Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հանդիպում մարդկանց հետ, որոնց տարիներով չէի տեսել

on September 19, 2017

Իմ կյանքում մարդկանց հետ կապ պահելը բավական բարդ է եղել․ դպրոցից հետո համադասարանցիներիս հետ գրեթե չեմ շփվել։ Միայն երկու հոգու հանգամանքների բերումով պարբերաբար տեսնում էի, իսկ մյուսներն էնպես են փոշիացել, կարծես գոյություն չեն էլ ունեցել։ Համալսարանից հետո համակուրսեցիներիս հետ կապը գնալով կորում է։ Ֆեյսբուքով մեկ-մեկ շփվում ենք, բայց շատերին արդեն մի քանի տարի է, ինչ չեմ տեսել։ Իսկ Էրազմուս մունդուսի ծրագիրս էլ ճիշտ հակառակն է․ ունեմ համակուրսեցիներ, որոնց տարին մի քանի անգամ տեսնում եմ։ Ոմանց էլ մի քանի տարին մեկ եմ տեսնում, բայց երևի բավարար չափով ժամանակ չի անցնում, որ ինչ-որ դիսկոմֆորտ զգամ կամ զարմանամ, թե ինչ է դարձել տարիներ անց։

Բայց փոքր տարիքում մարդկանց հետ շատ ուժեղ էի կապվում։ Երևի այդ կապի չփոխադարձելն էր պատճառը, մի քիչ էլ բնակավայրս հաճախ փոխելը, որ սկսեցի մարդկանց հետքը կորցնել ու չափսոսալ դրա համար։ Ու այս թեմայի շրջանակներում ուզում եմ մեկ շատ կարճ ու մեկ մի քիչ երկարատո պատմություն պատմել։

Առաջինը Նինայի պատմությունն է։ Մենք նույն մանկապարտեզն ենք գնացել։ Իմ հիշելով՝ Նինայի հետ շատ էի խաղում ու նրան իմ մտերիմ ընկերուհին էի համարում։ Բայց երբ մանկապարտեզը վերջացրինք, կապը կորավ։ Տարիներ անց տեսնում էի Նինային հիշեցնող մի աղջկա, որը հաճախ մեր տան մոտով էր անցնում։ Մի օր որոշեցի մոտենալ ու հարցնել, թե արդյոք Նինան է ինքը։ Ասաց, որ հա ու զարմացած նայեց ինձ։ Ոչ մի կերպ չհիշեց ինձ։

Երկրորդը Մարիայի պատմությունն է։ Պրահայում մենք բրիտանական դպրոցի նույն դասարանում էինք։ Քանի որ ինքն ամառվա ընթացքում ամերիկյան դպրոց էր գնացել, սեպտեմբերին արդեն մի քիչ անգլերեն գիտեր, ի տարբերություն ինձ, որ գույներից ու թվերից բացի ոչինչ չգիտեի, նույնիսկ տառերը։

Մարիան սլովակ է։ Իր ծնողներն իմ մոր հետ նույն տեղում էին աշխատում, ինչն էդքան էլ զարմանալի չէր․ բրիտանական դպրոցի աշակերտների մեծ մասի ծնողներն արտասահմանյան կազմակերպություններում էին աշխատում, ու ընդհանրապես շատերս էինք կոլեգաների երեխաներ։

Չեմ հիշում՝ ինչպես մտերմացանք։ Բայց դասարանում ես, Մարիան ու չեխ Էվան անբաժան եռյակ էինք․ նույն սեղանի շուրջ էինք նստում, դասամիջոցներին իրար հետ էինք, միասին թատրոնի ու նկարչական խմբակ էինք հաճախում։ Բայց դա ընդամենը մի տարի տևեց։ Հաջորդ տարի մեր տնօրենի պայծառ նախաձեռնությամբ ու մորս՝ հարցին չդիմադրելու արդյունքում ինձ ու եղբորս տեղափոխեցին դպրոցի մեկ այլ մասնաշենք, որը քաղաքի լրիվ ուրիշ մասում էր գտնվում։

Նոր դասարանիս հետ մերվել չէի կարողանում։ Իսկ Մարիային ու Էվային միայն ֆիզկուլտի դասերին հանդերձարանում էի տեսնում․ իրենք ուրիշ դահլիճում էին։ Էդ ընթացքում հասցնում էինք արագ-արագ թեթևակի շփվել։ Էդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ Մարիայի հետ հեռախոսահամարներով փոխանակվեցինք։ Ու հաճախ զանգում էինք իրար։ Թե՞ մենակ ես էի իրեն զանգում, չեմ հիշում։ Ամեն դեպքում, հետո սկսեցինք նաև իրար տուն գնալ-գալ։ Էդպես ահագին մտերմացանք։

Բայց ևս կես տարի, ու մենք վերադարձանք Հայաստան։ Ինձ համար անտանելի տրավմատիկ էր Պրահայի աշխարհս թողնելն ու ինձ համար արդեն անծանոթ դարձած երկիր վերադառնալը։ Մարիայի հետ որոշեցինք իրար նամակներ գրել։

Ամեն անգամ երբ մեկնումեկը գործուղվում էր Պրահա, հետը Մարիային նամակ էի ուղարկում, որ ծնողների միջոցով հասնի իրեն, բայց պատասխան չէի ստանում։ Միայն այն ժամանակ, երբ վերջապես մայրս գնաց ու նամակս փոխանցեց, Մարիայից նամակ ու հսկայական նվերների կապոց ստացա։ Նվերների մեջ նաև իր պատրաստած բացիկն էր, որի վրա երկուսիս վերջին լուսանկարն էր Պրահայում։ Հիմա նստած մտածում եմ, որ երևի մյուսները հավես չեն արել նամակներս տեղ հասցնել։ Կամ էլ Մարիան հավես չի արել պատասխանել, որովհետև երբ մեյլերը մեջտեղ ընկան, սկսեցինք բավական հազվադեպ իրար գրել։

Դրանից հետո առաջին անգամ հանդիպեցինք վեց տարի անց, երբ ընդունելության քննություններս հաջող հանձնելուց հետո ես ու մայրս մեկնեցինք Պրահա հանգստանալու։ Հետաքրքիր հանդիպում էր․ Մարիան ևս երկու տարի ուներ դպրոցում։ Լիքը չաչանակեցինք, քաղաքով մեկ ման եկանք, ասես ոչինչ չէր փոխվել։

Անցավ ևս հինգ տարի, ու ես մեկնեցի Լոնդոն կոնֆերանսի։ Մարիան այդ ժամանակ այնտեղ ուսանող էր։ Հանդիպեցինք ու միասին Լոնդոնը ոտքի տակ տվեցինք, բայց էստեղ էր, երբ զգացի, որ մեր կյանքերը լրիվ ուրիշ ուղղություններով են գնացել․ Մարիան արվեստի պատմություն էր սովորում, ես՝ բժշկություն։ Մարիան ուզում էր ուսումն արագ ավարտել, վերադառնալ Պրահա, իսկ ես աշխարհը նվաճելու մեծ երազանքներ ունեի։

Իսկ հետո արդեն կապը ֆեյսբուքով էր։ Իմացա, որ բակալավրից հետո ուսումը չշարունակեց, իսկ հետո շատ շուտ՝ քսաներեք տարեկանում ամուսնացավ։ Հետո ամուսնու հետ մեկնեց ԱՄՆ։ Դրանից հետո Պրահա գնալիս Մարիային միշտ գրում էի, բայց միշտ քաղաքում լինելու մեր գրաֆիկները չէին համընկնում։ Բայց ֆեյսբուքի հին պրոֆիլիս հետ ջնջվեց նաև Պրահայի համադասարանցիներիս հետ կապը, ու հիմա մի քանի տարին մեկ մտնում եմ Մարիայի պրոֆիլ, տեսնում, որ երջանիկ է։ Ի՞նչ իմանաս, գուցե մի օր էլի հանդիպենք։

 

Advertisements

10 responses to “Հանդիպում մարդկանց հետ, որոնց տարիներով չէի տեսել

  1. uluana says:

    Ինչ հավես ա, որ տենց հին ընկերուհիներ ունես։ Իմ ամենահին ընկերուհիներն ընդամենը քսան տարվա հնության են, որոնց հետ տասներորդ դասարանում եմ ծանոթացել, մեկի հետ նախորդ դասարանում, երբ պիտի դասարանն արդեն փոխեի, այսինքն՝ միասին սովորել ենք ընդամենը երկու ամսից էլ քիչ, մյուսի հետ էլ նոր դասարանում, երբ արդեն տեղափոխվել էի։ Մնացած ավելի հին ընկերուհիներիս հետ կապը կորել ա արդեն վաղուց։

    Ես էլ եմ իմ մանկության բոլոր ընկերուհիներին (ու ոչ միայն ընկերուհիներին, ընդհանրապես մարդկանց) հիշում, բայց հանդիպելիս կամ իրանք ինձ չեն հիշել, կամ էլ ձևացրել են, թե չեն հիշել, չգիտեմ։ Դե, ես էլ շատ դեպքերում ձայն չեմ հանել, նենց որ գուցե նույնն էլ իրանք են արել, բայց ընդհանուր առմամբ ավելի շատ հակված եմ ենթադրելու, որ իրոք չեն հիշում, մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հիշում ուղղակի մինչև որոշակի տարիքն ունեցած ծանոթներին, բացառությունները քիչ են, ինչքան նկատել եմ։ Համենայնդեպս, երբ ծանոթ մարդ ես տեսնում, ակամա անընդհատ նայում ես, չէ՞, այսինքն՝ դիմացինն էլ, եթե իրան ծանոթ լինեիր, պիտի որ նույն ձևի նայեր, որևէ հետաքրքրություն ցույց տար, թեկուզ զուտ նայելով։ Բայց չէ, կատարյալ անտարբերություն։ 😀

    Լսի, ես չգիտեմ՝ ինչի մասին գրեմ էս թեմայով… Ոչ մի տենց տպավորիչ հանդիպում մտքիս չի գալիս։ Քանի օր ա՝ սրա մասին եմ մտածում, փորփրում եմ հիշողությանս ծալքերը, փորձում եմ ինչ–որ մարդկանց գտնել, որոնց հետ երկար տարիներ չհանդիպելուց, չառնչվելուց հետո հանդիպեl եմ, բայց չեմ գտնում։ Կարծես թե բոլոր էն դեպքերը, երբ տվյալ մարդկանց հետ այլևս նույն միջավայրում չլինելուց հետո հանդիպել եմ, տենց երկար տարիներ հետո չեն եղել, այլ մեկ–երկու տարի հետո, իսկ մնացածի հետ ուղղակի չեմ հանդիպել մեր ճանապարհների բաժանումից հետո։ 😀 Դե, Ֆեյսբուքով մեկ–մեկ շփվելը կամ մեկ–երկու անգամ խոսելը երևի հաշիվ չի, չէ՞։ Իսկ, այ թե ինչու շատերի հետ առնվազն ես հանդիպում չեմ նախաձեռնում՝ այլ թեմա ա, որի մասին կարող եմ գրել, բայց դե մեր թեման ուրիշ ա։ :)))

    Հ.Գ. Էս երկու օրը ինչ քոմենթ գրում եմ, եքա գրառում ա ստացվում։ 😀

    • byurie says:

      Դե ընկերուհի բառը մի քիչ չափազանցված ա: Արդեն ութ-ինը տարի կլինի, ինչ Մարիայի հետ չեմ շփվել ու չորսուկես տարի, ինչ ֆեյսբուքիս հին պրոֆիլը չկա:

      Կարծում եմ՝ սենց պատմություններ գտնելու դժվարությունը երկու բանով ա պայմանավորված: Մեկը էն, որ ֆեյսբուքը կա, ու նույնիսկ էն մարդիկ, որոնց հետ չենք շփվում, աչքներիս առաջ են: Մյուսն էլ էն ա, որ դեռ մեկ ա շատ ջահել ենք, ու համարյա ոչ մի հանդիպումից տենց շատ ժամանակ չի անցել:

      Գրի, թե ինչու հանդիպում չես նախաձեռնում, հետաքրքիր ա:

      • uluana says:

        Հա, Ֆեյսբուքի պահն իրոք ճիշտ ես նկատել, բայց շատ ջահել լինելու հետ կապված էնքան էլ համաձայն չեմ։ Երեսունն անց մարդու համար մանկապարտեզի, դպրոցի ծանոթների հետ հանդիպելը կա, դեռ ուսանողական ընկերներն էլ։ Օրինակ, իմ՝ Բրյուսովն ավարտելուց հետո տասնհինգ տարի ա անցել. կարծում եմ՝ բոլորովին ժամանակ չի։ Խնդիրն էն ա, որ ավարտելուց հետո շատերին ընդհանրապես չեմ տեսել, ոմանց հետ էլ ավարտելուց հետո շատ չանցած եմ հանդիպել մի քանի անգամ, որից հետո էլ ընդհանրապես չեմ հանդիպել։ Այ, հիմա որ հանդիպեի, լրիվ էս թեմայի նյութ կլիներ, բայց դե չեմ հանդիպել, ի՞նչ անեմ։ 😀

      • byurie says:

        Ջահել ասելով հենց դա նկատի ունեմ, որ տասնհինգ տարում հանդիպելու հավանականությունն ավելի փոքր ա, քան ասենք քառասուն տարում: Թե չէ հա, անցել ա ահագին ժամանակ, որ սենց պատմություն գրվի:

      • uluana says:

        Հա՜, էդ իմաստով նկատի ունես։ :))) Դե հա, մեկ էլ տեսար՝ մի օր հանդիպենք դպրոցն ավարտելու քառասունամյակի կապակցությամբ։ 😀

        Լսի, էս վերջերս եմ նկատել, որ էս wordpress–ում մի քոմենթի տակ երկուսից ավել անգամ պատասխանել չի լինում, կոկճակը չի երևում, պիտի ընդհանուր քոմենթ անես, այսինքն՝ կոնկրետ քոմենթին չես կարող պատասխանել…

      • byurie says:

        Կարաս, եթե նոթիֆիքեյշընի զանգի տակ ես պատասխանում 😀

  2. Ծլնգ says:

    Փաստորեն ուրիշի մեկնաբանությունների թելի մեջ չես կարող մեկնաբանություն ավելացնել, որևհետև դրա մասին նոթիֆիքեյշն չունես։ :)))

    Ինձ համար էլ է տարօրինակ, որ մանկապարտեզից ծանոթների հետ հասուն տարիքում շփում ես ունեցել։ Հիմա որ քցում-բռնում եմ, ոչ մանկապարտեզից, ոչ դպրոցից ու ոչ էլ կուրսիցս ոչ մեկի հետ էլ մի 10 րոպեից ավել խոսելու ցանկություն չեմ ունենա։ Միգուցե, որ նորից հանդիպեմ, ուզենամ հետները նորովի ծանոթանալ, չգիտեմ, բայց հիշողությունների հիման վրա հեչ ցանկություն չի առաջանում։ Սա էլ է պատճառներից, որ ֆեյսբուկ-մեյսբուկներում ցանկություն չեմ ունեցել գրանցվել, որ հին ծանոթ-մանոթներիս փնտրեմ գտնեմ։ Բայց մի համադասարանցի ունեի, ում հետո ուզեցել եմ գտնել։ Իրար հետ նույն սեղանի դիմացն էինք նստում, ու ոնց որ քուրս լիներ, մի ձև մտերմություն կար, որ մինչև վերջ էլ չեմ ըմբռնել։ Բայց 4-րդ թե 5-րդ դասարանում էինք, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան, ու ոչ մի ձեն-ձուն չունեմ իրենից դրանից հետո։ Ուսանողական տարիներիս փորձեցի գտնել, հետո մի երկու թեթև փորձ էլ եմ արել, բայց ապարդյուն։ Ու չեմ էլ կարծում, թե ինքը ինձ հիշելուց կլինի։ Եսիմ 🙂 Չկա տենց մեկը վաղ մանկությունիցս (10 տարեկանից փոքր հասակիցս), ում կուզենայի տեսնել, կամ իրենից բան իմանալ։

    • byurie says:

      Հասուն տարիքը ո՞րն ա։ Էդ Նինայի պատմությունը որ պատմեցի, իրան տասնմեկ-տասներկու տարեկանում եմ հանդիպել։ Դրանից հետո ո՛չ լսել եմ իրա մասին, ո՛չ ուզում եմ լսած լինել։
      Թե չէ կուրսեցիներիս հետ ես էլ առանձնապես չեմ ուզում կապ պահել, բայց հստակ պատճառ կա։ Մի տեսակ տոքսիկ բան կա իրանց մեջ։ Ամեն անգամ շփվելիս ոնց որ կշեռքի մի նժարին իրանց կյանքը դնեն, մյուսին՝ իմը, տեսնեն՝ ումն ա ավելի լավը։ Ու հենց դրա համար ֆեյսբուքի ընկերներիս մեջ համակուրսեցիներիցս շատ քչերը կան։

      • Ծլնգ says:

        Հա՞, մոտս տպավորություն էր ստեղծվել, որ շատ ավելի ուշ էր այդ հանդիպումը։ Հա՛, կա տենց բան, երբ երբեմնի ծանոթներդ քեզ իրենց կշեռքով են փորձում չափել, ու հլը մի ձև խղճանքով էլ վերաբերվում են, եթե իրենց հաջողության մասին չափանիշներին չես հասել։ 🙂

      • byurie says:

        Դե իրականում կրկնակի կյանք էր․ վեցից տասներկու տարեկան հսկայական անցում ա։ 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: