Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պենկովայի սկանդալն ու ժամանակակից գիտության խնդիրները

on September 11, 2016

female-mad-scientist-clipart-memes-trending-space-uvon8t-clipartԿոպենհագենի համալսարանի բոլոր PhD ուսանողները պարտավոր են գիտական էթիկա կուրսն անցնել PhD-ն սկսելու հենց առաջին ամիսներին: Երբ ես էի այդ կուրսն անցնում, ու խոսքի մեջ նշեցի այդ մասին, մեր պոստդոկներից մեկը ասաց.

-Հա՜, Պենկովայի կուրսը:

Պարզվում է՝ այդ կուրսը վերջին տարիներին են ներմուծել, որպեսզի Պենկովայի նման դեպքերից ապագայում խուսափեն:

Նեյրոգիտնական Միլենա Պենկովան Կոպենհագենի համալսարանի մեծ հաջողությունների հասած ջահել պրոֆեսոր էր: Ավելի քան 100 տպագրված աշխատանք ուներ հեղինակավոր ամսագրերում: Նրա ակադեմիական գործունեությունը գրեթե անհարթ է եղել: Բազմաթիվ դրամաշնորհներ է ստացել: Ու որպես հաջողակ կին գիտնականի օրինակ նրանից անընդհատ հարցազրույցներ էին վերցնում, հայտնվում էր ամսագրերի շապիկներին:

Բայց մի անգամ, երբ Պենկովայի ուսանողներից մեկը կրկնելով գիտափորձը չկարողացավ նույն արդյունքները ստանալ ու այդ մասին հայտնեց ղեկավարությանը, կասկածներ առաջացան Պենկովայի գործունեության մասին: Սկզբում ռեկտորը փորձեց պաշտպանել, բայց հետո 58 գիտնականներից բաղկացած խումբը նամակ գրեց և հետաքննություն պահանջեց: Պարզվեց՝ տարիներ շարունակ կեղծ արդյունքներ է հրապարակել: Եվ դեռ նույնիսկ Պենկովայի դիսերտացիան հաստատելիս կոմիտեի անդամներից մեկը կասկած էր հայտնել, որ 1500 առնետ մի քանի ամսում ուղղակի չէր կարող հետազոտված լինել: Անկախ կոմիտե էին հրավիրել, որը հաստատել էր դիսերտացիան: Պենկովան պաշտպանել էր ու շարունակել գիտական գործունեությունը:

Երբ կեղծիքի մասին տեղեկությունները հրապարակվեցին, Պենկովան պրոֆեսորի պաշտոնից դուրս եկավ՝ պատճառաբանելով, որ ուզում է կենտրոնանալ գիտության վրա: Դրան հաջորդեցին զանազան հետաքննություններ, բանավեճեր, էթիկայի մասին լիքը խոսակցություններ: Պենկովայի հոդվածները գիտական ամսագրերից դուրս հանվեցին: Կոպենհագենի համալսարանը գիտական էթիկա դասընթացը մտցրեց, որտեղ նորաթուխ գիտնականներին սովորեցնում են, որ կեղծելը վատ բան է:

Իսկ Միլենա Պենկովան չէ՞ր կեղծի, եթե իր ժամանակ գիտական էթիկա դասընթացը գոյություն ունենար: Մեր օրերում ավելի փոքր մասշտաբների գիտական կեղծիքներ անընդհատ են տեղի ունենում, բայց դրանց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որովհետև փոքր կեղծիքները հաջողության ճանապարհն ավելի դանդաղ են սարքում:

Ի՞նչ է պետք ժամանակակից գիտական աշխարհում հաջողության հասնելու համար: Առաջին ու պարտադիր պայմանը միջազգային գրախոսվող ամսագրերում տպագրություններն են: Սիվիում նշված տպագրություններն են, որ մի նորավարտին մյուս նորավարտից ավելի որակավորված են սարքում, ու գործատուն ընտրում է նրան, ով ավելի շատ ու ավելի հեղինակավոր ամսագրերում տպագրություն ունի: Էդ տպագրություններն են նաև ֆինանսավորում բերում, որ գիտնականը կարողանա իր գիտական խումբը սկսել, ջահել կադրերի գործի ընդունել:

Գրախոսվող ամսագրերում հոդված տպագրելն առաջին հայացքից գիտական աշխատանքի որակը գնահատելու լավ միջոց է. հոդվածդ ուղարկում ես, երկու անանուն գրախոսներ մանրամասն կարդում են հոդվածը, ուժեղ ու թույլ կողմերը նշում, առաջարկում որոշ բաներ փոխել: Գրախոսների կարծիքի հիման վրա խմբագիրը որոշում  է կա՛մ տպագրել հոդվածը, կա՛մ մերժել: Հաճախ խմբագիրը մինչև գրախոսներին դիմելն է մերժում հոդվածը: Սովորաբար էդպես վարվում է անորակ կամ ամսագրի թեմայի հետ կապ չունեցող հոդվածների հետ: Ամսագրի որակն էլ որոշվում է ազդեցության գործակցով. ինչքան շատ են տվյալ ամսագրից հոդվածներ վկայակոչվում, էնքան ավելի բարձր է ազդեցության գործակիցը:

Լավ միջոց է, չէ՞: Որակյալ գիտություն արա, հոդվածներդ ուղարկի ամսագրերին, տպագրվիր, հաջողության հասիր: Անգամ Հայաստանում, որտեղ կասկածելի գիտություն ինչքան ասես կա, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբն անընդհատ առաջարկում էր գիտության որակը ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրում տպագրություններով որոշել (օրինակ): Բայց Միլենա Պենկովան ավելի քան 100 տպագրություն ուներ նման ամսագրերում: Ու վստահ եմ՝ ինքը միակը չէ:

Գրախոսվող ամսագրերը բացի անորակ ու ամսագրի ուղղվածության հետ կապ չունեցող հոդվածներից մերժում են նաև բացասական արդյունքներովը: Այսինքն, եթե դու գիտնական ես, գիտափորձ ես իրականացրել, հիպոթեզդ հաստատող տվյալներ չես ստացել, ու գրում ես դրա մասին, ուղարկում հեղինակավոր ամսագրի, կարող ես գրեթե վստահ լինել, որ մերժվելու ես: Բնականաբար, չես կարող գիտափորձդ, որի վրա ահագին ժամանակ ես ծախսել, վերցնել ու աղբարկղը նետել: Փոխարենը շատ գիտնականներ հիպոթեզը ձևափոխում են, նոր վիճակագրական վերլուծություններ անում, մինչև մի տեղ վիճակագրորեն հավաստի արդյունք ստանան (ասել կուզի՝ p<0.05):

Այն հոդվածները, որտեղ վիճակագրորեն հավաստի արդյունքներ կան, գրեթե վստահաբար տպագրվում են: Գրախոսները հաճախ չեն խորանում. արդյոք ճի՞շտ է կատարված վիճակագրական վերլուծությունը: Արդյոք փորձարարական դիզայնը լա՞վն է, թե՞ ոչ: Արդյոք ստացված արդյունքը կարևո՞ր է, թե՞ ոչ: Այդ անիծյալ p-ն 0.05-ից փոքր է, ուրեմն հոդվածը լավն է:

Ու այդ p-ից կախված են նաև բազմաթիվ գիտնականների ճակատագրեր, դիսերտացիաներ, կարիերաներ: Մինչդեռ գիտությամբ զբաղվող յուրաքանչյուր անձ գիտի, որ բացասական արդյունքները միշտ էլ անխուսափելի են, ու նույնիսկ ամենալավ փորձարարական դիզայնով գիտափորձերում հնարավոր են բացասական արդյունքներ:

Բայց գրախոսները դիզայնին քիչ ուշադրություն են դարձնում: Գիտնականին մնում է փոքր կեղծիքների դիմել ու ձևափոխել սկզբնական հիպոթեզը: Ոմանք ավելի մեծ կեղծիքների են գնում՝ ձևափոխելով p-ն կամ փոխելով հետազոտված առնետների թիվը: Իսկ ամենավատն այն է, որ ինչքան հեղինակավոր է ամսագիրը, այնքան ավելի մեծ կեղծիքների կարիք է լինում այնտեղ տպագրվելու համար: Մասնավորապես, ամենահեղինակավոր Science ամսագրում տպագրված մի քաղաքագիտական հոդված մեկ այլ գիտական սկանդալի պատճառ է դարձել: Տպագրվելուց առաջ հոդվածի անհավանական դիզայնին ոչ ոք ուշադրություն չի դարձրել, այլ կենտրոնացել են սիրուն արդյունքների վրա:

Ուրեմն ստացվում է, որ ինչքան շատ ես կեղծում, էնքան ավելի անհարթ է լինում գիտական կարիերադ, իհարկե, մինչև էն պահը, երբ բռնվում ես: Բայց արդյոք բոլո՞րն են բռնվում: Եվ ի՞նչ է նշանակում բռնվել, երբ խոսքն ընդամենը վիճակագրական վերլուծության հետ խաղալու մասին է:

Մեր օրերի գիտությունը սխալ ուղղություն է բռնել, ու Պենկովայի նմաններին պատժելով ու էթիկայի դասընթաց մտցնելով գիտությունը կեղծիքից չես մաքրի, քանի դեռ գիտափորձի արդյունքները, ոչ թե դիզայնն են որակի չափանիշ: Իսկ առաջինը կեղծելը հեշտ է, երկրորդը՝ գրեթե անհնար, հատկապես երբ ներմուծվի գիտափորձերի նախնական գրանցումը:

Advertisements

2 responses to “Պենկովայի սկանդալն ու ժամանակակից գիտության խնդիրները

  1. Freeman says:

    “Գրախոսվող ամսագրերը բացի անորակ ու ամսագրի ուղղվածության հետ կապ չունեցող հոդվածներից մերժում են նաև բացասական արդյունքներովը: Այսինքն, եթե դու գիտնական ես, գիտափորձ ես իրականացրել, հիպոթեզդ հաստատող տվյալներ չես ստացել, ու գրում ես դրա մասին, ուղարկում հեղինակավոր ամսագրի, կարող ես գրեթե վստահ լինել, որ մերժվելու ես:”

    Չես կարա՞ ասես՝ հենց էդ բացասական արդյունքն էի ապացուցում ։Դ
    Ուղղակի վերնագիրը փոխես

    • byurie says:

      Չես կարա, դա գիտությանը հակառակ բան ա: Պիտի հիպոթեզդ անմպայման նենց ձևակերպված լինի, որ տարբերություն ման գաս, ոչ թե նմանություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: