Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մի քիչ ակադեմիայից

on October 2, 2017

Երբ ամիսներ առաջ ակումբում այս գրառումն արեցի՝ ինքս ինձ հարցնելով, թե արդյոք պետք էր Սիլվիային Կոպենհագեն բերել, դեռ գաղափար չունեի, թե էս փլավն ինչքան ջուր էր քաշելու։ Այս ընթացքում շատ բան եղավ․ ղեկավարիս կռվով-դավով համոզեցի, որ երեք ամսով աշխատանքս երկարաձգի, թեզս հաջողությամբ պաշտպանեցի ու աշխատանքի անցա Ֆինլանդիայում։ Մեր գիտական թիմի անդամներից մեկը հարկայինում գործի ընդունվեց, մյուսը՝ մեկ այլ դանիական համալսարանում պոստդոկ ճարեց ու մնաց Սիլվիան իր՝ մինչև հաջորդ տարվա մարտի վերջի պայմանագրով։

Սիլվիան շատ էր ուզում, որ միասին ինչ-որ բան անենք, իսկ ես չէի ուզում ղեկավարիս հետ աշխատել։ Բայց թեզս հանձնելուց հետո մտածեցի՝ PhD-ի դառնությունն է, բոլորն էլ ունենում են իրենց ղեկավարների նկատմամբ։ Ու էդպես սկսեցի փորփրել բոլոր տեսակի գրանտների հնարավորությունները, դրանք ստանալու հավանականությունն ու ինձ հետ համագործակցել ցանկացող գիտական հաստատությունները։ Երկու հեշտ ուղի կար․ մեկը ղեկավարիս հետ, մյուսը՝ հիվանդանոցի թիմի հետ։ Հեշտ էր, քանի որ երկու դեպքում էլ ոտքս արդեն էնտեղ էր։

Հիվանդանոցի թիմի հետ խոսեցի։ Իրենք համաձայն էին, բայց թեման էին ուզում մի քիչ փոխել։ Նոր թեման էլ ինձ համար մի քիչ ջանջալ է, քանի որ նոր մեթոդ է ներառում։ Որոշեցի ամեն դեպքում աշխատել դրա վրա։ Ու տեսականորեն դեռ աշխատում եմ, թեև էս մի ամսվա մեջ հազիվ մեկ-երկու հոդված եմ կարդացել էդ թեմայով (կեցցե զբաղվածությունս):

Խոսեցի նաև ղեկավարիս հետ։ Ասաց, որ ավելի հեշտ տարբերակ է, երբ դիմողն ինքն է, ու դիմումի մեջ նշում է, որ պոստդոկի է գործի ընդունում։ Իրոք, էդպիսի դիմումները ֆինանսավորվելու ավելի բարձր հավանականություն ունեն (10-15%, մինչդեռ անհատական պոստդոկը՝ 2-5%): Ես էլ համաձայնեցի, ու օգոստոսից պաշտպանություն-բան թողած սկսեցի ղեկավարիս բզել, որ գրենք դիմումը։

Երբ արդեն աշխատում էինք դիմումի վրա, անձնակազմում հանկարծ Սիլվիան էլ հայտնվեց։ Անկեղծ ասած, ես դեմ չէի։ Եթե ֆինանսավորումը ստանայինք, ընտիր բան էր լինելու․ ես ու Սիլվիան նույն թիմում էինք աշխատելու։ Հետո մի առանձին խոսակցության մեջ Սիլվիան նշելու էր, որ ղեկավարս իրեն ասել է, թե ես էլ եմ դիմումի մեջ, հո դեմ չէ՞։ Ծիծաղելու էինք դրա վրա, առաջ անցնեինք։

Եկավ սեպտեմբերը, ու ես արդեն Ֆինլանդիայից ևս մեկ անգամ բզեցի ղեկավարիս․ ի վերջո, գրանտն իր անունով էր գրվելու, պետք էր ամեն ինչ հարամարցնել իրեն։ Ասաց, որ սեպտեմբերի առաջին երկու շաբաթներին զբաղված է, բայց հետո կգրի ինձ։ Դեդլայնն էլ հոկտեմբերի սկիզբ էր։

Համբերատար սպասեցի երկու շաբաթ։ Ձեն-ձուն չկար։ Էդ ընթացքում ուրիշ թեմայով էի ղեկավարիս գրել, նամակիս չէր պատասխանել։ Էդպես Սիլվիային գրեցի, հարցրի՝ ինչ կա-չկա։ Ասաց, որ դեռ բան չեն արել, առաջիկա օրերին են նստելու աշխատելու։ Երկու օր անց Սիլվիայից առանձին նամակ ստացա, թե՝ էս տեքստն եմ ուղարկել Կասպերին (ղեկավարս): Էս ամենը շատ տարօրինակ թվաց ինձ․ ինչու՞ մեյլերի մեջ ինձ չեն ընդգրկում։ Հարցրի, թե արդյոք ես դեռ ընդգրկված եմ դիմումի մեջ։ Սիլվիան պատասխանեց, որ դա քննարկման ենթակա չէ։

Դրանից մի շաբաթ անց գնացի Կոպենհագեն։ Անգամ Կոպենհագենում եղած ժամանակ ես պաշտոնապես Ֆինլանդիայում եմ աշխատում, հետևաբար էնտեղի աշխատանքիս հետ կապ չունեցող բաների ժամանակ տրամադրելը մոտենում է թույլատրելիի սահմանին։ Այդուհանդերձ, երեք օր շարունակ գնացի համալսարան ու հանդիպեցի Կասպերին ու Սիլվիային ու մի ամբողջ կեսօր անցկացրի դիմումն ամբողջացնելու վրա։ Դրանից հետո Սիլվիան ու Կասպերը պիտի հանդիպեին, դիմումը վերջնական տեսքի բերեին։

Յոենսու հասնելուն պես իրենց նամակ գրեցի՝ հարցնելով, թե ինչ է մնացել անելու, կարող եմ օգնել։ Իրականում դեդլայնը երեքշաբթի է, իսկ ես երկուշաբթի մեծ լեկցիա ունեմ, երեքշաբթի՝ ռուսերեն լեկցիա, ևս մեկ լեկցիա չորեքշաբթի։ Եվ դրանցից միայն երկուշաբթի օրվան եմ պատրաստ։ Բայց ասում էի՝ թքած, գրանտը կարևոր է, ժամանակ տրամադրեմ, մենակ թե ստանանք ֆինանսավորումը։

Եվ այսօր առավոտյան ղեկավարիցս էսպիսի նամակ եմ ստանում․ «Մեր նոր գործընկերը՝ պրոֆեսորը Բիսպեբյերգի հիվանդանոցից, գտնում է, որ դիմումն ավելի համոզիչ կլինի, եթե ամբողջ չորս տարվա համար նույն անձը լինի, ոչ թե երկու կամ երեք հոգի, և ես համաձայն եմ, այնպես որ ջնջեցինք քո անունը դիմումից։ Բայց կարող ես հանգիստ լինել, որ մի քիչ փող կառանձնացնենք քեզ համար, եթե դրա կարիքն ունենաս»։

Էստեղ նորից նստեցի ու փորձեցի փոշմանել, որ Սիլվիային բերել եմ տվել Կոպենհագեն․ փաստորեն, նա անընդհատ իմ ճամփին է հայտնվելու ու ստանալու է այն, ինչ ես պիտի ստանայի։ Հետո նստեցի ու ավելի խորը մտածեցի։ Արդյոք ուզու՞մ եմ շարունակել համագործակցել էս տիպի անպատասխանատու մարդու հետ։ Հաստատ չէ։ Ու էսպիսի պատասխան գրեցի․ «Ես կարծում եմ՝ անհարգալից ու անընդունելի է, որ իմ անունը ջնջել եք դիմումից։ Եթե սկզբից իմանայի, ժամանակս կծախսեի մեկ այլ անձի հետ դիմում գրելու վրա, ով վստահաբար անունս չէր ջնջի վերջին պահին։ Հիմա դու ինձ թողնում ես դեդլայններին մոտ առանց որևէ դիմումի։ Անչափ շնորհակալ եմ դրա համար»։

Ավելի լավ է՝ հիվանդանոցի հետ դիմումս արագացնեմ։

Advertisements

8 responses to “Մի քիչ ակադեմիայից

  1. Ծլնգ says:

    Կարոզ ես պահանջել, որ անվանդ հետ մեկտեղ նաև քո բոլոր ներդրումներն էլ ջնջեն դիմումից, չնայած դա դժվար թե հուզական բավարարվածության բերի։ Բայց հա, իրենց արածը արած չի․․․ հետաքրքիր կլիներ իմանալ, թե Սիլվիան այս ամեն մասին ինչ կարծիքի է, ու արդյո՞ք ինքը ուզում է դեռ այդ դիմումի մաս լինել։ Ու եթե այո, ապա իր հետ հետագայում աշխատելու ցանկությունդ էլ չեմ հասկանում։

    • byurie says:

      Խոսել եմ Սիլվիայի հետ։ Ինքը համաձայնել ա պայմանով, որ եթե գրանտը ստանան, կիսելու ա ինձ հետ, ու եթե ղեկավարս հրաժարվի, ինքն էլ հրաժարվելու ա աշխատելուց։ Ուղղակի ոնց հասկանում եմ, ղեկավարս իրան համոզել ա, որ ճիշտ ստրատեգիական քայլ ա։

  2. urishbaner says:

    Իսկ ի՞նչ պատասխանեցին։ Ղեկավարդ ու Սիլվիան․

    • byurie says:

      Սիլվիայի պատասխանից մի երկու տող վերևում գրել եմ, իսկ ղեկավարս էլ մի գլուխ սուտ ու կռուտիտ ա գրել։

  3. Marian says:

    Oulu-ում ethical committee կա, զբաղվում են տարբեր հարցերով։ Իմ կարծիքով սենց հարցն էլ կմտներ իրենց գործունեության մեջ։ Պետք ա ճշտել Ձեր մոտ էլ ինչ տենց բան կա։ Սրա մեջ ուղղակի անուն ջնջել չի, ստեղ գրագողություն էլ կա։ Եթե էդ դիմումը գրելու ու հիմնավորելու համար քո ներդրումն ես ունեցել, ուրեմն ուղղակի չեն կարող վերցնել ու անունդ ջնջել։ Անպայման զբաղվի էդ հարցով։

    • byurie says:

      Կոպենհագենում էլ պիտի որ լինի էթիկական կոմիտե։ Կփորձեմ զբաղվել էդ հարցերով։ Ուղղակի ղեկավարիս հետ նման պատերազմի մեջ մտնելն ահագին վտանգավոր բան ա, որովհետև առնվազն Դանիայում բոլոր ակադեմիական օդերը կփակվեն իմ առաջ, իսկ դրանք սենց թե նենց էդքան էլ շատ չեն։ Բայց ամեն դեպքում որոշակի քայլեր ձեռնարկում եմ։ Ուզում եմ սկզբում ղեկավարիս հետ դեմառդեմ խոսել ու տեսնել՝ ինչ ա ասում։

      • Marian says:

        Հա խոսելը անպայման, բայց եթե իրար հետ պրոյեկտ չեք էլ ունենալու, հաստատ կարելի ա ուղարկել դա էթիկայի կոմիտե ու չեմ կարծում, թե դրանից քո օդերը փակվեն, երբ իրա արած սխալն ա։ Եսիմ դժվար հարցեր են..

  4. […] Կոպենհագեն տեղափոխվելու մասին՝ ասացի, որ այն գրանտից դեռ պատասխան չկա, բայց եթե նույնիսկ լինի, Օրհուսի […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: