Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Այցելություն Հայաստան

on September 14, 2017

Ակումբում ժամանակին գրել եմ վերջին այցելությանս տպավորությունների մասին, ու երևի շատ բան չկա ավելացնելու։ Դրա համար ավելի շատ կգրեմ ընդհանրապես Հայաստան այցելելու մասին։

Երբ չորս տարի առաջ ուսումս վերջացրի ու վերադարձա Հայաստան, ուղեղս լիքն էր Հայաստանը զարգացնելու ընտիր գաղափարներով։ Բայց շատ արագ էդ բոլոր գաղափարները կտոր-կտոր եղան, ու ես նորից փորձեցի դրսի ճամփան բռնել։ Էն ժամանակ հեռանալիս հաստատ որոշել էի, որ առնվազն տարին երկու անգամ Հայաստան եմ գալու հնարավորինս երկար ժամանակով ու որ Հայաստանի հետ հնարավորինս պինդ կապ եմ պահելու։ Այդուհանդերձ, Հայաստան վերադառնալու ու այնտեղ ապրելու թեման ընդմիշտ փակվեց ինձ համար։

Տարիներ անց Հայաստանում վերահաստատվելու թեման դեռ փակ է ինձ համար ու կարծում եմ՝ երբևէ իմ կամքով չեմ վերադառնա։ Դրա համար ամեն անգամ այցելելիս ոչ մի դեպքում էն աչքերով չեմ նայում, թե՝ մի օր կգամ, չնայած Մորթենը միշտ ոգևորված նոր բիզնես գաղափարներով է բեռնվում, թե՝ էս կարող ենք անել, էն կարող ենք անել։

Այնուամենայնիվ, երեքուկես տարի անց վերաբերմունքս է փոխվել։ Առաջին երկու տարիներին կարողացա տարին երկու անգամ գալ, անցյալ տարի՝ ոչ։ Էս տարի էլ դեռ քննարկման պրոցեսում է․ իմ՝ բավական երկարատև ձմեռային արձակուրդը (կեցցե ֆիննական համակարգը, թե չէ Դանիայում տոն օրերից դուրս ազատ լինելու համար պիտի լրացուցիչ արձակուրդ վերցնեիր) Կոպենհագենու՞մ եմ անցկացնելու, թե՞ մասամբ Հայաստանում կամ մեկ այլ երկրում։

Իսկ թե ինչու է Հայաստանը գնալով ավելի պակաս առաջնահերթ դառնում, պատճառները տարբեր են։ Դրանում, բնական է, մեծ դեր ունի ավիատոմսերի գինը, բայց պիտի խոստովանեմ, որ եթե Հայաստան գալն էդքան կարևոր լիներ, դժվար երկար-բարակ մտածեի, որ նույն գնով կարելի է ավելի էկզոտիկ երկրում հանգստանալ։

Խնդիրներից գլխավորն այն է, որ Հայաստանից գնալով ավելի ու ավելի քիչ կախված եմ լինում։ Ժամանակին էնտեղ գնում էի լիցքաթափվելու, ընկերներիս ու ընտանիքիս անդամների հետ շփվելու ու ծիրան ուտելու։ Հիմա արդեն ես իմ ընկերական շրջապատն ունեմ Կոպենհագենում, ու Հայաստանի ընկերներիս կարիքն էդքան խորը չեմ զգում։ Ինչ խոսք, ամեն անգամ ուրախ եմ հանդիպել ու շփվել հետները, բայց դա այլևս ուժեղ պահանջ չէ։ Դրան ավելացնենք նաև, որ իմ մտերիմ ընկերներից միայն երկուսն են հենց Երևանում մնացել։ Մյուսներն արտագաղթել են, իսկ մեկն էլ Դիլիջան է տեղափոխվել ու Երևանում լինել ուղղակի չի ուզում։ Ընտանիքիս անդամներից էլ հայրս, որի հետ ամենաշատն եմ ուզում շփվել, էլի հեռացել է Հայաստանից։

Հետո գալիս է նաև Մորթենի հարցը։ Ընտանեկան հավաքույթներին ինքն ուղղակի չի կարողանում լիարժեք մասնակցել լեզվի պատճառով։ Ընկերական հավաքույթներին վիճակն էլի համեմատաբար լավ է, որովհետև միշտ էլ գտնվում են քչից-շատից անգլերեն իմացողներ, որոնք հետը շփվում են։ Բայց ամեն դեպքում ահագին հոգնեցուցիչ է լինում իր համար՝ անհասկանալի միջավայրում լինելը ու ինձ համար՝ զրույցներին մասնակցելու փոխարեն թարգմանելը։ Իհարկե, կարելի է ասել՝ առանց Մորթենի Հայաստան արի։ Բայց մենք սիրում ենք մեր արձակուրդները միասին անցկացնել, ու եթե էդպիսի հարց է առաջանում, մենք ավելի շուտ մեր արձակուրդն ուրիշ տեղ կանցկացնենք։ Դրան էլ ավելացնենք, որ Մորթենն իսկապես սիրում է Հայաստան գալ։

Իհարկե, կարելի է ավելացնել նաև լիքը մանր-մունր գործոններ, ինչպիսիք են համատարած ծուխը, Երևանի կեղտոտ օդը, հայկական անկազմակերպվածությունը, որին ոչ մի կերպ չեմ կարողանում ադապտացվել, ջահելների անհույս դեպրեսիվ վիճակը, մարդկանց՝ քիթները կյանքդ խոթելը, որն ահավոր ներվայնացնող է և այլն։ Ու անկազմակերպ վիճակի պատճառով էր, որ վերջին անգամ լիքը մարդկանց ուղղակի չհասցրի տեսնել։

Մի խոսքով, ինձ համար հիմա օրակարգում է հաջորդ անգամ երբ Հայաստան գնալ ու ինչ ֆորմատով։ Ուզում ենք Հայաստանով մեկ պտտվել ու ինքներս կազմակերպել մեր արձակուրդը՝ առանց որևէ մեկի վրա հույս դնելու։ Երևանի ժողովուրդը նեղանում է, թող նեղանա։

Advertisements

13 responses to “Այցելություն Հայաստան

  1. Ծլնգ says:

    🙂 Շատերը հայաստանը ասոցիացնում են Երևանի ու դե կողքից «գառնի-գեղարդի» հետ։ Բայց Հայաստանը շատ ավելին է քան Երևանը ու լավ եք արել, որ որոշել եք Երևանից դուրս գալ մյուս անգամ։ Գնում ենք նոր երկրներ, ու ամեն մի գեղով հիանում ենք, իսկ մեր հայրենիք/ծննդավայր/բնօրրանը ավելի քիչ ենք ճանաչում քան մի շաբաթ Հայաստանում անցակցրած տուրիստը։ Նեղացողներն էլ թող ձեզ միանան նեղանալու փոխարեն։ :))

    • byurie says:

      Դե ամեն դեպքում ինձ համար Հայաստանը Երևանն ա կամ էր, ու Հայաստան այցելություններս մարդկանց համար էին: Դրա համար իմաստ չուներ Երևանից դուրս գալը: Բայց հիմա էլ Երևան կատարած այցելությունները չեն աշխատում, կորցրել ա ֆունկցիան: Դրա համար պետք ա նոր մոդել մտածել, իսկ դա դառնում ա Երևանից դուրս գնալը:

      Ինչ վերաբերում ա նեղացողներին, ապա ես ինքս ռիսկ չեմ անի իրանց կանչել մեզ միանալու իրանց անպատասխանատու վարքի պատճառով: Առանց էդ էլ էս վերջին անգամ, որ պիտի Վանաձոր գնայինք, ընդամենը մի քանի հոգին հազար անգամ հազար բան փոխեցին ու քենսըլեցին: Գժվել կարելի էր:

      • Ծլնգ says:

        Հա, կա տենց բան… հայաստանյան պատասխանատվությունն ուրիշ ձև է աշխատում։ Բայց քո հրավերքը կարա սենց լինի. ով ուզում է ինձ տեսնել. ամսի 11-ին լինելու եմ Դիլիջանում, զանգեք կասեմ որտեղ եմ կոնկրետ, որ գաք, ամսի 12-ին լինելու եմ Իջևանում՝ նույննը, ամսի 13-ին Սևանում…։ Դու քո տեղը ասում ես, իրենք ուզում են քեզ տեսնել, թող համատապսխան ճիգ գործադրեն։ :))

      • byurie says:

        Ինձ թվում էր՝ էս քոմենթին էրեկ պատասխանել եմ, բայց էսօր չի էրևում։ Նորից գրեմ 😀 Էս անգամ որ Հայաստանում էինք, մի թեթև արեցինք տենց բան։ Ասեցինք՝ էսինչ օրը Վանաձորում ու Դիլիջանում ենք լինելու, զանգեք, միացեք։ Հերիք չի ովքեր որ պիտի մեզ հետ գային, սաղ հերթով քենսըլ արեցին, դեռ մի բան էլ ոչ ոք իրա խոդով չեկավ, բացի Դիլիջանում բնակվող ընկերուհուցս, ու հետո միասին Դիլիջան գնացինք։

    • urishbaner says:

      Իսկ ես չեմ սիրում “եկեք, միացեք” ոճի շրջագայություններ։ Ընդհանրապես շատ մարդով շրջագայություններ էլ եմ չեմ սիրում, ու շատ մարդով հավաքույթներ էլ և այլն, բայց շրջագայությունների դեպքում հատկապես ինձ համար էական է, թե ով է ընկերակիցս, որովհետև դրանից է կախված ուր կգնամ, ինչ կտեսնեմ, որքան ժամանակով, և նույնիսկ “ինչպես կտեսնեմ”-ը։ Ու եթե մարդկային մի խառնուրդ է հավաքվում, ստիպված ես լինում շարժվել էդ խառնուրդի որոշումներով ու հետաքրքրություններով, ու նույնիսկ եթե դու էլ որոշում կայացնելու գործը վերցնես քեզ վրա, միշտ մտավախություն կա, որ դա մյուսների սրտով էդքան էլ կարող է չլինել, այսինքն միշտ էդ ադապտացվելու-հարմարվելու հրամայականը կախված է օդում, ու ստացվում է, որ իմաստը պարզապես էդ մարդկանց տեսնելն է, իսկ տեսնելու համար չարժեր շրջագայության հնարավորությունը էդպես կիսատ-պռատ այցելությամբ վատնել։
      Ես, ընդհանրապես, նախընտրում եմ մեկ, մաքսիմում երկու ընկերակից ունենալ շրջագայության ժամանակ։ Մենակ շրջագայել էլ չեմ սիրում․ մեկ ընկերակիցը շրջակայքը լիարժեք վայելելու համար իդեալական տարբերակն է ինձ համար, ընդ որում նույնիսկ շատ էական էլ չէ ինչպիսի մարդ է, ունի իմ հետաքրքրությունները, թե ոչ, ես աննկատ կարողանում եմ վարակել իմ հավեսներով, քանի որ սրտանց ոգևորվում եմ, հաճույք ստանում ու արտահայտում, ի տես հանում էդ հավեսների աղբյուրը, ու դա անմիջականորեն նույն ոգով է տրամադրում ընկերակցիս։ Համենայնդեպս, ինձ էդպես են տեղեկացրել, ու ես էլ նկատում եմ, որ էդպես է։ Ու սա գրում եմ ոչ թե կոնկրետ ինձ ներկայացնելու համար, այլ երևույթը, որ երբ որ մի բանի մեջ իմաստ ես տեսնում և արտահայտում ես, թե ինչպես, էդ իմաստները սկսում են երևալ մյուսներին էլ, բայց դրա համար պետք է նեղ-անմիջական կոնտակտ, որը խմբի դեպքում չի աշխատում։

      • Ծլնգ says:

        Էդ բոլոր ասածներդ հասկանում ու ընդունում եմ, բայց ես ոչ այնքան խմբակային շրջագայություն էի առաջարկում, այլ այդ մարդկանց վրա հակադարձում։ Նայի, մարդը հեռու տեղերից հասնում ա Երևան, ու երևանցիք ուզում են, որ այդ եկողը իրենց հարմարվի… մի քիչ տարօրինակ չի՞ սա քո համար։ Իմ ասածն էլ էն ա, որ այդ մարդիկ թող չնեղանան, այլ իրենք փորձեն հարմարվեն քո գրաֆիկին։ Էդքան բան էի ասում։

      • urishbaner says:

        Ուղղակի, եթե նենց հավեսով նպատակ ունեիր ուզածիդ պես ման գալ ու վայելել, դա, երևի, կխանգարվի։ Մնում ա միայն հուսալ, որ էդ “քաղաքավարության” առաջարկը բառացի չհասկանան։
        Ես ինչ խոզ-խոզ բաներ գրեցի :)))

      • byurie says:

        Շրջագայության պահով համաձայն եմ։ Դրա համար մեզ հետ բերելիք մարդկանց զգուշությամբ ենք ընտրում։ Երևի մի այլ զույգ՝ հայ ու իռլանդացի, մեկ էլ մեր ընկերներից մեկը։ Ու վերջ։ Ու նախապես դիկտատուրա եմ հաստատելու․ գնալու ենք էս օրերին, լինելու ենք էս ու էն տեղերում։ Չի դզում, մի էկեք։

        Ծլնգի առաջարկն էլ ինչքան էլ սիրուն լինի, հաստատ գիտեմ, որ չի աշխատելու։ Բայց էդպես էլ կանեմ, մեկ ա ոչ ոք չի գա։

  2. uluana says:

    Հա, էդ հանդիպումները վերջին պահին քենսլ անելը շատ տարածված երևույթ ա Հայաստանում։ Չնայած մենք տենց շատ չենք տուժել դրանից, բայց գիտեմ, որ երևույթն իսկապես կա, ու մի քանի անգամ որ բախվել եմ, ահավոր տհաճ ա եղել։ Ու ցավն էն ա, որ քենսլ անողները սովորաբար չեն էլ գիտակցում, թե ինչ տհաճ բան են անում։ Իրանց համար հիմնականում շատ նորմալ ա։ Ու չեն մտածում, որ կարճ ժամանակով ես եկել, ժամանակդ հաշված ա, մի քիչ հաշվի առնեն էդ հանգամանքը։ Հետո որ Հայաստանում ազատ ժամանակը շատ ա, էդ էլ իրա հերթին ա նպաստում համատարած արխայնացմանն ու երբ խելքները փչի՝ քենսլ անելուն՝ առանց մտածելու, որ դիմացինը գուցե իրանց չափ ազատ ժամանակ չունի։

    Ու նկատել եմ, որ Հայաստանում շատ քիչ մարդկանց հետ ա հնարավոր մի քիչ հեռու ժամկետով բան պայմանավորվել։ Կամ ուղղակի խուսափում են՝ պայմանավորվելը գցելով ավելի ուշ ժամանակվա վրա ու քո՝ ամեն ինչ նախօրոք ու հստակ կազմակերպելու պլանները խափանելով, էն որ չես իմանում՝ էդ օրվա վրա ուրիշ բան նախատեսես, թե կհարմարացնեն հանդիպել, կամ էլ ասածիդ պես՝ պայմանավորվում են, բայց հետո վերջին պահին ասում, որ չեն կարող գալ։

    • byurie says:

      Հա, իրոք ահավոր ա։ Ու մեկ էլ ուշանալն ա սարսափ։ Էս վերջին այցելության ժամանակ էդ ուշացողների ձեռն էինք կրակն ընկել։ Ասենք, շոգին-արևին սպասում ենք, որ մեկը պիտի գա, չկա ու չկա։ Իսկ դրանից երկու ժամ հետո ուրիշի հետ ենք պայմանավորված։ Մեկ էլ երկու ժամ հետո կժամաներ։ Ու սաղ խառնվում էր իրար, ոչ մեկի հետ նորմալ շփվել չէր լինում։

      • Ծլնգ says:

        Երկու ժամ արևի տակ սպասո՞ւմ էիք։ :-O Երներկ ձեր համբերությանն ու հավեսներին…

      • byurie says:

        Մի քիչ անշնորհք եմ ձևակերպել: Արևի տակ կես ժամ ենք սպասել, բայց ում որ սպասում էինք, երկու ժամ հետո նոր ժամանել էր, երբ արդեն ուրիշ տեղում էինք ուրիշ մարդկանց հետ

  3. byurie says:

    Ազգանունը չգիտեի, իսկ անունը բավական նեյտրալ էր, ինչ ազգի ասես կարար լիներ: Կորած քաղաք ա, բա ինչ ա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: