Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հոգեբուժարանը «գժանոց» չէ

on February 26, 2016

Առաջին անգամ բլոգումս տեղադրում եմ ոչ իմ նյութը, բայց որպես հոգեբույժ համաձայն եմ նյութում բարձրաձայնված խնդիրների հետ:

«Գժանոց» բնորոշումը կարող է և չլինել լրագրողական որևէ անդրադարձում, բայց նկարագրություններն ու վերլուծություններն ընդհուպ դրան են տանում:

Սովետական շրջանից մեր հասարակության մեջ ամրացած կարծրատիպ կա, թե հոգեբուժարանը «գժանոց» է. այսինքն, որ այնտեղ պետք է որ յոթ փակի տակ առնված լինեն խելագարները և, վերջ:

Առավել զարգացած հատվածը մի ուրիշ կարծրատիպ էլ ունի ( իհարկե, տառապանքը փորձ ունի). հոգեբուժարանը ռեպրեսիվ իշխանությունների համար գտած տեղ է՝ ցկյանս այնտեղ փակելու այլախոհներին, այլադավաններին…

Առավել ճարպիկ հատվածի համար մեկ այլ կարծրատիպ էլ գոյություն ունի՝ հոգեբուժարանը գտած տեղ է հանցանք գործածին անմեղսունակ ճանաչելու կամ երիտասարդին պարտադիր զինապարտությունից ազատելու համար:

web5c3bb4_b5

Պրահայի Բոհնիցե հոգեբուժարանը

Եվ լրագրողներիս անդրադարձների մեծ մասն այս կամ այն նախապաշարման ոգով է կառուցվում: Որքան երկար շրջանառվեն ու չվերանան այս կարծրատիպերը, լրագրողական նյութերն այնքան վտանգավոր կդառնան հասարակության առողջության համար՝ բառի բացառապես ուղիղ իմաստով:

Ինչու՞ վտանգավոր: Որովհետև մեր ձևավորած հասարակական այս կարծիքի պայմաններում հոգեբուժարանը ոչ թե վայր է, որտեղ խնդիրներ ունեցող մարդը կարող է ճիշտ ախտորոշման ու բուժման արդյունքում վերականգնել իր կյանքի որակը, վերացնել իրեն տանջող հոգեկան խնդիրները, այլ դա «վայր է, որտեղ լինում են միայն հասարակությունից քշված «մոլագարները» կամ իշխանություններից մերժված այլախոհները»:

Իրոք լուծելի հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ հասարակական կարծիքի այս պայմաններում չեն համաձայնում անգամ ոտք դնել հոգեբուժական հաստատություն՝ ես գիժ չեմ, ասելով: Նրանք գիժ չեն, բայց հասարակական նույն ընկալումն ունեն, որ հոգեբույժը «գժի բժշիկն» է, խնդիրներ ունեցողը «գժի թուղթ ունի», իսկ հոգեբուժարանը «գժանոց» է:

Արվեստագետների, մյուս հայտնիների շրջանում հաճախ հանդիպող հոգեկան խնդիր է բիպոլյար խանգարումը: Հոլիվուդյան շատ աստղեր ոչ միայն չեն թաքցնում, այլև սրացումների ժամանակ ինքնակամ բժշկական օգնություն են ստանում: Ո’չ անձամբ իրենք են դա ամաչելու բան համարում, ո’չ էլ կողքից են ամաչացնում դրա համար: Այսինքն, երբ հասարակական վերաբերմունքն առողջ է,  խնդիրներ ունեցողն ինքն առաջինն է շտապում բարելավել իր զգացողությունը, իր կյանքի որակը, իսկ դա բումերանգի էֆեկտով նշանակում է՝ իր շրջապատի կյանքի որակը:

Հոգեկան խնդիրներ ունեցողների համար մի մեծ բուժհաստատություն է գործում Պրահայում, անունը՝ Բոհնիցե: Ահռելի տարածքի վրա անտառային հատվածով մեծ համալիր է: Ավելի շատ առողջարան է հիշեցնում, քան հոգեբուժարան: Այդ համալիրում պարբերաբար բացվում են դարպասները՝ ցանկացած այլ մարդու համար: Ամենատարբեր համերգներ են այնտեղ կազմակերպվում, լինում են, այսպես ասած՝ բաց դռների օրեր, երբ կարող ես գնել այնտեղ ստացիոնար բուժվողների ձեռքի աշխատանքը, շփվել նրանց հետ: Ուղե՞րձը՝ նրանք նորմալ մարդիկ են, նրանք հասարակության անդամ են, նրանք ևս լայն շփումների իրավունք ունեն:

Հիմա Հայաստան գանք: Բավական չէ, որ պետությունն այս հաստատություններին մնացորդային աչքով է նայում (ի~նչ բաց դռների օր, ի~նչ հասարակական շփումներ), տարրական՝ շենքային վատ պայմաններից մինչև հոգեբույժի խիստ ցածր աշխատավարձը. բավական չէ, որ հենց այդ պայմանների պատճառով գրեթե ոչ ոք չի ուզում հոգեբույժ դառնալ մեր երկրում, լրագրողներս էլառիթը բաց չենք թողնում վարկաբեկելու հոգեբուժարանը որպես երևույթ, ինչը շատ վատ բան է իրոք հոգեկան խնդիր ունեցողի համար:

Բացարձակապես քար չեմ նետում այն լրագրողների դաշտը, որոնք փորձում են պարզել, թե արդյո՞ք այս կամ այն մարդուն հանիրավի՝ բոլորովին այլ նկատառումներով չեն տեղափոխել հոգեբուժական հաստատություն ( ինչպես ամեն մարդ, բժիշկներն էլ են տարբեր լինում, պետություններն էլ): Իհարկե, եթե չնչին կասկած անգամ կա, պետք է գնալ մինչև վերջ, մինչև վերջին դրվագը բացահայտել իրողությունը: Ամեն մի դեպք՝ յուրովի, ամեն մի դեպք՝ բոլոր կողմերից ու մինչև վերջ:

Բայց ամեն մի նման դեպք օբյեկտիվորեն վերլուծելու համար որոշակի, լուրջ, հիմնավոր փաստեր են պետք: Չեմ ասում՝ գիտելիք, որովհետև հոգեբույժի մասնագիտական կրթություն չունեցող լրագրողներս ո’չ ի զորու ենք, ո’չ էլ հավակնություն պետք է ունենանք, որ մարդու հետ հարցազրույց անելուց հետո վստահ կարող ենք ասել՝ հոգեբուժական խնդիր ունի կամ չունի:

Երկու-երեք տարի առաջվա մի տեսանյութ եմ հիշում՝ հարցազրույց հարկադիր բուժման ենթարկված մի աղջկա հետ: Լրագրող-հեղինակը նյութը կառուցել էր զուտ այն տեսանկյունից, որ աղջկան հանիրավի, ինչ-ինչ շահադիտական նպատակով են ուղարկել հարկադիր բուժման: Ինչու էր լրագրողը համոզված՝ միայն աղջկա պնդումը կար: Իսկ Ֆեյսբուքի իր մեկնաբանության մեջ լրագրողը գրել էր. «Մի հատ նայեք, թե այս աղջիկը ոնց է խոսում, ոնց է կշռադատում մտքերը, նա ո՞նց կարող է հոգեկան հիվանդ լինել»:

Տեսանյութի տակ բոլորը համաձայն էին այս մեկնաբանության հեղինակի հետ: Բնականաբար, ինքս սպառիչ պատասխան տալ չեմ կարող և ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել չեմ կարող. երևում է՝ ոչ մի խնդիր չունի, կամ երևում է՝ խնդիրներ ունի: Որովհետև մասնագետ չեմ և  գիտեմ, որ այդ դեպքում, լրագրողական թեկուզ մեծ փորձն էլ վրադիր, ան-հը-նար է որոշել մարդու հոգեկան խնդիրը:

Հոգեբանություն-հոգեբուժություն-լրագրություն առանցքի հետ կապված՝ ևս մեկ խնդիր: Օրերս օտարերկրացի մի լրագրող բացատրում էր, թե ինչպես թեժ կետեր մեկնելուց առաջ իրենց երկար նախապատրաստում են, այդ թվում՝ հոգեբանորեն: Վերադարձից հետո հետսթրեսային վերականգնման շրջան են անցնում, իսկ եթե բանը հասել է հետսթրեսային խանգարման, ապա անպայման բուժման կուրս են անցնում:

Մի քիչ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում շատ լրագրողներ կգտնվեն, որոնց ոչ թե կառաջարկվեն նման ծառայություններ, այլ որոնք կհամաձայնեն հետսթրեսային խանգարումը նույնիսկ ախտորոշելու դիմել:

Հոգեկան առողջության մեր մշակույթն այնքան «քաղաքակիրթ» է, որ օրինակ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո դահիլիճից դուրս եկածներին ամենահաճախակի տրվող հետսթրեսային խորհուրդը սա էր՝ անպայման չիշիկ խմեք:

Ռուզան Խաչատրյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: