Յոենսուն մի շաբաթ անց

Առաջին շոկս եղանակն էր։ Ճիշտ է՝ Կոպենհագենում այս տարի ամառ չէր եկել, բայց գոնե ցուրտ էլ չէր, ու գիշերային ժամերին յոթից ութ աստիճանն արդեն անսպասելի էր։ Ինձ հետ միայն աշնանային հագուստ էի բերել՝ մտածելով, որ ձմեռայինները սեպտեմբերի վերջին կբերեմ։ Իսկ առավոտները տնից դուրս գալիս մի քանի շերտ հագուստ էի հագնում ու փաթաթվում շարֆիս մեջ, որ չմրսեմ։ Համալսարան հասնելուն պես նույն հաջողությամբ հանում էի բոլոր շերտերը՝ թողնելով մեկը․ ֆիննական շենքերն էնպես են կառուցված, որ անգամ առանց ջեռուցման ներսում բավական տաք է՝ անկախ դրսի ջերմաստիճանից։

Բայց առաջին օրերն արևոտ էին։ Կողքից ֆիններն անընդհատ ասում էին՝ ամառը վերջապես եկավ։ Իմ ոչ մի իրականության մեջ տասնչորս աստիճանն ամառ չէ։ Ու եթե շուրջբոլորս կանաչ չլիներ, հաստատ կմտածեի, որ կյանքիցս երկու ամիս կորել է, հայտնվել եմ նոյեմբերում։

Տեսարանն իմ բաց պատուհանից

Ընդամենը մի շաբաթ առաջ Յոենսուում ամեն ինչ կանաչ էր, ու աշնան հետքը չէր երևում (եթե ջերմաստիճանը չհաշվենք), իսկ այսօր արդեն փողոցում լիքը թափված դեղին տերևներ կան։ Այստեղ աշունը կարծես արագացված լինի, ու ընդամենը մի քանի շաբաթից սկսվելու է ձմեռը՝ սկզբում մութ, սղլիկ ու դեպրեսիվ, հետո՝ կես մետրանոց ձյունով ու ցրտով։

Երկրորդ շոկս լռությունն էր։ Տանտերս ինձ մի քանի անգամ զգուշացրեց, որ երեկոյան իննից հետո տանը շշուկով խոսեմ։ Երևի ասածներն ականջի հետև գցեի, եթե չնկատեի, որ ընդհանրապես օրվա ընթացքում քաղաքն էնքան լուռ է, որ անգամ ճանճի տզզոցը կլսվի։ Բայց այդ լռությունն ինձ համար անսովոր էր։ Թարսի պես շարժական սպիկերս մոռացել էի Կոպենհագենում, ու անգամ որակյալ ձայնով երաժշտություն լսելու հնարավորություն չկար։ Էդպես սովորեցի ինքս ինձ հետ խոսել, որ գոնե որևէ տեսակի ձայն լսեմ։

Երբ Մորթենին Սկայփով պատմեցի լռության կանոնի մասին, ջղայնացավ ու ասաց, որ մարդիկ պիտի ապրեն։ Հասկանալի է, որ չի կարելի ուշ ժամի տանը պարել ու բարձր երաժշտություն միացնել, բայց խոսե՞լ։ Նաև չհավատաց կանոնի լրջությանը։ «Վիքենդների նկատմամբ մեղմ կլինեն»,- ասաց։

Երևի իրոք այդպես էր, որովհետև ուրբաթ երեկոյան հարևանը բարձր երաժշտություն էր միացրել։ Բայց երկար չտևեց․ 21:30 մի ջղային հարևանուհի նրանց դուռը թակեց, գոռգոռաց, ինչից հետո բոլոր ձայները լռեցին, ու ամեն ինչ վերադարձավ իր նախնական վիճակին։ Շաբաթ գիշերն էլ հարևանները կարաոկե էին անում, ու աղմուկն այնքան մեծ չէր։ Մտածեցի՝ երևի մի թեթև աղմկել կարելի է։ Բայց նորից նույն ժամին նույն հարևանուհին դուռը թակեց, ու նորից ամեն ինչ լռեց։

Քաղաքը կամրջի վրայից

Երրորդ շոկս քաղաքում մի ամբողջ սերնդի բացակայությունն է։ Այստեղ կտեսնես հիսունն անց մարդկանց և ջահել ուսանողների, բայց իմ սերնդի մարդ չկա։ Երբ տանտերս հայտնեց, որ ռումմեյթս ֆրանսուհի է լինելու, աղոտ հույս փայփայեցի, որ ինձ հասակակից կլինի։ Ռումմեյթս՝ Մանին (Մանուի հետ չշփոթել) տասնինը տարեկան է։ Յոենսուի ռումմեյթներիս տարիքը նույնն է մնում, միայն ես եմ մեծանում։

Առաջին շաբաթվա մեջ արդեն համոզվեցի, որ սոցիալիզացիան էստեղ գրեթե բացառված է․ հիսունն անց պրոֆեսորներն իրենց ընտանիքների հետ են, իսկ քսան-քսանմեկ տարեկան ուսանողների ուշքն ու միտքը հարբելն է։ Ուրեմն ինքս պիտի իմ ճարը տեսնեմ։

Ինձ այդքան չի գժվացնում սոցիալիզացիայի բացակայությունը, որքան դրա հնարավորության բացակայությունը։ Եթե չիմանայի, թե ինչքան կարևոր է մարդկանց հետ շփումը հոգեկան առողջության համար, գուցե էդքան ծանր չտանեի էդ հնարավորության բացակայությունը։ Ինչ խոսք, կարող եմ հանկարծ իմ կյանքում հայտնված էսքան ազատ ժամանակն ավելի արդյունավետ ծախսել ու հասցնել բոլոր կիսատ թողած գործերս։ Բայց մարդկանց բացակայությունը սպանում է նաև մոտիվացիան, ու անգամ մյուս շաբաթվա դասախոսություններս դեռ մինչև վերջ չեմ պատրաստել։

Յոենսուի հիմնական բնակիչները սկյուռիկներն են․ նրանք ամենուր են ու անվախ

Մարդկանց ներկայությունը հաշվի առնելով էի վարձել մի տուն, որտեղ մենակ չէի լինելու։ Բայց Մանին ամբողջ շաբաթվա ընթացքում ծնողների հետ էր։ Միայն երեկ ծնողները գնացին, ու Մանին տուն եկավ։ Իմ սենյակում պառկած էի այդ ժամանակ։ Երևի չգիտեր, որ տանն եմ, որովհետև հանկարծ շատ բարձր հեկեկոց լսեցի (կամ բարձր չէր, պարզապես լռությունն էր նպաստում, որ լավ լսվի):

Մանին էլ էր տառապում այս քաղաքի ոչմիբանությունից։ Կարծում էի՝ ուսանողների համար ավելի հեշտ է, որովհետև ինձ համար գոնե ավելի հեշտ էր հինգ տարի առաջ, ու միշտ կարոտով էի Յոենսուն հիշում։ Բայց ասաց, որ սարսափելի է, որ ոչինչ չկա քաղաքում, ոչինչ հնարավոր չէ անել վիքենդին։ Նրան պատմեցի իմ սերնդի բացակայության մասին, ու որոշեցինք, որ տանը լիքը բաներ միասին կանենք, որ չձանձրանանք։

Տան պատերն էլ էին մեզ խեղդում, որովհետև պատուհանները չէին բացվում։ Ես վերջապես վերցրի գործիքը ու տասնհինգ րոպե շարունակ տառապելուց հետո սենյակիս հսկայական պատուհանը բացեցի։ Թարմ օդ մտավ, ու հոգնածությունս, որը ոչ մի սուրճով սպանել չէր լինում, ժամանակավորապես անցավ։ Կամաց-կամաց միանում եմ ամենաշատ սուրճ գործածող պետոթւյան վիճակագրությանը։

Երեկոյան Մանին փարթի գնաց։ Ես կարող էի տանը նստել ու ոչնչով չզբաղվել։ Բայց որոշեցի դուրս գալ ու քայլել․ կուսումնասիրեմ, թե ինչպես են ֆիններն անցկացնում շաբաթ գիշերը։ Գիրքս էլ հետս վերցրի․ կկարդամ, եթե հանկարծ այդ ժամին բաց սրճարան գտնեմ։

Տնից դուրս եկա ու ականջակալներով միացրի Թորի Էյմոսի նոր ալբոմից Bang երգը։ Հենց երգը միացավ, ու հետանձրևային սառը օդը փչեց երեսիս, հիշեցի, թե ինչու էի Յոենսուն սիրում․ էստեղ երգերն ու ես մենակ ենք մնում։ Վերջին օրերին երևի երեսուներորդ անգամ եմ Bang-ը լսում, ու երևի այն դառնալու է Յոենսուն խորհրդանշող բազմաթիվ երգերից մեկը։ Հինգ տարի առաջ էդպես 144 անգամ Անգուս ու Ջուլյա Սթոունների Sadder Than You-ն էի լսում։ Տարիներ անց այդ նույն երգը պիտի հնչեր իմ ու Մորթենի երկրորդ ժամադրության ժամանակ, ու ես զարմանալու էի, որովհետև դա դուոյի ամենահայտնի երգերից չէ։

Կենտրոնով քայլելիս կարաոկե բարի կողքով անցա։ Քաղաքում կարաոկե, հարևանների տան կարաոկեն․ ահա թե ինչով են ֆինները զբաղված շաբաթ երեկոյան։ Իսկ կարաոկեի մասին մտածելիս առաջինը Հելսինկիում Թորի Էյմոսի համերգն եմ հիշում։ Իմ բոլոր ֆիննական հիշողությունները ջերմ են, իսկ ներկան՝ սառը ու ձանձրալի։

Չորրորս շոկս ամեն առավոտ ժամը ութին ոտքի վրա լինելն է։ Մորթենը տեսնի, չի հավատա․ Կոպենհագենում միայն կրակելով էր հնարավոր իննից շուտ ինձ արթնացնել։ Բայց քանի որ տասից առաջ ոչ ոք համալսարանում ինձ չի սպասում, իսկ ճանապարհն էլ շատ կարճ է, առավոտվա այդ երկու ժամերն օրվա իմ սիրած պահն են, երբ նախաճաշիս հետ բլոգներ եմ փորփրում, կարդում ու քոմենթում կամ ինքս գրում։

Այսօր կիրակի է, ու անգամ կիրակի օրով ինձ չկարողացա անկողնում երկար պահել։ Բայց որովհետև կիրակի է, ու համալսարան չեմ գնալու, կարող եմ հանգիստ ամբողջ առավոտը խոհանոցում անցկացնել գրելով։ Մանին արթուն է, բայց անկողնուց դուրս չի գալիս։

24 thoughts on “Յոենսուն մի շաբաթ անց

    1. Տարօրինակ ա։ Փորձում եմ խմբագրել, չի խմբագրվում, ոչ մի բան չեմ կարողանում անել :/ ԿՄ-ում նայե՞լ ես։ Էնտեղ էրևու՞մ են։

  1. Լսի, էդ ինչ մեռած քաղաք ա էդ Յոենսուն։ Մամայիս պետք ա էդտեղ ուղարկել էդտեղ, որ տեսնի՝ մեռյալը որն ա, թե չէ՝ անըդհատ մեր քաղաքից ա բողոքում, թե մարդ չկա, կյանք չկա, անունը դրել ա Մեռյալ քաղաք։ 😀 Բայց ինձ համար լրիվ նորմալ ա էս աստիճանի «մեռյալությունը», որովհետև իմ չափանիշներով հեչ էլ մեռյալ չի, էլի։ :)))

    1. Հա, թող գա, տեսնի։ Ձե՞ր քաղաքը նկատի ունես, որ քեզ համար մեռյալ չի, թե՞ մերը։

      Շատերը Կոպենհագենն են մեռյալ քաղաք համարում, բայց նա մայրաքաղաք տեղ ա ու հեչ չի համեմատվի ստեղի հետ։

      1. Հա, մեր քաղաքը նկատի ունեմ, որ ինձ համար մեռյալ չի, թե չէ՝ ձերը լրիվ մեռյալ ա։ 😀 Դե, մեր քաղաքն, ըստ իս, ինտրովերտի համար կատարյալ վնակավայր ա՝ հանգիստ, խաղաղ, ոչ շատ մարդաշատ, բայց ոչ էլ անմարդաբնակ, չնայած մամայիս չափանիշներով անմարդաբնակ ա, իսկ էքստրավերտի համար, բնական ա, որ ցանկալի բնակավայր չի լինի։ Իսկ Յոենսուն, համենայնդեպս, ըստ նկարագրածիդ, իսկապես չափից դուրս ա, նույնիսկ ինտրովերտի համար։ Իննիդ հետո շշուկով խոսելը որ լրիվ վերջն էր։

      2. Հա, Յոենսուն իրոք ամեն առումով չափից դուրս ա։ Պատկերացրու, էն կարգի ա լռությունը ու էն կարգի ենք ադապտացվել էդ լռությանը, որ ես ու ռումմեյթս միաժամանակ տանը լինելով հանդերձ չենք ջոկում՝ մյուսս տանն ա, թե չէ։

  2. Լրիվ իմ տիպի քաղաք ա։ :)) Լուրջ եմ ասում… մանկական հուշերս վրա տվեցին, երբ ամբողջ ամառով գնում էի տատիկիս տուն, ու, իհարկե, ամառվա [եղանակի] մասին խոսք էլ չէր գնում։ Ես էլ կամ արհեստանոցում մի բան էի բզբզում, կամ էլ գրքերի մեջ էի խորասուզված։ Իսկ որ արևոտ օր էր անում ու +15, գոռում էինք ամառ ա եկել ու վազում էինք գետը։

    Մի ընկեր ունեմ Ֆինլանդիայում, ով վերջին տվյալներով Տամպերեում էր, բայց երևի արդեն տեղափոխվել է… հետը կապնվել է պետք։ 🙂 Մի օր ասեց, որ միակ զբաղմունքը իրենց մոտ դա որոշելն է, թե այսօր լճերից որն են գնում լողանալու… ու տարվա սեզոնից կախված չէր այդ հարցի ակտուալությունը։ :))

    Բայց էլի մի ձև հավատս չի գալիս սերնդի բացակայությունը։ Մի հատ ամբողջ համալսարանի անձնակազմին չե՞ս կարող էլ-նամակ ուղարկես «սերնդակիցներ ձեն հանեք» բովանդակությամբ։ Բա անգլախոսների խմբի մարդիկ ի՞նչ տարիքի են։

    1. Տամպերեն Յոենսուի համեմատ եքա քաղաք ա։ Հեչ որ չէ գոնե Հելսինկին իրա օդանավակայանով քթի տակ ա․ էնտեղից հեշտ ա դուրս պրծնելը 😀

      Սերնդակիցներիս բացակայության մասով․ ուրեմն էս համալսարանը երեք տարբեր քաղաքներում տեղակայված կամպուսներ ունի։ Ոնց հասկանում եմ, հիմնական գիտություն անող մասը Կուոպիոյում ա, հետևաբար PhD-ուսանողներն ու պոստդոկներն էնտեղ են։

      Ուրեմն անցյալ շաբաթ էլ համալսարանի նոր արտասահմանցի աշխատողների համար հանդիպում էին արել։ Ինձ չհաշված յոթ հոգի կար, որոնցից մի քանիսը արդեն մի քանի տարվա աշխատող էին, չգիտեմ ինչու էին էկել, մի երկուսը մաստեր էին անում, էլի չգիտեմ ինչու էին էկել։ Մի հատ պոստդոկ կար, որ կարար իմ տարիքին լիներ, էն էլ փոքր էրեխա ուներ, խառն էր, շուտ թողեց, գնաց։

      Էդ անգլախոսների խմբում էլ էլի հիմնականում ուսանողներ են ու հիսունն անց մարդիկ։ Բացողն ինքը PhD ա արել ստեղ, բայց արդեն գնացել ա Յոենսուից։

      Իհարկե, կարելի ա մեյլով շուխուռ անել, սաղին հավաքել իրար գլխի, բայց քաղաքի ծայրերով մեկ իմ սերնդի մի տասը-տասնհինգ արտասահմանցի կգտնվի։ Երևի տենց էլ կանեմ․ համալսարանի արտասահմանցի աշխատողների մեյլինգ լիստին նամակ կգրեմ, կառաջարկեմ մեր կամպուսում ինֆորմալ հանդիպումներ անել։

      1. Արա՛։ 🙂 Մարդ ինքն էլ կարա իր հանգամանքները ստեղծի։ Նոր նայեցի, փաստերեն այդտեղ կիրառական գիտությունների համալսարան էլ կա (վեբկայքում էլ լիքը ջահել ժողովրդի նկարներ ։) )։ Կարծում եմ տասը-տասնհինգը ահագին կոնսերվատիվ գնահատական էր։ Համ էլ տեղի բնակչությունը անգլերեն չի՞ խոսում, իրենց հետ ինչո՞ւ չես ուզում շփվես։

      2. Կիրառական գիտությունների համալսարանի գոյության մասին մի քանի օր առաջ եմ իմացել ու որևէ տեղ էնտեղ սովորողի կամ աշխատողի չեմ հանդիպել։ Հետո, քսան տարեկան ուսանողն էլ ա ջահել, երեսուն տարեկան պոստդոկն էլ։
        Տասը- տասնհինգն իրոք կոնսերվատիվ չի։ Անգամ էդ անգլախոսների խումբն եմ մտել ու հատ-հատ նայել, չեմ գտել իմ սերնդի ու միաժամանակ Յոենսուում գտնվող որևէ մեկի։ Տասը-տասնհինգ ասում եմ, որովհետև էդ նոր էկածների հանդիպմանը մի երկու հոգի կար ու որովհետև մտածում եմ՝ ամեն դեպքում ինձ նման մի քանի հոգի էլ կլինեն քաղաքի տարբեր կողմերում։

        Տեղի բնակչությունն անգլերեն խոսում ա, բայց ֆինների հետ մտերմանալը բավական բարդ պրոցես ա ու պլյուս նենց չի, որ տեղի բնակչության դեմոգրաֆիան շատ տարբեր ա, կարող ա նույնիսկ ավելի վատ լինի․ ընդհանրապես Ֆինլանդիայի էս ռեգիոնն ամենաբարձր գործազրկությունն ունի, ու սաղ ջահելները գնում են ուրիշ տեղ գործ ման գալու։

      3. Հիմա քեզ մտերմանա՞լ ա պետք, թե՞ հետները շփվել։ Հա հասկանում եմ, որ գործազրկություն կա, բայց դե համալսարանը մեծ կազմակերպություն ա՝ լիքը աշխատանքի տեղերով։ Իսկ եթե քաղաքում երկու համալսարան կա, ապա կրկնակի քանակությամբ աշխատատեղերով (ոչ միայն դասախոսական կազմ, այլ նաև ադմինիստրատիվ աշխատողներ. քարտուղարուհի, ընդունելության գրասենյակի անձնակազմ, ֆինանսական բաժին, կադրեր, և այլն), հետն էլ քաղաքային ադմինիստրացիա աշխատողներ, այդ ռեստորան բարերի (կարաոկեն հո փողոցում չէ՞ր) տերեր ու աշխատողներ… Ու հաստատ դրանց մի մասն էլ երիտասարդ պիտի լինեն էլի։ Թե չէ քո պատմածն արդեն ապոկալիպտիկ ֆիլմի սցենարի է նմանվում՝ կան երեխաներ ու պատանիներ, կան մեծ տարիքի ու ծերեր, բայց ջահելներին այլմոլորակայինները եկել տարել են։

      4. Նորմալ սոցիալական կյանքի համար երկուսն էլ պետք են։ Ճիշտ ես, էդ բոլոր աշխատատեղերը զբաղված են, բայց ուր գնում ես, կա՛մ ջահել ուսանողներ են, կա՛մ տատիներ։ Ասում եմ՝ իմ սերնդից մարդ չկա, հավատա էլի։ Իհարկե ֆինների մեջ երևի մի քիչ ավելի շատ կլինեն իմ սերնդակիցները, քան արտասահմանցիների մեջ հենց թեկուզ նրա համար, որ ընդհանրապես էս քաղաքում ավելի շատ ֆին կա, քան արտասահմանցի։ Բայց էստեղ էդ մի քանի հաստատությունները գործազրկության խնդիր չեն լուծում, իսկ իմ սերնդակիցները հիմնականում տնավորվելու ու ընտանիք կազմելու փուլում են։ Հենց իմ վրա օրինակը բերեմ․ ասենք ես ստեղ գործ ունեմ, բայց Մորթենը հազար տարի էլ անցնի, իրա մասնագիտությամբ գործ չի ճարի, հետևաբար մեր՝ էստեղ հաստատվելը բացառված ա։ Ու ասենք ես օդից չեմ ասում էլի, Յոենսուի բնակչությունը գնալով փոքրանում ա։ Դրան էլ գումարենք, որ Յոենսու հենց քաղաքն ահագին փոքր ա, որտեղ էլ կան տնավորված, ընտանիքներով ֆիններ, հիմնականում քաղաքից դրսոտ են, ու մեկը մի քաղաքում ա աշխատում, մյուսը՝ մի ուրիշ։ Մի խոսքով, հանգամանքների խառը դասավորության արդյունքում էստեղ մի ամբողջ սերունդ ուղղակի բացակայում ա։

      5. Ա դե չեմ հավատում էլի… http://pxnet2.stat.fi/PXWeb/pxweb/en/StatFin/StatFin__vrm__vaerak/055_vaerak_tau_124.px/table/tableViewLayout1/?rxid=7eb4560a-e371-4db0-9a19-0b110c79e237

        Հա, 37-46 տարեկանների մեջ կա մի թեթև պակասացում (ինչը կարող է և՛ քո նկարագրած գործոններից էլ լինի, և՛ պատմական – սա այն սերունդն է, որոնց ծնողները երկրորդ համաշխարհայինի տարիներին են ծնվել), բայց դե քո նկարագրած «իմ սերնդից մարդ չկան» մի քիչ կյանքից հեռու ա էլի։ Հա, կարող ա այդ տարիքային խմբի մարդիկ գերակշռորեն ամուսնացած ու երեխատեր են, ու կոպիտ ասած, քաղաքի կենտրոնում թափառելուց իրենց չես տեսնի, բայց դե դա չի նշանակում, թե այդ սերունդը քաղաքից ընդհանրապես բացակայում ա… հիմա էդ արդեն երկորդ հարց ա, ուզում ես դու երեխատեր ջահելների հետ շփվես-մտերմություն անել թե չէ, բայց եթե հա, ապա սխալ տեղ ես փնտրում…

      6. Նայի, ավելի շուտ սենց կարամ ասեմ. կյանքի նույն փուլում գտնվող մարդ, ինչ ես եմ, համարյա չկա: Ու ստեղ էրեխատեր լինել-չլինելը չի հարցը, այլ կարիերայում առաջին քայլն անողների մասին ա խոսքը, որտև հենց վերջացնում են ուսումը ստեղ, սաղ ցվրվում են ուրիշ տեղ: Թե չէ ուսանողների մեջ էլ լիքն են 30-35 տարեկանները:

        Ասենք էսօր մեր ամբիոնի սթաֆի հանդիպմանն էի գնացել: Էլի սաղ հիսունին մոտ ու հիսունն անց մարդիկ էին: Իմ տարիքին մի մարդ ա էղել ամբիոնում՝ Սաշան: Էն էլ հիմա ինքը Հելսինկիում ա, իրա տեղն ինձ են գործի ընդունել: Մյուս տարի էլ ես կգնամ, իմ տեղը մի ուրիշի կընդունեն ու տենց շարունակ:

        Ի դեպ, էսօր էլ գործի գնալուց մի ահագին շոկային բան տեսա: Ուրեմն համալսարանի կողքը դպրոց կա, ու ոնց էր պատահել, հենց դպրոցի սկսվելու ժամին էի գործի գնում, ճամփին լիքը յոթ-ութ տարեկան էրեխեք էին դպրոց գնացող: Էդ էրեխեքը մենակ չէին, տատիկ-պապիկների հետ էին: Որ կողմ նայեցի, ձևի համար մի ծնողի չտեսա: Բայց սա հարցնելու եմ տեղացիներին, որտև իրոք հետաքրքիր ա՝ ինչու: Փաստորեն, էդ բացակայող սերնդի էրեխեքը կան, իրանք՝ չէ:

      7. Երևի սպառվում ա որոշ ժամանակ հետո։ Գնա ստեղ՝ http://pxnet2.stat.fi/PXWeb/pxweb/en/ ու ընտրի «PX-Web Statfin in English»
        Հետո Population->Population structure->12. Population according to age (1-year), sex, marital status and language by area 1990 – 2016

        դիր Joensuu, both sexes, all ages (վերևի թռչնիկը), 2016 ու տակը «continue» սեղմի։

        Հա բայց ինչ կապ ունի թե որ փուլում են… ու ակադեմիայում են թե չէ։ Ակադեմիայում քո ասածները խելքին մոտ են, քանի որ եթե արդեն զույգիդ չես գտել, այդտեղ արտասահմանցի երիտասարդի գալն ու մնալը անիմաստ է, եթե չես պատրաստվում անզույգ էլ մնաս։ Բայց դե լիքը ուրիշ բնագավառներում մարդիկ պիտի լինեն, չեն կարա չլինեն… քո ասածը նենց մի կարգի կատաստրոֆա կլիներ, որ քաղաքային, մարզային ու երկրի ղեկավարությունը պիտի վաղուց հայ-բույը բարփրացրած լիներ։

        Իսկ քո էսօրվա տեսածը իմ համար հեչ էլ շոկային չի։ Այդ երեխաների ծնողները երևի կամ տանն են ուրիշ երեխաների հետ, կամ գնում են գործի, կամ էլ երեխաների բացակայության ժամանակ հազիվ տան գործերով են հասցնում զբաղվել։ Իսկ թոշակի անցած պապիկ-տատիկների համար ցանկցացած զբաղմունք էլ իրենց ձանձրույթը փարատում է, ու իրենց համար թոռներին դպրոց տանելը սոցիալական իրադարձություն է, որ իրենց տարիքակից ուրիշ պապիկ-տատիկների հետ շփվեն։ Ընդհանրապես ծնողները կարող են «անտեսանելի» լինեն, եթե չգիտես որտեղ փնտրել։ Ու դե քո սերունդը այդպիսի անտեսանելիներից է երևի… բայց իրենք էլ են մարդ, իրենք էլ են հետաքրքրված արտասահմանցի խելացի մարդկանց հետ երեկոները շփվելու մեջ, ինչքան էլ որ վրեքները ուժ չի մնում կրկնակի (հիմնական և ծնողական) «գործից» հետո։

      8. Ախր ուրիշ ոլորտ պիտի լինի, որ աշխատեն: Էս ամբողջ քաղաքում երկու համալսարան ա, մի երեք հատ բանկ ընդամենը մի քանի աշխատակիցով, մի հատ քաղաքապետարան ու հարկային էլի մի քանի աշխատակիցով, մի քանի հատ խանութ ու մի հիվանդանոց: Հիվանդանոցում չեմ էղել, բայց մնացած տեղերում աշխատողների ճնշող մեծամասնությունը բավական մեծ տարիքի են, մի փոքր հատված էլ ուսանողներ են:

        Ու հա, պետությունը վաղուց վայ-վույը դրել ա: Որպես լուծու՞մ: Կողքի գեղերն էլ ա միացնում Յոենսուի մարզին, որ բնակչության նվազման փոխարեն աճ ցույց տա: Մեկ էլ հարկերի կրճատում նրանց համար, ովքեր գործի հասնելու համար եսիմինչքան կիլոմետր են անցնում: Ստացվում ա, որ քաղաքում մնացած իմ սերնդի ներկայացուցիչներից շատերն ուղղակի ուրիշ քաղաքում են աշխատում: Ընդ որում, անգամ համալսարանի աշխատողների վրա են թվեր նկարած. էս կամպուսում աշխատակիցների թիվը բավական փոքր ա կամ կան մարդիկ, որոնք միաժամանակ մի քանի կամպուսում են աշխատում ու կան աշխատակիցներ, որոնք ընդհանրապես Ֆինլանդիայում չեն ապրում:

        Այսինքն, մի կողմից էստեղ մնացած մարդիկ ուրիշ տեղ են գործ ճարում, մյուս կողմից էստեղ գործ ճարողները չեն ուզում էստեղ ապրել:

        Երևի ֆիննական մշակույթին ծանոթ չես: Էստեղ տատիկ-պապիկին համոզելը, որ հինգ րոպեով երեխային նայի, բավական բարդ բան ա: Ու եթե մի դեպք տեսնեի, կասեի՝ հա: Բայց առավոտը մոտ տասը նույն տարիքի էրեխեքի տեսա, ու բոլորը պապիկ-տատիկների հետ էին:

        Հա, ու իմ աշխատատեղի պահով մի բան էլ ասեմ: Սաշայից առաջ էլ Յուսին էր՝ պատկառելի տարիքի մի պրոֆեսոր, որի ուղեղը դեմենցիան լափել էր, ու լեկցիաներին մեղմ ասած ոչ ադեկվատ էր պահում: Ու իրան թոշակի չէին ուղարկում, որտև տարիներով չէին կարում փոխարինող գտնել:

        Ծնողների տեսանելիության պահով էլ: Ուրեմն Յոենսուի ամեն շենքի հետևում խաղահրապարակ կա, ինչը ենթադրում ա երեխաների ներկայություն: էդ խաղահրապարակները միշտ դատարկ են: Ու եթե համեմատենք Կոպենհագենի հետ, էրեխեքն էնտեղ հերթ էին կանգնում խաղահրապարակից օգտվելու համար:

      1. Դե “հայ – Ֆինլանդիա – լճերում լողանա անկախ սեզոնից”․ շատ նեղ իդենտիֆիկատոր էր ։))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s