Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի ուսումնական ծրագրի առանձնահատկությունները

on October 5, 2017

Ինչպես Ծլնգին խոստացել էի, այս գրառմամբ անդրադառնում եմ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի կրթական ծրագրերին։

Սկսեմ նրանից, որ այստեղ ուսումնական տարին երկու կիսամյակից է բաղկացած, ինչպես գրեթե ամեն տեղ, բայց կիսամյակներն էլ իրենց հերթին երկուական study period-ներից են բաղկացած, ինչպես հին ու բարի Սովետում քառորդներ գոյություն ունեին։ Ի տարբերություն կիսամյակների, study period-ների սկզբի ու ավարտի միջև արձակուրդ կամ պաշտոնական անցում չկա։ Միայն չոր օրացուցային օրեր են, ու կարիքի դեպքում կարելի է դրանք թեթևակի խախտել։

Հենց study period-ներով է պայմանավորված, որ գրեթե ոչ մի առարկա մի ամբողջ կիսամյակ չի ձգվում, այլ ավարտվում է մոտավորապես տվյալ study period-ի ավարտին։ Բայց քանի որ ես դասավանդում եմ Էրազմուս մունդուսի կլինիկական լեզվաբանության միջազգային մաստերում, իմ կյանքը մի քիչ տարբերվում է սովորական ֆիննական ծրագրերում դասավանդողներինից թե՛ լավ, թե՛ վատ իմաստով։

Այս մաստերի ուսումնական ծրագիրն ու օրացույցը հարմարեցված է համագործակցող մյուս համալսարաններին, ու այդ ուսանողները միաժամանակ թե՛ օրենքից, թե՛ կիսամյակային բաժանումներից մի քիչ դուրս են։ Այդ ուսանողները Յոենսուում պետք է անցկացնեն մի կիսամյակ, ինչը համապատասխանում է էստեղի համալսարանի երեք study period-ի (երկուսն առաջին կիսամյակից, մեկը՝ երկրորդից)։ Փաստորեն, ստացվում է այնպես, որ երկրորդ կիսամյակի երկրորդ կեսին դասավանդելու պարտականություն չունեմ, եթե, իհարկե, նոր բաներ վզիս չփաթաթեն։

Հիմա գանք այն հինգուկես առարկաներին ու տեսնենք, թե ոնց է ստացվում, որ շնչելու ժամանակ, այնուամենայնիվ, մնում է։ Այդ առարկաներից յուրաքանչյուրը տասներկու կոնտակտային ժամ ունի, որոնք հիմնականում ձգվում են երեք շաբաթ՝ ամեն շաբաթ չորսական ժամով։ Այդ մի շաբաթը, երբ ութ կոնտակտային ժամ ունեմ, պայմանավորված է նրանով, որ առաջին study period-ը վերջանում է, երկրորդն է սկսվում, ու մի առարկայի վերջը համընկնում է երկրորդի սկզբի հետ։ Էդպիսի համընկնումներ կարող էին լինել նաև հենց առաջին study period-ի ներսում, բայց քանի որ մեթոդոլոգիա առարկայի ուղիղ կեսն էի դասավանդելու, մյուս կեսը դասավանդող պրոֆեսորիս հետ էնպես հարմարացրի, որ ոչ միայն չհամընկան, այլև մի ամբողջ շաբաթ դասավանդելու ժամեր չունեի։

Փաստորեն, եթե այս հինգուկես առարկաները համեմատեինք նորմալ, կիսամյակով մեկ ձգվող առարկաների հետ, կստացվեր ընդամենը երկուսը կամ երեքը՝ նայած ինչպես հաշվենք, ու դա կլիներ նորմալ ծանրաբեռնվածություն։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի կիսամյակով մեկ ձգվող երկու առարկա այս հինգուկեսի փոխարեն, որովհետև ամեն առանձին առարկա նաև լիքը ադմինստրատիվ աշխատանք է խլում ու առանձին մի քանի օր գնում է պլանավորելու ու նյութերն ընտրելու վրա։ Բայց էստեղ գալիս եմ իմ մյուս պարտականություններն ու ընդհանրապես այս համալսարանի ուսումնական ծրագրերի յուրօրինակությունները։

Այս բոլոր առարկաներից, որ դասավանդում եմ, հնարավոր է 1 – 10 կրեդիտ հավաքել։ Ուսանողը, օրինակ, ներկա գտնվելով հոգելեզվաբանության բոլոր դասերին ու քննությունը հաջողությամբ հանձնելով ստանում է 1 կրեդիտ։ Բայց ցանկության դեպքում կարող է 10 ստանալ, իսկ դրա համար պետք է լրացուցիչ առաջադրանք կատարի, ինչը նշանակում է լսարանից դուրս ուսանողի հետ անհատական աշխատանք։ Իհարկե, դա այնքան էլ վատ չէ, բայց միայն այդ մաստեր ծրագրում 23 ուսանող կա, ու նրանցից յուրաքանչյուրն առնվազն մեկ առարկայից լրացուցիչ աշխատանք կատարելու է, որ կարողանա կիսամյակային բոլոր կրեդիտները հավաքել։ Դրան էլ ավելացնենք, որ իմ դասերին հաճախում են նաև այդ մաստերից դուրս ֆին ու փոխանակային ուսանողներ։ Արդյունքում՝ կոնտակային ժամերից շատ ավելի շատ ժամանակ եմ անցկացնելու ուսանողներին ղեկավարելու վրա։

Բարեբախտաբար, այն կես առարկան, որ դասավանդել եմ, լրացուցիչ առաջադրանքի հնարավորություն չուներ, իսկ այս մեկը, որ հիմա եմ դասավանդում, ֆիքսված լրացուցիչ առաջադրանք ունի․ ով ուզում է նախատեսվածից շատ կրեդիտ ստանալ, քննությանն իրեն լրացուցիչ հարց կտրվի լրացուցիչ գրականությունից։ Բայց այ երբ կլինիկական լեզվաբանությունն ու հոգելեզվաբանությունը սկսվեն, չգիտեմ՝ ինչ է կատարվելու։

Էստեղի ուսումնական ծրագրի մեկ այլ առանձնահատկություն են էսպես կոչված գրքային քննությունները․ առարկան ոչ մի կոնտակտային ժամ չունի, ուսանողը նախատեսված գիրքը կարդում է, գալիս քննության։ Էդպես ես մոտ ութ առարկայի գրքային քննություն եմ կոորդինացնում։ Դրանցից հինգը նաև նրանք են, որոնք նաև կոնտակտային ժամեր ունեն, ու ինքս դասավանդում եմ, բայց մյուս երեքի հետ, կարելի է ասել, կապ չունեմ։

Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ այս գրքային քննություններն աշխարհի ամենաանհեթեթ բանն են։ Փաստորեն, քննություն եմ ընդունում էնպիսի գրքերից, որոնք ինքս էլ չեմ կարդացել։ Ինչ խոսք, հասկանալի է, թե ինչու այս ֆորմատն ընդհանրապես գոյություն ունի։ Ֆինլանդիան բավական նոսր բնակեցված մեծ երկիր է, ու գրքային քննությունները հնարավորություն են տալիս հեռակա սովորել։ Հենց էդ պատճառով Յոենսուն նաև MOOC-երով ու իր սեփական օնլայն կուրսերով է դասավանդում։ Բայց քննություն ընդունել գրքերից, որ ինքս ոչ միայն չեմ կարդացել, այլև ոլորտից միայն պերիֆերիկ գիտելիքնե՞ր ունեմ։ Այս դեպքում կարելի էր գոնե ցենզորների վերցնել, ինչպես Կոպենհագենի համալսարանն է անում․ ոչ մի քննություն առանց ցենզորի չի անցնում։

Մի խոսքով, ոնց որ սրանք էին դասավանդման հետ կապված պարտականություններս։ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի այլ առանձնահատկություններից ուրիշ առիթով կգրեմ։

 

Advertisements

2 responses to “Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի ուսումնական ծրագրի առանձնահատկությունները

  1. Ծլնգ says:

    Բարդ է :))) Շնորհակալություն, որ սենց մանրամասն պատմեցիր։

    Էդ քրեդիտների նման մի բան էլ այստեղ կա, բայց ուրիշ ձևի է մի քիչ գործում։ Նույն դասի համար բոլորն էլ նույն քրեդիտներն են ստանում, բայց կարող են առարկայի թեմայով առանձին «independent study»-ի համար գրանցվեն հետդ, ու հավելյալ քրեդիտ ստանան։ Ու սա կարող է այդ գրքային քննությունների նման էլ անցկացվել, այսինքն՝ դասախոսի կողմից ոչ մի հավելյալ մենթորինգ չպահանջել։ Բայց այդ դեպքում կարող է անունը «directed study» էլ լինել, որ մի կոնկրետ գրքով են սովորում, ոչ թե իրենք գնում ինքնուրույն ուսումնասիրություններ են անում, իրենց աղբյուրները գտնում, և այլն․․․ դե դասախոսի ղեկավարության տակ, իհարկե։ Բայց հավես ա, որ այդ նույն խմբին ես դասավանդում. cohorting-ը ահագին հավես բան է իրականում, ու լավ ազդեցիկ։

    • byurie says:

      Հա, էստեղ էլ պատահական գիրք չի։ Դասախոսն ու ուսանողը միասին են ընտրում։ Բայց ասենք եթե էնպիսի առարկա ա, որը երբևէ չեմ դասավանդել, ահագին մեծ ա հավանականությունը, որ գիրքն էնպիսին կլինի, որը երբևէ չեմ կարդացել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: