Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Լեզուները Յոենսուում

on September 22, 2017

Ֆիններենի դասերը

Յոենսուում ինձ ստատուսակից կամ հասակակից մարդկանց հետ ծանոթանալու վերջին հույսս ֆիններենի դասերն էին։ Համալսարանն իր նոր աշխատակիցների համար դասընթաց էր կազմակերպում։ Բավական լուրջ հույսեր ունեի այդ դասերից, որովհետև ի վերջո Դանիայում էլ իմ լավագույն ընկերները հենց լեզվի խմբից էին:

Բայց էստեղ մի խնդիր կար․ դասընթացները կա՛մ ֆիններեն 1, կա՛մ ֆիններեն 3 մակարդակի էին։ Իսկ ինձ (ո՜վ զարմանք) ֆիններեն 2-ն էր պետք։ Կարող էի իհարկե ֆիններեն 3-ին գրանցվել ու ճռռալով հասցնել, ինչպես մի ժամանակ ֆրանսերենն էի մի մակարդակ վերև վերցրել ու հասցրել։ Բայց հիմա այդքան ժամանակ չունեմ․ առանց էդ էլ հազիվ եմ հասցնում դասերս, գիտությանը գրեթե ժամանակ չի մնում, ու օրը երեք-չորս ժամ ֆիններենը տնաքանդություն կլիներ։

Էդպես մտածեցի, որ կրկնությունը չէր խանգարի, քանի որ ի վերջո ֆիններեն 1-ը հինգ տարի առաջ էի անցել ու դրանից հետո չէի կիրառել։ Ու գրանցվեցի դասերին։ Առաջին երկու դասին չկարողացա գնալ, որովհետև իմ դասավանդման ժամերի հետ համընկնում էր։ Բայց նյութերը քաշեցի, պարտաճանաչ կերպով բոլոր տնայինները արեցի, անցա նաև լսարանում արած նյութերի վրայով ու ներկայացա լսարան։

Առաջին շոկս հենց լսարանն էր․ կամպուսի ամենամեծերից մեկը, որը կարող է մոտ հարյուր ուսանողի տեղավորել։ Մտածեցի՝ սխալ եմ եկել։ Բայց դրսում հավաքվածներին հարցրի, թե արդյոք ֆիններենի դասի են եկել։ Դրական պատասխան տվեցին։ Մտածեցի՝ երևի փոքր լսարանները զբաղված են, դրա համար ենք էստեղ։ Բայց երբ նախորդ դասի ուսանողները դուրս եկան, ու մենք սկսեցինք լցվել, հասկացա, որ էնքան էլ փոքր խումբ չէ։ Ավելին՝ բոլոր ներկաներն ուսանողներ էին։ Երևի միայն ես էի աշխատակիցներից։

Մեկին հարցրի, թե՝ էսպե՞ս ենք դաս անելու։ Ասաց՝ հա, խմբում քառասունհինգ հոգի կա։ Հետո պիտի մտնեի խմբի էջն ու տեսնեի, որ հիսուներկու հոգի է գրանցված։ Ո՞վ է այսքան շատ մարդկանցով լեզու սովորում։

Հետո հայտնվեց ֆիններենի դասախոսն ու սկսեց դասը։ Ամբողջ դասին անգլերեն էր խոսում։ Չնայած ինձ մեյլում գրել էր, որ դասերը շատ ինտենսիվ են ու արագ առաջ են անցնում, պարզվեց, որ տանն ընդամենը տասը րոպե տրամադրելով ես իրենցից առաջ էի ընկել։ Դե պարզ է․ էդ ամբողջ նյութն արդեն գիտեի, ու ինձ համար հեշտ էր։ Բայց տեղից էլ ահագին քիչ բան էին հասցրել երկու դասում, ու պարզվում է՝ դրանից էլ են հետ։

Ու սկսվեց մի մանկապարտեզ վիճակ։ Դասախոսն ուսանողների հետ էնպես էր խոսում, ոնց որ երեխաներ լինեին։ Ուշացած ուսանողներին նախատում էր։ Ախմախ ու պրիմիտիվ հարցեր էր տալիս՝ թույլ տալով, որ ուսանողները խոռով պատասխանեն։ Էդպես ահագին արագ սկսեցի ձանձրույթից մեռնել։ Ամբողջ երկու ժամ ձայնավորների հարմոնիայի մասին լսելն ուղղակի ժամանակի ավելորդ կորուստ էր։ Տարիներ առաջ մեր դասախոսը՝ Յոհաննան, դասին ոչ մի անգլերեն բառ չէր ասում։ Ու իրոք ինտենսիվ էր դասավանդում։ Հիշում եմ՝ տնայիններն անելն ու նոր բառերը սովորելը մի քանի ժամ էր տևում։

Դասից դուրս եկա ու անմիջապես դասախոսին մեյլ գրեցի՝ բացատրելով, որ մի քիչ ֆիններեն գիտեմ, ու ձանձրանում եմ։ Երկու տարբերակ առաջարկեցի․ կա՛մ կուրսի առաջին կեսը տանն ինքնուրույն անել ու միանալ այն տեղից, որտեղից կդժվարանամ, կա՛մ ավելի բարձր մակարդակ վերցնել (թաքուն մտածում էի, որ ինչ-որ տեղ թաքնված ֆիններեն 2 կլինի): Մանկապարտեզային վերաբերմունքն էստեղ էլ շարունակվեց․ ասաց, որ առաջին տարբերակն անհնար է, որովհետև 65% մասնակցություն, բլաբլաբլա, իսկ ֆիններեն 2-ը հունվարից է լինելու։ Ես էլ ջղայնացա, ընդհանրապես հրաժարվեցի դասընթացից․ ինձ համար շաբաթը չորս ցերեկային ժամը չափից դուրս շատ է էդպիսի անիմաստության զոհելու համար։

Դժգոհությունս բարձրաձայնեցի կոլեգաներիս շրջանում։ Ասացին, որ լեզվի կենտրոնը թերֆինանսավորվում է, ու բավարար թվով դասախոսներ չունեն։ Էդ դեպքում գուցե կարելի էր մասնակիցների թիվը սահմանափակել, որ որակը չտուժեր։ Ախր չեմ պատկերացնում լեզվի խումբ, որտեղ դասախոսը բոլոր ուսանողներին անունով չգիտի։ Ինչևէ, հասկանալով, որ համալսարանում լեզու սովորելն անհույս էր՝ փորձեցի այլընտրանք գտնել։

Լեզվի կաֆե

Ֆեյսբուքում տեսա, որ Էրազմուս ուսանողների ցանցը լեզվի կաֆեներ է կազմակերպում՝ տարբեր լեզուների համար։ Ուզեցի գրանցվել, բայց նկատեցի, որ պարտադիր է ուսանողական տոմսը ցույց տալը։ Ահագին ջղայնացա, բայց լավ էր՝ Մանուն բզեց, որ մեյլ գրեմ իրենց։ Գրեցի, ասացին՝ որ կարող եմ ներկայանալ, ինչ-որ այլ իվենթի տեքստ են քոփի-փեյսթ արել, ավտոմատ գնացել էր ֆեյսբուք։ Ուրախացած ֆեյսբուքի իվենթում գրանցվեցի, հետն էլ նշեցի, որ հայերեն կսովորեցնեմ ու կուզեմ դանիերեն խոսել։

Էդպես հավաքվեցինք Յոենսուի քաղաքային գրադարանում։ Երևի բոլորի միջից ոչ ուսանողը ես էի, բայց արդեն սկսում եմ ընդունել էն փաստը, որ եթե ուզում եմ սոցիալիզացվել, ուրեմն պիտի ուսանողների հետ ֆռֆռամ, նույնիսկ եթե նրանց անմիջականորեն դասավանդում եմ։

library

Յոենսուի քաղաքային գրադարանը

Լեզվի կաֆեներն էսպես են աշխատում․ մեկ կամ երկու հոգի որոշում են կոնկրետ լեզվի կաֆե բացել, մյուսները գրանցվում են։ Հետո խումբն ինքն իրենով որոշում է որտեղ ու ոնց հավաքվել ու ինչ անել։ Էդպես ես անխնա կերպով գրանցվեցի բոլոր այն լեզուների խմբերում, որոնց գիտելիքներս զրոյից տարբեր թիվ է։ Մենակ իսպաներենն ու անգլերենը չգրանցվեցի, դե դանիերենի խումբ էլ էդպես էլ չստեղծվեց։

Ես ու Մանուն հայերենի խումբ բացեցինք ու սկսեցինք ակտիվորեն մարդկանց հավաքագրել։ Բացատրում էինք, որ Յոենսուում պատմական պահ է․ միանգամից երկու լեզվակիր, էսպիսի բան էլ չի լինի։ Հայերենը ներկայացնում էինք որպես աշխարհի ամենահին լեզուներից ու հետաքրքիր այբուբեն ունեցող։ Էդպես մի յոթ-ութ հոգու հավաքագրեցինք։ Համեմատության համար ասեմ, որ օրինակ ֆիններենը քառասուն հոգու էր հավաքագրել։

Բնական է՝ բոլոր խմբերին չեմ հասցնի գնալ։ Երևի խորհուրդ էլ չի տրվում միանգամից էդքան լեզու խառնել իրար։ Բայց ամեն դեպքում բոլոր գրանցումներս պահեցի տեղում՝ մտածելով, որ կմասնակցեմ միայն նրանց, որոնք ավելի կազմակերպված կլինեն։

Ռուսերենը Յոենսուում

Ես բախտավոր եմ, որ ռուսերեն գիտեմ։ Բախտավոր եմ, որովհետև Յոենսուում ռուսերեն իմանալը փրկություն է։ Հաճախ ինֆորմացիան միայն ֆիններեն ու ռուսերեն է, հայտարարությունները ֆիններեն ու ռուսերեն են արվում։ Կոլեգաներիցս էլ ոմանք նորմալ անգլերեն չգիտեն, ու հետները ռուսերեն եմ շփվում։ Հաստատ ավելի մոլորված կլինեի այստեղ, եթե ռուսերեն չիմանայի։

Բայց էդքանով հանդերձ ռուսերեն վարժ չեմ խոսում։ Հենց առաջին օրերից նկատեցի, որ Յոենսուն ռուսերենը մարզելու հրաշալի հնարավորություն է տալիս։ Դեռ ավելին․ ինձ խնդրել են հոկտեմբերի սկզբին ռուսերեն լեկցիա կարդալ, ու մինչև էդ լավ կլիներ՝ մի քիչ լեզուս բացվեր։

Դրա համար լեզուների կաֆեի գրանցումների ժամանակ մի ռուս տղայի ու աղջկա, ովքեր տատանվում էին՝ խումբ բացե՞ն, թե՞ չէ, բզեցի, որ բացի՝ խոստանալով, որ կօգնեմ կազմակերպչական աշխատանքներով։

Որքան էլ զարմանալի լինի, էդ բոլոր խմբերից ամենակազմակերպվածը հենց ռուսերենը դուրս եկավ․ միանգամից էս շաբաթվա մեջ ընտրեցին բոլորին հարմար օր, ու հավաքվեցինք քաղաքային գրադարանում։ Կազմակերպիչներն ահագին նյութ էին պատրաստել՝ տառերով-բանով։ Ու ահագին մեծ եղավ իրենց զարմանքը, երբ տեսան, որ ոչ մի բացարձակ սկսնակ չէր ներկայացել։ Ընդ որում, Մանուից բացի իմ ուսանողներից ևս երկուսն էին էնտեղ, ու բոլորն ահագին ռուսերեն գիտեին։

Էդպես տառերը մի կողմ թողեցինք ու անցանք հետաքրքիր ռուսերեն արտահայտությունների, որոնք կազմակերպիչներից մեկը՝ Նաստյան պեղել էր զուտ զվարճանքի համար։ Էստեղ մենք նկատեցինք, թե հայերենում ինչքան շատ խոսակցական արտահայտություններ կան, որոնք ռուսերենից բառացի թարգմանությամբ են մտել։ Ձեռի հետ էլ նոր խոսակցական բառ սովորեցինք․ վիդոսիկի։ Թե կարող եք, գուշակեք, թե ինչ է նշանակում։

Հանդիպումը վերջացավ, անմիջապես հաջորդը նշանակվեց, որոշվեց, թե ինչ պիտի անենք հանդիպումների ժամանակ։ Այսուհետ թեմաներ ենք վերցնելու, պատրաստվենք ու զրուցենք։ Ընտիրագույն լուծում։

Յոենսուից երևի էդ մի քյարը կմնա․ լեզուները։

Advertisements

19 responses to “Լեզուները Յոենսուում

  1. urishbaner says:

    Բայց ինչի՞ կաֆե։

    Ինչ անհրապույր ա գրադարանը, Բյուր։ Մեզ մոտ տաք փայտի գույներ են, գունավոր, փափուկ կանապեներ, մտնում ես, ուզում ես տեղավորվել ու վայելել․․․

    • byurie says:

      Ենթադրում եմ, որ կաֆեներով ա սկսվել։ Համենայնդեպս, Կոպենհագենում կային սենց բաներ, որ կաֆեներում էին տեղի ունենում։
      Գրադարանը շատ լավն ա, տարբեր տեսակի հարմարանքներ ունի։ Ֆոտոն որ արել եմ, ցույց ա տալիս զուտ գրքերը։ Թե չէ ամեն տեսակի գործողության համար հարմարանք կա էնտեղ։

      • urishbaner says:

        Չէ, կոկիկ ա, բայց փափուկ գորգեր ու տաքուկ գույներ չկային․․․

      • byurie says:

        Դե սկանդինավյան դիզայն 😀

      • Ծլնգ says:

        Հա, ես էլ այդ գրադարանի նկարը տեսնելուց մտածեցի՝ ու սենց գրադարան ունեցող քաղաքից Բյուրը բողոքո՞ւմ ա։ Շփվելու լավ տեղ ասե՞մ։ Պարի խմբակներ :))) Չգիտեմ Ֆինլանդիայում դրանք կան թե չէ, բայց սովորաբար այդտեղ միքիջ տարիքի հավես դեմքեր են հավաքվում…

      • byurie says:

        Պարի խմբակներ էլ կան․․․ ուսանողների համար 😀 Համալսարանի սպորտային ակումբին եմ գրանցվել, էնտեղ ամեն ինչ կա։ Բայց էլի հիմնականում ուսանողներ են գնում։

  2. uluana says:

    Տեսնես՝ ինչի՞ են լեզվի պաշտոնական դասընթացները բոլոր առումներով տենց անկապ կազմակերպվում էդտեղ։ Իսկապես, հիսունքանի հոգանոց լեզվի խումբը ո՞րն ա։ Լրիվ ձևական բան ա, էլի, պարտականություն են կատարում ուղղակի։ Մեկ էլ տարօրինակ ա, որ ֆիններեն–2 չկա. էդ ո՞նց ա տենց ստացվել։ Թե՞ ուղղակի թափուր տեղեր չկային արդեն, որ միանայիր։

    Բայց ինչ ուզում ես՝ ասա, նախաձեռնող ու կազմակերպված մարդը ամեն քնջում էլ հետաքրքիր ու օգտակար զբաղմունքներ կգտնի, եթե չլինի էլ՝ չեղած տեղից կստեղծի։ Դե, դու էդ մարդկանցից ես։ :))) Ես էլ եմ ուզում էդպիսին լինել։ 😦

    Ի դեպ, ուսանողների հետ շփվելը պիտի որ հավես լինի. ի՞նչ անենք, որ տարբեր կարգավիճակներում եք։ Ուսանողության հետ շփումը, կարծում եմ, ցանկացած տարիքում էլ հաճելի ու օգտակար ա։

    • Ծլնգ says:

      Ճիշտն ասած լեզվական առաջին կուրսի համար այդքան մեծ դասարանի մեջ վատ բան չեմ տեսնում։ Ու ակտիվ ուսուցման մեթոդներ կան, որ հարյուր հոգանոց լսարաններում էլ են գործում։ Իսկ Ֆիններեն-2 կուրսի չլինելը ահագին տրամաբանական է. ռեսուրսների սղության պատճառով աշնան սեմեստրում առաջարկում են Ֆիններեն-1, գարնանը՝ Ֆիններեն-2, հետո հաջորդ աշնանաը նախորդ սեմեստրի Ֆիններեն-2-ի ուսանողները գնում են Ֆիններեն-3։ Դրա համար էլ աշնանը 1-ն եւ 3-ն են, իսկ գարնարնը՝ 2-ը։

      • byurie says:

        Լեզվի դեպքում չի գործում, որովհետև լեզուն սովորական գիտելիք չի, դասախոսի հետ անմիջական շփում ա պետք ամեն վայրկյան, ամեն վայրկյան հարց ունես դասախոսին, ամեն վայրկյան պիտի արտասանություն-բան ուղղի։ Թե չէ սենց հանձնարարում ա կողքինի հետ երկխոսությունը կարդալ, հասկանալ, հետո մեծ խմբում ա քննարկում, բայց տենց էլ չի իմանում՝ լսարանում ամեն մարդ կարողանու՞մ ա բոլոր բառերն արտասանել։

        Ինչ խոսք, ռեսուրսների սղության պատճառով տրամաբանական ա թվում, բայց ստեղ մի հատ հսկայական բայց կա։ Մեր համալսարանում ամբողջական ուսումնական ծրագիր անող արտասահմանցի ուսանողները շատ քիչ են։ Հիմնականում փոխանակային ուսանողներ են, որոնք մի կամ երկու կիսամյակով են ստեղ։ Ոմանք հունվարից են սկսում։ Այսինքն, ստացվում ա նենց, որ հունվարից էկողներին ֆիններեն 1 չի առաջարկվում։ Կես տարի սպասում են, որ նոր սկսեն։ Էդպես լիքը ուսանողների հանդիպեցի վերջերս, որ նոր են սկսել ֆիններեն սովորել, չնայած կես տարի ա ստեղ են։

      • Ծլնգ says:

        Ոչ մի գիտելիք էլ սովորական չի։ Իսկ Ֆիններեն քեզ միջավայրն է Ֆինլյանդիայում սովորեցնելու, լեզվի տեսական մասն էլ կարաս ինքնուրույն էլ սովորել, հինգ հարյուր հոգանոց լեկցիայում էլ։ Ու ասեցի, կան ակտիվ ուսուցման մեթոդներ, որ հարյուր հոգանոց լասարանն էլ կարան նենց կազմավորեն, որ հինգ հոգանոց դասարանի զգացում ու էֆեկտ տա։

        Դասերի գրաֆիկի տեսանկյունից. եթե կես տարի է այդտեղ են, բայց մինչև հիմա չեն սովորել, ուրեմն կարիքը երևի այդքան չկա էլ։ 🙂 Ու նենց չի որ ես դեմ եմ ամեն սեմեստրում 10 հատ 1-2-3 դասեր ունենալուն, բայց դե… ու եթե կարան տարեկան մենակ երեք դաս առաջարկեն, ապա իրենց առաջարկած գրաֆիկը երևի ավելի լավ է, քան Ֆին-1 ու Ֆին-2 աշնանաը, Ֆին-3 գարնանը։

    • byurie says:

      Նշել էի գրառմանս մեջ, որ ռեսուրս չունեն, դրա համար են սենց մեծ խմբեր անում ու հենց դրա համար ֆիններեն 2 չկա։ Հունվարից էլ երևի ֆիններեն 1 չլինի։

      Ուսանողների հետ շփումն ընդհանուր առմամբ հետաքրքիր ա, բայց նայած ուսանող։ Իրանցից շատերը փարթիների մեջ են, ու իրանց ուշքն ու միտքը խմելն ա։ Պետք ա պեղել ավելի հետաքրքիր դեմքերի։ Դե հենց իմ ուսանողներն էդ հետաքրքիր դեմքերից են․ էկել են ստեղ սովորելու, ոչ թե հարբելու։

  3. Ծլնգ says:

    «Բայց հիմա այդքան ժամանակ չունեմ․ առանց էդ էլ հազիվ եմ հասցնում դասերս, գիտությանը գրեթե ժամանակ չի մնում…»

    Ակումբում մի անգամ օրագրումդ էր կարծես, գրել էիր, որ Դանիայում քեզ չգնահատեցին, դասավանդում չտվեցին, իսկ հիմա Ֆինալնդիայում 4 դաս ես դասավանդելու։ Դրա վրա ուզում էի ասել, որ շնչելու ժամանակ չես ունենալու, բայց չուզեցա փուքսդ նստացնեմ։ 🙂 Հուսով եմ մի օր բլոգումդ կպատմես գործիդ ծանրաբեռնվածության մասին (դասերի քանակը, ուսանողների թիվը, ինչ ես անում, ոնց ես անում, քննություն-տնային և այլն)։

    • byurie says:

      Չորս չէ, հիմա արդեն վեց ա դառել։ Իրականում էդ առարկաները զուգահեռ չեն, մեկը վերջանում ա, մյուսն ա սկսվում։ Դրա շնորհիվ գոնե շնչելու ժամանակ մնում ա։
      Հա, կգրեմ մոտ ժամանակներս։ Իրականում ես էնքան էլ մեծ ընտրություն չունեմ դասավանդման ու քննության մեթոդներն ընտրելիս, որովհետև ինձ տվել են հաստատված ու ֆիքսված կուրսեր, ու շատ քիչ կարամ շեղվեմ։

      • Ծլնգ says:

        Մի րոպե, այսինքն դրանք սեմեստրի երկարություն ունեցող դասեր չե՞ն։ Լավ, դու ասա շաբաթվա մեջ քանի կոնտակտային ժամ ունես ուսանողների հետ (քանի ժամ ես հետները լսարանում անցակցնում)։

      • byurie says:

        Չէ, ամբողջ սեմեստր չեն ձգվում, բայց էստեղ տենց ա։ Սեմեստրը նաև study period-ների ա բաժանվում։ Ու բացի դրանից, էն մագիստրոսական ծրագրում, որ դասավանդում եմ, սեմեստրը համալսարանի մեկուկես սեմեստրի համարժեք ա։ Կոնտակտային ժամերս էլ տարբեր են․ զրոյից մինչև ութ՝ կախված շաբաթվանից ու study period-ից, քննություններից ու այլ բաներից։ Մի խոսքով, բարդ ա։ Որ հավես ունենամ, մանրամասն գրառում կանեմ։

      • Ծլնգ says:

        Ահ, լավ… 8-ը արդեն շատոտ ա, բայց դեռ շնչախեղդ անող չի։ Հավես գտի ու արա… հավեսով կկարդամ ու հետդ կռիվ-մռիվ կանեմ։ :)))

      • byurie says:

        Դե հա, բայց մինչև դեկտեմբեր մենակ մի շաբաթ կա ութ ժամով, հունվարից հետոյի կուրսերս մինչև վերջ հաստատված չեն։ Կգրեմ, բայց դժվար կռվի թեմա լինի 😀 Պիտի չորով նկարագրեմ, թե ստեղ ինչ վարքուբարք ա

      • Ծլնգ says:

        Վայ լավ էլի, ես ու դու ուզենանք կռիվ անել ու դժվարանա՞նք։ :)))) Հուսով եմ կգրես… հետաքրքիր ա, իսկապես։

      • byurie says:

        Հա, կգրեմ 😀 Էս մի շաբաթը Կոպենհագենում եմ լինելու։ Հասնեմ Յոենսու, կգրեմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: