Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Երևան գալու իմաստը

on January 8, 2016

Երբ տեղափոխվեցի Դանիա, Հայաստանից չկտրվելու համար ինքս ինձ խոստացա, որ տարին երկու անգամ գալու եմ: Չքննարկվող հարց էր ինձ համար. մեկ Նոր տարուն, մեկ ծիրանի սեզոնին, թեկուզ մի շաբաթով, բայց պիտի գամ: Ու դեռ ոչ մի անգամ էդ որոշումս չեմ խախտել, չնայած Նոր տարվա դեպքում էս տարի էլ, անցյալ տարի էլ մազ էր մնում, որ չգայի:

snow yerevan

Ամեն այցելությանս ժամանակ հաճախ եմ լսում էսպիսի հարցեր. «Կարոտե՞լ էիր», «Էս անգամ ի՞նչ տպավորություն ստացար Երևանից», «Չե՞ս ձանձրանում Դանիայում», «Ի՞նչ սպասումներ ունես էս մի այցելությունիցդ»: Էս հարցերին պատասխանելուց հետո ամեն անգամ մեկ այլ հարց ինքս ինձ եմ տալիս. «Լավ, բայց ինչու՞ եմ տարին երկու անգամ Երևան գալիս»: Կարող եմ սենտիմենտալ շարք սկսել, թե՝ կարոտում եմ, թե՝ մեր մրգերն ուրիշ են, թե՝ ուզում եմ էն միջավայրում լինել, որից կերտված եմ: Կամ կարող եմ պրագմատիկ պատասխան տալ, թե՝ էժան արձակուրդ, թե՝ լիքը արև, վիտամին D-ի պակասն եմ լրացնում, թե՝ որոշ իրեր ունեմ, որ ուզում եմ տանել, թե՝ միանգամից բոլորին կտեսնեմ, ոչ թե հատ-հատ տարբեր քաղաքներ կգնամ: Բայց էս բոլոր պատասխանները կիսատ եմ կամ ընդհանրապես սուտ են:

Երևան գալիս եմ, որովհետև դա դարձել է ռուտին, սովորություն, իմ սովորական տարվա սովորական մի մասը:

Թող ներեն ինձ իմ բոլոր ընկերներն ու ընտանիքիս անդամները, բայց ես իսկապես չեմ կարոտում: Կարող եմ պահի տակ կարոտել իմ կյանքի որևէ դրվագ, կոնկրետ վայր Երևանում կամ կոնկրետ որևէ մեկի, բայց դա շատ արագ անցնում է: Ու բացի դրանից, որոշ մարդկանց կամ դրվագներ, որ կարոտում եմ, Երևանի հետ ընդհանրապես կապ չունեն: Ճիշտ նույն կերպ կարող եմ կարոտել Յոենսուի կամպուսի պուլլան ու սուրճը կամ Դյուսելդորֆում ուշ աշնանը թափառելը կամ Մարուշայի հետ խորը զրույցները Սևիլյայում: Բայց հո տարին երկու անգամ չեմ փորձում էդ բոլոր դրվագները վերականգնել կամ կապվել էդ բոլոր մարդկանց հետ:

Երևան գալիս եմ, որովհետև այնտեղ պատմություն ունեմ: Իսկ ես սիրում եմ վերադառնալ այն քաղաքները, որտեղ պատմություն ունեմ: Ու որքան երկար է այն, այնքան հաճախ եմ վերադառնում:

Ամեն անգամ սպասումներս փոխվում են Հայաստան գալիս: Սկզբում ժամանում էի մի հսկայական ցուցակ կազմած, թե ում եմ պատրաստվում տեսնել: Հետն էլ գրաֆիկ էի կազմում ու ոչ մի ազատ վայրկյան չէի թողնում: Հետ գնալիս տխրում էի, որ ցուցակի որոշ մարդկանց չհարմարացրի տեսնել, ներվայնանում, որ գրաֆիկն էնքան էլ իմ պլանավորածով չանցավ: Հետո հասկացա, որ էդ բոլոր ցուցակներն ու գրաֆիկներն անիմաստ են: Երևանում ամեն ինչ պետք է ինքնահոսի թողնել, ու հենց էդ ինքնահոսն է, որ Երևանը Երևան է սարքում, ոչ թե Կոպենհագեն կամ Բեռլին կամ Խրոնինգեն:

Ցուցակների փոխարեն սկսեցի հանդիպել մարդկանց ոնց պատահի. նախապես պլանավորելով կամ լրիվ պատահաբար, ասենք, Նոր տարվա գիշերն ինչ-որ փաբում, մեծ հանդիպումներ կազմակերպելով ու սպասելով՝ ով կգա-կգա, ով չգա, մնաց մյուս անգամ: Ի վերջո, անգամ Երևանում ապրելիս կային լիքը մարդիկ, որոնց սկի տարին մեկ էլ չէի տեսնում: Ու մարդիկ իրենց արժեքը չեն կորցնում տեսնել կամ չտեսնելով:

Երևան գալիս եմ նոր մարդկանց հանդիպելու համար:

Հա, ինչու՞ չէ որ: Ի՞նչ պարտադիր է, որ յուրաքանչյուր ծանոթություն խորը մտերմություն դառնա: Թեկուզ մի երեկո, մի բաժակ գարեջուր, մի հատ անեկդոտ, մի կռուգ մաֆիա: Ու պըրծ: Հետո արդեն ֆեյսբուքում միմյանց նկար-մկար կլայքենք կամ չէ: Կամ էլ հաջորդ այցելությանս ժամանակ փողոցում իրար պատահաբար կտեսնենք ու պուճուր զրույց կանենք:

Երևան գալիս եմ հանգստանալու, իսկ դա նշանակում է, որ չեմ անում իմ ամենօրյա կյանքի այդքան ձանձրալի համարվող, բայց հաճախ նաև սիրածս բաները: Երևանում ինձ կարող եմ թույլ տալ հեծանիվի փոխարեն տաքսիներով շրջել: Կարող եմ կանոնակարգված սննդային ռեժիմի փոխարեն ուտել երբ պատահի՝ հաճախ ուղղակի լավաշ ծամելով: Կարող եմ մարզասրահ, մասնավորապես՝ յոգայի դասերի չգնալ: Կարող եմ տնային գործեր չանել ու լսել, թե մամաս ոնց է ջղայնանում:

Բայց մի վեց-յոթ օր անց, ինչպես ցանկացած արձակուրդի դեպքում, սկսում եմ կարոտել իմ սովորական առօրյան: Կարոտում եմ Կոպենհագենի քամին ու անձրևը ու դրա տակ հեծանիվ քշելը: Կարոտում եմ փաբ քուիզները, համերգները, գարեջրվելը, տունս, սև բազկաթոռս, մենակ անցկացրածս ժամերը (ու հա, ինչքան էլ շատերին ձանձրալի թվա, Կոպենհագենում գտած բան է մենակ մնալու ժամանակ ունենալը): Կարոտում եմ անգամ աշխատանքս ու շեֆիս հետ գիտական բանավեճերը:

Սկսում եմ ներվայնանալ: Ինձ ներվայնացնում են ուշացողները: Ներվայնացնում են մարդիկ, որոնք մի բան են ասում, մի այլ բան նկատի ունենում: Ներվայնացնում են տան տեղը գտնել չկարողացող տաքսու վարորդներն ու դրանում ինձ մեղադրելը:

Երևան գալիս եմ, որ համոզվեմ, որ մարդիկ դեռ էնտեղ ապրում են, բայց որ այնտեղ այլևս տեղ չունեմ: Գալիս եմ համոզվելու, որ Երևանում պատմություն ունեմ, բայց միայն պատմություն, ու իմ կյանքը հիմա այլ տեղում է, ու դրանից ես գոհ եմ:

Advertisements

4 responses to “Երևան գալու իմաստը

  1. norayr says:

    արդէն թարս է մօտդ։ տեղացիները հեծանիւ քշում են հանգստանալու համար։ ։Պ

    իսկ ես նոր տարուն ցանկութիւն ունեմ թռնել մի աւելի տաք տեղ (սա ձմեռն ընդհանրապէս), ու նաեւ այնպիսի, ուր կեանքը տաս օրով չի կանգնում, ու համով սնուելու «օբէկտները» բաց են։

    նոյնիսկ թիֆլիսն անհամեմատ աւելի կենդանի է մնում։ երեւի նրանից է որ անհամեմատ աւելի քաղաք է։

    • byurie says:

      Դե… ավելի տաքն էլ ա հարաբերական: Երևանն ավելի տաք ա, քան Կոպենհագենը (չնայած ջերմաստիճանի բացարձակ թվերով Երևանում ավելի ցուրտ ա), ավելի լույս ա:

      Բայց ուր էլ գնաս, կյանքը կանգնում ա, բայց ավելի շուտ Քրիսմըսի օրերին: Կամ Քրիսմըսից մինչև նոր տարի: Մի անգամ էդպես Հոլանդիայում մնացել եմ: Շուրջս մենակ չինացիներ ու արաբներ էի տեսնում. մարդիկ, որոնք Քրիսմըսը չեն նշում:

  2. urishbaner says:

    Բյուր, ԼՋ–ում ինչի չես տեղադրում էստեղի գրառումներդ, ես մենակ էնտեղ եմ կարդում, որովհետև ըքաունթս էնտեղ ա։

    • byurie says:

      Հա, գիտեմ: Շատերն են մենակ էնտեղ կարդում: Բայց մոռանում եմ է: 😦 Աչքիս էլի ինձ բզեմ, սկսեմ զուգահեռ տեղադրել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: