Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մշակութային շոկ. ի՞նչ անել այն թեթևացնելու կամ դրանից խուսափելու համար

on November 4, 2015

– Ես գիտեմ, որ մենք Երկիր մոլորակում ենք, բայց ո՞ր մոլորակում եք դուք:

Շարունակում եմ մշակութային շոկի մասին գրառումների շարքը (կներեք երկար դադարի համար):

Ինչպես նշել էի առաջին գրառմանս մեջ, Դանիայում այդպես էլ մշակութային շոկ չունեցա: Առաջին ամիսների ընթացքում սպասում էի դրան, սպասում էի, որ մի օր մեղրամիսը կվերջանա, ու կընկնեմ թունդ դեպրեսիայի մեջ, օրերով տնից դուրս չեմ գա, կատեմ Դանիան, Հայաստան վերադառնալու ու ինչ-որ բան փոխելու անհաղթահարելի ցանկություն կառաջանա: Բայց ինչքան անցնում էր ժամանակը, ինչքան սկսում էի նկատել Դանիայի թերությունները, էնքան ավելի էի սիրում այն, ու իմ երջանկությունից ոչ մի բան չէր պակասում: Ու վերջապես հասա մի կետի, երբ ստիպված էի ընդունել «դառը» իրականությունը. Դանիայում մշակութային շոկ չեմ ունենալու:

Թե ինչու դա էդպես էլ տեղի չունեցավ, պատճառները տարբեր են. մի կողմից, արդեն օտար երկրներում ապրելու փորձ ունեի, ունեի նաև աշխատանք, բայց մյուս կողմից ի տարբերություն շատ էքսպատների, որոնք դեպրեսիաներից դուրս չեն գալիս, որոշ բաներ այլ կերպ արեցի: Ներքևում թվարկում եմ դրանք.

1. Դանիա մտնելուն պես հեծանիվ գնեցի
Առաջին հայացքից թվում է՝ ինչ կապ ունի մշակութային շոկի հետ, հեծանիվն ինչիս է պետք ու ընդհանրապես խելքս թռցրել եմ, որ մինչև տուն ճարելը հեծանիվի հարցն եմ լուծում: Բայց սա Կոպենհագենի կյանքի կարևոր բաղադրիչներից է: Ունենալով հեծանիվ՝ քայլ ես անում դեպի ինտեգրում, ընդունում ես, որ այս քաղաքում տեղաշարժվելու ընդունված ձևն է: Երբ դանիացիների հետ որևէ տեղ ես գնում, չես ասում. «Ես ավտոբուսով կգամ, կհանդիպենք էսինչ տեղում»:

Իմ էքսպատ ընկերներից շատերը մինչև հիմա կամ երկար ժամանակ հեծանիվ չունեին, ու մի տեղից մյուսը գնալիս հազար ու մի բան պիտի կոորդինացնես իրար չկորցնելու համար:

Բացի դրանից, հեծանիվն ինձ համար անկախության խորհրդանիշ է, նշան, որ «ես ոչ մեկից կախված չեմ և ուզածս տեղը կարող եմ հասնել երբ ուզեմ»:

2. Չհրաժարվեցի իմ հոբբիներից
Դանիա տեղափոխվելուց կարճ ժամանակ անց յոգայի դասեր վերցրի, գրելը չդադարեցրի, շարունակեցի լիքը կարդալ ու ընթերցանության ակումբներ հաճախել: Արդյունքում՝ գրաֆիկս լիքն էր, ոչ մի ազատ վայրկյան չկար, կյանքումս էլ որևէ բան չէր պակասում: Այլ էքսպատներից հաճախ եմ լսում, որ ձանձրանում են, որ Կոպենհագենում անելու բան չկա: Լիքը բան կա, ավելի շատ, քան տեղավորվում է գրաֆիկի մեջ: Ուղղակի գտնել է պետք:

3. Փորձեցի ընկերանալ ինձ նման մարդկանց հետ
Երբ նոր երկիր ես տեղափոխվում, բնական է՝ նոր շրջապատ ստեղծելու կարիք է լինում, որ մենակ չմնաս: Տվյալ դեպքում երկու լուրջ սխալ կա, որ բազմաթիվ էքսպատներ թույլ են տալիս:

Սխալներից առաջինն այն է, որ սինգլ, ամուրի, ընկեր-ընկերուհի չունեցող էքսպատներն ընկերական շրջապատ ստեղծելուց առաջ վազում են սինգլ աղջիկ/տղաների հետևից, փորձում սկզբում ռոմանտիկ խնդիրները լուծել: Արդյունքում՝ լիքը դրամաներ, լիքը չստացված հարաբերություններ, դրանց հետևած լիքը դեպրեսիաներ ու ոչ մի ընկերական շրջապատ, որ քեզ օգնի էդ վիճակից դուրս գալ:

Երբ ես եկա այստեղ, ինձ համար առաջնային էր մտերիմ ընկերներ ձեռք բերելը: Ու գործի անցա, սկսեցի շրջապատ ստեղծել: Մեկուկես տարի անց կարող եմ հպարտությամբ հայտարարել, որ արդեն էնքան շատ մոտիկ ընկերներ ունեմ, որ ուղղակի նորերին ներս թողնելու տեղ չունեմ:

Երկրորդ սխալն ընկերներին ոչ ճիշտ տեղերում փնտրելն է: Մի անգամ գնացել եմ հայ համայնքի հանդիպմանը: Դրանից հետո ինձ հարց էի տալիս. «Կշփվեի՞ արդյոք այս մարդկանց հետ, եթե Հայաստանում լինեի»: Ու պատասխանս. «Ոչ մի դեպքում»: Մի անգամ էլ չգիտեմ ոնց ինչ-որ ջրիկ ուսանողների հավաքույթում էի հայտնվել: Թեև էնտեղ հայեր չկային, բայց նորից էնպիսի մարդիկ էին, որոնց հետ Հայաստանում չէի շփվի: Ուրեմն ոչ մի պատճառ չունեմ այստեղ շփվելու:

Շատ հաճախ էքսպատները հանուն ընկերներ ձեռք բերելու շփվում են ամեն պատահածի հետ ու դժգոհում, որ մարդիկ սառն են, չեն ընկերանում, ունեն իրենց շրջապատներն ու նոր մարդկանց հավես չունեն: Իսկ ես գտա լուծումը. սկսեցի ընկերանալ ինձ նման մարդկանց հետ: Առաջին հերթին ընտրեցի էքսպատների, որոնք Դանիա տեղափոխվել էին մոտավորապես նույն ժամանակահատվածում ու նույն պատճառներով, ինչ ես, հետևաբար նույն փուլերով էին անցնում: Նրանք հիմնականում համալսարանում աշխատող արտասահմանցիներ էին: Բայց դե կողքից էլ գտա ընկերների ընկերների, որոնց հետ լավ լեզու էի գտնում, երաժշտասերների, ընթերցասերների և այլն: Ու նրանց մեջ կան նաև դանիացիներ: Այսպիսով, կազմավորվեց հրաշալի ընկերական շրջապատ, և հանկարծ հայտնաբերեցի, որ ես էլ եմ էն մարդկանցից, որը նոր ընկերների համար տարածք չունի:

4. Առաջին օրվանից սկսեցի դանիերեն սովորել
Դանիերենը դժվար լեզու է, ահավոր դժվար: Քերականությանը մի նայեք, արտասանությունը սարսափելի է: Ու երբ մի ձայնավոր սխալ ես արտաբերում, քեզ ոչ ոք չի հասկանում: Շատերը հենց առաջին դասերից հետո հանձնվում են ու տարիներ շարունակ բողոքում, թե էս լեզուն հնարավոր չէ սովորել: Իմ գերզբաղված գրաֆիկում դանիերենին ժամանակ հատկացնելը դժվար էր: Բայց հենց սկզբից սկսեցի դասերի հաճախել ու կռիվ տալով հաղթահարել դժվարությունները: Հիմա ահագին դանիերեն գիտեմ, անգամ լավ հասկանում եմ, թե շուրջս ինչ են խոսում: Հետևաբար, երբ պիտի հասներ մշակութային շոկի այն փուլը, որի ժամանակ ներվայնանում ես տվյալ երկրի լեզվից, ես արդեն բավականաչափ գիտեի լեզուն, որ չներվայնանամ:

5. Բաց էի նոր մշակույթի հանդեպ
Բազմաթիվ էքսպատներ այստեղ գալիս են իրենց մշակույթով ու սովորույթներով, ինչը, ի դեպ, հեչ էլ վատ չէ: Բայց նրանք դա բերում են որպես միակ ճիշտ: Նույն անգլոամերիկացիներն անգլերենն ընկալում են որպես միակ ճիշտ լեզու, իրենց քաղաքավարությունը միակ ճիշտ վարքագիծ: Ու չեն կարողանում հասկանալ, որ այստեղ մարդիկ ամեն ինչ ավելի ուղիղ են իրար երեսի ասում: Կամ լատինաամերիկացիներն աջ ու ձախ բոլորին գրկում են ու վիրավորվում, երբ դանիացին նույն ջերմությամբ չի պատասխանում: Դա նրանից չէ, որ դանիացիները սառն են, այլ նրանից է, որ ջերմության արտահայտման ուրիշ ձևեր ունեն: Պետք է միայն մի երկու շիշ գարեջուր խմել նրանց հետ:

Արդյունքում՝ մեկուկես տարի անց ես շարունակում եմ ես մնալ, բայց կամաց-կամաց ինտեգրվում եմ, դառնում եմ երկմշակույթ, հետևում եմ այստեղի անցուդարձին, քննադատում այս կամ այն քաղաքական գործչի արարքը, բայց ամենակարևորը՝ երջանիկ եմ:

Մեկնաբանություններում կիսվեք մշակութային շոկի ձեր փորձով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: