Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

DHL-ի էստաֆետային վազքը

on August 29, 2015

Մայիսի վերջին ուրբաթ օրն էր: Համալսարանի գարնանային փառատոնից հետո մոտակա փաբերից մեկում շարունակում էինք գարեջուր խմել: Բոլորս արդեն մի քանի բաժակ գարեջուր խմել էինք, երբ կոլեգաներիցս մեկը սկսեց հերթով բոլորին համոզել, որ դրա հաջորդ երկուշաբթին գնան Քրիստիանսհաունում 7,5 կմ-անոց վազքին: Էդ ժամանակներում էլ վազելն իմ նոր հոբին էր. գնում էի ջիմ, թրեդմիլի վրա կես ժամ վազում: Ահագին հանգստացնող էֆեկտ ուներ:

Ստարտային կետը վերջին մասնակցի վազելուց առաջ: Սկզբում շատ ավելի մարդաշատ էր:

Ստարտային կետը վերջին մասնակցի վազելուց առաջ: Սկզբում շատ ավելի մարդաշատ էր:

Որ 7,5 կմ-ը լսեցի, վատացա. ջիմում 3-4-ից շատ չեմ վազում: Էնտեղ էլ արագությունը կարող ես ինքդ կարգավորել: Այսինքն, հաճախ իմ ուժերից վեր արագություններ էի միացնում: Ու հեչ պետքս չէր, որ «կարող եմ մի մասը քայլել», որ «լիքը տատիներ էլ են մասնակցում», որ «սիրուն տեսարան է. մայրամուտն ես նայում»: Տեսնելով, որ 7,5-ն էնքան էլ չի անցնում, իջեցրեց թիվը.

-Իսկ ինչ կասե՞ս օգոստոսին DHL վազելու մասին: 5 կմ է:

Էդպես հերթով բոլորին համոզեց, ու օգոստոսի վերջին DHL-ի էստաֆետային վազքին մասնակցելու համար մի քանի թիմ կազմվեց:

Ամեն տարի օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում DHL-ը կազմակերպությունների միջև սիրողական վազքի էստաֆետային մրցույթ կազմակերպում քաղաքի այգիներից մեկում: Ամեն թիմում հինգ հոգի է, ամեն մեկը վազում է հինգ կիլոմետր: Ասում են՝ աշխարհի ամենամեծ մրցույթն է հարյուր հազարից ավելի մասնակցով: Էս տարի ամենաշատ մասնակիցներ տրամադրող կազմակերպությունը Կոպենհագենի համալսարանն էր:

Օրն ինչքան մոտենում էր, էնքան վախենում էի: Էս քանի օրը հա գնում էի ջիմ, փորձում թրեդմիլի վրա հինգ կիլոմետր վազել, որ տեսնեմ՝ դիմանում եմ, թե չէ: Բայց  ի՞նչ հինգ, ի՞նչ ընդհանրապես երեք-չորս: Մեկ-երկուսից հետո անջատում էի, նստում, սպասում յոգայի դասին:

Ու էդպես երեկ պիտի վազեի: Պարզվեց՝ մեր թիմում միակ անհույսը չվազողը չէի: Մեր հարկում մի աղջիկ էլ կար: Առավոտից հա գալիս էր մոտս, վախվխելով ասում՝ ո՞նց ենք վազելու: Իմ դարդուցավն էլ էն էր, թե՝ ինչ լինում է լինի, մենակ թե մեր թիմը վերջին տեղ չգրավի:

Գործից հետո մի քանի հոգով հավաքվեցինք, միասին գնացինք այգի: Լիքը ժողովուրդ: Մեր համալսարանը երկու հսկայական վրան էր զբաղեցնում: Ու որ կողմ նայեիր, կանաչ շորերովը մերոնք էին:

Հերթականությունն էսպես որոշեցինք. մյուս չվազող աղջիկն առաջինն է գնալու, ես՝ երկրորդը, հետո նոր մնացածները: Ու սկսեցինք հաշվարկել, թե ով ինչքան ժամանակում կվազի, որ համ էլ հասցնենք կանգնել վազքուղու մոտ ու բալետ անել:

-Կես ժամից շա՞տ, թե՞ կես ժամից քիչ,- հարցրին:

-Հինգ կիլոմետրը մի ժամում եմ քայլում: Էնպես որ, ոնց էլ չլինի, մի ժամից պակաս կլինի, բայց չգիտեմ՝ ինչքան պակաս:

Ու էդպես հասավ հերթս, միացրեցի երաժշտությունն ու սկսեցի վազել: Շուրջս լիքը մարդ: Բոյով տղամարդիկ գալիս, ինձնից առաջ էին անցնում, իսկ ես ինձ համար երաժշտություն լսելով գնում էի: Ամենահավեսը The Once-ի “We Are All Running”-ն էր: Կրկներգն էսպես էր. “We are all running, we are all running the same race.” Ու հա, էդ ամբողջ բազմությունը նույն մրցումն էր վազում, բայց ամեն մեկը կենտրոնացած էր ինքն իր վրա, իր մտքերի վրա:

Առաջին մի քանի հարյուր մետրից հետո, երբ վազելուց անցա քայլելուն, մտածեցի՝ բայց ես կարո՞ղ եմ սա անել: Այգում լիքը մարդիկ խորոված էին անում, ու վազելիս էդ ծուխը շնչելն ահավոր էր: Սիրտս սկսեց խառնել: Էլի դադար տվեցի: Թե ասա ինչու՞ մտքիդ փչեց մասնակցել էս վազքին: Դու ո՞ր օրվա վազողն ես:

Երկրորդ կիլոմետրից հետո ավելի հեշտացավ: Չգիտեմ ինչու: Երևի ծխերից անցել էինք կամ մկաններս արդեն տաքացել էին, բայց դադարներ ավելի քիչ ունեցա: Իսկ բալետ անողների մոտով անցնելիս հեչ չես ուզում դադար տալ:

Երրորդ կիլոմետրից մի քիչ անց թիմիս անդամներն էին բալետ անում: Հետաքրքիր էֆեկտ ունի. հենց անունս լսեցի, սկսեցի ավելի արագ վազել: Չորրորդից հետո վերջին ուժերս լարեցի ու հասա էստաֆետը հանձնելու կետին: Դա ամենաբարդ մասն էր. մի քանի հազար թիմի միջից պիտի իմը գտնեի: Ու չգիտեմ ինչու՝ հիշողությանս մեջ քառանիշ թիվ էր տպավորվել (վրաս կպցրած էր թիմիս համարը, բայց էնքան սատկած էի, որ չէի հասկանում, որ եռանիշ է): Անընդհատ ինձ նշան էին անում, որ էլի ու էլի գնամ: Թվերը գնալով փոքրանում էին: Ահագին ուշ հասկացա, որ էդպես էլ պիտի լինի. ախր ոչ թե 2222 եմ, այլ 222:

Էդպես, էստաֆետը հանձնեցի հաջորդ վազողին ու վերադարձա վրան:

-Վայ, սաղ եմ մնացել,- ասացի: Թիմակիցներս ժամ էին պահել: 34 րոպեում էի վազել: Ահագին լավ արդյունք էր ինձ նման չմարզվածի ու կարճ ոտքեր ունեցողի համար:

Մեր թիմը վերջին տեղ չընկավ: Միջինոտ արդյունք էր:

Իսկ երբ մեր թիմը վերջացրեց վազքը, հին դանիական ավանդույթների համաձայն անցանք գարեջրվելուն: Ասում եմ՝ Հայաստանում ում ասեմ, որ համալսարանն իր աշխատողներին ձրի գարեջուր է բաժանում, կմտածեն՝ անբարոյականություն է: Մի քանի բաժակից հետո սկսվեցին Քրիստիանսհաունի վազքի մասին խոսակցությունները: Նախկին ուսանողուհիս էլ էր այնտեղ: Ու ինչքան էլ համոզում էինք, հայերեն ասում էր՝ ո՜չ:

Ինձ համոզելու կարիք չկար: Հեշտությամբ համաձայնեցի: Հույս ունեմ՝ մյուս անգամ մարաթոնի մասին խոսակցություններ չեն լինի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: