Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ինչպես է Հայաստանը զարգացնում Վրաստանի տուրիզմը

on July 28, 2017

Հրանուշ Հակոբյանը երկու տարի առաջ սփյուռքահայերին կոչ էր արել չորս տարին մեկ Հայաստանում հանգստանալ։ Ես երևի սփյուռքահայերի մեջ չեմ մտնում, որովհետև հայկական անձնագիր ունեմ, Հայաստանում՝ ընկերներ ու հարազատներ, հետևաբար Հրանուշ Հակոբյանի կոչը չէ, որ պիտի ինձ Հայաստան բերի, այն էլ չորս տարին մեկ։ Հայաստանից նոր գնացած ինձ նման շատերը կան, որ տարին երկու-երեք անգամ գալիս են Հայաստան։ Ես էլ, երբ երեքուկես տարի առաջ գնացի, որոշել էի, որ անպայման տարին երկու արձակուրդ՝ ամառայինն ու ձմեռայինը, Հայաստանում եմ անցկացնելու. ազգականներիս ու ընկերներիս կտեսնեմ, էն փողն էլ, որ ուրիշ երկրում պիտի ծախսեի, Հայաստանի փոքր բիզնեսների վրա կգնա։

Բայց որոշելը քիչ էր։ Երբ Հրանուշ Հակոբյանը նման կոչեր է անում, իրեն չի հետաքրքրում, որ Հայաստան հասնելու ավիատոմսերն անխնա թանկ են, ճանապարհը՝ անտանելի հոգնեցուցիչ։ Առավելևս չի հետաքրքրում, որ կան տարին մի քանի անգամ Հայաստան գալ ցանկացողներ, որոնք կպակասեցնեն իրենց այցելությունները հենց ճամփորդության անհարմարության պատճառով։

Անցյալ տարի միայն մի անգամ Հայաստան եկա։ Նոր տարուց առաջ, երբ փորձում էի ավիատոմս գնել, գներն աստղաբաշխական թվերի էին հասնում։ Ավելի էժան էր Նյու Յորք հասնելը։ Ի վերջո, չորս օրով մեկնեցինք Փարիզ։ Կոպենհագեն-Փարիզ հետդարձով երկու ավիատոմսը, հյուրանոցն ու միջին թանկության ռեստորաններում ընթրելը միասին Կոպենհագեն-Վիեննա-Երևան հետդարձով երկու ավիատոմսի գին կազմեցին։

Այս ամառ որոշեցի ամեն դեպքում գալ Հայաստան, չնայած էլի Նյու Յորք հասնելը կամ Եվրոպայի որևէ այլ մասում արձակուրդ անցկացնելն անհամեմատ էժան էր։ Խելքին մոտ գնով՝ 470 եվրո արժողությամբ տոմսն այնքան էլ լավ պայմաններ չէր առաջարկում. Կոպենհագեն-Ֆրանկֆուրտ-Վիեննա-Երևան-Վիեննա-Կոպենհագեն։ Ընդ որում, հետդարձին Վիեննայում մոտ տասնչորս ժամ պիտի անցկացնեինք։ Այլընտրանքը մի քիչ ավելի էժան տոմսերն էին Մոսկվայով, բայց էնտեղ էլ օդանավակայանում մոտ տասնչորս-տասնհինգ ժամ պիտի անցկացնեինք, իսկ ընկերս Դանիայի քաղաքացի է, քաղաք դուրս գալու համար վիզա էր պետք։

Նույն գնային սահմաններում մեկ այլ այլընտրանք էր Վարշավայով գալը, բայց էս դեպքում էլ Կոպենհագենից դուրս եկող չվերթն առավոտյան անտանելի շուտ էր, իսկ Վարշավայից Երևան մեկնողը՝ ուշ երեկոյան։ Ընտրելով Ֆրանկֆուրտ-Վիեննա տարբերակը՝ գոնե երկու անքուն գիշերվա փոխարեն մեկն էինք անցկացնում։

KBH-EVN

Ու էսքանով ավարտվում են օդային ճանապարհով Կոպենհագենից Երևան հասնելու խելքին մոտ տարբերակները։ Պատկերացնու՞մ եք. Սկանդինավիայի ամենամեծ օդանավակայանը Հայաստանի մայրաքաղաքին կապվում է ընդամենը երեք ճանապարհով, այն էլ բոլոր տարբերակները չլոցի են։ Իսկ թռիչքային գումարային ժամանակը Կոպենհագենից Երևան ընդամենը հինգ ժամ է։ Եթե ուղիղ չվերթ լինի, երևի ավելի քիչ էլ լինի։ Բայց մարդ քսանհինգ ժամ է ծախսում դռնից դուռ հասնելու համար։ Հասկանու՞մ եք. մայրաքաղաքից մայրաքաղաք հասնելու վրա քսանհինգ ժամ է ծախսվում։

Մի քանի տարի առաջ ոնց որ Հայաստանում ավիացիայի խնդիրներ բարձրացվեցին։ Իբր չեխական ավիաուղիների հետ բանակցեցին, որ հետ գա: Հետ եկավ, մի քանի ամիս աշխատեց, գնաց։ Հիմա էլ իբր Բրյուսելի ավիաուղիներն են մտել։ Բայց արդյոք խնդրին անդրադառնու՞մ են ըստ պատշաճի։

Հիմա շատերը Թիֆլիսով են ճամփորդում, ինձ էլ են խորհուրդ տալիս անել։ Չեմ անում զուտ էն պատճառով, որ ճամփեքին չլվելուն ավելանում է նաև Թիֆլիսից Երևան հասնելու հարցը։ Բայց հարց է առաջանում. ինչու՞ են Թիֆլիսի տոմսերը երկու-երեք անգամ ավելի էժան։ Արդյոք պատճառը Զվարթնոց օդանավակայանի դրած շատ ավելի բարձր հարկե՞րն են։ Այդ դեպքում ինչու՞ է ՀՀ կառավարությունը Զվարթնոցի ղեկավարության հետ բանակցելու փոխարեն ավիաուղիների հետ բանակցում։ Չեմ կարծում, թե ավիաուղիները հաճույք են ստանում տոմսերի գինը թանկ դնելուց, որ ոչ ոք տոմս չառնի, հետո էլ թողնել-գնալուց։

Այստեղ ոչ միայն աշխարհով մեկ ապրող հայերի հարցն է, այլ նաև պոտենցիալ տուրիստների, որոնք Հայաստան ոտք չեն դնում՝ սարսափելով տոմսերի գներից ու ճամփորդության տևողությունից։ Իբր Հայաստանում ուզում են տուրիզմ զարգացնել։ Ո՞նց եք զարգացնելու, երբ առաջին բանը, որ տուրիստը տեսնում է, Հայաստան հասնելու դժվարությունն է։

Ես չգիտեմ՝ քանի հոգի Հրանուշ Հակոբյանին կլսի ու չորս տարին մեկ Հայաստան կգա։ Չգիտեմ՝ քանի հոգի է ջղայնանում ու զարմանում, թե ինչու է Վրաստանում տուրիզմն ավելի զարգացած, քան Հայաստանում։ Միայն մի բան գիտեմ. հաջորդ անգամ Թիֆլիսում ենք իջնելու ու մի քանի օր էլ էնտեղ անցկացնենք։ Փաստորեն, Հայաստանը զարգացնում է Վրաստանի տուրիզմը։

 

Advertisements

9 responses to “Ինչպես է Հայաստանը զարգացնում Վրաստանի տուրիզմը

  1. […] պատճառները տարբեր են։ Դրանում, բնական է, մեծ դեր ունի ավիատոմսերի գինը, բայց պիտի խոստովանեմ, որ եթե Հայաստան գալն էդքան […]

  2. Ծլնգ says:

    Չէի տեսել էս գրառումդ։ Մի քիչ կարծում եմ քո անձնական դեպքը ընդհանուրի վրա ես տարածում։ Շատ էլ որ մայրաքաղաքից մայրաքաղաք է, բայց տարեկան ինչքան է Կոպենհագենի ու Երևանի միջև մարդափոխանակության թիվը։ Եթե տարվա կտրվածքով մի 100 հոգի պիտի գնան-գա, իմաստ չունի ավիընկերությունների համար դրա մասին վայրկյան նույնիսկ մտածել։ Հիմա Հայաստան երևի ամենաշատ գալիս են Ռուսաստանից, ու լիքը քաղաքներից Զվարթնոց կանոնավոր չվեներ կան, մի քանիսից էլ՝ Գյումրի։ Ու գնալով Ռուսաստանից ավելի էժան է դառնում Հայաստանում հանգստանալաը, մարդկանց ծավալներն էլ մեծանում են։ Ու ռուսներից ավելի հեշտ է Հայաստանում հանգստանալ քան եվրոպացիներին՝ համ մշակույթի տեսանկյունից, համ էլ լեզվի։ Ռուսաստանի արձակուրդների օրերին Հայաստանում ծառայությունների ոլորտը գերբեռնված է։ Ասենք մայիսյան տոներին Երևանում անհնարին է վարձու մեքենա գտնելը։ Իսկ Եվրոպայի կտրվածքով Հայաստանը դեռ Վրաստանի մակարդակի չի հասել։ Ու հասնելու համար մարզերում տուրիզմն է պետք զարգացնել, քանի որ եվրոպացին այնքան էլ հետաքրքրված չի ևս մեկ աղտոտված օդով ու միկրոսկոպիկ կենտրոնով քաղաք այցելելու վրա արձակուրդ վատնել (Երևանը մեծ կենտրոնից դուրս շարունակում է առավելապես գետտո մնալ, ինչքան էլ ուզում ես կազինո ու ուտուշ-ծմուշի վայրեր սարքեն)։ Ու դե եթե մարդաքանակ չկա Երևան գնացող, ավիաուղիներն էլ չեն կարողանում եկամտաբեր աշխատել։ Ժամանակին պարապ ինքնաթիռները Երևան էին ուղարկում (Եվրոպայի մեծ մասում աղմուկի պատճառով գիշերները վերելք/վայրջք անել չի թույլատրվում), բայց հիմա ավիաուղիները սովորել են ավելիէֆեկտիվ աշխատել, ու նույնիսկ գիշերային պարապույթից ազատելու համար Երևանը լավ տարբերակ չի (Թուրքիայի լիքը քաղաքներ կան, Թիֆլիս, Ուկրաինա)։ Շուկան է, կոպիտ ասած, ու մեր տուրիզմի ոչ-այնքան զարգացած լինելը, ոչ թե պայմանավորվել չկարողանալը։ Բայց հուսով եմ այցելող հայերիս ու ռուսների շնորհիվ Երևանից դուրս որակյալ տուրիզմը կզարգանա, ու Հայաստանը ավելի հետաքրքիր կդառնա եվրոպացի ավելի լայն շերտերի համար, քան պարապ տատիկ-պապիկների։

    Ի դեպ վերջին անգամ ե՞րբ ես Մատենադարանում եղել։ Մեր երևանյան գանձն ենք համարում, բայց այս այցելության ժամանակ կողքից գիդերի վրա ականջ էի դնում… մաքուր սովետ։ Լուսանկարելն էլ «արգելված է», իսկ որ ասում ե՝ս բա հեն ա էն ֆրանսիացիների խմբից մեկը նկարում ա, ասում են՝ էդ հատուկ վճարով ա, իջեք դրամարկղ ու վճարեք։ Դրամարկղն էլ մի ահագին աստիճան ներքև-վերև պիտի անես։ Խմբերով պտտվող եվրոպացին այս ամենը չի տեսնի, բայց անհատական տուրիստը սենց մի բանից հետո Հայաստանի մասին լսել էլ չի ուզենա։ Դեռ լիքը աճի տեղ կա։ Ու հա, դեռ Թիֆլիսի (Վրաստանի) մակարդակի չկանք…

    • byurie says:

      Էստեղ հարցը Կոպենհագենը չի, այլ ընդհանրապես եվրոպական քանի՞ մայրաքաղաքի հետ ա Երևանը կապված: Ընդամենը հինգ-վեց տարի առաջ Վիեննայից, Վարշավայից ու Փարիզից բացի Երևանը կապված էր հետևյալ քաղաքների հետ. Ամստերդամ, Բեռլին, Հռոմ, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Ռիգա, Լոնդոն, Պրագա, հետևաբար եվրոպական այլ մեծ քաղաք գնալիս որևէ տեսակի համակցություն գտնելը դժվար չէր. նույն Կոպենհագենն էս բոլոր քաղաքներ ուղիղ չվերթներ ունի: Իսկ հիմա դրանք բոլորը դուրս են էկել մասամբ Արմավիայի սնանկացման պատճառով, մասամբ էլ Զվարթնոցի հետ ունեցած խնդիրների: Իմ իմանալով չվերթներից շատերը դուրս են էկել, որտև եկամտաբեր չէին, բայց եկամտաբեր չէին, որովհետև չէին կարողանում տոմսերի գներն իջեցնել Զվարթնոցի բաբաթին հարկերի պատճառով:

      Նայի, մի եթե մի հատ Բեռլին գնացող չվերթ մտցնեն, ամբողջ գերմանահայությունը, հյուսիսային Եվրոպան ու հոլանդահայությունը կօգտվի, տուրիստներն էլ վրայից, որտև Բեռլին հասնելը եվրոպական ցանկացած քաղաքից սարսափելի էժան ա: Բայց ու՞ր ա, սաղ մնում են Վիեննայի կամ Մոսկվայի հույսին (Վարշավան ընդամենը շաբաթը երկու չվերթ ունի ու իրանց ժամային հարցերն ավելի բարդ են, իսկ Փարիզն էլ ուղղակի նույնիսկ ավելի թանկ ա), հա, մեկ էլ Կիևի, էն էլ Կիևն ինքն էլ լավ կապված չի եվրոպական մյուս քաղաքների հետ:

      Դու կասես՝ ինչու՞ Մոսկվայով չես գալիս: Իմ ներվերն իրոք ափսոս են Ռուսաստան ոտք դնելու համար: Էնտեղ մենակ պասպորտ կանտրոլ անցնելիս կյանքիս կեսը գնում ա: Դե էլ անհարմար ժամերի ու մնացածի մասին չասեմ:

      Ու հետաքրքիրն էն ա, որ ուղևորների թիվն ամեն տարի ավելանում ա, ավիաուղիներինը՝ չէ: Ինչ խոսք, շատերը կամաց-կամաց նախընտրում են

      Ու ասենք համեմատության համար ինչու՞ ա եվրոպական ցանկացած քաղաքից Թիֆլիս հասնելը շատ ավելի հեշտ, քան Երևան: Ինչու՞ նույն ավիափոխադրողների տոմսերի գինը Երևանի համար ավելի բարձր ա, քան Թիֆլիսի, իսկ որոշ ժամանակ անց Թիֆլիսի չվերթները շարունակվում են, Երևանինը՝ չէ: Ստեղ պետք ա Էռնեկյանին ասել, որ խելքը գլուխը հավաքի: Ուրիշ տարբերակ չկա:

      • Ծլնգ says:

        Չէի ասի թե Թիֆլիս շատ ավելի հեշտ ա հասնելը, Երևանից ավել մի երկու քաղաքի հետ ա էլի կապված։ Ու կարող ա դրանք էլ մի երկու տարի եհտո վերանան, ո՞վ գիտի։ Բայց դե Վրաստան կարծում եմ ավելի շատ տուրիստ թռնելուց կլինի, քանի որ Վրաստանում ավելի շատ անելու բան էլ կա։ Ասենք պրիբալտիկայից մարդկանց համար երևի էժան ծովի տարբերակ ա։ Բացի դրանից էլ Վրաստանից կարելի է գնալ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան… իսկ Հայաստանից ոչ մի տեղ էլ չես գնա բացի նույն Վրաստանից։

        Իսկ անեկամտաբերությունը Էռնեկյանի վրա բարդելը… եսիմ, հո Էռնիկյանն էլ հիմար չի, որ օդանավակայանը հատուկ թերբեռնված պահի։ Կարծում եմ ավելի օբյեկտիվ պատճառներ կան։ Նախ Եվրոպայից այնքան էլ շատ չեն եկողները։ Այդ նույն Հոլանդիան ու Գերմանիան իրար հետ երևի մի հատ Նյու Յորքի չափ Երևան գնացողներ չեն մատակարարում։ Ու ընդհանրապես, Ֆրանսիայից ու ՄԹ-ից դուրս չեմ կարծում թե շատ մեծ են թվերը Հայաստան գնացողների Եվրոպայից։ Իսկ Բերլինից շատ ավելի շատ եկամտաբեր տեղ է կարելի թռնել քան Երևան։ Իսկ Երևանում հնարավոր ա նաև վեռելանյութն էլ է թանկ ու ձեռնտու չի Բեռլինից ինքնաթիռ թրցնել հասցնել, եթե պիտի Երևանում վառելիք գնես։

        Մոսկվայում գալու մասին բան էլ չեմ ասում։ Հասկանում եմ քեզ համար բարդությունը Հայաստան գալու համար… ինձ էլ շատ հեշտ չի, բայց պատճառը մենակ Էռնեկյանը չի էլի… շատ փոքր շուկա է Եվրոպայից Երևան թռնողների շուկան, ուղղակի ձեռնտու չի այնտեղ ինքնաթիռ թրցնելը, եթե չունես Քաթարի նման զարգացած ցանց, որ ամբողջ աշխարհից կարա ուղևորներ հավաքի Դոհայում ու թռցնի Երևան։ Իսկ ասենք Լյուֆթհանսան նույնը չի կարա անի՝ համ Ամերիկաներից (մայրցամաքներում) համ Ավստրալիայից ու ասիական երկրներից Հայաստան գնացողներին բոլորին իրար գլխի հավաքի, որ ամեն օր Երևան լեփ լեցուն լցված ինքնաթիռ թռցնի։ Ու Էյր Ֆրանսը Ամերիկայից եկողների շուկայի մի մասը արդեն զավթած ունի, դրա հետ մրցակցելով Բեռլինից էլ ուղի բացելը դժվար կլինի։ Բայց թող ռուսները գան, տուրիզմն էլ զարգանա, միգուցե թվերը շատանան ու Բեռլինից թռիչք սկսելու իմաստն էլ լինի։

      • byurie says:

        Դու թերագնահատում ես Եվրոպայից Հայաստան եկողների թիվը։ Ես դեռ չեմ նստել ավստրիական ավիաուղիների որևէ ինքնաթիռ, որը լեփ-լեցուն չլինի։ Ու անգամ Ամստերդամի ռեյսը, որ դեռ կար տարիներ առաջ, էլի լեփ-լեցուն էր։ Ավելին ասեմ․ եթե տոմս առնելն ուշացնում եմ, մենակ բիզնես կլասի տոմսերն են մնացած լինում։ Իրականում Եվրոպայից ավելի շատ մարդ ա գնում Հայաստան վերջին տարիներին, քան ասենք հինգ-տասը տարի առաջ էր (պատճառներից մեկը նաև մեծացած արտագաղթն ա): Ուղղակի առաջվա էն բոլոր տարբերակները, որ վերևում թվարկեցի, Մոսկվան ա իրա վրա վերցրել։ Հիշում եմ՝ տասը տարի առաջ Մոսկվայով էդքան շատ տարբերակ չկար ու թանկ էր։ Իսկ հիմա հազար ավիաուղի ա Մոսկվայից մտնում Հայաստան։
        Ի վերջո, կարելի ա գոնե սեզոնային չվերթներ մտցնել․ ամառներն ու տոներից առաջ իրոք մեծ աժիոտաժ ա սկսվում։
        Չեմ հիշում՝ ով էր ասում Էռնեկյանի պահով, երևի հենց դու էիր։ Ասում էր, որ հավանաբար քիչ չվերթներն ու բարձր հարկերն իրա համար ավելի եկամտաբեր են, քան շատ չվերթներն ու ցածր հարկերը։ Երևի տենց էլ կա։ Հակառակ դեպքում ինչու՞ համառորեն չի իջացնում հարկերը, չնայած նրան, որ էս ավիաուղիների խնդիրը պետական մակարդակով քննարկվող խնդիր ա։
        Հա, էդ էլ ասեմ․ մի երկու տարի առաջ ավելի կատաստրոֆիկ վիճակ էր։ Կառավարությունը սկսել էր ավիաուղիների հետ բանակցել։ Լեհականին համոզեցին, նորից մտավ, մեկ էլ չեխականին։ Բայց չեխականը շատ արագ նորից գնաց։ Էդտեղ նաև փիառի խնդիր էլ կար, որտև եվրոպահայ ժողովուրդը տեղյակ չէր, որ չեխականը նորից մտել ա, ինքնաթիռները պիկ սեզոնին կիսադատարկ էին թռնում էն դեպքում, երբ էլի ավստրիականի տոմսերը լրիվ ծախվել էին։
        Թիֆլիսի պահով էլ․ էդ մի քանի լրացուցիչ քաղաքն արդեն լիքը ընտրության հնարավորություն ա տալիս։ Պլյուս, կարաս վերցնես ավստրիականի նույն օրվա Երևանի ու Թիֆլիսի տոմսի գները համեմատես ու տեսնես, թե որտեղ ա շան գլուխը թաղված։

      • byurie says:

        Հ․Գ․ Նոր փորփրեցի ավստրիականի պահերը։ Պարզվում ա՝ ավստրիականն էլ Թիֆլիս չի գնում։ Ինչու՞։ Վիեննան պահանջված չի՞։ ՉԷ՜։ Վրացական ավիաուղիներն ա հիմա Վիեննա թռնում։

    • byurie says:

      էդպես էլ արել էի: Ասել էի՝ էսինչ օրը լինելու եմ Վանաձորում: Կարաք հետս գաք, կարանք էնտեղ տեսնվենք: Զրո հոգի հետս էկավ, իսկ Վանաձոր էկավ իմ մի ընկերուհին, որը Դիլիջանում ա ապրում:

  3. byurie says:

    Հահա, լավ ա տեսար, ես էլ ասում եմ՝ ուր ա էս մեկնաբանությունս 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: