Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Յոենսուի մի աշխատանքային օրը

on October 4, 2017

Տասներկու ժամ աշխատելուց ու դասախոսությունս վերջնական տեսքի բերելուց հետո վերջապես վեր էի ընկել խոհանոցում։ Քնելու հավես չկար․ ոնց որ ուղեղս միացած լիներ ու հրաժարվեր անջատվել։ Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տասներկու ժամ աշխատել։ Երևի վերջին էքսպերիմենտիս օրերին էր, բայց անգամ էն ժամանակ տասներկու ժամ մտավոր աշխատանք չէի կատարում․ գործիս մեծ մասը կա՛մ տեխնիկական էր, կա՛մ էնքան էի արել, որ արդեն ավտոմատացել էր։

Երբ գրասենյակիցս դուրս եկա ու միջանցքի լույսը վառեցի, նկատեցի, որ ևս մեկ բաց դուռ կա։ Կոպենհագենում երեկոյան ժամը տասի կողմերն ո՞վ բաց դուռ կտեսներ։ Այն բացառիկ օրերին, երբ ժամը տասին գրասենյակումս եմ եղել, պահակն էր գալիս ու ստուգում՝ ինչ գործ ունեմ համալսարանում էդ ժամին։ Ու սովորաբար գործ չէի ունենում։ Գրասենյակումս երկար մնալու պատճառը հիմնականում էմոցիոնալ էր․ որևէ բան անհանգստացնում էր, ու տուն գնալ չէի ուզում։

Թե ինչու է այնպես ստացվել, որ ուշ երեկոյան ժամերին Յոենսուում կգտնես աշխատողների, իսկ Կոպենհագենում՝ ոչ, մի առանձին ու երկար գրառման թեմա է։ Ու եթե ինձ հարցնեն, թե որն եմ նախընտրում, կասեմ՝ Կոպենհագենը, բայց իմ կյանքի ներկայիս հանգամանքներում լավ է, որ Յոենսուում նման վարքագիծն ընդունելի է։

Իսկ այդքան երկար աշխատելու պատճառն այն էր, որ այն ժամանակ, երբ պիտի այսօրվա դասախոսությունս պատրաստեի, զբաղված էի գրանտի դիմումը գրելով։ Դեռ այն ժամանակ գիտեի, որ դասախոսությանը ժամանակ չտրամադրել նշանակում էր, որ հետ գալուն պես պիտի լծվեմ գործի ու ճռռամ, որ հասցնեմ։ Այն ժամանակ դա ինձ չէր հուզում, որովհետև գրանտը կարևոր էր։ Բայց իրադարձությունների այդպիսի շրջադարձից հետո ամեն նոր սլայդը պատրաստելիս նայում էի դուրս, նայում էի չդադարող քամուն ու թափվող տերևներին, ծառից ծառ թռչկոտող ու ինչ-որ բանի համար կռվող երկու սկյուռիկներին և ուզում դրսում լինել։ Բայց դա երկար չտևեց, որովհետև մի կողմից ամպամած էր, մի կողմից մութն ընկավ, ու հետո արդեն սկսեցի երազել տաք ընթրիքի մասին։

Ինն անց էր, երբ գրասենյակիցս դուրս եկա։ Գործս դեռ չէի վերջացրել, բայց մտածեցի՝ դուրս գամ, սննդիս հարցերը լուծեմ․ քաղաքի բոլոր սուպերմարկետները փակվել էին, ու միակ տեղը, որտեղ հնարավոր էր սնունդ ճարել, պակիստանցիների պիցցերիան էր։

Քշեցի այնտեղ մանր անձրևի միջով։ Իրականում տարածություններն այստեղ շատ փոքր են, ու հանգիստ կարելի է քայլել։ Բայց երեկ սառցակալեցի, մինչև համալսարանից տուն հասա։ Դրա համար որոշեցի, որ սրանից հետո ամեն տեղ հեծանիվով եմ գնալու։

Պակիստանցիների պիցցան առանձնապես լավը չէ, բայց քաղաքի երկու պիցցերիաներից մեկն է, իսկ մյուսն ավելի վատն է ու ավելի շուտ է փակվում։ Մարգարիտա պատվիրեցի՝ նախապես իմանալով, որ չեմ կարողանալու ուտել։ Հարցրին՝ տեղու՞մ եմ ուտելու, թե՞ հետս տանելու եմ։ Խելամիտ կլիներ հետս տանելը․ տանն էլ դեռ պիտի մի քիչ աշխատեի, ու պետք չէր ժամանակ կորցնել։ Բայց նաև ուզում էի ուղղակի հանգիստ նստել մի կես ժամ հետո, հետո տուն գնալ։

Երևի վերջին հաճախորդն էի․ պիցցերիան տասին փակվում էր։ Նստել էի պատուհանի մոտ ու տեսնում էի արտացոլանքս՝ հոգնած ու մենակ։ Յոենսուի մենակության հետ հաշտվել եմ, ու էդպիսի աշխատանքային օրերն են, որ օգնում են ընդհանրապես մոռանալ սոցիալիզացիայի մասին։

Հեռախոս մոտս չկար։ Դա օգնում էր աշխարհից լրիվ անջատված լինել։ Վերջին օրերին ընդհանրապես հետս հեռախոս ման չեմ տալիս․ սմարթֆոնս տանն եմ թողնում, ֆիննական հեռախոսս՝ գրասենյակում։

Զոռով ինձ ստիպելով պիցցայի կեսը կերա։ Աշխատողը տեսավ, որ կիսատ եմ թողնում, խնամքով փաթաթեց, որ հետս տանեմ։ Լավ միտք էր, բայց չգիտեմ՝ մեկ էլ երբ եմ տանն ուտելու։ Ինչ եկել եմ Յոենսու, սկսել եմ ահավոր վատ սնվել ու չշարժվել։ Չգիտեմ՝ մարմինս ինչքան կդիմանա էսպիսի ապրելակերպի։ Ամեն անգամ ջիմում դաս եմ վերցնում ու ամեն անգամ քենսըլում, որովհետև տեսնում եմ՝ չեմ հասցնում։ Կոլեգաներիցս Լարիսան երեկ եկավ, առաջարկեց իր հետ վազելու գնալ։ Սպորտային համազգեստս մոտս չէր։ Բայց եթե նույնիսկ լիներ էլ, չէի գնա։

Գիշերը մեջքս պոկվում էր։ Ուզում էի մի քիչ յոգա անել․ գորգիկս հետս բերել էի Կոպենհագենից։ Բայց մյուս կողմից էլ չափից դուրս հոգնած էի։ Մի քիչ ձգվեցի ու պառկեցի քնելու։ Իսկ քնել չէր ստացվում։ Նորից մտածում էի ղեկավարիս արածի մասին ու հատ-հատ հիշում, թե անցյալում ինչպես է նման վարք դրսևորել իմ ու ուրիշների նկատմամբ ու գլխիս խփում, թե ինչու ինքս ինձ թույլ տվեցի նույն քաքի մեջ նորից ընկնել։ Սիլվիան համոզում էր, որ լեզու գտնեմ հետը, որովհետև ես կորցնելու բան ունեմ, ղեկավարս՝ չէ։ Իսկ Մորթենն ասաց, որ ավելի շուտ ինքը կտեղափոխվի Յոենսու, քան թույլ կտա, որ Կոպենհագենում նման վերաբերմունքի արժանանամ։

Մտածում եմ՝ երկրորդ ղեկավարիս գրեմ։ Չգիտեմ՝ ինչն է մինչև հիմա հետ պահել, բայց երկրորդ ղեկավարս հենց էն գիտնականն է, որի աշխատանքով հետաքրքրվելով եմ դիմել PhD ծրագրիս, ու ամբողջ PhD-իս ընթացքում ինքը լրիվ Կասպերի հակակշիռն է եղել՝ ոգևորելով, քաջալերելով ու հավանություն տալով համարձակ պրոյեկտներիս։

Գնամ հիմա։ Դասախոսությունը մի ժամից կսկսվի։ Յոենսուի համալսարանական համակարգի մասին շուտով կպատմեմ։ Չեմ մոռացել։

Advertisements

8 responses to “Յոենսուի մի աշխատանքային օրը

  1. Ծլնգ says:

    Մեկնաբանելու փոխարեն քեզ մի հատ ամուր վիրտուլ գրկում եմ։ 🙂

    Բայց մի դրվագ պատմեմ… նոր գործ էի սկսել, տնից ահագին հեռու. եթե չէի քշում, մի երկու տարբեր սահմանափակ գրաֆիկով տրանսպորտ փոխելով պիտի հասնեի, ու տեղն էլ այնքան էլ սրտովս չէր։ Մի անգամ էլ, մի քիչ հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու համար, մի թեթև շուտ էի գործից դուրս եկել։ Տուն գնալուց առաջին ավտոբուսից իջել էի ու կանգառում սպասում էի մյուսին։ Անտանելի շոգ օր էր, էն որ զգում ես, որ ոտքերիդ տակի ասֆալտը հալվում է։ Այդ կանգնածս փողոցում էլ ճանապարհա-ասֆալտային աշխատանքներ էին գնում։ Կանգառում մի միջին տարիքի ճտպտան տղամարդ կար։ Հեռախոսով էր խոսում, կարծես՝ կլիենտների հետ։ Հետո էլ դադարեց խոսելը, ու հետս փորձեց զրույց սկսել։ Թե բա էս ի՞նչ ես սենց տխուր տեսքով կանգնած։ Ես էլ ասի՝ հոգնած եմ ընդհանուր գործիցս։ Սա էլ հարցրեց՝ ի՞նչ ես անում, գործիդ անունը ի՞նչ է։ Մի թեթև պատմեցի՝ ընդհանուր գծերով, էս էլ շվարած ինձ էր նայում։ Հետո էլ ժպտաց, ու ասեց. բախտավոր մարդ ես, ու նենց չի, որ այ սրանց նման, ձեռքով ասֆալտ դնողներին ցույց տալով, էս շոգ ու կրակին պիտի ասֆալտ գցես, որ ուտելու փող ունենաս (առանց մուննաթի, հավեսով ճտպտան ու ժպտերես մարդ էր)։ Որ ինձ ակնթարթորեն վատ եմ զգում գործիս առումով, այդ դրվագն է մտքիս գալիս… ասեմ քեզ՝ օգնում է։ :)))

    • byurie says:

      Ամուր գըրկ բեք
      Էս դրվագի հետ կապված ես մի նմանատիպ դրվագ հիշեցի։ Ուրեմն թեզս հանձնելուց մի քանի ամիս առաջ ղեկավարիս հետ ճաշում էի ու քննարկում պոստդոկերի տարբեր տարբերակներ։ Մեկ էլ ասեց՝ մեկ-մեկ գնում եմ Նետո (Դանիայի ոչ պրիստիժ սուպերմարկետներից), նայում աշխատողներին, մտածում՝ մեր բախտը բերել ա, իրանց տեղում չենք։ Ես էլ նայեցի ուղիղ ղեկավարիս էրեսին ու ասեցի՝ դու ջոկու՞մ ես, որ կարող ա շուտով իրանց տեղում հայտնվեմ։ Ու իրա նման ղեկավար ունենալուց հետո իրոք լավ ա, որ Նետոյում չեմ հայտնվել։

  2. uluana says:

    Բյուր, բայց տենց չի լինի, առողջությունդ էլ աչքաթող մի արա։ Մի ձև ժամանակ ու հավես գտի, որ համ շարժվես, համ էլ նորմալ սնվես։ Ամեն դեպքում առողջությունն աշխատանքից ավելի կարևոր ա։

    • byurie says:

      Երբ պիտի հաջորդ առավոտ հիսուն հոգու առաջ լեկցիա կարդաս, ու դեռ պատրաստ չես, սնվելը կամ տեղից շարժվելը վերջին բանն ա, որ մտքովդ անցնում ա։ Միակ միտքդ էդ ամեն ինչը ժամանակին հասցնելն ա։

      • uluana says:

        Ինձ չի հետաքրքրում, մի բան արա, որ երկուսն էլ հասցնես, ի՛։ 😀

      • byurie says:

        Որ հնարավոր լիներ 😀 բայց էս շաբաթվա շարունակությունը համեմատաբար թեթև ա, ավելի ճիշտ՝ ճկուն գրաֆիկով, նենց որ երևի հասցնեմ։

  3. urishbaner says:

    Գիտես, սենց մի բան էլ կա. երբ որ մի բան, որ ուզում ես չի լինում, հնարավոր ա՝ նրա համար, որ ճանապարհ ա տալիս ավելի լավ բանի լինելուն։ Նենց որ, էդքան մի մտածի ղեկավարիդ արածի հետ կապված, կարող ա հետո շնորհակալ լինես, որ տենց եղավ ։)

    • byurie says:

      Դե հենց էդ ա ամբողջ հարցը։ Եթե ազնվություն ունենար ու մի քիչ ավելի շուտ ինձ տեղյակ պահեր, որ չի լինելու, ես գոնե ավելի շուտ կսկսեի ուրիշ բանի վրա կենտրոնանալ։ Ջղայնանում եմ նաև նրանից, որ սեպտեմբերն իմ համեմատաբար պարապ ամիսն էր, ու հոկտեմբեր-նոյեմբերին շատ դժվար ա լինելու ուրիշ միջոցների վրա կենտրոնանալը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: