Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մարկ յոենսուցին

on September 7, 2017

Յոենսուում տունս քաղաքի կենտրոնում է․ ոտքով կենտրոնական հրապարակ յոթ րոպեում, իսկ համալսարան՝ հինգ րոպեում կարելի է հասնել։ Հետևաբար, հեծանիվ ձեռք բերելն առաջնահերթություն չէր։ Բայց կյանքիս վերջին վեց տարիների ընթացքում հեծանիվն էնպիսի անբաժանելի մաս է կազմել, որ նույնիսկ քաղաք հասնելուց առաջ բոլոր ֆեյսբուքյան խմբերով մեկ շուխուռ էի դրել, թե հեծանիվ եմ փնտրում։

Նախորդ այցելությունիցս հիշում էի, որ Յոենսուում օգտագործած հեծանիվ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Իրականում հիմա ուսանողի բյուջեով չեմ ու կարող եմ նորը առնել, բայց Յոենսուին ամեն կերպ ժամանակավոր կարգավիճակ եմ տվել, ու չեմ ուզում որևէ մշտական տեսակի ներդրում անել․ նոր հեծանիվ Կոպենհագենում կառնեմ։ Ու քանի որ նախորդ փորձիցս գիտեի, որ Մարկը ոչ միայն որակյալ օգտագործած հեծանիվներ է վաճառում, այլև սպասարկում ու օգնում հուսալի կողպեք գտնել, որոշեցի հենց նրանից սկսել։

Ֆեյսբուքում Յոենսուի անգլախոսների խմբում գրեցի, որ փնտրում եմ Մարկ անունով մեկին, ով ժամանակին հեծանիվներ էր վաճառում, տեղյա՞կ են արդյոք իրենից։ Մեկը գրեց, թե՝ հա, վերջերս տեսել է քաղաքում։ Ֆեյք պրոֆիլով մեկն անձնական նամակով գրեց, որ ճանաչում է հեծանիվների գիժ մեկին, մեյլի հասցեն էլ տվեց։ Մի երկարաշունչ մեյլ գրեցի, թե ինչ հեծանիվ եմ փնտրում ու մեկ էլ պատասխան ստացա, թե՝ էս ունեմ, էն ունեմ, բայց խնդրում եմ՝ ֆեյսբուքի պոստդ ջնջի, որովհետև դուրս չի գալիս, թե ոնց է մեր անձնական ինֆորմացիան կոմերցիոն նպատակներով գործածվում։

Պոստը ջնջեցի։ Մեկ էլ ֆեյք պրոֆիլը նորից գրեց ու մի հեծանիվի նկար ուղարկեց։ Էստեղ ջոկեցի, որ էդ նույն ինքը Մարկն էր որ կար։ Պայմանավորվեցինք, երեկոյան հանդիպեցինք, որ հեծանիվը փորձեմ։ Մանուն էլ հետս էկավ։

Մարկը հայտնվեց՝ ինչպես միշտ ուշացումով։ Չնայած ցրտին, շորտերով էր ու գլխին մի հետաքրքիր կանաչ գլխարկ էր։ Առաջվա պես շատախոս էր ու առաջվա պես մենակ հեծանիվներից էր խոսում։

Հեծանիվ մի ասա, մի խաղալիք ասա։ Ընդհանրապես, հեծանիվ փնտրելիս միշտ գրում եմ, որ ցածրահասակ եմ, որովհետև շատ է պատահել, որ իզուր ժամանակ եմ վատնել ինձնից բոյով հեծանիվներ փորձելու վրա։ Բայց փաստորեն էնքան էլ լավ չեն հասկանում, որ իմ հասակի մարդը կարող է հանգիստ 28” համարի անիվով հեծանիվ քշել, ու դեմ են տալիս տասը տարեկանի հեծանիվներ։

Էդ մեկից կտրուկ հրաժարվեցի ու հարցրի, թե արդյոք ուրիշն ունի։ Ասաց, որ կարող է ինձ համար հավաքել, եթե պարամետրերն ասեմ։ Անգամ գույնը նշեցի․ վարդագույն չլինի, ինչ ուզում է, լինի։ Ասաց, որ գրեթե պատրաստ 28” անիվներով հեծանիվ ունի, որը իմ կարճ բոյին հարմար կլինի։ Հարցրեց, թե ինչ արգելակներ ու արագություններ եմ ուզում։ Էդպես, նշեցի բոլոր նախընտրություններս ու գնացի տուն՝ սպասելով, որ մի երկու օրից պատրաստ կլինի իմ երազանքների հեծանիվը։

Հաջորդ օրը փողոցում Մարկին փողոցում տեսա։ Նույն խաղալիք հեծանիվը ձեռքին գնում էր։ Ինձ տեսավ, ասաց, որ փորձում է ազատվել էդ հեծանիվից։

Չնայած որևէ հեռու տեղ գնալու կարիք չէի ունենում, հեծանիվ չունենալուց գնալով գժվում էի։ Էդպես Մարկին մի անգամ էլ բզեցի, հարցրի, թե երբ կլինի։ Ասաց, որ չի նեղանա, եթե ուրիշից առնեմ, բայց երկու-երեք օր կտևի։ Որոշեցի սպասել, քանի որ առանձնապես լավ առաջարկներ չէին լինում։

Մեկ էլ Յոենսուի առքուվաճառքի խմբում կարճ բոյին հարմար մի նոր հեծանիվ հայտնվեց, որը մի քիչ խելքին մոտ երևաց։ Գրեցի վաճառողին, որը հետագայում պարզվեց, որ ուսանողուհիս է։ Աղջիկն ասաց, որ էդ օրը հեծանիվը մասնագետը նայել է, ասել է, որ երկու ամսից լուրջ վերանորոգման կարիք կունենա ու որ վաճառում է, որովհետև այդ նույն մասնագետն իրեն նորն է խոստացել։ Էստեղ ֆայմեցի ու հարցրի, թե մասնագետն ով է։ Ինձ տվեց ֆեյք պրոֆիլի հասցեն։ Փաստորեն, Մարկն էր։

Րոպեներ անց Մարկն ինձ գրեց, որ ինչ-ինչ գործերի պատճառով ձգձգվում է աշխատանքը, որ հեծանիվը մի շաբաթից շուտ չի լինի, էնպես որ լավ կլինի՝ իմ ճարը տեսնեմ։ Ախմախի մեկը։ Փաստորեն էն, ինչն ինձ էր խոստացել, որոշել է ուրիշին վաճառել։ Հետո էլ գրեց, որ էդ հեծանիվը, որն ուզում էի էդ աղջկանից առնել, նայել է, լավ վիճակում չէ։ Էդպես Մարկից հույսս լրիվ կտրեցի։

Ու Յոենսուցի Մարկի պատմությունն էստեղ չի ավարտվում։ Մանուն թեյնիկ էր փնտրում։ Տեսա՝ ֆեյք պրոֆիլը ֆեյսբուքի խմբում թեյնիկ է վաճառում, Մանուին թեգ արեցի։ Հետո Մանուն պատմում է, որ շատ խորհրդավոր կերպով հայտնվեց Մարկը ու թաքուն փոխանցեց թեյնիկը։ Մանուն ահագին զարմացել էր, որ Մարկն էր ֆեյք պրոֆիլի հետևում։ Հետո, երբ ինձ պատմում էր էս բոլորը, ասաց, որ Մարկը լրիվ պատմվածքի թեմա է։ Պատմվածք չգիտեմ, բայց որոշեցի բլոգումս գրել նրա մասին։

Իսկ երեկ վերջապես հեծանիվ գնեցի։ Էլի փոքր էր հագովս։ Անընդհատ խնդրում էի, որ նստատեղն ավելի բարձրացնի։ Վաճառողը Մարկի ֆին տարբերակն էր ու անգլերեն չէր խոսում։ Էսօր քանի որ հանդիպումից ուշանում էի, որոշեցի հեծանիվով համալսարան գնալ։ Անտանելի փոքր էր․ ոտքերս ծալվում էին։ Կոպենհագենի հեծանիվս եմ ուզում՝ իր նախշուն թիթեռնիկներով ու սև զամբյուղով։ Հետո ի՞նչ, որ ահագին ծանր է։ Կորչի Յոենսուցի Մարկը ու կորչեն մանկական հեծանիվները մեծի տեղ նաղդող բոլոր մարդիկ։

Թարմացում։ Գրեցի պոստս ու Մանուի հետ դուրս եկա՝ Յոենսուի անգլախոսների հանդիպմանը գնալու։ Մոտ տասը հոգի կար։ Ձեռքս մեկնեցի, հերթով բոլորի հետ ծանոթացա։ Ու մեկ էլ նրանցից մեկը՝ քաչալ ու կարմիր մորուքով, ասաց, որ ինձ գիտի։ Յոենսուցի Մարկն էր։

Advertisements

7 responses to “Մարկ յոենսուցին

  1. Ծլնգ says:

    Էպիկ դեմք ա երևում Մարկը։ 🙂 Հայաստան գալուց առաջ մի նոր հեծանիվ էի գնել՝ ծալվովի, 20″ ակներով, 7 արագությամբ, ահագին լավ կանտելիվեր արգելակներով… իսկ ամենակարևորը՝ մեծ ճամպրուկի մեջ ծալված վիճակում տեղավորվող։ Մտածում էի հետս Հայաստան տանել, այնտեղ քշել՝ մշել։ Էն էլ վերջը որոշեցի, որ քշելու հնարավրություն էլ չեմ ունենալու, ու տենց էլ չտարա։ Հիմա պահուստային հեծանիվ է որպես օգտագործվում, մեծամասամբ այն դեպքերում, երբ մեքենայով կամ տրանսպորտով պիտի գնամ ու հեծանիվով վերադառնամ կամ շարունակեմ։ Մեքենային հեծանիվ ամրացնելու հնարքներ էլ ունեմ, բայց սա իր պայուսակի մեջ շատ ավելի հարմար է տեղափոխելը, քան այդ հնարքները կապելը, հետո էլ նորմալ չափի հեծանիվը վրաները ամրացնելը։ Դե իսկ տրանսպորտում (մետրոյում) մեծ հեծանիվները շատ անհարմար են։ Ասածս ինչ է, մի նոր ծալվովի հեծանիվ գնի, հետո էլ հետդ տար Կոպենհագեն, նույնիսկ կարաս ամեն անգամ գնալ-գալուց հետդ տանես բերես։ Ու համ էլ գործի գնալուց կարաս ծալես հետդ տանես գրասենյակ, տուն վերադառնալուց էլ ծալես տանես ներս, ոչ թե դուրսը ցրտին թողնես։ Որակյալ ֆոլդերները մի քիչ թանկոտ են, բայց շատ հարմարություններ ունեն։ 🙂 Աշխարհում ծալվովի հեծանիվների ամենամեծ բրենդերից մեկը բրիտանական brompton-ն է, պիտի որ Ֆինլանդիայում դժվար չլինի գտնելը, բայց ավելի էժան տարբերակներ էլ կարող է լինեն։ Ամեն դեպքում, հաջողությո՜ւն քեզ հեծանիվ որոնման գործում։ 🙂

    • byurie says:

      Ծալովիներից Հայաստանում կար։ Իմ ընկերուհին ուներ։ Մեկ էլ Նիդեռլանդներում եմ տեսել, որ օգտագործեն: Եսի՞մ, ես մի քիչ կոնսերվատիվ եմ էդ հարցերում։ Տեղը տեղին 28″ զամբյուղով քաղաքային եմ ուզում։ Հետո, մի խնդիր էլ կա․ Կոպենհագենում ոչ ոք ծալովի չի քշում, իսկ էնտեղ ընդհանրապես հասարակության չգրված օրենքներից ա իրարից չտարբերվելը։

  2. urishbaner says:

    Մենք էլ ունենք էդ ծալովիներից, ծալվում, մոտավորապես մի անիվի չափ է դառնում, լէդ առումով հարմար է մեքենայի բեռնախցիկի մեջ դնելու համար, իր ուսապարկ-պայուսակն էլ ունի, բայց էդպես հետդ երկար քարշ տալը, հատկապես կնոջ համար, ահագին ծանր է այնուամենայնիվ, թեև Բյուրին պետք կլինի ընդամենը գրասենյակ բարձրացնել։ Մենք օնլայն ենք գնել, ները, ու բավական մատչելի էր։ Եթե հետաքրքրում է, կարող եմ իմանալ տվյալներն ու գնման սայթը, ուղարկել։

  3. urishbaner says:

    Ի դեպ, էստեղ մեկնաբանությունդ չես կարող, հա՞, խմբագրել։ Ափսոս, տեղ-տեղ անկապ բառեր-տառեր, մատդ կպնում է, մեջ են ընկնում ։)

  4. […] մի ծրար ու էնտեղ տեղադրեցի հեծանիվիս երկրորդ բանալին։ Մարկ յոենսուցին գնել էր հեծանիվս, ու երբ կողպեքը հանձնեցի նրան, […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: