Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ընդմիջում

on September 15, 2017

Անցյալ շաբաթ համալսարանը նոր աշխատողների համար ինֆորմացիոն հանդիպում էր կազմակերպել։ Ընդամենը յոթ-ութ հոգի էին ներկա, որոնցից միայն երկուսս էինք իսկապես նոր սկսում․ մյուսները մի հինգ տարվա PhD-ուսանողներ կամ նույնիսկ մաստեր անողներ էին, որոնք ուզում էին հետո շարունակել։

Ինձնից բացի այդ մյուս նորեկը պոստդոկ էր անում։ Անունից չկարողացա գուշակել, թե ինչ ազգ է։ Բայց ամբողջ հանդիպման ընթացքում իմ ու իր հարցերը գրեթե նույն բնույթի էին․ երկուսս էլ ոչ ԵՄ քաղաքացի, բայց վերջին տարիները ԵՄ-ում ապրած։ Նրա հարցը լրացուցիչ բարդանում էր, որովհետև փոքր երեխա ուներ, ու առողջապահության հասանելիությունն ավելի հրատապ էր։

Ընդհանրապես, ներկաներից ինքը միակն էր, որն ինչ-որ չափով հետաքրքրությունս շարժեց, ու կուզեի գործից դուրս հանդիպել ու շփվել։ Իհարկե, չգիտեի՝ ինչքանով հնարավոր կլինի, քանի որ փոքր երեխա ուներ։ Բայց ամեն դեպքում հանդիպումից հետո մտքիս դրեցի հետո գտնել իրեն։

Իսկ գտնելը շատ չուշացավ։ Մի անգամ քաղաքով քայլելիս տեսա նրան՝ սայլակով երեխայի հետ զբոսնում էր։ Բարևեցի ու անցա։ Հաջորդ անգամն էլ երեկ էր։

Համալսարանի աշխատակիցների ճաշարանում ընդմիջմանը բազմաթիվ մարդկանց կտեսնես, որոնք սեղանների մոտ մենակ են նստած։ Ես մեկ-մեկ պրոֆեսորիս հետ եմ գնում, բայց ընդհանրապես ես էլ եմ մենակ։ Ու երեկ էդ օրերից էր։ Ուտելիքս հավաքած տեղավորվեցի սեղանիս մոտ, մեկ էլ տեսնեմ՝ մի քանի սեղան այն կողմ այդ նույն աղջիկն է, էլի մենակ նստած։

— Բանկերի հետ խնդիրներ ունես, հա՞,- ասաց։

Երեկ առավոտյան արդեն ծիծիլյոներորդ անգամ իմ բանկում էի օնլայն բանկինգի համար, ու երեկ վերջապես մերժեցին՝ պատճառաբանելով, որ ԵՄ քաղաքացի չեմ ու Ֆինլանդիայում մշտական բնակություն չունեմ։ Ես էլ կատաղած մտել էի անգլախոսների խումբ ու հարցրել, թե ինչ բանկ խորհուրդ կտան, որն օնլայն բանկինգը պատմություն չի սարքի․ ի վերջո, առանց օնլայն բանկինգի ժամանակակից աշխարհում ուղղակի հնարավոր չէ ապրել։

— Հա, դու բացե՞լ ես բանկային հաշիվ,- հարցրի։
— Դեռ չէ, բայց շուտով։
— Դեմ չե՞ս միանամ քեզ,- ասացի, վերցրի ճաշի սկուտեղս ու տեղափոխվեցի նրա սեղանի մոտ։

Խոսեցինք դեսից-դենից, թե ոնց է կյանքը Յոենսուում։ Հարցրի, թե ոնց է կյանքն ամուսնու համար․ աշխատանք ճարե՞լ է, թե՞ ոչ։ Ասաց, որ մինչև տարվա վերջ ամուսինը ֆիզարձակուրդ է, դրանից հետո նոր կմտածեն, թե ինչ անեն։ Հետո մեկ էլ ֆայմեցի, հարցրի, թե որտեղից է։

— Ադրբեջանից,- ասաց։

Մի պահ սառեցի, նայեցի ուղիղ աչքերի մեջ․ գիտի՞, որ հայ եմ։

— Դու էլ հայ ես, չէ՞,- ասաց,- հույս ունեմ՝ դեմ չես։
— Հույս ունեմ՝ դու դեմ չես,- ասացի։

Ծիծաղեցինք։ Ու էդպես ադրբեջանցի ու հայ նստած էինք իրար դիմաց՝ ֆիննական մի կորած քաղաքում ու քննարկում էինք ակադեմիական կյանքը։

 

 

 

 

Advertisements

12 responses to “Ընդմիջում

  1. Ծլնգ says:

    🙂 տեսնես ազգանունը ինչ է եղել, որ չես հասկացել ազգությունը։ Հետո ասում ես կորած քաղաք ա… նույնիսկ հայն ու ադրբեջանցին իրար այդտեղ կգտնեն։

    • byurie says:

      Չեմ ջոկում, սրա պատասխա՞նն էլ եմ ուրիշ տեղ գրել։ Ասում եմ՝ ազգանունը չգիտեի, մենակ անունով ներկայացավ, անունն էլ շատ նեյտրալ ու տարածված անուն էր, որտեղից ասես կարար լիներ։

  2. urishbaner says:

    Ձեռս չգնաց լայկ դնեմ :)) Այ քեզ հանդիպում։ Գոնե թուրք լիներ 🙂

    • byurie says:

      Չէ, սենց ավելի հետաքրքիր էր․ թուրքերի հա էլ հանդիպում ես Եվրոպայում, ու մեծ մասամբ հայերի նկատմամբ վատ չեն տրամադրված։

  3. uluana says:

    Ան, բա հենց դրանով ա հետաքրքիր, էլի, որ ադրբեջանցիներն ավելի շատ են ատելությամբ տրամադրված լինում, իսկ էս աղջիկը, փաստորեն, տենց չի։ :)))

    Բյուր, բայց ամեն դեպքում զգույշ եղի։ Հլը որ աշխատի հետը նույն սենյակում չքնել։ 😀

    • urishbaner says:

      Դե ոնց պիտի արտահայտվեր էդ կարճ ժամանում։ Ոնց էլ լինի նախատրամադրվածություն կունենա, էդ իրանց մոտ շատ լուրջ ա քարոզվում։

      • uluana says:

        Ինձ թվում ա՝ դա նենց բան ա, որ եթե լիներ, ոնց էլ չլիներ, հենց էդ բացահայտելու պահին հայացքից կերևար. ամեն դեպքում առաջին ռեակցիան դժվար ա կեղծել։ Եսիմ, կարծում եմ՝ ինչ–որ բան կզգար Բյուրը, եթե տենց վերաբերմունք լիներ։

      • byurie says:

        Չէ, ինքը հետո ուրիշ բաներ էլ ասեց։ Պատմեց հայերի հետ հանդիպելու իրա փորձից, բան։ Ոչ մի տեսակի ատելություն չկար։ Իհարկե քաղաքական թեմաներով չխոսեցինք, ու չգիտեմ՝ ինչ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում։ Բայց ինքը վեր էր էդ ամբողջ քարոզից ու ամեն ինչից։ Դրան էլ գումարած, որ վաղուց էնտեղ չի ապրում։

  4. urishbaner says:

    “Դրան էլ գումարած, որ վաղուց էնտեղ չի ապրում։” Էդ ահագին փոխում ա պատկերը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: