Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Բա հետո՞․ երբ կամաց-կամաց ուշքի ես գալիս թեզից հետո

on May 4, 2017

Կիրակի օրը թեզս հանձնեցի։ Կիրակի օրը աշխատանքային պայմանագիրս վերջացավ, ու չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Մի քանի տեղ գործի էի դիմել։ Մի երկուսից մերժում ստացա, մի երկուսից կիսադրական պատասխան, ու դեռ սպասում եմ։ Մի երկուսին էլ դեռ դիմելու եմ։ Չնայած վերջին ամիսներին առանձնապես սթրեսված չէի, բայց էս քանի օրը նոր զգում եմ, որ կամաց-կամաց ուշքի եմ գալիս։ PhD-իս վերջերին շարունակում էի գրեթե նորմալ կյանք՝ էլի մեկումեջ շփվելով ընկերներիս հետ, համերգներ գնալով, կինո նայելով, ուրբաթ իրիկունները գարեջուր խմելով, յոգայի հաճախելով։

Image result for phd comics handing in thesis

Բայց նաև լիքը բան չէի անում․ գիրքս կիսատ էի թողել, ուկուլելե էլ չէի նվագում, ճաշ համարյա չէի եփում, բլոգս չէի թարմացնում, նամակներին կա՛մ չէի պատասխանում, կա՛մ պատասխանում էի կարճ ու կոնկրետ։ Իսկ ամենակարևորը՝ ոչինչ չէի պլանավորում։ Մենակ աղոտ որոշումներ էի կայացնում․ հենց թեզս վերջացնեմ, անգլերեն բլոգ եմ սկսելու, պատմվածքներիս ժողովածուի վրա եմ աշխատելու, Python եմ սովորելու, արձակուրդ եմ գնալու (ե՞րբ, որտե՞ղ, ինչքա՞ն ժամանակով): Բայց, միևնույն է, մայիսը ոնց որ դատարկ դաշտ լիներ, որի մասին ոչինչ չգիտեի։ Ու հիմա էդ դատարկ դաշտում եմ ապրում՝ կամաց-կամաց ուշքի գալով, վերադառնալով իրական աշխարհ։

Մի քիչ գլուխ գովամ․ ոչ ոք չէր սպասում, որ թեզս ժամանակին եմ հանձնելու։ Վերջին էքսպերիմենտս փետրվարի սկզբին էի վերջացրել։ Անգամ ղեկավարս էր զարմացել։ Նույնիսկ ես էի զարմացել, որ հասցրի, չնայած ինչ-ինչ, բայց դեդլայնին հասցնելուց ահագին լավ եմ։

Ի՞նչ պիտի անեմ հիմա։ Ասենք, առաջիկա երկու ամիսներին դեռ պիտի շարունակեմ էքսպերիմենտս։ Դեռ պիտի հոդվածներս ուղարկեմ գիտական ամսագրերի։ Դեռ պիտի պատրաստվեմ պաշտպանության։ Ու անընդհատ մտածում եմ «բա-որների մասին»։ Բա որ թեզս չհաստատեն, բա որ պաշտպանությանս ժամանակ խայտառակ լինեմ, բա որ էդպես էլ գործ չճարեմ։ Քնիցս քանի անգամ վեր եմ թռնում ու մտածում՝ թեզիս մեջ տառասխալ կա։ Քանի անգամ բացում եմ ֆայլը, ստուգում, նշված տեղում ամեն ինչ կարգին է։

Էս դատարկությունն ինչ-որ իմաստով ավելի սթրեսային է, քան թեզ գրելը։ Գրելիս ունեի շատ կոնկրետ ռուտին․ առավոտյան գնում էի օֆիս, միացնում Լիզա Հանիգանի At Swim ալբոմը, սուրճ սարքում, սկսում կենտրոնանալ։ Մի կես ժամից արդեն կոլեգաներս պիտի ականջիս տակ գոռային կամ ուսիս խփեին, որ նկատեի՝ սենյակում մարդ կա։ Էդպես յոթ-ութ ժամ աշխատում էի, գնում յոգայի կամ ուղիղ տուն գալիս։ Ամբողջ երեկոս ազատ էր, շատ էլ որ ոչ մի բանով չէի զբաղվում։ Բազմոցին կամ կոմպի դիմաց վեր էի ընկնում, մինչև քնելու ժամը գար։ Ասենք, շաբաթ-կիրակի էլ էի աշխատում, բայց գոնե անքուն գիշերներ չեմ ունեցել։ Անքուն գիշերները թեզս հանձնելուց հետո են սկսվել։

Հիմա նստած եմ էս դատարկության մեջ ու մտածում եմ՝ լավ, բա հետո՞։ Կուզեի շարունակել կյանքս Դանիայում կառուցել։ Ի վերջո, երեք տարի ապրել եմ էստեղ ու սովորել եմ մինչև մայիսի վերջ ձմեռային վերարկու հագնելուն, տարին առնվազն մի անգամ տեղափոխվելուն, ուրբաթ իրիկունները գարեջուր խնելուն։ Սովորել եմ նաև լեզուն ու տեղի վարքուբարքը։ Ի վերջո, կա նաև դանիացի ընկերս, որը նախընտրում է մնալ Կոպենհագենում։ Բայց մյուս կողմից, օգոստոսին լրանում է տան պայմանագիրը, ու նորից տան փնտրտուքի թոհուբոհի մեջ ենք։

Էսօր բլոկնոտս բացել եմ, նոր էքսպերիմենտ եմ խզբզում։ Մտածում եմ՝ վարքային հետազոտություններ անեմ, ձեռի հետ կողքից տպագրվեմ, մինչև մի քչից-շատից կայուն բան ճարեմ։ Python սովորելու զանազան օնլայն կուրսեր ճարեցի (շնորհակալություն Սերինեին ու Մորթենին)։ Վաղվանից կսկսեմ փորփրել։ Ամենաբարդ բաներից ա, երբ մի բան կիսատ-պռատ գիտես։ Սկզբից սկսելը ձանձրալի ա, իսկ մեջտեղներից սկսելը՝ դժվար ու անհասկանալի։

Էսօր էլ թեզս հանձնելուց հետո առաջին անգամ համալսարան էի գնացել։ Էքսպերիմենտս շարունակելու համար մի քանի պլանավորման հարցեր պիտի լուծեի, հետն էլ ղեկավարիս հետ հանդիպեի։ Էնքան անսովոր էր։ Հազիվ կարողացա մի ժամանոց գործի վրա կենտրոնանալ։ Հետն էլ գրասենյակս դասավորեցի․ կիրակի օրը թեզս հանձնելուց հետո էդպես գրքերով, հոդվածներով ու նշումներով թափթփված թողել, գնացել էի։ Գրքերը հավաքեցի, որ տանեմ հանձնելու։ Մեր ադմինիստրացիայի հարկում մի սենյակ կա, որտեղից վերցնում ու հանձնում ենք գրադարանից պատվիրված գրքերը։ Մեկ էլ տեսնեմ՝ ինչ-որ մեկը կոգնիտիվ նեյրոհոգեբանության, մեկ էլ լեզվի արտաբերման գրքեր է պատվիրել։ Ամբողջ ամբիոնում մենակ ես եմ զբաղվում էդ թեմաներով։ Զարմացա, ասեցի՝ ստուգեմ, թե ում անունով է։ Մեկ էլ տեսնեմ՝ իմ անունն է վրան։ Պատվիրելս հեչ չեմ հիշում։ Ահագին բան չեմ հիշում էս վերջին մի քանի շաբաթից։

Ուզում եմ ամռանը Հայաստան գալ, բայց տոմսերն աններելիորեն թանկ են։ Անցյալ ձմեռ Հայաստան գալու մի տոմսի գնով գնացինք Փարիզ, հյուրանոցում մնացինք ու ռեստորաններով ֆռֆռացինք։ Ու տոմսերը գնալով ավելի ու ավելի են թանկանում։ Ախր ինչու՞ էլի։ Արդյունքում տարին երկու անգամ գալը դառնում է տարին մի անգամ, հետո ավելի ու ավելի հազվադեպ։

Մի խոսքով, լրիվ անորոշ ապագա․ անորոշ աշխատանքային վիճակ, անորոշ բնակարան, անորոշ ամառ, անգամ անորոշ բնակավայր, իսկ ես իմ կյանքում ամենաշատը անորոշությունից եմ վախենում։ Հայաստան վերադառնա՞լ։ Ոչ մի դեպքում։ Մի անգամ արդեն խերվել եմ։

Advertisements

2 responses to “Բա հետո՞․ երբ կամաց-կամաց ուշքի ես գալիս թեզից հետո

  1. uluana says:

    Դու ասա՝ Նյու Յորք ե՞րբ ես գալիս։ 😛

    «Բա որ թեզս չհաստատեն, բա որ պաշտպանությանս ժամանակ խայտառակ լինեմ, բա որ էդպես էլ գործ չճարեմ»։
    Ինչ՝ ինչ, բայց քեզ ոչ մի կերպ խայտառակ լինելիս չեմ պատկերացնում։ Էդ ի՞նչ պիտի լինի, որ խայտառակ լինես։

    • byurie says:

      Ֆեյսբուքում պատասխանեցի, ստեղ էլ ասեմ։ Քանի աշխատանք չունեմ, վիզա ստանալը լուրջ հարց ա։ Բայց հենց ճարեմ աշխատանք, կսկսեմ լրջորեն զբաղվել էդ հարցով։
      Ինչ վերաբերում ա խայտառակ լինելուն, ապա ընդհանրապես քննական սիտուացիաներում պատահում ա, որ ինձ լրիվ կորցնում եմ։ Իսկ պաշտպանությունը լրիվ հրապարակային մի բան ա հարյուրավոր մարդկանց առաջ։ Վախենալու ա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: