Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ինչը Դանիայում դուրս չի գալիս

on February 13, 2016

Երեկ The Local-ի դանիական տարբերակում մի հոդված էր հրապարակվել այն մասին, թե ինչն է Դանիայում խիստ տարբեր մեր պետություններից ու թե ինչպես դրա հետ գլուխ դնել: Ըստ բրիտանացի հեղինակի, կարևորագույնը տարածքն ու գներն են: Նա ասում է, որ Կոպենհագենի տներից շատերում զուգարանները փոքր են, ու որ երկու քառակուսի մետր տարածքում հազիվ ունիտազ, լվացարան ու փոքրիկ պահարան է տեղավորվում, որ տեղ չկա զանազան լողարանային սրվակներ լցնելու: Գների մասին ասում է, որ Դանիայում ամեն ինչ թանկ է, ու պետք չէ համեմատել մեր երկրների գների հետ: Հետն էլ սովորեցնում է, թե ինչ կարելի է անել ծախսերը կրճատելու համար (մասնավորապես, չգնել իրեր, որոնք չես օգտագործելու, առևտուր անել մենակ էժան սուպերմարկետներից և այլն):

winter

Ձմեռային եզակի լուսավոր օր Կոպենհագենում, բայց սև ամպերը մոտենում են

Էսքանից հետո ուզում ես ասել՝ բարև քեզ: Եթե նույն հարցն ինձ տային, անգամ օրերով մտածելուց հետո տարածքի ու գների մասին ոչինչ չէի ասի: Էստեղ ընդհանրապես տուն ճարելն էնքան բարդ է, որ երբ վերջապես տասը քառակուսիմետրանոց սենյակ ես գտնում, էլ չես մտածում, թե զուգարանի պահարանը փոքր է, բոլոր շշիկներս տեղ չեն անի: Ինչ վերաբերում է գներին, ապա մի կողմից լինելով շատ ավելի աղքատ երկրից, մյուս կողմից անընդհատ տեղափոխվելով ընդհանրապես ավելորդ իրեր գնելու սովորություն ձեռք չեմ բերել: Իսկ էժան սուպերմարկետից առևտուր անել մեծ մասամբ նշանակում է անորակ սնունդ գնել: Սովոր լինելով լավ ուտելիքի ու հասկանալով, որ եթե հիմա ուտելիքի վրա խնայեմ, հետո առողջությունովս կվճարեմ՝ աշխատում եմ սննդի վրա չխնայել: Դե էլ չասեմ, որ հա, էստեղ ամեն ինչ թանկ է, բայց կներեք, աշխատավարձներն էլ են բարձր:

Բայց ինչքան էլ սիրեմ կյանքս Դանիայում, ամենևին չեմ ուզում պնդել, որ այստեղ ամեն ինչ կատարյալ է: Ճիշտ է՝ այստեղ տեղափոխվելիս Եվրոպայում ապրելու փորձ արդեն ունեի, ու որոշ խնդիրներ, որոնք ընդհանրապես կարող են առաջանալ էքսպատների մոտ, ես շատ սիրուն ձևով շրջանցեցի, բայց ամեն դեպքում կան բաներ, որոնք չեմ սիրում կամ որոնց պատրաստ չէի:

Ինձ համար Կոպենհագենում ամենալուրջ խնդիրը տան հարցն է: Երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում հինգ անգամ հասցե եմ փոխել: Հայաստանցի կամ այլ արտասահամանաբնակ ընկերներս իբր խրատներ են տալիս, թե՝ ինչու՞ ես տանտիրոջ հետ ապրում որ, չե՞ս կարող ստուդիո վարձել, չե՞ս կարող ընկերներիդ հետ մեծ տուն վարձել, համալսարանը հանրակացարան չունի՞, չե՞ս կարող մի տեղում սթրվել, և այլն, և այլն: Էս տեսակ հարցերը մի կողմից ներվայնացնում են, մյուս կողմից էնքա՜ն միամիտ են թվում:

 

scarf

Շարֆերիս հավաքածուն օգոստոսից մինչև հուլիս

Կոպենհագեն գալուս առաջին օրերին հոսթելում էի մնում: Էդ ամբողջ ժամանակն օգտագործել եմ տուն փնտրելու վրա: Ու միակ բանը, որ ճարել եմ, քաղաքից դուրս գտնվող մի թաղամասում առանց պայմանագրի սենյակ էր՝ պարսիկ տանտիրոջ հետ: Մի կերպ համոզել եմ, որ գոնե թույլ տա հասցես քաղաքապետարանում գրանցել (առանց այդ գրանցման դու Դանիայում ոչինչ ես. ո՛չ բանկային հաշիվ կարող ես բացել, ո՛չ բժշկի գնալ, ո՛չ աշխատանքային պայմանագիրդ են կնքում): Դրանից հետո ապրել եմ ինը քառակուսիմետրանոց սենյակում, որտեղ շարժվելու տեղ չկար, ու երբ հյուր էի ունենում, այնպիսի զգացողություն էր, որ սենյակում չափից դուրս շատ մարդ կա, ապրել եմ նկուղում, ու լողարանս խոհանոցի մեջ էր, ապրել եմ մի սենյակում, որտեղ արգելված էր հյուրեր ունենալը, մինչև եկել-հասել եմ հիմիկվա երկու սենյակներս: Էլի Կոպենհագենից դուրս է, բայց գոնե համալսարան կես ժամում հասնում եմ:

Ու էս բոլոր տեղափոխություններն իմ կայֆի համար չեն: Մի դեպքում ուզում էի անպայմանագիր վիճակից ու հսկայական հեռավորությունից հնարավորինս շուտ պրծնել, մյուս դեպքում տանտերը վարձը բարձրացնում է, ու մտածում ես՝ չէ, բայց ինչու՞ ավելի շատ փող վճարեմ, եթե առանց էդ էլ պայմանները վատն են: Մի երրորդ դեպքում էլ ուղղակի պայմանագիրս է լրանում, տանտերն էլ չի ուզում երկարացնել: Ու տուն ճարելը դառնում է գլխացավանք, որովհետև էդ ստուդիոներն ուղղակի գոյություն չունեն, շուկայում հայտնվելուն պես անմիջապես զավթվում են, որոնք էլ ազատ են մնում, սարսափելի բարձր գներ են ունենում, որովհետև շատ տանտերեր թույլ չեն տալիս, որ մեծ բնակարաններում ընկերներ բնակվեն, ոչ թե ընտանիք, որովհետև ուղղակի տան կարիք ունեցող մարդ ավելի շատ կա, քան տուն, որովհետև ուղղակի շուկան կարգավորված չէ, ու շատերն են առիթից օգտվում:

Էսքանից հետո բրիտանացի տիկինը բողոքում է, որ զուգարանում շշիկները տեղ չեն անում:

Երկրորդ բանը, որ Դանիայում դուրս չի գալիս, եղանակն է: Երբ ամռանը գալիս եմ Հայաստան ու արևի տակ կանգնում, ինձ բոլորը ձեռ են առնում, թե՝ էս ո՞նց ես սառել որ: Աշնանն անձրևները սկսվում են ու էդպես էլ չեն դադարում: Ձմռանը լույսի երես չես տեսնում. ժամը չորսից մութ է, իսկ երբ լույս է լինում, պարտադիր ամպամած է: Հունիսին ամեն առավոտ արթնանում ես էն հույսով, որ հաջորդ օրն ամառը կգա, բայց էդպես էլ չի գալիս: Ամառային շորերդ էդպես էլ պահարանում են մնում, ու դու հունիսին նույն կուրտկայով ես, ինչ փետրվարին: Քամիներն էնքան անտանելի են, որ կարող են անգամ հեծանիվդ շուռ տալ: Քամու ժամանակ տաք մնալու միակ միջոցը շարֆն է: Շարֆ չես կապում միայն հուլիսին, այն էլ ոչ միշտ:

Բայց ամենավատն այն է, որ փետրվարին մեկ էլ զգում ես՝ էլ էներգիա չունես: Սատկած տուն ես գալիս ու ժամը տասին գցվում անկողին: Հաջորդ առավոտ ժամը իննին հազիվ ես արթնանում: Աշխատել չես կարողանում, ու տոննաներով կոֆեինն էդպես էլ չի օգնում: Սկզբում մտածում էիր՝ վիտամին D-ի մասին ասվածը միֆ է, բայց էլ տարբերակ չունես, փորձում ես հաբերը: Ու մեկ էլ զգում ես՝ ուժերդ վերադառնում են: Մեկ էլ զգում ես՝ ութ ժամ քունը լրիվ հերիք է անգամ ամենագժական զբաղված օրվանից հետո: Ու ինքդ քեզ խոստանում ես, որ մյուս անգամ, երբ արևը հայտնվի, դուրս ես գալու ու ամեն բջիջովդ ճառագայթները կլանես:

Իհարկե, բրիտանացի տիկինը եղանակի մասին որևէ բան ասել չէր կարող, որովհետև ինքն էնպես փայլուն եղանակով երկրից չէ, ու գուցե էնտեղ էլ է սովորություն ձմեռային ամիսներին վիտամին D-ով կերակրվելը:

Էս ինչ բացասական ստացվեց էս գրառումս: Ուղղակի ուզում էի ասել՝ կատարյալ երկիր չկա, ու Դանիայում, որ այսքան լավ եմ զգում ինձ, կան բաներ, որ ինձ դուր չեն գալիս: Բայց հանուն էն լավի, որ ստանում եմ էստեղ, արժե վատին դիմանալ: Մի ուրիշ առիթով լավ բաներին էլի կանդրադառնամ:

Advertisements

8 responses to “Ինչը Դանիայում դուրս չի գալիս

  1. Interest says:

    Էդ անարև, անլույս (խուլ) տեղն ի՞նչ ես անում, Բյուրե ջան։ Տուն արի։

  2. uluana says:

    Բյուր, աչքիս՝ բրիտանացի տիկինն ուղղակի որպես տուրիստ ա Դանիայում եղել, հյուրանոցներում ա մնացել, դրա համար էդ բնակարանային սարսափների հետ գործ ունենալու առիթ չի ունեցել։ 😀

    Բայց իրոք բնակարանների մասին պատմածներդ լրիվ սարսափ են… Չնայած նախկինում էլ ես շատ պատմել բնակարանների խնդիրներից, բայց էս աստիճանի չգիտեի… Ահավոր ա։ Ես հաստատ չէի կարողանա ապրել Դանիայում։ Նախ նեղ բնակարանից ահավոր կնեղվեի, հետո անընդհատ ամպամած ու մթոտ վիճակից, արևի պակասից։ Ամպամած եղանակ որ երբեմն լինում ա, սիրում եմ, բայց որ մշտական տենց լիներ, կգժվեի…

    • byurie says:

      Բրիտանացի տիկինն ութ տարի ա ստեղ ա ապրում հերիք չի, դեռ նորեկներին խորհրդատվություն ա անում: Իրա էդ հոդվածից հետո չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչի նման ա իրա խորհրդատվությունը: Ուղղակի ըստ երևույթին ինքը բնակարանի խնդիր չի ունեցել ժամանակին, որովհետև նախ ութ տարի առաջ հավանաբար մի քիչ ավելի հեշտ ա էղել ամեն ինչ (չնայած սլովեն ընկերուհիս էդ ժամանակներում էր ստեղ, ինքը նույն բաներն էր պատմում), համ էլ դանիացու հետ ա ամուսնացած, ինչն արդեն հարցի պատասխան ա (իրանք հավանաբար հենց սկզբից տուն են առել առանց վարձակալվող տների քաշքշուկների մեջ ընկնելու): Բայց եթե խորհրդատու ա, մի քիչ պետք ա ամեն ինչ մենակ իրա արշինով չչափի էլի:

      Եսի՞մ, ես կարողանում եմ ապրել ստեղ: Էս գրառումս լիքը նենց արձագանք ստացավ, թե՝ էդ ինչ ես անում էդ երկրում, ուրիշ տեղ գնա: Բայց եթե էս երկու գլխավոր խնդիրները չհաշվենք, մնացած ամեն ինչը լավ ա: Երևի մոտ ժամանակներս անդրադառնամ, թե ինչն ա լավ ու ինչու չեմ ուզում ուրիշ տեղ գնալ:

      • uluana says:

        Չէ, ես չեմ ասում՝ ընդհանրապես ոնց ա հնարավոր էդպիսի տեղ ապրել։ Գիտեմ, որ դուրդ գալիս ա, ու լիքը առիթներով լավ էլ գրել ես, թե ինչի ու թե ինչ դրական բաներ կան էդտեղ։ Ես ուղղակի կոնկրետ իմ մասին էի ասում։ Թե չէ՝ պարզ ա, որ բոլորի համար առաջնայնությունները նույնը չեն, ու հետևաբար նույն բացասական բանը տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ ա ազդում։ Ինձ համար, օրինակ, դրանք առաջնային բաներ են։ Ասենք, ես կգերադասեմ շատ քիչ իրեր ունենալ, բայց լուսավոր ու ոչ նեղվածք բնակարանում ապրել, քան ամեն ինչ ունենալ, բայց ապրել խցկված ու մթոտ բնակարանում։ Հեսա կասի՝ ես ոչ շատ իրեր ունեմ, ոչ էլ ընդարձակ բնակարան։ 😀

      • byurie says:

        Պատկերացրու, ստեղի բնակարաններն էնքան էլ մութ չեն: Հսկայական պատուհաններ ունեն, ու երբ դրսում լույս ա, բնակարանները մի այլ կարգի են լուսավորվում: Բայց եթե դրսում լույս ա…
        Պատկերացրու, էս պահին քիչ իրեր ունեմ ու ընդարձակոտ բնակարան, այսինքն՝ Կոպենհագենի այլ բնակիչների համեմատ ճոխ եմ ապրում, որովհետև երկու սենյակ ունեմ, մեծոտ խոհանոց, իսկ զուգարան-լողարանն էլ էն ավանդական ունիտազ, վերևից դուշ տարբերակը չի, լավ ընդարձակ ա: Բայց դե մեծ մինուսն էն ա, որ հեռու ա, հատկապես երբ հիվանդանոցում եմ աշխատում շաբաթը երկու օր: Իսկական գլխացավանք ա էնտեղ հասնելն ու հետ գալը:

  3. […] երբ գրեցի, թե ինչը դուրս չի գալիս Դանիայում, հաստատ գիտեի, որ կարճ ժամանակ անց անդրադառնալու եմ […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: