոլանդերեն, անգլերեն, գերմաներեն: Հաշվի առնելով, որ Շվեդիայից եկող, օդանավակայանով անցնող ու գլխավոր կայարանով անցնող գնացքն էր, պիտի որ զարմանալի չլիներ ուղևորների բազմազանությունը: Ու հաշվի առնելով, որ ընդհանրապես մարդիկ գնացքներում կարդում են, պիտի որ ուշադրություն չդարձնեի, որ բոլոր լուռ ուղևորները կարդում էին: Բայց երբ հասանք Հումլեբեք կայարան, գնացքը գրեթե դատարկվեց, ու մարդկանց հոսքը շարժվեց նույն ուղղությամբ. դեպի Լուիզիանա ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ մոտ կես ժամից գրական փառատոնի վերջին օրն էր սկսվելու:
Փառատոնին գնալու հիմնական նպատակս իռլանդացի գրող Քոլմ Թոբինին տեսնելն էր. գրողների ողջ ցանկից միայն նրա գրքերից էի կարդացել: Բայց քանի որ հսկայական հեռավորություն էի անցել ու մուտքի տոմս գնել, որոշեցի մնացած գրողների հետ զրույցներին էլ ներկայանալ: