Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Լեզու սովորելու ժամանակակից խնդիրները

on December 5, 2015

Արդեն գրեթե երկու տարի է, ինչ դանիերեն եմ սովորում: Ընդհանրապես, լեզուներից լավ եմ. բավական կարճ ժամանակում յուրացնում եմ քերականությունն ու բառապաշարը: Ու եթե նույնիսկ խոսել կամ գրել դժվարանում եմ, լսածս ու կարդացածս հասկանալը շատ արագ է զարգանում:

1d19d5bd018e76650f7a516892f1ac0b

Դանիերեն 97 ասելու համար պիտի ասես. «Յոթ և հինգից կես պակաս անգամ քսան»: Բայց թվերից բարդ բաներ կան դանիերենում:

Էդպես չէ դանիերենի դեպքում: Գրեթե երկու տարում ու երկրում ապրելով պիտի որ արդեն ազատ տիրապետեի լեզվին, բայց արի ու տես, որ խոսելիս բավական դանդաղ եմ արտահայտվում, լսելիս զրուցակցին անընդհատ խնդրում եմ, որ ասելիքը կրկնի կամ ավելի դանդաղ ասի, իսկ գրավոր խոսքը մի առանձին պատմություն է, որին կանդրադառնամ այս գրառման վերջում:

Առաջին ու հիմնական պատճառը, որ դանիերեն չգիտեմ էնքան, ինչքան պիտի իմանայի, իմ ու դանիացիների ծուլությունն է: Ու ծուլություն ասելով նկատի չունեմ տնայինները գլխառադ անել կամ ընդհանրապես չանել (հա, դա էլ իր տեղն ունի), այլ լեզուն գործածելու ծուլությունը: Երբ գիտես, որ դիմացինդ անգլերեն գիտի, որ զրույցն ավելի սահուն ու արագ կընթանա, եթե երկուսդ էլ անգլերեն խոսեք, երբ դիմացինը ներվայնանում է նույն բանը հազար անգամ կրկնելուց, մի երկու բառ դանիերեն փոխանակելուց հետո անցնում եմ անգլերենի:

Այս խնդիրը լուծելու մի քանի տարբերակ կա: Մեկը համառորեն դանիերեն շարունակելն է, երբ դիմացինդ անցել է անգլերենի, մեկը՝ դանիերեն խոսել քեզ նման նոր սովորողների հետ: Իհարկե, էս դեպքում սխալներդ ուղղող չկա, երաշխիք չունես, որ ճիշտ լեզու ես լսում, բայց դե չեղածից լավ է: Ու ի վերջո, կարելի է շփվել մարդկանց հետ, որոնք անգլերեն չգիտեն կամ ամաչում են խոսել, բայց դանիերեն գիտեն: Մեր ամբիոնի քարտուղարուհին վառ օրինակ է: Սկզբում միշտ հետս մարդ էի տանում, երբ հետը որևէ հարց էր լինում: Իսկ հետո սկսեցի ինքնուրույն գնալ ու բոլոր հարցերս դանիերեն լուծել:

Բայց դանիերեն սովորելու դժվարություններից մեկը հենց լեզուն ինքն է: Գրավոր ու բանավոր լեզուների միջև հսկայական անդունդ կա: Ուղղագրությունը թափանցիկ չէ, ուղղագրական կանոններ գրեթե չկան (ի տարբերություն, օրինակ, ֆրանսերենի), ու եթե ուզում ես ուղղագրական սխալներ չանել, պիտի ուղղակի հատ-հատ սովորես, թե որ բառը ոնց է գրվում (էստեղ տեղին է ասելը, որ նույնիսկ դանիերենի դասատուներն են բառարան բացում, որ տեսնեն, թե բառն ինչպես է գրվում):

Ու այս տարբերության պատճառով հաճախ այն բառերը, որոնց բանավոր տարբերակները գիտեմ, անճանաչելի են դառնում գրավոր տեսքով: Հիշում եմ՝ մի անգամ էկրանին տեսա pegefinger բառը, մի հինգ րոպե զարմացած դեսուդեն էի գնում. ո՞նց, սա ցուցամա՞տն է: Էսքան ժամանակ գիտեի՝ ցուցամատին ասում են փայըֆինգը, գաղափար չունեի ոնց է գրվում:

Մյուս կողմից, գուգլ թրանսլեյթի, այլ օնլայն բառարանների և ինտերնետային փնտրման հնարավորության պատճառով ստացածս դանիերեն մեյլերն ալարում եմ դանիերեն կարդալ, իսկ գրելիք տեքստերս էլ դզում-փչում եմ էս զանազան մեթոդների օգնությամբ: Արդյունքում՝ եթե նույնիսկ բանավոր լեզուն քչից-շատից գիտեմ, գրավոր լեզուն սկսնակից մի քիչ է լավ:

Բայց էստեղ ուրիշ հարց է առաջանում: Ինչպե՞ս ենք որոշում գրավոր լեզվի իմացությունը: Եթե դանիերեն ձեռագիր որևէ տեքստ եմ գրում, կատաստրոֆիկ սխալներ եմ անում՝ թե՛ ուղղագրական, թե՛ քերականական: Իսկ երբ կոմպով եմ տեքստ հավաքում, սխալները համեմատաբար քիչ են. ուղղագրությունը ստուգում եմ, քերականությունը գուգլում եմ, բառարանների օգնությամբ ավելի հարուստ բառապաշար եմ գործածում: Տեքստն էլի իմ գրածն է, էլի իմ ասելիքը տեղ եմ հասցնում, բայց ավելի պակաս սխալներով:

Դանիերեն գրավոր քննությունը հենց ձեռագիր է լինելու, առանց օգնող միջոցների: Դասատուս մտածում է, որ ցածր եմ ստանալու: Բայց հարց է առաջանում. ժամանակակից աշխարհում ի՞նչ է նշանակում գրավոր լեզու իմանալ: Արդյոք դա ձեռագիր գրել կարողանա՞լն է: Էդ դեպքում դա ինչների՞ս է պետք: Դանիերեն սովորելուս ամիսների ընթացքում ձեռագիր լեզուն գործածել եմ միայն ու միայն քննությունների ժամանակ, իսկ մնացած դեպքերում (հիմնականում մեյլեր գրելիս) միշտ կոմպով տպել եմ:

Բանավորի համար դեռ չկան սարքավորումներ, որ վայրկենական քեզ օգնեն հասկանալ կամ կառուցել խոսքդ: Եթե վարժ չես խոսում, ոչ մի օնլայն բառարան քեզ չի փրկի: Դրա համար իմանալ-չիմանալը որոշվում է միայն ու միայն նրանով, թե ինչ ես կարողանում տվյալ լեզվով անել տվյալ պահին:

Բայց էդ դեպքում ինչպե՞ս է որոշվում դու այդ լեզվով կարդալ-գրել գիտես, թե ոչ: Եթե ժամանակակից տեխնոլոգիաներն օգնում են, որ ավելի լավ կառուցես տեքստդ ու ավելի լավ հասկանաս ուրիշների գրածը, արդյոք ճի՞շտ է պահանջելը, որ առանց որևէ միջոցի օգնության կարողանաս ձեռագիր տեքստ գրել: Ի վերջո, իրական կյանքում տեքստերդ կոմպի մոտ նստած ես գրելու: Ու կարևոր է, թե ինչ ես կարողանում անել տեխնոլոգիայի օգնությամբ, ոչ թե առանց դրա:

Ճիշտ էդպիսի ուղղությամբ է գնում ժամանակակից բարձրագույն կրթությունը, որտեղ ոչ թե ստուգում են, թե ինչ ես հասցրել լցնել գլուխդ, այլ ինչպես ես ձեռքիդ տակ եղած նյութերը գործածում: Գնահատվում է վերջնական պրոդուկտը՝ էսսեն, որը գրվում է գրականությունից օգտվելու, մտածելու, վերլուծելու օգնությամբ:

Ուրեմն երևի արժե, որ լեզվի դպրոցներում դադարեցնեն ձեռագիր գրավոր տեքստեր պահանջել և ավելի կենտրոնանան եղած միջոցները ճիշտ օգտագործելու վրա. որտեղ փնտրել քերականական ճիշտ կառուցվածքներ, գուգլ թրանսլեյթի ինչին վստահել, ինչին՝ ոչ: Կարծում եմ՝ էդպես սովորողը շատ ավելի քիչ ջանքերով ավելի լավ վերջնական պրոդուկտ՝ օտար լեզվով որակյալ ու գրագետ տեքստ կտա, քան մատիտով ու թղթով շարադրություններում:

Advertisements

2 responses to “Լեզու սովորելու ժամանակակից խնդիրները

  1. norayr says:

    սա ինձ համար շատ հետաքրքիր թեմա է։ շատ։

    ու ինձ շատ հետաքրքրեց որն է պատճառը նրա, որ գրական եւ խօսակցական լեզուի մէջ այնքան մեծ է տարբերութիւնը, որ դասատուները չեն իմանում ինչպէս են գրւում բառերը։

    նաեւ, ինձ երեւի դանիերէն դժուար կը լինէր սովորել, քանի որ ես լեզուն ընկալում եմ որպէս գրաւոր ինֆորմացիայի ձեւ, իսկ խօսելը՝ գրաւորը ձայնով ձեւակերպելու մասնաւոր դէպք է։ ես չեմ կարող լեզու իմանալ, եթէ ես չգիտեմ գրաւորը, ես երբ նոր բառ եմ սովորում ցանկացած լեզուով, նախ հետաքրքրւում եմ, ինչպէս է գրւում։ ընդ որում դա անում էի դեռ մանուկ ժամանակ, ենթագիտակցաբար։ ինձ համար բառը իմանալը նշանակում է՝ իմանալ ինչպէս է գրւում, իսկ նոր յետոյ, ինչպէս է արտասանւում։ (իմ իմացած լեզուներում եթէ գրաւոր ձեւը գիտես, ինչպէս է արտասանւում հասկանում ես)։

    >արդյոք ճի՞շտ է պահանջելը, որ առանց որևէ միջոցի օգնության կարողանաս ձեռագիր տեքստ գրել:

    այո։ կարծում եմ տեղին է։
    ես նկատել եմ, որ ընկերներս սկսել են աւելի գրագէտ տեքստեր գրել երբ ունեցան կարգիչներ, եւ հետեւաբար՝ ուղղագրութեան ստուգիչներ։ ես ուղղագրութիւնը ստուգող ծրագրային միջոցներին յստակ վերաբերմունք ունեմ՝ դրանք պահեստային ձեւ են իմ համար, եթէ ես պատահաբար սխալ եմ արել, կամ եթէ ես չգիտէի, ինչպէս է գրւում, ապա կիմանամ, նա ինձ կը սովորեցնի։
    իմ համար ուղղագրութեան ստուգիչը օգնող է միայն։

    այսպէս, երբ ես սովորում էի հայերէն դասական ուղղագրութիւնը, ինձ շատ օգնեց (բացի քո պապիկի գրքից) ուղղագրութեան ստուգիչը, բայց ես շատ գոհ եմ հիմա որ հեռախօսով գրելիս ուր ես ստուգիչ չունեմ, ես եթէ սխալ եմ անում, ապա սովորաբար դա հպէկրանի սխալ ստեղնին կպնելու պատճառով է։

    ու կրկին՝ ստուգիչն ինձ կօգնէր, ես վերընթերցելուց յետոյ էլ յաճախ չեմ նկատում որ պատահական սխալ եմ արել, ու մի տառի տեղը այլ տառ է տպուել։

    ինձ թւում է, կապ չունի, ձեռագիր ես գրում, թէ համակարգչով։ կապ ունի գրել իմանալը։ այսինքն՝ կարող են քննութիւն անց կացնել կարգչով, բայց՝ առանց ուղղագրութեան ստուգիչի։

    իսկ եթէ երեխաներին սովորեցնեն գուգլով կամ ստուգիչով օգտուել, ապա կարելի է ասել, որ էլ ինչի՞ համար է մեզ ուղղագրութիւն պէտք։ եկէք պարզապէս ոնց լսում ենք գրենք։ որի հետ ես համակարծիք չեմ։

    ի դէպ այս տեքստը գրել եմ առանց ուղղագրութեան ստուգիչ միացնելու, ու ինձնից շատ գոհ եմ։ ։Պ ինձ թւում է ստուգիչի բացակայութիւնը հիմնական պատճառներից է ինչի հայ երիտասարդները առցանց տրանսլիտ են օգտագործում։ տրանսլիտ գրելիս արդէն չես հետեւում ուղղագրութեանը, եւ ոչ ոք չի նկատի որ գրել չգիտես։ ։Պ

    • byurie says:

      Շնորհակալ եմ արձագանքի համար: Հույս ունեմ՝ հետաքրքիր քննարկում կծավալվի:

      Հատված առ հատված անդրադառնամ մեկնաբանությանդ:

      > ու ինձ շատ հետաքրքրեց որն է պատճառը նրա, որ գրական եւ խօսակցական լեզուի մէջ այնքան մեծ է տարբերութիւնը, որ դասատուները չեն իմանում ինչպէս են գրւում բառերը։

      Հիմնական պատճառն այն է, որ դանիերենի ուղղագրությունը հին նորսերենից հետո գրեթե չի փոխվել, այսինքն՝ հավատարիմ են մնացել օրիգինալ ուղղագրությանը, իսկ բանավոր լեզուն մեծ տեմպերով է զարգանում, ու հատկապես խզումները շատ են: Հաճախ այն, ինչ բանավորում չորս-հինգ հնչուն է, գրավորում կարող է մինչև տասը-տասնհինգ տառի հասնել:

      > նաեւ, ինձ երեւի դանիերէն դժուար կը լինէր սովորել, քանի որ ես լեզուն ընկալում եմ որպէս գրաւոր ինֆորմացիայի ձեւ, իսկ խօսելը՝ գրաւորը ձայնով ձեւակերպելու մասնաւոր դէպք է։ ես չեմ կարող լեզու իմանալ, եթէ ես չգիտեմ գրաւորը, ես երբ նոր բառ եմ սովորում ցանկացած լեզուով, նախ հետաքրքրւում եմ, ինչպէս է գրւում։ ընդ որում դա անում էի դեռ մանուկ ժամանակ, ենթագիտակցաբար։ ինձ համար բառը իմանալը նշանակում է՝ իմանալ ինչպէս է գրւում, իսկ նոր յետոյ, ինչպէս է արտասանւում։ (իմ իմացած լեզուներում եթէ գրաւոր ձեւը գիտես, ինչպէս է արտասանւում հասկանում ես)։

      Նույնն էլ ես: Դրա համար սկզբում շատ էի տառապում: Բառը լսում էի, չէի կարողանում գրել, եթե դասատուն գրատախտակին չէր գրում: Կամ էլ եթե գրում էի տետրիս մեջ, հետո չէի կարողանում հիշել, թե ոնց է արտասանվում: Բայց ժամանակի ընթացքում զարմանալի բան տեղի ունեցավ. անընդհատ միջավայրում լինելու շնորհիվ լիքը բառեր առանց ավելորդ ջանքերի, ուղղակի լսելով սովորեցի: Ու երբ բանը հասնում է էդ բառերը գրելուն, չգիտեմ՝ ոնց են գրվում:

      > իմ համար ուղղագրութեան ստուգիչը օգնող է միայն։

      Իհարկե, լավ է ուղղագրություն գլխի մեջ ունենալը. ֆրանսերենի ու անգլերենի ուղղագրությունը լեզվակիրներից լավ գիտեմ, բայց ո՞րն է իմաստը, եթե ստուգիչներ կան: Արդյոք ավելորդ ժամանակ էներգիա չե՞նք ծախսում բառերի ուղղագրությունն անգիր անելով, երբ կան օգնող միջոցներ: Խնդրեմ, հենց նոր դանիերենի տնային էի անում ձեռագիր նշումներ անելով (որովհետև փորձում էի նաև դանիերեն մտածել, իսկ ես մտածում եմ գրիչը ձեռքիս): Մի քանի անգամ մի բառ ուղղագրական սխալով էի գրել, ընդ որում՝ գիրքն էլ դիմացս, բառը մի քանի անգամ մեջը գրված, չէի նկատել: Երբ սկսեցի վորդում հավաքել տեքստս, ստուգիչը նկատեց սխալս:

      > ինձ թւում է, կապ չունի, ձեռագիր ես գրում, թէ համակարգչով։ կապ ունի գրել իմանալը։ այսինքն՝ կարող են քննութիւն անց կացնել կարգչով, բայց՝ առանց ուղղագրութեան ստուգիչի։

      Էստեղ ուրիշ հարց կա. ի՞նչ է նշանակում գրել իմանալ: Ինձ համար դա գրավոր ու հասկանալի կերպով ասելիքը տեղ հասցնելն է, ու կապ չունի՝ ինչ միջոցներ ես գործածում դրանց հասնելու համար: Հատկապես էս դարի զբաղված աշխարհում ժամանակի ավելորդ կորուստ է առանց հավելյալ միջոցների ուղեղին զոռ տալով գրելը: Ոնց որ դնես, գրքից հսկա հատվածներ արտագրես, երբ գիտես՝ քսերոքսի ապարատ կա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: