Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Նախասիրություններ․ երաժշտություն

on September 26, 2017

Քանի որ իմ բլոգային կենսագրության ընթացքում բոլոր նախասիրություններիս մասին բոլ-բոլ գրել եմ, որոշեցի էս թեմայի շրջանակներում անդրադառնալ դրանցից մեկին, բայց ոչ թե հենց էնպես, այլ թե ինչպես են սովորություններս փոխվել հարաբերության ներսում։

Ավելի քանի երկու տարի առաջ ակումբում մի էսպիսի գրառում արեցի․

Էս վերջերս ես ինձ համար հայտնագործություն եմ արել. կարևոր ա ոչ թե ինչ երաժշտություն ա մարդ լսում, այլ՝ ոնց ա լսում: Ինձ համար դա ֆունդամենտալ հարց ա, դա նենց բան ա, առանց որի հարաբերություններ չեն ստացվի: Բացատրեմ ինչու: Ես արթուն ժամանակ միշտ երաժշտություն եմ լսում: Հենց էս պահին էլ լսում եմ: Ու շատ եմ գնում կենդանի համերգների, սաղ փողերս դրանց վրա եմ ծախսում: Ու լինել մի մարդու հետ, որն էս ամենը չի հասկանում, ես ուղղակի չեմ պատկերացնում: 

Ոմանք զարմացան, ոմանք հիվանդագին համարեցին նման մոտեցումը, բայց հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ամեն ինչ բառ առ բառ ճիշտ եմ գրել, ու իրոք բավական բարդ կլիներ ինձ համար ապրել մի մարդու հետ, ով էս մի նախասիրությունս չի կիսում։ Հենց դրա համար էլ բոլորի միջից ընտրեցի մեկին, ով ինձ նման երաժշտասեր է ու ամբողջ օրը երաժշտություն է լսում ու համերգների գնում։

Մենք մոտավորապես նույն տիպի երաժշտություն ենք լսում։ Ճիշտ է՝ երևի չկա էնպիսի կատարող, որին երկուսս էլ հավասարապես սիրենք։ Բայց նաև շատ քիչ են էնպիսիք, որոնց մեկս սիրում է, մյուսը՝ տանել չի կարողանում։ Լուծումը շատ հեշտ է․ երբ երկուսս էլ տանն ենք, այդ կատարողներից ոչ մեկին չենք լսում։

Բայց միասին ապրելու արդյունքում փոխվել են նաև երաժշտություն լսելու միջոցներս։ Ժամանակին իմ սիրելի կատարողների ձայնասկավառակներն էի գնում ու ընդհանուր առմամբ երաժշտությունը Սփոթիֆայից լսում։ Հիմա ձայնասկավառակ լսելու տեխնիկական հնարավորության բացակայության ու տանը վինիլային սկավառակ լսելու հնարավորության առկայության պայմաններում դադարեցրել եմ ձայնասկավառակների գնումը՝ անցնելով վինիլային սկավառակների։

Հետո, Մորթենը ձայնի որակով շատ է տարված։ Դրա համար տանը մենակ որակյալ բարձրախոսներ են, ու ընդհանրապես երաժշտությունը կա՛մ վինիլներով ենք լսում, կա՛մ Մորթենի բարձրորակ թվային նվագարկիչով։ Մինչև բոլորովին վերջերս Սփոթիֆայի հաշիվս էլ էինք գործածում․ ի վերջո, հարմար տարբերակ էր, երբ մեր ուզած երաժշտությունը ոչ մի ֆորմատով չունեինք։ Բայց բաժանորդագրությունս դադարեցրի այս ամիս։ Պատճառներից մեկն այն էր, որ հանկարծ շատ ուժեղ զգացի որակյալ թվային ֆորմատի ու Սփոթիֆայի որակային տարբերությունը։ Բայց մնացած ավելի լուրջ պատճառների մասին առանձին գրառման տեսքով մի օր կպարզաբանեմ։

Համերգները շարունակում են առօրյայիս մասը մնալ։ Ավելին՝ ինչ միասին ենք, ավելի հաճախ ենք համերգ գնում, որովհետև ի վերջո մենք ունենք առանձին կատարողների ցուցակ, որոնց ուզում ենք տեսնել, ու ցուցակը ոչ միշտ է համընկնում (մինչև հիմա երևի միայն երկու դեպք է եղել, երբ երկուսս էլ հավասարապես ցանկացել ենք նույն համերգին գնալ․ Փաթի Սմիթ ու Garbage): Իհարկե, եթե Մորթենն է ուզում մեկի համերգին գնալ, դա բնավ չի նշանակում, որ ես կտրականապես դեմ եմ նրա հետ գնալուն։ Ավելին՝ դա օգնում է, որ ինքս ինձ համար նոր կատարողների բացահայտեմ կամ փորձեմ ծանոթ կատարողին մի քիչ ուրիշ աչքերով նայել։ Նույնն էլ իր դեպքում է։ Ասենք, Թորի Էյմոսին մինչև ինձ հետ ծանոթանալն ինքը գիտեր, բայց միայն մի քանի երգով։ Ու միայն ինձ հանդիպելուց հետո սկսեց ավելի խորը ուսումնասիրել դիսկոգրաֆիան ու նաև ինձ հետ համերգներին գնալ։

Մորթենն էլ ինձ նման սիրած կատարողի համերգին ներկա գտնվելու համար կհասնի ուրիշ երկիր։ Ավելին՝ ինձ կընկերակցի, եթե իմ սիրած կատարողի համերգն է։ Էդպես մի անգամ Համբուրգ ենք գնացել Զեմֆիրային տեսնելու։ Էս շաբաթ էլ Բեռլին ենք գնալու իմոնցից Թորի Էյմոսին ու Մորթենի սիրելիներից Վաքսահաչիին տեսնելու։ Իրականում երկուսն էլ Կոպենհագենում էլ համերգ ունեն, որոնց գնացել/գնալու ենք։ Բայց որոշեցինք էս անգամ մի քիչ մեզ երես տալ։

Երաժշտության նկատմամբ մեկ այլ փոփոխություն է նաև այն, որ սկսել եմ նաև նվագել ու երգել։ Մորթենն ամեն կերպ քաջալերում է ուկուլելե կամ կիթառ նվագելս։ Յոենսուում էլ տանը դաշնամուր կա, որը մեկ-մեկ ծլնգացնում եմ։ Հետո նաև ահագին երգում եմ։

Մեկ էլ սիրում ենք իրար երաժշտական հարցեր տալ․ ո՞վ է երգում, երգի անունն ի՞նչ է, ո՞ր ալբոմից է և այլն։ Էդպես նաև հաճախում ենք երաժշտական քուիզների ու գրեթե միշտ հաղթում ենք։ Տանն էլ հաճախ կարող ենք ամբողջ երեկո անցկացնել իրար հարցեր տալով։

Մի խոսքով, էս մի նախասիրությունս գոնե ահագին շահել է հարաբերությունիցս։ Հիմա որ հետ եմ նայում, մտածում եմ՝ ինչքան ահավոր կլիներ, եթե երաժշտություն չսիրող մեկի հետ լինեի։ Ու հասկանում եմ, որ ընտրություն անելիս իրոք կարևոր չափանիշ էի դրել իմ առաջ, որից միայն շահել եմ։

 

Advertisements

14 responses to “Նախասիրություններ․ երաժշտություն

  1. Ծլնգ says:

    Հա, իսկապես կարևոր է, երբ հետդ ապրողը նախասիրություներդ կիսում է։ Օրինակ այս գրառումդ կարդալուց հետո մտածեցի՝ ինչ լավ է, որ ինձնից ոչ ոք համերգների գնալու սպասումներ չունի։ Սենց ասեմ, եթե սիրածս կատարողները տնիցս մի 100 մետրի վրա անվճար համերգ տալուց լինեին, մի հատ լավ կմտածեի գնալ, թե` չէ։:))) Ջեզ բարի համերգային ճամփորդություն։

    • byurie says:

      Շնորհակալ եմ 😀 Վախտին որոշ տղերքի հետ առաջին դեյթի ժամանակ պարզում էի, որ համերգ գնալը փողի ավելորդ ծախս էին համարում ու իրանց միանգամից ուղարկում գրողի ծոցը․ հիմա պատկերացնում եմ, թե ինչ լուրջ տուրուդմփոցների պատճառ կարար դառնալ դա։

  2. uluana says:

    Ես երևի մենակ Ֆրեդի Մերկուրիին կենդանի լսելու ու տեսնելու համար կհասնեի ուրիշ երկիր, էն էլ վաղուց կենդանի չի, նենց որ ինձ դա չի սպառնում։ :))) Իսկ ընդհանրապես շատ քիչ կատարողներ կան, որոնց համերգին շատ կուզենայի ներկա լինել, մնացածի դեպքում, ինչքան էլ որ սիրելի լինեն, ինձ ձայնագրություններն էլ են լրիվ բավարարում։

    Բայց, իհարկե, շատ հավես ա զուգընկերոջ հետ էդ կարգի ուժեղ ընդհանուր հետաքրքրություն–տարվածություն ունենալը։ 🙂

  3. urishbaner says:

    Իսկ ես երկու տարօրինակ “նախասիրություն” ունեմ․ երաժշտություն չեմ լսում և ջուր չեմ խմում 🙂

  4. uluana says:

    Բյուր, բայց սենց տարբերակ էլ կա. մարդը կարող ա քո էդ նախասիրությունը չունենա, բայց միանգամայն նորմալ համարի քո՝ դրա վրա ժամանակ ու փող ծախսելը։ Տես, ես, օրինակ, տենց առանձնապես կիրք չունեմ համերգների գնալու, բայց քո էդ հետաքրքրությունը լրիվ նորմալ եմ համարում։ Ուրիշ բան, որ եթե իմ զուգընկերը կամ ամուսինն ունենար էդ կարգի խոր տարվածություն երաժշտությամբ, ես հետը ամեն համերգի չէի գնա, բայց էլի նորմալ կհամարեի, եթե ինքը գնար։ Ամեն մարդ մի բանի վրա ա ծախսում, ի՞նչ տարբերություն։ Ինձ թվում ա՝ ցանկացած նորմալ մարդ պիտի որ ի վիճակի լինի հասկանալու դիմացինի նախասիրությունները, եթե դրանք համատեղ կյանքում իրեն հատուկ չեն խանգարում կամ վնասում։ Ուրիշ բան, եթե երեխեքիդ ուտելիքի փողը ծախսես համերգների վրա։ Բայց եթե նման խնդիր չկա, ուրեմն նորմալ ա։ Երաժշտությունն էլ նենց բան չի, որ կենցաղում խանգարի (համերգները չհաշված, որոնք չեմ կարծում, թե էնքան հաճախ լինեն, որ ընդհանուր առօրյայի վրա նկատելի ազդեցություն ունենան էդ առումով), ականջակալների միջոցով կարելի ա նույնիսկ խիստ տարբեր երաժշտական ճաշակներ ունենալու դեպքում իրար չխանգարել, ընդհանուր առմամբ երաժշտություն լսելու վրա սովորաբար առանձին ժամանակ էլ չի ծախսվում, լսում են այլ զբաղմունքների հետ համատեղելով, տանը տեղ էլ առանձնապես չի զբաղեցնում, որ դրանից մարդ բողոքի։ Ես կասեի՝ լրիվ անշառ հետաքրքրություն ա, ու դրանից բողոքողը կամ չհասկացողը պիտի առնվազն անզգացմունք էգոիստ լինի, իմ կարծիքով։ Բայց հետդ համերգների գնալը, էն էլ օտար երկիր, իհարկե, չես կարող ամեն մարդուց ակնկալել, ու եթե զուգընկերդ ոչ միայն հասկանում ա, այլև քեզ նման ա մտածում ու զգում էդ առումով, էդ արդեն բարեբախտություն ա, ինչ խոսք։ :))) Պարզ ա, որ ինչքան շատ լինեն ընդհանուր հետաքրքրություններն ու տարվածությունները, էնքան դրական ա ազդում դա ընդհանուր հարաբերությունների վրա։

    Այ, օրինակ, իմ նախասիրությունը շատ ավելի մեծ ըմբռնողականություն ու համբերություն ա պահանջում համատեղ կյանքում, որովհետև համ ահագին ժամանակատար ա, համ ահագին տեղ ա զբաղեցնում (գործիքներ, նյութեր, պարագաներ), համ էլ լիքը թափթփվածություն ա առաջացնում։ Դրա համար կարծում եմ՝ ստեղծագործող մարդու համար (անկախ ոլորտից, ոււզում ա՝ երաժշտության ոլորտում լինի, ուզում ա՝ գեղարվեստի, ուզում ա՝ գրելու) իսկապես խիստ անհրաժեշտ ա, որ զուգընկերդ կամ ընտանիքդ իսկապես հասկացող ու սատարող լինի, որովհետև հակառակ դեպքում առնվազն վեճերն ու անհարմար, տհաճ իրավիճակներն անխուսափելի են։ Էդ առումով հասկացող ու սատարող զուգընկերն իսկապես օրհնություն ա։ Ու ես սա միշտ գիտակցում ու գնահատում եմ։ 🙂

    • byurie says:

      Չէ Ան, եթե անգամ նախասիրությունը չկիսող, բայց հասկացող անձ լինի, առօրյայում լիքը պրոբլեմներ են լինելու։ Նայի, ասենք ինքն ինձ հետ համերգի չի գալիս։ Արդյունքում ստացվում ա նենց, որ ժամանցին նվիրված բավական մեծ թվով երեկոներ իրարից առանձին ենք անցկացնում։ Ավելին՝ եթե հետս ուրիշ երկիր չի գալիս, ստացվում ա նաև, որ արձակուրդների մեծ մասն էլ ենք իրարից առանձին անցկացնում։ Արդյունքում՝ տակը համատեղ ժամանակի ավելի քիչ ֆինանս ու ժամանակ ա մնում։
      Հետո, մեկը ես ոչ միշտ եմ ականջակալով երաժշտություն լսում, հատկապես ոչ աշխատանքային ժամերին։ Սիրում եմ բարձր միացնել, որ սենյակից սենյակ լսվի, ու ես կարողանամ ազատ ման գալ։ Իսկ ապրել մեկի հետ, ով դա չի սիրում, բավական բարդ բան ա։ Համենայնդեպս, կյանքիս առաջին քսանհինգ տարին էդպես եմ ապրել ու գիտեմ՝ ոնց ա։
      Ինչ վերաբերում ա տարածք գրավելուն, ապա երևի չես տեսել մեր երաժշտական ունեցվածքը․ մեր հյուրասենյակի մեծ մասը հենց երաժշտության հետ կապված նյութերով ա լցված․ երաժշտական գործիքներ, վինիլային սկավառակներ (դեռ Մորթենի հինգ հսկայական արկղ սիդիները լրիվ թվայնացրեցինք ու ազատվեցինք դրանցից, որ նկուղում չպահենք էդ արկղերը), հսկայական բարձրախոս, նվագարկիչ, երաժշտության վերաբերյալ գրքեր, պաստառներ և այլն։

      • uluana says:

        Հա, լավ, փաստորեն, ես ահագին թերագնահատել էի երաժշտությամբ տարվածության կենցաղային հետևանքները։ :)))

      • byurie says:

        Հա բա 😀 Ես ճիշտն ասած իմ դեպքում ավելի շատ մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե Մորթենի ձեռն ուրիշ կին ընկներ, որտև մեր երաժշտական փասա-փուսայի մեծ մասն իրանն ա 😀

      • uluana says:

        Հա՜, փաստորեն, ավելի շատ Մորթենի բախտն ա բերել էս պարագայում, քան քո։ 😀

      • byurie says:

        Կարելի ա տենց ասել, բայց վերջին հաշվով երկուսինս էլ բերել ա 😀

  5. urishbaner says:

    Ես մի հատ մի քիչ անձնական տիրույթ մտնող հարց ունեմ, եթե կարելի ա։ Ուղղակի հետաքրքրում ա միշտ։ Այն դեպքում, երբ նախասիրությունները էդպես հաջողությամբ բռնում են, կարծում եմ՝ շղթայական պիտի լիքը ուրիշ համատեղելիություններ էլ լինեն՝ ամենատարբեր հարցերում։ Իսկ, հետաքրքիր ա, կա՞ որևէ հարց/բնագավառ, որ, չնայած նախասիրությունների նման համընկմանը, կարող է առաջացնել անհամատեղելիության խնդիր։

    • byurie says:

      Չգիտեմ, դեռ տենց լուրջ անհամատեղելիության չենք հանդիպել, որովհետև մենք շատ բաներով ենք իրար նման։ Ասենք, մեր ամենալուրջ տարաձայնությունը Թուին Փիքս սերիալն ա, որը Մորթենը պաշտում ա, իսկ ես չեմ հասկանում՝ ինչ կա պաշտելու։ Բայց ամեն դեպքում էդքանով հանդերձ հարգում ենք միմյանց նախասիրությունները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: