Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Իմ տունը

on September 3, 2017

Թեզս հանձնելն ընկալում էի ոչ թե որպես ինչ-որ բանի ավարտ, այլ սկիզբ, իսկ պաշտպանությունը՝ այդ սկզբի ավարտ։ Բայց երբ շնորհավորանքները վերջացան, երբ համալսարանի գրասենյակը դատարկեցի ու երբ ճամպրուկս վերցրած ճանապարհվեցի օդանավակայան, հասկացա, որ Կոպենհագենում ապրածս երեքուկես տարիները պարզապես կյանքիս ինչ-որ էպիզոդ չէին, ու այնտեղից չեմ կարող հեռանալ, ինչպես հեռացել եմ գնացածս մնացած բոլոր քաղաքներից։

DSC_0790

Յոենսուի կենտրոնը կիրակի առավոտյան ժամը տասին․ կենդանի շունչ չի երևում, ու լռություն է

Երեքուկես տարվա ընթացքում Կոպենհագենում մի ամբողջ կյանք էի կառուցել ու գրեթե ջնջել այն, ինչ Հայաստանում ունեի։ Այն, ինչ Հայաստանում ունեի, կամաց-կամաց մարում ու վերանում է, ու վերջին այցելությունիցս հետո էնտեղ գնալ այլևս չեմ ուզում։ Իսկ Կոպենհագենը հենց այն տունն է, որ միշտ փնտրել ու չեմ գտել։

Յոենսուի տանս նստած հենց Կոպենհագենն եմ կարոտում․ էնտեղի աղմուկը, հեծանիվների անցուդարձը, սուպերմարկետներն ու հացի խանութները, արևն ու անգամ անձրևը։ Իսկ ամենից շատ Մորթենին եմ կարոտում։

Յոենսուն ընկալում էի որպես շարունակություն, որպես հիանալի հնարավորություն ակադեմիական կարիերաս առաջ մղելու։ Երևի էդպես էլ կլինի, որովհետև էստեղ անելու ոչինչ չկա։ Բայց մարդիկ էլ չկան։ Փողոցները դատարկ են, ու այսօր մեծ դժվարությամբ առավոտյան բաց մի սրճարան գտանք, որ գոնե մի քրուասան ուտենք։

Ես լրիվ մենակ չեմ, որովհետև Մանուն էստեղ է։ Ինչ-որ սյուռ վիճակ է միասին Յոենսուում լինելը։ Ես նաև նրան դաս եմ տալու։ Երբ չորս տարի առաջ հրավիրեցի մանկավարժականում իմ դասախոսությանը, կպատկերացնեի՞ արդյոք, որ մի օր պաշտոնապես իր դասախոսն եմ լինելու։

Էստեղի բնակչությունն ուսանողներ են ու տատիկ-պապիկներ։ Ես այդ խմբերից ոչ մեկի մեջ չեմ մտնում, հետևաբար մենակ եմ մնացել։ Փորձեցի միթափում ինձ հետաքրքրող խմբեր գտնել, բայց պարզվեց՝ Յոենսուի որևէ խումբ չկա այնտեղ։ Ֆեյսբուքի խմբում ինչ հարց գրում եմ, բոլոր պատասխաններն ուսանողների մասին ու ուսանողների համար են։ Փորձում եմ ոչ ուսանող օտարերկրացիների գտնել։ Չկան։

Կոպենհագենում ունեի ընկերական իմ շրջապատը, որը թեև գնալով փոքրանում էր, որովհետև բոլորը հեռանում էին, բայց, միևնույն է, գոյություն ուներ։ Մառլենն էլ սեպտեմբերի վերջին կգնա, ու իմ մտերիմ ընկերներից ոչ ոք չի մնա էնտեղ։ Մառլենն իմ կյանքում ունեցածս լավագույն ընկերներից է։

Կոպենհագենից չեմ հեռացել։ Երեք շաբաթից այնտեղ եմ լինելու մի շաբաթով։ Հետո երևի կփորձեմ ավելի հաճախ գնալ, ինչքան էլ աշխատանքս խեղդի։ Կոպենհագենի տան դռնից Յոենսուի տան դուռը հասնելը տասներկու ժամ է տևում։ Բայց ես երևի կսկսեմ փողերս չափսոսալ ու թանկուկրակ ինքնաթիռի տոմսեր գնել՝ տասներկուսի փոխարեն վեց ժամ ճամփորդելով։

Յոենսուում անտանելի ցուրտ է։ Գիշերներն իջնում է մինչև հինգ աստիճան։ Ծառերը դեռ չեն դեղնել, բայց հիշում եմ՝ հինգ տարի առաջ, երբ սեպտեմբերի վերջին ժամանեցի, ոչ մի տերև չէր մնացել, ու հոկտեմբերից արդեն ձմեռ էր։ Երևի էստեղ աշունն այս մի ամիսն է։ Կամ ամբողջ ամառն էր, ու հիմա արդեն ձմեռ է։ Այս տարի Դանիայում ամառ էդպես էլ չեկավ։ Ասում են՝ Ֆինլանդիայում էլ։

Իրականում չգիտեմ ինչ եմ ուզում գրել, ու մտքերս խառնվում են իրար, բայց, միևնույն է, շարունակում եմ գրել, որովհետև Յոենսուում շատ ժամանակ եմ ունենալու ու շատ եմ գրելու, բլոգս շատ եմ թարմացնելու։ Ու պետք է մի տեղից սկսել։ Ես էլ սկսում եմ էստեղից․ Կոպենհագենն իմ տունն է, ու ես տուն եմ ուզում։

Advertisements

5 responses to “Իմ տունը

  1. urishbaner says:

    Բախտավոր ես, որ գտել ես քո տունը։

  2. Ծլնգ says:

    🙂 շատ լավն էր գրառումդ… շատ-շատ։ Լավ է, որ տուն ես քեզ գտել, թեկուզև ժամանակավոր այդ տնից հեռու ես… ինձ համար էլ տուն գտնելը ահագին երկար գործընթաց էր, ու դեռ հազվադեպ, բայց լինում է, որ համոզված չեմ թե գտել եմ այն, բայց գոնե «փասա-փուսաս հավաքեմ ռադ լինեմ» տիպի մտքեր կարծես այլևս չեն այցելում։ Արագ կանցնի Յոենսուիդ ժամանակը… նույնիսկ շատ արագ։ Քեզ նման երիտասարդ դասախոսական բիրջ չկա՞։ Մի քիչ դժվար ա պատկերացնել, որ չլինի… համ էլ, հա, գրի՜, թե չէ ես ինձ այստեղ արդեն սսկում եմ մենակ զգալ։ 🙂

    Հ.Գ.
    Ուզում եմ քեզ խնդրել, որ վորդպրեսում գրվածդ բլոգերի ցանկով հետս կիսվես, թե չէ ես ինքս դժվարությամբ եմ գտնում հայալեզու բլոգերը… դե եթե հարմար ես գտնում։ 🙂

    • byurie says:

      Շնորհակալ եմ արձագանքի համար 🙂
      Էսօր մեր հարկում մի քանի դասախոսների հետ ծանոթացա։ Բոլորն ինձնից 20-30 տարով մեծ են։ Հույս ունեմ, որ գոնե PhD-ուսանողների կհանդիպեմ մոտ օրերս, կշփվեմ հետները․ էստեղ իրենք դասախոսական անձնակազմի մաս են կազմում։ Թե չէ ջահել մարդիկ չկան էստեղ։

      Վորդպրեսում համեմատաբար քիչ են թարմացվող ու միևնույն ժամանակ հետաքրքիր բլոգները։ Մեծ մասը ԿՄ-ի դուբլիկատ են, որոնց երևի արդեն ծանոթ ես։ Բայց մի քանի բան փորփրեցի։ Խնդրեմ․
      https://tanamasi.wordpress.com/
      https://uluana.wordpress.com/
      https://srtik.wordpress.com/

      • Ծլնգ says:

        Տանամասիին չգիտեի։ Շնորհակալություն 🙂

        Դե դասախոսներ ոչ միայն պրոֆեսորների նկատի ունեի՝ փոստդոկ, ասպիրանտներ, դոցենտներ… բնագավառիցդ դուրս էլ։ Արևելյան ֆինննականը բավականաչափ մեծ ա, չէ՞, պիտի որ լիքը երիտասարդներ էլ լինեն։

        Գրառմանդ վերջին պարբերության մասին էլ էի ուզում առանձին նշել, այն էլ մոռացա։ Բայց մոտակա մի երկու շաբաթվա մեջ «նոր սկսելու» մասին մի գրառում կանեմ… միգուցե այնտեղ էլ կխոսենք մի քիչ այդ թեմայով։

      • byurie says:

        Ոնց հասկանում եմ, Ֆինլանդիայում պոստդոկն էդքան էլ տարածված բան չի։ Ասպիրանտներ ոնց էլ չլինի, կլինեն, բայց դեռ աչքովս չեն ընկել։ Էսօր մեր միջանցքով քայլում էի, որ դռան մոտով անցնում էի, սաղ պրոֆեսոր էին։
        Հա, համալսարանն ահագին մեծ ա, բայց կամպուսներից երկուսն ուրիշ քաղաքներում են, ու իրանց հետ համարյա կապ չկա։
        Կսպասեմ գրառմանդ 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: