Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Լեզու սովորելու գաղտնիքները

on May 7, 2016

Երբ հարցնում են՝ ինչ լեզու գիտես, խառնվում ես իրար, չգիտես՝ ինչ պատասխանես, որը մտցնես իմացածների, որը՝ չիմացածների մեջ: Ու ընկալումն էլ, թե ինչ է նշանակում լեզու իմանալ, շատ տարբեր է տարբեր մարդկանց մոտ: Ոմանք համարում են, որ լեզուն գիտեն միայն այն դեպքում, երբ տվյալ լեզվով յուրացրել են 30 000 բառ, խոսելիս քերականական սխալ գրեթե թույլ չեն տալիս, օտար առոգանություն գրեթե չունեն: Մնացած բոլորը դեպքերը համարվում են լեզուն չիմանալ: Մի ուրիշ խումբ մարդիկ էլ համարում են, որ լեզուն գիտեն, եթե տվյալ լեզվով կարողանում են «բարև-բարլուս» ասել:

'Now, what's Italian for pizza?'

Հիմա եթե վերցնենք առաջին խումբ մարդկանց, ապա ստացվում է, որ մայրենի լեզվիցդ բացի հազիվ ուրիշ լեզու իմանաս: Նկարագրված մակարդակով օտար լեզվին տիրապետելը գրեթե անհնար բան է: Եթե վերցնենք երկրորդ խումբ մարդկանց, ստացվում է, որ ասենք մեկը չինարեն բարևում է, բայց երբ խնդրում ես կարդալ, թե ինչ է գրված Չինաստանից ներմուծված պահածոյի վրա, չի կարողանում պատասխանել:

Էդ դեպքում ինչպե՞ս սահմանենք լեզվի իմացությունը: Իմ կարծիքով, էական չէ, թե քանի բառ գիտես տվյալ լեզվով կամ ինչպիսի առոգանությամբ ես խոսում: Կարևոր է՝ ինչ ես կարողանում անել այդ լեզվով: Իսկ ինչ կարողանալը կարող է տատանվել թերթեր կարդալու ունակությունից մինչև խորը քաղաքական բանավեճեր անցկացնել, սուպերմարկետում կաթը մածունից տարբերելուց մինչև տվյալ լեզվով դիսերտացիա գրել: Ու այս դեպքում բառապաշարը կամ քերականական կանոնների տիրապետումն այնքան էական չեն, որքան՝ ինչպես ես կարողանում ունեցածդ քիչ գիտելիքը ծառայեցնել քեզ: Ու հենց էստեղ է, որ հաճախ լեզվի դպրոցները թերանում են, զոռում քերականության ու բառապաշարի, ոչ թե լեզվով որևէ բան անելու վրա: Վերցրեք TOEFL-ից բարձր գնահատականներ ստացողներին: Նրանցից շատերը չեն կարողանում անգլերեն անել այն, ինչ իրենց գնահատականն է արտացոլում: Կամ վերցրեք ցածր ստացողներից ոմանց: Նրանք կարողանում են ավելի շատ բան անել անգլերեն, քան իրենց գնահատականն է արտացոլում:

Ուրեմն ինչպե՞ս կարելի է մեր ունեցած քիչ գիտելիքով հնարավորինս շատ բան անել տվյալ լեզվով: Իմ կյանքի տարբեր փուլերում մոտ մեկ տասնյակ օտար լեզուներ սովորելու փորձ անելուց հետո ահագին բան եմ հասկացել լեզուն յուրացնելու մեթոդների մասին: Ներքևում առանձին-առանձին կգրեմ, թե ինչպես կարելի է լեզվի չորս դոմեյնները՝ կարդալը, գրելը, խոսելն ու լսելը լավացնել: Կպատմեմ նաև իմ փորձից: Իսկ հետո մի երկու փոքր հնարք կասեմ չիմացած լեզուները գործածելու մասին:

Կարդալը
Վերջերս դանիերենի տնայիններից էր մի տեքստ կարդալ-հասկանալը: Դասի ժամանակ մի աղջկա հետ էի նստել: Տեքստի վրա լիքը նշումներ, երևում էր՝ լավ աշխատել էր: Նայեց իմ գրքին, տեսավ՝ տեքստը դափ-դատարկ է, հարցրեց, թե արդյոք տնայինս արել եմ: Ասացի, որ արել եմ: Հարցրեց, թե ինչու նշումներ չկան, ասացի, որ կարդալիս բառարան չեմ բացում: Հարցրեց՝ բա անծանոթ բառ չկա՞ր: Ասացի՝ կար, լիքը:

Հետո տեքստի մասին հարցեր էին: Տեքստից որ բառը ցույց տայիր այդ աղջկան, կասեր՝ ինչ է նշանակում: Բայց չգիտեր, թե ամբողջական տեքստն ինչի մասին է: Ու պատկերացնում եմ՝ երևի մի քանի ժամ ծախսել էր էդ բոլոր բառերը հանելու, աշխատելու համար: Ինձ եթե կոնտեքստից դուրս բառ հարցնեիք, չէի իմանա՝ ինչ է նշանակում: Բայց ամբողջական տեքստը գիտեի ինչի մասին է:

Լեզու սովորելիս շատերը հենց այս սխալն են անում: Ուզում են տեքստի ամեն մի բառը հասկանալ: Դրա համար ժամեր են ծախսում բառարանների հետ: Իսկ վերջում, երբ վերջապես անծանոթ բառ չի մնում տեքստում, կարծես ոչ մի բան էլ չեն հասկացել: Դրա համար շատ կարևոր է սովորել գրավոր լեզուն որպես ամբողջություն ընկալելը: Անծանոթ բա՞ռ: Փորձիր կոնտեքստից հասկանալ, թե ինչ է նշանակում: Չի՞ ստացվում: Շարունակիր կարդալ: Երբ զգաս, որ ամեն դեպքում չես հասկանում տեքստն ինչի մասին է, ուրեմն գուցե արժե մի երկու կարևոր բառ նայել, բայց ոչ երբեք՝ յուրաքանչյուր առանձին բառ: Իսկ եթե զգում ես, որ տեքստում այնքան շատ են անծանոթ բառերը, որ ոչինչ չես հասկանում, ուրեմն դա մի կողմ թող, անցիր ավելի հեշտ տեքստի:

Կարելի է, ասենք, սկսել էնպիսի տեքստերից, որոնց ծանոթ եք: Օրինակ, լուրերով հոդված, որն արդեն ուրիշ լեզվով կարդացել եք: Կամ ձեր կարդացած գրքերն այդ լեզվով վերընթերցեք: Օրինակ, իմ կարդացած առաջին ֆրանսերեն գիրքը Սագանի «Բարև, թախիծն» էր: Քանի որ հայերեն արդեն կարդացել էի, ֆրանսերեն ընդհանրապես դժվարություն չունեցա, չնայած տեքստի բարդությանը:

Գրելը
Վերջին դանիերենի քննության ժամանակ հետս անգլերեն-դանիերեն բառարան չէի տարել: Կողքիս տղան զարմացավ, թե ոնց է էդպես հնարավոր, ինձ եսիմ ինչ ինքնավստահի տեղ դրեց: Բացատրեցի, որ չեմ ուզում օգտագործել բառեր, որոնք չգիտեմ: Այդ տղան կտրվեց քննությունից, ես՝ չէ:

Շատ կարևոր է գրելիս ձգտել գործածել միայն ձեր իմացած բառերը: Թող որ նախադասությունը մի քիչ պրիմիտիվ հնչի: Թող որ տպավորություն ստեղծվի, թե հեղինակը դպրոցական է: Կենտրոնանալով անծանոթ բառերի վրա՝ հաճախ չենք կարողանում մեր ասելիքը ճիշտ կառուցել, ու տեքստը դառնում է անընթեռնելի: Ավելին՝ բառարանային բառերը հաճախ առանց կոնտեքստի են, ու արդյունքում դրանք սխալ տեղում ենք գործածում: Ի վերջո, մեր նպատակն ընթերցողին մեր մտքերը հասցնելն է, չէ՞: Ուրեմն փորձենք էնպես անել, որ մենք էլ մեր գրածից բան հասկանանք:

Իհարկե, գրավոր խոսքը կարելի է մարզել ֆեյսբուքում տվյալ լեզվով ստատուսներ գրելով կամ ընկերների հետ տվյալ լեզվով չաթվելով: Օրինակ իմ դանիացի շրջապատն ինձ ավելի շատ դանիերեն է գրում, քան անգլերեն: Ես էլ դանիերեն պատասխանում եմ: Սկզբում ծանր մտավոր աշխատանք էր: Հիմա վարժվել եմ:

Լսելը
Լսելիս ամենակարևորը թուլանալն է: Սա ահագին ուշ սովորեցի: Ամեն անգամ լսելու վարժություններն անելիս լարվում էի, ոչ մի բառ չէի հասկանում: Կամ էլ հանկարծ ուշադրությունս անջատվում էր, մի հսկայական կտոր բաց էի թողնում: Երբ սկսեցի չմտածել լսելու մասին, զգացի, որ ավելի շատ բան եմ հասկանում: Դրա համար կարելի է ուղղակի ռադիոն միացնել որպես ֆոն, կինոներ նայել, երգեր լսել՝ առանց հասկանալու մասին մտածելու:

Բայց նաև նկատել եմ, որ առավել դժվար է հասկանալ ոչ մեզ ուղղված խոսքը, այսինքն՝ երբ ուրիշների խոսակցության ձայնագրություն ենք լսում, երբ մեր ներկայությամբ խոսում են այդ լեզվով: Օրինակ իմ աշխատավայրում շատերը միայն դանիերեն են խոսում, որովհետև գիտեն, որ հասկանում են: Բայց ընդամենը մի քանի վայրկյան անց այլևս չեմ լսում խոսակցությունը: Դրա համար ավելի մոտիկ մարդկանց վերջերս սկսել եմ խնդրել, որ դանիերենի անցնելիս անպայման ինձ էլ ներգրավեն խոսակցության մեջ: Երբ քեզնից պատասխան են սպասում, ուզած-չուզած լսում ես ու պատասխան պատրաստում: Ու եթե մի երկու բան էլ չես հասկանում, խնդրում ես, որ կրկնեն:

Խոսելը
Խոսել սովորելն ամենաբարդն է, հատկապես երբ ապրում ես մի միջավայրում, որտեղ կարող ես հանգիստ ուրիշ լեզվով հաղորդակցվել: Հիմնականում իմ համբերությունը չի հերիքում, ու շատ արագ անցնում եմ անգլերենի, նույնիսկ երբ դիմացինը համբերատար դանիացի է ու պատրաստ է ինչքան պետք է սպասել, մինչև ես դանդաղ-դանդաղ մտքերս կձևակերպեմ: Բայց երբ մնացած երեք դոմեյնները հաղթահարել ես, խոսելը սկսում է ինքնաբերաբար ստացվել:

Խոսել սովորելիս կարևոր է անընդհատ խոսելը: Չնայած շատերը վազում են դեպի լեզվակիրներ՝ մտածելով, որ էդպես ավելի հեշտ կսովորեն, իմ խորհուրդն է՝ սկզբում լեզվակիրների վրա շատ հույս մի դրեք: Առաջին հերթին, հաճախ լեզվակիրը սովոր չի լինում իր լեզուն օտար առոգանությամբ լսելուն, հետևաբար չի հասկանում՝ ինչ ես ասում: Դրանից հուսահատվում ես, էլ չես ուզում խոսել: Հետո, լեզվակիրը հաճախ համբերություն չի ունենում, անցնում է մեկ այլ լեզվի, որը դու ավելի լավ գիտես: Նաև վախենում ես սխալներից, որովհետև լեզվակիրը նկատում է յուրաքանչյուր մեծ ու փոքր սխալ:

Բայց արի ու տես, որ ոչ լեզվակրի հետ զրույցն ավելի հեշտ է ստացվում: Նախ, երկուսդ էլ լեզուն սովորելու մոտիվացիա ունեք: Երկրորդ, միմյանց սխալներից չեք վախենում: Երրորդ, ավելի հեշտ եք իրար հասկանում, որովհետև երկուսդ էլ դանդաղ եք խոսում ու օտար առոգանություն ունեք: Դանիերեն սովորելիս սկզբնական շրջանում միայն իմ լեզվի խմբի ժողովրդի հետ էի դանիերեն խոսում: Հետո, երբ արդեն մի քիչ լավացավ դանիերենս, սկսեցի դանիացիների հետ էլ խոսել: Արդեն նկատում եմ, որ առաջինը ես եմ անգլերենի անցնում, ոչ թե իրենք: Ավելին՝ արդեն դանիերենն այնքան ավտոմատացված է դարձել, որ երբ փողոցում կամ խանութում ինձ դիմում են, էլ չեմ ասում՝ կներեք, չեմ հասկանում, միանգամից պատասխանում եմ դանիերեն:

Իրականում լեզվի դպրոցներում քաջալերում են հենց սկզբից ամենուր դանիերեն խոսել: Բայց ամաչկոտ մարդկանց համար դա ահագին բարդ գործ է: Հակառակը՝ ոչ լեզվակրի հետ խոսելով ու վարժվելով, կամաց-կամաց անցնելով միջավայրն ավելի լավ է ստացվում:

Այլ հնարքներ
Լսե՞լ եք, որ ասում են՝ դժվարն առաջին չորս լեզուն են, հետո հեշտանում է: Չգիտեմ՝ ինչքանով է դա ճիշտ, որովհետև դանիերենն իմ եսիմորերորդ լեզուն է ու ավելի բարդ է, քան նախորդները: Բայց մի փոքրիկ հնարք ունեմ, որ բանեցնում եմ ցանկացած լեզու սովորելիս կամ ուղղակի լեզվի հետ առնչվելիս. որևէ լեզվի հետ գործ ունենալիս օգտագործում եմ իմ իմացած բացարձակապես բոլոր լեզուները: Օրինակ, ես իտալերեն բացարձակապես չգիտեմ, ոչ մի բառ, ոչ մի քերականական կանոն: Բայց արի ու տես, որ իտալերեն գրավոր տեքստից գլուխ հանում եմ, խանութներում էլ գները լսելիս կարիք չունեի խնդրելու, որ գրի առնեն: Դա ստացվում էր, որովհետև իսպաներենի, ֆրանսերենի ու լատիներենի գիտելիքներս էի փոխադրում: Հիմա կասեք՝ բայց դրա համար ֆրանսերեն ու իսպաներեն է պետք: Հա, բայց մյուս երկու լեզուները սովորելիս էլ անգլերենն էր շատ օգնում: Տո ֆիններեն սովորելիս լիքը բաներ հայերենից էի վերցնում:

Էսքանից հետո մեկնումեկը հաստատ կհարցնի՝ լավ, բա ո՞նց նոր բառեր սովորենք: Լեզվի դասագրքերում ամեն թեմայի սկզբում նոր բառեր կան, չէ՞: Սովորաբար ուսուցիչը դրանք սովորեցնում է ու ակնկալում, որ մենք էլ կսովորենք: Ժամանակին, երբ ֆրանսերեն էի սովորում, ահագին ժամանակ էի անցկացնում էդ բառերի վրա: Գրում էի հայերեն համարժեքները, փորձում կողքը ֆրանսերեն թարգմանությունը գրել: Ստացվում էր: Դանիերենի դեպքում էդպես չեմ անում: Մի անգամ բլոկնոտումս գրի եմ առնում ու մոռանում: Միևնույն է, նոր բառերը մենակ կիրառելիս են մնում: Ուղղակի պետք է ունենալ էնքան շատ կոնտեքստներ, որ բառը տպվի հիշողությանդ մեջ:

Ու հիշեք. շատ ավելի կարևոր է, թե ինչ եք կարողանում անել տվյալ լեզվով, քան քանի բառ ու քերականական կանոն գիտեք կամ ինչ առոգանությամբ եք խոսում: Ու հաճախ նույնիսկ փոքր բաներ կարողանալ անելը կարող է մեծ նշանակություն ունենալ: Ես կարողանում եմ ֆիննական սուպերմարկետում կողմնորոշվել, ու դա ինձ ահագին փրկեց սխալ ուտելիքներ գնելուց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: