Մեկուկես տարի անց Դանիայում

Անցյալ տարի ծննդյանս օրը մեկի հետ գրազ եկա, որ ուղիղ երեք տարի անց նույն օրը զանգելու է ինձ ու հարցնի, թե արդյոք զզվել եմ Դանիայից: Պնդում էր, որ զզված եմ լինելու, իսկ ես ասում էի՝ անհնար է: Չգիտեմ՝ հիմիկվանից երկու տարի անց ինչ կլինի հետս, որտեղ կլինեմ, բայց մի բանում վստահ եմ. այսօր դեռ սիրում եմ Դանիան ու գնալով ավելի եմ սիրում:

Ինչ խոսք, էստեղ էլ դժվարություններ կան: Էստեղ իմ կյանքում եղել են ու կան էնպիսի խնդիրներ, ինչպիսիք երբեք չեմ ունեցել ուրիշ ոչ մի տեղ: Այս մեկուկես տարվա ընթացքում հինգ տուն եմ փոխել ու դեռ նորից եմ ուզում փոխել: Էսպես հեշտ է հնչում, բայց ամեն անգամ նոր սենյակ ճարելն իսկական գլխացավանք էր լինում: Ունեցել եմ նաև հուզական սարսափներ. կյանքիս էդ երեքը ամիսը հիշելիս մազերս բիզ-բիզ են կանգնում, ու մինչև հիմա հավատս չի գալիս, որ այդ ամենի միջով ես եմ անցել ու հիմա երկու ոտքի վրա կանգնած եմ՝ առողջ ու երջանիկ: Իսկ աշխատավայրում ունեցածս խնդիրների մասին խոսել նույնիսկ չեմ ուզում: Էլ չխոսեմ չեկող ամառվա, չդադարող անձրևների ու հեծանիվները շուռ տվող քամիների մասին:

Սկանդինավյան աշուն

Բայց էս բոլոր բացասական բաները ոչինչ են էստեղ ստացածս դրականի համեմատ: Մի տեսակ ինձ իմ ճիշտ տեղում եմ զգում, ճիշտ ընկերներով, ճիշտ միջավայրում: Եթե մակերեսորեն նայենք, լավ աշխատանք ունեմ, զբաղվում եմ ինչով ուզում եմ, հաճախ ճամփորդում եմ, համերգներ եմ գնում: Մի խոսքով, գոհ եմ կյանքիս որակից: Իսկ եթե մի շերտ խորանանք, կտեսնենք իմ խառնվածքին հարմար հասարակություն, որին ինտեգրվելն ինձ առանձնապես դժվար չէ: Ու չնայած լեզվին դեռ կատարելապես չեմ տիրապետում, էստեղ ինձ տանն եմ զգում:

Մեկուկես տարի անց ինձ դուր է գալիս իմ ընկերների նեղ ու մտերմիկ շրջանակը, որոնց հետ կարող եմ ժամանակ առ ժամանակ գարեջուր խմելու գնալ ու խորանալ աշխարհի ամենալուրջ թեմաներից: Ինձ դուր է գալիս փողոցներում ծանոթ մարդկանց հանդիպելը, ինչպես Երևանում էր, ուղղակի բարևել-անցնելը կամ մեկ-երկու բառ փոխանակելը: Ինձ դուր են գալիս ինձ հետ կատարված բոլոր մեծ ու փոքր պատմությունները, որոնց մասին երբեմն գրում եմ բլոգումս, երբեմն՝ ֆեյսբուքում, երբեմն էլ պահում հետոյի: Ինձ դուր է գալիս հանդիպել մարդկանց, խոսել դեսից-դենից, բայց պարտավորություններ չդնել, ուրախանալ նրան մեկ տարի անց նորից տեսնելիս կամ այլևս երբեք չտեսնել: Ինձ դուր է գալիս շաբաթ-կիրակի օրերին բազմոցին փռվելն ու գիրք կարդալը՝ առանց որևէ սոցիալական պարտականության: Ինձ անգամ դուր է գալիս աշունը, չդադարող մանր անձրևը, գորշությունն ու քաղաքի վրա իջած տխրությունը: Վերջիվերջո, տաք վերմակը կա ու կա, հատկապես երբ վերմակի տակ մենակ չես:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s