Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ի՞նչ խնդիր է լուծում թարգմանիչը

on January 9, 2017

Գիտաբժշկական ոլորտում հետազոտական նյութերի կամ հարցաթերթիկների թարգմանությունները մի քանի փուլ են անցնում։ Սկզբում բնագրից (ասենք, արաբերենից) թարգմանվում է, ասենք, ճապոներեն։ Հետո մի երկրորդ թարգմանիչ, որը բնագրին ծանոթ չէ, բայց արաբերենի լեզվակիր է, թարգմանում է հետ դեպի բնագրի լեզուն (արաբերեն)։ Երրորդ փուլում բնագիրը և թարգմանված լեզվից (ճապոներենից) դեպի բնագիր թարգմանությունը դնում են կողք կողքի, համեմատում, տարբերությունները գտնում ու քննարկում։ Անհրաժեշտության դեպքում թարգմանության մեջ (ճապոներեն տարբերակում) փոփոխություններ են կատարում, որ համապատասխանի բնագրին, կամ հիմնավորում են, թե ինչու էդ փոփոխությունները չպետք է կատարվեն (մշակութային, քաղաքական, լեզվաբանական և այլ պատճառներ):

Նույնը գեղարվեստական գրականությունից սպասելը բնականաբար ծիծաղելի է։ Նախ, գեղարվեստական գրականությունն ավելի մեծ ծավալ ունի, հետևաբար դեպի բնագիր հետադարձ թարգմանությունն ուղղակի անտեղի ժամանակատար ու ծախսատար գործ է։ Երկրորդ, ինչպես գեղարվեստական գրականությունը, էնպես էլ դրա թարգմանությունը ստեղծագործականություն են պահանջում, հետևաբար չոր թարգմանությամբ հարցը չի լուծվում։

Բայց գեղարվեստական տեքստի թարգմանությունը նաև իր ստեղծագործական սահմաններն ունի, իսկ այդ սահմանները դնում է բնագիրը։ Ինչի՞ համար են գեղարվեստական տեքստերը թարգմանվում ընդհանրապես։

Ինձ համար՝ որպես ընթերցող, թարգմանությունը միջոց է կարդալու ու ընկալելու որևէ գեղարվեստական գործ, որը բնագրով չէի կարող կարդալ։ Ուրեմն թարգմանությունը հաջողված է միայն այն դեպքում, երբ փոխանցում է այն ինֆորմացիան ու զգացողությունները, ինչ կստանայի, եթե բնագիրը կարդայի։ Բայց չկա որևէ թարգմանություն, որ չանցնի թարգմանչի ձեռագրով, որ թարգմանված լեզվով չդառնա թարգմանչի ձեռագիրը։ Որոշ թարգմանիչների դեպքում ավելի շատ, մյուսների դեպքում՝ ավելի քիչ, բայց թարգմանչի կնիքը միշտ մնում է (օրինակ, Հեմինգուեյի ճապոներեն թարգմանությունները Մուրակամին լրիվ Մուրակամի է դարձրել)։ Այստեղ ես՝ որպես ընթերցող, տուժում եմ, որովհետև բնագիրը դառնում է անհասանելի։ Բայց պարզվում է՝ թարգմանիչ կա, ստեղծագործական խնդիր է լուծում, ու նրա համար կարևոր չէ բնագրի հասանելիությունը, այլ կարևոր է «ստեղծագործական խնդրի լուծումը», ամբողջ լեզվի գործածումը։ Ու սա չէի իմանա, եթե ֆեյսբուքի մի ստատուսի տակ հսկայական քննարկում չծավալվեր։

Մայրս (Ռուզաննա Խաչատրյանը) վերջերս մի էսպիսի ստատուս էր գրել. «Հայերեն թարգմանված հերթական գիրքը պարզապես չեմ կարողանում կարդալ. միայն մի քանի մեջբերում անեմ, հասկացողներն ինձ շատ լավ կհասկանան. «…Զայրույթս արդարացի չէր կարող սեպվել, այդ պատճառով ինձ հիմար զգացի», «…Համբույրը զետեղելուց առաջ ասված բժշկի բառերն էին», «Նրա կենտրոնացած լինելու դյուրությունը, խնայողական շարժումները վրաս կայծերի և սարսուռի հերթագայություն էին շարում»… Սրանք մեկ գրքի թարգմանական բազում «գոհարներից» ընդամենը մի քանիսն էին»։ Տակը բազմաթիվ մեկնաբանություններ էին՝ թարգմանությունը որակելով որպես «գուգըլ թրանսլեյթ», «ոչ հայերեն», «անգրագետ» և այլն։ Ով հայերենի հետ կապված ինչ դարդ ուներ, արտահայտեց այդ ստատուսի տակ։ Ու երևի կշարունակվեր էսպես, եթե թարգմանչի անունը հայտնի չդառնար (Աննա Դավթյան, թարգմանված գործը՝ Ալիս Մունրոյի «Ամուդսեն» պատմվածքը), ինքը չգար, չասեր, որ թարգմանությունը չենք հասկանում, որովհետև իր տեսությունը չենք կարդացել։

Մաքրամոլությունը լեզվի զարգացման ամենամեծ թշնամին է։ Բայց երբ թարգմանիչը մաքրամոլ չէ, դեռ չի նշանակում, որ հրաշալի թարգմանություն է արել, իսկ «հայերեն չէ» չի նշանակում միայն, որ հանձնարարողականների սիրելի ոսկեղենիկ հայերենը չէ։ Բայց կարող նշանակել, օրինակ անգլերենից բառացի թարգմանություն է՝ ընդհանրապես հաշվի չառնելով հայերենի կառուցվածքը ու ստանալով նախադասություններ, որոնք խճճված են ու դժվարըմբռնելի։

Խոսվեց նաև, որ արդար չէ առանց թարգմանչի անունը նշելու քննարկում անել։ Մի կողմից, համաձայն եմ, որովհետև կարևոր է, որ յուրաքանչյուր հետաքրքրվող կարողանա ճարել ամբողջական գործն ու կարդալ։ Բայց մյուս կողմից, հենց այդ անանունությունն էր, որ թույլ տվեց, որ քննարկումն այսքան ծավալվի։ Եթե հենց սկզբից թարգմանչի անունը ստատուսում նշված լիներ, դժվար՝ էդքան մարդ ռիսկ աներ, արտահայտվեր։

Պարզելու համար, թե այդ ինչ ստեղծագործական խնդիր է թարգմանիչը լուծում, որ հայերեն ստացվում է անհասկանալի բառակույտ, գտա «Ամուդսենի» բնագիրը, կարդացի այն ամբողջությամբ։ Պարզվեց՝ «սեպվել» թարգմանվել է անգլերեն “turned out” արտահայտությունը. սովորական, տարածված, ծեծված արտահայտություն, որը հայերենում դարձել է արևմտահայերենից բերված, «համարվել» իմաստով ինձ անծանոթ գործածությամբ «սեպվել» բառը։ Ախր ինչու՞, երբ Մունրոյի լեզուն պարզ է, հասկանալի, առանց հազվադեպ հանդիպող բառերի։ Ի՞նչ է անում «սեպվել» բառն այստեղ, բացի տպավորություն ստեղծելուց, որ հեղինակը բարդ ու խուճուճ բառ է գործածել։

«Սեպվել» բառի գործածությունն արդարացնող Վիոլետն ասում է, որ ամբողջ լեզուն, այդ թվում՝ արևմտահայերենն է գործածվում, որ թարգմանիչը ստեղծագործական խնդիր է լուծում, որ այսպիսի թարգմանություններով է լեզուն զարգանում: Այս տեսակետի հետ համաձայն չեմ, որովհետև էսպիսի բառեր ներմուծելով՝ թարգմանիչն ընթերցողին հեռացնում է բնագրից։ Լեզուն կարելի է զարգացնել, կարելի է «սեպվել» բառն օգտագործել «համարվել» իմաստով, բայց ինչու՞ չանել սեփական ստեղծագործություններում կամ երբ բնագրում հեղինակը գործածել է ոչ թե ծեծված, տարածված “turned out” արտահայտությունը, այլ կորած-մոլորած ինչ-որ հոմանիշ։ Ի դեպ, դեռ կարող եմ այնքան հեռու գնալ ու ասել, որ այս կոնտեքստում “turned out” նշանակում է ոչ թե «համարվել», այլ «պարզվել»։

«Խնայողական շարժումները» “economical movements”-ի թարգմանությունն էր, ու երբ մի քանի հոգով առաջարկում էինք, որ «զուսպ» ու «ժլատ» տարբերակներն ավելի ճիշտ են, նորից նույն հիմնավորումն առաջ քաշվեց, ինչ «սեպվել» բառի դեպքում։ Բայց հենց էստեղի “economical” բառի համար պիտի թարգմանիչը ստեղծագործեր, որովհետև բառարանը “economical” բառի համար միայն երկու տարբերակ է տալիս՝ «տնտեսական» և «խնայողական»։ Հեշտ է դրանցից մեկն ընտրել ու դնել տեքստի մեջ։ Ավելի դժվար է մտածելը, թե ինչ խելքին մոտ ու նույնքան հաճախ հանդիպող հայերեն համարժեք կա։

Ինչ վերաբերում է «զետեղված համբույրին», հեղինակն օգտագործել է “administered” բառը, որը տվյալ կոնտեքստում գործածվում է դեղ դուրս գրելու, նշանակելու իմաստով։ Հետաքրքիր է, որ մեկնաբանողներից մեկն առաջարկել էր «դրոշմել» բառը, իսկ թարգմանիչն ընդվզել էր, բայց նույն թարգմանության մեջ մեկ այլ տեղում նույն կերպարի «տեղադրած» (“placed”) համբույրի համար հենց «դրոշմել» բայն էր գործածվել։

Հետո նաև անցա ամբողջ թարգմանությունը կարդալուն։ Աշխատում էի էսպիսի մեթոդով. կարդում էի հայերեն տարբերակը, հենց որևէ նախադասություն չէի հասկանում, բացում էի բնագիրը ու փորձում հասկանալ, թե ինչն է էդպես թարգմանվել։ Մի քանի անգամ էնպես ստացվեց, որ համապատասխան նախադասությունը չկար բնագրում, բայց էստեղ չեմ ուզում թարգմանչին վերագրել նոր նախադասություններ ավելացնելը, քանի որ հնարավոր է՝ պատմվածքի գրքային տարբերակը որոշակի փոփոխություններով է տպագրվել։

Ընդհանուր տպավորությունս՝ երկխոսություններն ուղղակի հրաշալի էին թարգմանված։ Էստեղ հանգիստ կարելի է ասել, որ Աննա Դավթյանն իսկապես գործածում է հայերենի բոլոր հնարավորությունները՝ Ամուդսենի բարբառային անգլերենը փոխարինելով հայերեն համապատասխան բարբառային խոսակցության։ Տեղ-տեղ անգամ բառախաղերն էին շատ հաջող։ Օրինակ, երբ գլխավոր հերոսուհին ներկայանում է. «- Օրիորդ Հայդ», ստանում է էսպիսի պատասխան. «- Դե-դե, հայդե»։

Մնացած տեղերում շատ էին անհարթությունները։ Որպես օրինակ կարող եմ նշել “bushes” բառի «մացառներ» թարգմանությունը։ Էլի կարելի է պնդել, որ թարգմանիչը ողջ լեզվի հետ է աշխատում։ Բայց «մացառներ» բառն իմ ամբողջ կյանքի ընթացքում հանդիպել եմ միայն Սովետի ժամանակ հայերեն թարգմանված գրականության մեջ։ Ուրիշ տեղ չեմ հիշում՝ տեսած լինեմ, մինչդեռ Մունրոն գործածել է ոչ թե “shrubs”, այլ երեք անգամ ավելի հաճախ հանդիպող “bushes”-ը։ Ուրեմն ինչու՞ չընտրել հայերեն «թփեր» տարբերակը։ Խոսում ենք ամբողջ լեզուն գործածելուց։ Մի՞թե ամբողջ լեզուն գործածել նշանակում է բոլոր հաճախ հանդիպող, ծեծված բառերից հրաժարվել ու ընտրել ավելի քիչ գործածվող համարժեքներ։ Չէ՞ որ ծեծված բառերը նույնքան են լեզվի մաս կազմում, որքան մոռացվածները, հատկապես երբ բնագրում էլ հազվադեպ հանդիպող բառ չի կիրառվել։

Հետո գալիս են արտահայտություններ, ինչպիսիք են «այդ հաշվով սխալվում էի հայտնապես», «առօրյա կարգավորումների համար անվարան էր ծառայում», «որոնց ընտանի եմ դարձել արդեն» և այլն։ Էդպես էլ չհասկացա՝ «հայտնապես» ինչ է նշանակում, որովհետև անգլերեն տեքստում ոչ մի տեղ չգտա։ Պարզեցի, որ «ընտանին» մեկ այլ ծեծված անգլերեն բառ է (“familiar”, նշանակում է «ծանոթ»): Ու էլի չհասկացա, թե ինչ ստեղծագործական ընտրություն էր այստեղ։

Արդյոք այս թարգմանությունն առաջացնու՞մ էր բնագրի զգացողությունները։ Ոչ։ Ի՞նչ ստեղծագործական խնդիր էր լուծում թարգմանիչը, այդպես էլ չհասկացա։ Կհասկանայի, եթե Մունրոն գործածեր ինչ-որ յուրօրինակ անգլերեն, իսկ թարգմանիչը նույնությամբ դրա հայերեն համարժեքը ստանար (դա արել է միայն երկխոսություններում): Բայց ստանալ անգլերեն կառուցվածքով հայերեն նախադասություննե՞ր, հեշտ թարգմանելի բառերը փոխարինել հազվագյուտ հանդիպող արտահայտություններո՞վ։ Ինչու՞։ Կհասկանամ երևի, եթե կարդամ թարգմանության տեսություն։ Բայց ես հասարակ ընթերցող եմ և ուզում եմ թարգմանված գրականություն կարդալ բնագրին հասանելի լինելու համար։

Ոչինչ, շուտով գուգլ թրանսլեյթը բոլոր հարցերը կլուծի ընթերցողի համար, իսկ գրական էլիտայի համար նախատեսված թարգմանությունները կտպագրվեն հատուկ նշումով, որ հանկարծ մեկը չսխալվի, գիրքը բացի առանց թարգմանության տեսություն կարդալու։

Advertisements

2 responses to “Ի՞նչ խնդիր է լուծում թարգմանիչը

  1. uluana says:

    Ինչ լավ ես գրել, Բյուր, ուղղակի ընտիր։ 🙂

    Լսի, մտածում եմ՝ էդ «հայտնապես»–ը կարո՞ղ ա apparently–ն լինի։ 😀

    • byurie says:

      Վայ, շնորհակալ եմ։
      Իմ մտքով էլ անցավ, բայց բնագրում ոչ մի տեղ չտեսա։ Դրա համար մտածեցի՝ երևի թարգմանչին դուր էկած բառ ա, ուղղակի ամեն տեղ խցկել ա տեղի-անտեղի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: