Օրինապաշտ Եվրոպա կամ այն մասին, թե ինչպես մազ էր մնում, որ դիմեի օմբուդսմենին

Սկզբում ֆիննական բանկային հաշիվ բացելու մտադրություն չունեի, բայց համալսարանից ինձ տեղեկացրին, որ աշխատավարձս չեն կարող դանիական հաշվեհամարիս փոխանցել։ Դրա համար նույնիսկ մինչև վարձով սենյակիս պայամանագիրը կնքելը վազեցի բանկ, հաշվեհամար բացեցի՝ առանց քարտի ու օնլայն բանկինգի։

Երկու շաբաթ անց, երբ փաստացի սկսեցի աշխատել Յոենսուում (առաջին ամսվա աշխատավարձս ստացել եմ հենց այնպես, բայց դա առանձին պատմություն է ու կապված է ֆիննական ակադեմիական բյուրոկրատիայի հետ), այցելեցի բանկ՝ քարտ ու օնլայն բանկինգ պատվիրելու։ Քարտը ժամանեց առանց խնդրի։ Բայց երբ տեսա, որ օնլայն բանկինգի տվյալները չեն գալիս, նորից բանկ գնացի՝ այս անգամ հատուկ նշելով, որ օնլայն բանկինգի համար եմ այնտեղ։

Մինչև պատմության շարունակությանն անցնելը հատուկ նշեմ, որ արևմուտքում առանց օնլայն բանկինգի կյանքը մի քանի անգամ բարդանում է։ Լավ, ասենք որոշ օնլայն գնումներ ավելորդ ճոխություն են, ու կարող ես դրանց համար խանութ հասնել (հագուստ, գրքեր, սպորտային բաժանորդագրություն և այլն), բայց տան վարձի օնլայն փոխանցման այլընտրանքը բանկ գնալ, ժամերով հերթ կանգնելն ու փոխանցման լրացուցիչ գումար վճարելն է։ Էլ չեմ ասում ինքնաթիռի տոմսերի մասին․ ինտերնետից բացի ուրիշ տեղ չգիտեմ, որտեղից կարելի է ինքնաթիռի տոմս առնել։

Դանիայում ու Ֆինլանդիայում (գուցե ուրիշ տեղերում էլ, տեղյակ չեմ) օնլայն բանկինգը մի լրացուցիչ ֆունկցիա էլ ունի․ նույնականացման կոդերի շնորհիվ հնարավորություն է տալիս զանազան պետական կառույցների հետ օնլայն հաղորդակցություն պահպանել։ Հարկայինի, իմիգրացիոն ծառայությունների, քաղաքապետարանի, անգամ հիվանդանոցների ու էլի լիքը ուրիշ կարևոր նամակներ գալիս են էլեկտրոնային մի փոստարկղ, որը միայն այդ նույնականացման կոդերով է հասանելի։

Մի խոսքով, մի շաբաթից ավելի առանց օնլայն բանկինգի տառապելուց հետո ահագին ուրախացա, երբ բանկում ինձ անմիջապես մի աշխատակացուհու տրամադրեցին, որ օնլայն բանկինգ բացի ինձ համար։ Աշխատակցուհին պահանջեց անձնագիրս ու կացության քարտս։  Ցույց տվեցի։ Հետո ֆիննական նույնականացման քարտ պահանջեց։ Չունեի։ Ասաց, որ առանց դրա կարող է միայն սահմանափակ օնլայն բանկինգ բացել, այսինքն՝ պետական կառույցների հետ հաղորդակցվել չեմ կարողանա, այլ միայն օնլայն փոխանցումներ ու առևտուր։ Ասացի՝ ոչինչ։

Աշխատակցուհին մի հինգ րոպե կտկտացրեց ստեղնաշարը, ինչ-որ բաներ կարդաց էկրանին ու ասաց, որ քանի որ Ֆինլանդիայի կամ ԵՄ-ի քաղաքացի չեմ, նույնիսկ սահմանափակ օնլայն բանկինգ չի կարող բացել։ Շշմեցի։ Ասացի, որ օրեր առաջ հայ ընկերուհիս, որն ուսանող է, աշխատավարձ էլ չի ստանում, հանգիստ բացել է օնլայն բանկինգ։ Աշխատակցուհին ներողություն խնդրեց ու ասաց, որ ոչնչով չի կարող օգնել։

Կատաղած դուրս եկա բանկից՝ հաստատ որոշելով, որ նրանց ծառայություններից այլևս չեմ օգտվելու: Չգիտեմ՝ խելքներին ինչ էր փչել աշխատավարձ ստացող ու գուցե ապագայում իրենցից վարկ վերցնող անձին մերժել էն պատճառով, որ ձեռքին հայկական անձնագիր է։ Երկու տարբերակ ունեի․ կա՛մ համալսարանին համոզել, որ աշխատավարձս դանիական հաշվիս փոխանցի, կա՛մ մեկ այլ բանկում հաշվեհամար բացել, որը նախապես կխոստանար, որ օնլայն բանկինգ կտրամադրի։

Էդպես համալսարանի արտասահմանցիներով զբաղվող HR-ին նամակ գրեցի՝ խնդրելով, որ հաստատ ճշտի․ հնարավո՞ր է արդյոք աշխատավարձս դանիական հաշվին ստանալ։ Դրան զուգահեռ Յոենսուի անգլախոսների խմբում հարցրի, թե արդյոք տեղյա՞կ են, թե որ բանկը հաստատ օնլայն բանկինգ կտրամադրի հարկատու ոչ ԵՄ քաղաքացուն։

HR-ն ասաց, որ ֆինանսների բաժնից ճշտեց․ աշխատավարձս կարող են դանիական հաշվիս փոխանցել, իսկ ֆեյսբուքյան խմբում հսկայական քննարկում ծավալվեց։ Նախ, խորհուրդ էին տալիս գնալ ոստիկանություն ու ֆիննական նույնականացման քարտ հանել։ Դրա մասին լսել անգամ չէի ուզում․ այդ բանկի անհեթեթե պահանջներին ենթարկվել չէի ուզում, և հետո օտարերկրացին ֆիննական նույնականացման քարտ կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ առնվազն երկու տարով է Ֆինլանդիայում։ Հետո, ոմանք բացատրեցին, որ բանկի աշխատողները միայն Ֆինլանդիայի տրամադրած նույնականացման փաստաթղթերն են ընդունում, որովհետև վախենում են՝ մնացածը կեղծ լինի։ Էստեղ մի լավ ծիծաղեցի․ բանկի աշխատակցուհուն ցույց էի տվել ֆիննական կացության քարտս, որի վրա նաև իմ բիոմետրիկ տվյալները կային։ Դրանից ավելին էլ ի՞նչ էին ուզում։

Ոմանք պատմեցին, թե ինչպես մի քանի ամսից մի քանի ամիս շարունակ առանց օնլայն բանկինգի ու բանկում հերթեր կանգնելով յոլա են գնացել, մինչև բանկը համոզվել է, որ նորմալ աշխատավարձ են ստանում, դիմումը բավարարել է։ Բայց պատմությունն ավելի հետաքրքրացավ, երբ պարզեցի, որ, փաստորեն, բանկի արարքն ապօրինի էր․ Ֆինլանդիայի ֆինանսական վերահսկողության մարմինը որոշում էր կայացրել, որ պետության ներսում ցանկացած օրինական բնակչի բանկերը պարտավոր են հիմնական բանկային ծառայություններ մատուցել՝ առանց խտրական վերաբերմունքի: Օնլայն բանկինգը նույնպես համարվում է հիմնական ծառայություն։

Պարզվում է՝ ֆիննական բանկերը տարիներ շարունակ օտարերկրացիների նկատմամբ էսպիսի վերաբերմունք են ցուցաբերել։ Մի օր մի էստոնացի դիմել է փոքրամասնություններով զբաղվող օմբուդսմենին, քանի որ ֆիննական մի բանկ մերժել է օնլայն բանկինգ տրամադրել՝ մեջտեղ բերելով նրա ոչ ֆիննական անձնագիրը։ Օմբուդսմենն էլ խտրականության դատարան է դիմել։ Դատարանը որոշել է, որ բանկը խախտել է Ֆինլանդիայի հավասարության օրենքը։

Ֆեյսբուքի նույն խմբում բազմաթիվ օգտատերեր մեծ խանդավառությամբ խորհուրդ էին տալիս հենց այդ բանկը, որը մերժել էր էստոնացուն։ Երևի այդ պատմությունից հետո լավ խելոքացել էին։ Բայց, փաստորեն, իմ բանկը չէր խելոքացել։

Ես էլ էստոնացու պատմությունից ոգևորված որոշեցի օմբուդսմենին դիմել։ Բայց մինչ այդ ինձ բանկից գրավոր մերժում էր պետք․ աշխատակցուհու բանավոր խոսքով դժվար հնարավոր լիներ դատարան գնալ։ Էդպես բանկին գրավոր բողոք գրեցի, որ մերժել են ինձ օնլայն բանկինգ տրամադրել։

Անցյալ շաբաթ Կոպենհագենում էի։ Երբ տասը օր բացակայելուց հետո տուն մտա, բանկից նամակ էի ստացել, որտեղ ասում էին, թե սեպտեմբերի 20-ից Ֆինլանդիայի օրենքներում փոփոխություն է տեղի ունեցել, ու արդեն կարող են օնլայն բանկինգ տրամադրել նաև ժամանակավոր հասցե ունեցողներին ու որ կարող եմ ցանկացած աշխատանքային օր համենալ բանկ ու օնլայն բանկինգ բացել։ Դրան գումարած ամեն օր պարտաճանաչ կերպով զանգում էին ձեռքիս հեռախոսին, բայց չէի պատասխանում․ իմ հեռախոսի ձայնը միշտ անջատած է։

Չգիտեմ՝ ինձ ինչ իդիոտի տեղ էին դրել ու ինչու էին կարծում, թե պիտի հավատամ, որ հանկարծ իմ խաթր երկրում օրենք է փոխվել։ Հավանաբար բանկի վերևներից ջղայնացել են աշխատակցուհու վրա, ինքն էլ որոշել է կրուտիտով տակից դուրս գալ (ինչպես հետո իմացա նամակը, իրոք, ինքն էր գրել):

Նամակը ստանալուց հետո օմբուդսմենին դիմելու հարցը, բնականաբար, այլևս ակտուալ չէր, իսկ համալսարանը համաձայնել էր աշխատավարձս դանիական հաշվիս փոխանցել։ Հետևաբար, մի վերջին բան էր մնում անել․ ֆիննական հաշվեհամարս փակել։

Էդպես մի օր վեր կացա, գնացի բանկ ու ինձնից գոհ հայտարարեցի, որ եկել եմ հաշիվս փակելու։ Աշխատողը հարցրեց, թե արդյոք գնում եմ Ֆինլանդիայից։ Ասացի՝ ոչ, ուղղակի ֆիննական հաշվի կարիք չունեմ։ Էստեղ սկսվեցին երկար-բարակ խոսակցություններ, թե՝ աշխատավարձն օտարերկրյա հաշվի վրա ստանալը ծախսատար է, թե էսպես, թե էնպես։ Իսկ ես շարունակեցի իմ ասածը պնդել, մինչև ազատ աշխատակցի գտան, որ ավելի պրոֆեսիոնալ կերպով համոզի, որ չփակեմ։

Նույն այդ աշխատակցուհին էր, որը երեք շաբաթ առաջ մերժել էր օնլայն բանկինգը։ Նույն հարցը տվեց, թե արդյոք հեռանու՞մ եմ Ֆինլանդիայից։ Ասացի, որ ոչ, որ երեք շաբաթ առաջվա վերաբերմունքի պատճառով եմ հաշիվս փակում։ Ասաց, որ օրենքը փոխվել է, որ ինձ նամակ է ուղարկել, որ փորձել է զանգել և այլն։ Ասացի, որ իմ իմացած օրենքն ամենաուշը հունվարից է գործում։ Էլի շարունակեց համոզել, թե չէ, հունվարից ընդհանրապես օտարերկրացիների վերաբերյալ էր, իսկ սեպտեմբերից նաև ոչ մշտական բնակիչների։ Խնդրեցի, որ գլուխս չարդուկի ու հաշիվս փակի։

Դանիական հաշվեհամարս օնլայն առևտուրի հնարավորություն տալիս է, ֆիննական պետական կառույցներին հասանելիություն՝ ոչ, բայց առանց դրա մի կերպ կդիմանամ մի քանի ամիս։ Կարևորը՝ ֆիննական այս բանկը մյուս անգամ մի քանի անգամ կմտածի օտարերկրացու որևէ տեսակի ծառայություն մերժելուց առաջ։

59 thoughts on “Օրինապաշտ Եվրոպա կամ այն մասին, թե ինչպես մազ էր մնում, որ դիմեի օմբուդսմենին

  1. Մի խոսքով՝ երԳիրը երԳիր չի։ 😀 Թող էս մեկ կամ կես տարին շուտ անցնի, պրծնես էդ Ֆինլանդիայից։

  2. Բյուր, բայց ինքնաթիռի տոմս առնելու համար օնլայն բանկինգն ինչիդ ա պետք, քարտի տվյալներեվ չե՞ս օնլայն առնում ավիաուղիների կամ ագենտի կայքից։

    1. Քարտի տվյալները կապված են օնլայն բանկինգի հետ։ Ամեն անգամ քարտի տվյալ լրացնելուց քեզ տանում ա բանկի էջ, ու լոգին ու փաս ա ուզում։

      1. Առաջին անգամ եմ լսում։ Կամ երևի ուրիշ բաներից ենք խոսում։ Օրինակ էքսպեդիայով տոմս առնելիս ոն ցա. միայն քարտիդ տվյալներն ես գրում ու սեղմում վճարման կոճակի վրա, ու վերջ, դու դեռ էքսպեդիայի էջում ես։

      2. Էքսպեդիայով երբևէ տոմս չեմ առել, բայց կարծում եմ՝ նույն կերպ կլինի։ Ուղղակի Եվրոպայում կրեդիտ քարտերի հետ շատ ուժեղ անվտանգության համակարգ ա ներդրված։ Եթե դանիական քարտովս վճարելուց լինեմ, քարտային տվյալներս լրացնելու պես մի նոր էջ կբերի ու կպահանջի կոնկրետ կոդ լրացնել, իսկ կոդը էդ պահին հեռախոսիս էկած սմս-ի մեջ կլինի։ Ֆիննական քարտի տվյալներն էլ լրացնելիս բանկի լոգին ու փաս ա ուզում։

      3. Հա, մենակ երևի Ամազոնում առևտուր անելիս ա, որ քարտային տվյալները հերիք են, բայց էդ դեպքում էլ եթե բանկն իմ օնլայն գործունեությունը չի ակտիվացրել, Ամազոնն ինձ նամակ կգրի, որ փորձում ա փողը քաշել, չի ստացվում։

    2. Կարծես տարբեր «օնլայն բանկինգ»-ների մասին եք խոսում։ Եվրոպայում, ու մանավանդ Ֆինալնդիայում (նայածս թվերով Ֆինալնդիայում էլ-վճարումների 70%+) շատ տարածված է օնլայն բանկինգ էլ-վճարումները։ Ու քանի որ օնլայն բանկինգը լիքը ուրիշ ծառայություններ էլ է մատակարարում, մարդիկ սովորաբար դրանով են վճարումներ անում, ոչ թե դեբիտ կամ քրեդիտ քարտերով։ ԱՄՆ-ում օնլայն բանկինգը սովորաբար նշանակում է մենակ բանկայիդ հաշվի օնլայն կառավարում, ու որոշ պարբերական վճարումների միջոց (բնակարանի վարձ, կոմունալ ծառայություններ, և այլն), բայց առցանց առևտրի ահռելի մասը արվում է քրեդիտ քարտերով, կամ paypal, visapayment ու նման անկախ ցանցերով։

      1. Բացի դրանից նաև էն նույն կայքերում, որտեղ դուք հանգիստ քարտի տվյալներով վճարում եք, մենք մի քանի լրացուցիչ գործողություն ենք կատարում քարտի տվյալները լրացնելուց հետո՝ պայմանավորված կրեդիտ քարտերի հետ ներդրված անվտանգության համակարգով։

      2. Մեր մոտ էլ տենց համակարգեր կան, բայց քչերն են օգտվում՝ զահլա չկա։ Քրեդիտ քարտերի կազմակերպությունները գրեթե բոլոր տեսակի խարդախությունները փոխհատուցում են, ու ուրիշ պաշտպանողական մեխանիզմներ էլ կան՝ օրինակ, որևէ գումարից ավել գործարքների մասին անմիջական տեղեկացում կարող ես դնել, որ միանգամից իմանաս, եթե ուրիշ մեկը օգտվում է քրեդիտ հաշվիցդ։ Ու սովորաբար բանկերը իրենք ճկուն համակարգեր ունեն, որ տարօրինակ գործարքները չեն թույլատրում, ու հետդ էլ կապնվում են, որ եթե հանկարծակի քոնը լինի, իրենց ասես՝ թույլատրեն։ Դրանից ավել կլիներ պարանոյա։ 🙂

      3. Էստեղ էլ են բոլոր տեսակի խարդախությունները փոխհատուցում ու զանգում, ճշտում կասկածելի գործարքների դեպքում։ Ասենք, Հայաստանի ինքնաթիռի տոմս առնելը իրանց համար բավական տարօրինակ գործարք էր, ու չնայած իրանց կրեդիտ քարտի անվտանգության համակարգի միջով անցել էր, մի հատ էլ զանգեցին, ճշտեցին։ 😀

      4. Բյուր, բայց դու չես կարո՞ղ իրենց տված բանկային քարտով օրինակ տոմս գնել օնլայն ինչ-որ ավիաուղիների կայքից։

      5. Փորձել եմ։ Քարտի տվյալները լրացնում եմ, հայտնվում մի էջում, որտեղ բանկի լոգին ու փասվորդ ա ուզել, ինչը չունեմ 🙂 Սիրուն հետ եմ գնացել ու դանիական քարտով վճարել

  3. Գրառմանդ ավանումը մարդ կարդա՝ կմտածի Եվրոպաներում մարդկային իրավունքները աջ ու ձախ ոտնահարվում են, այնինչ մենակ մի բանկի մի գավառական բաժանմունքի մի ծառայող տգետ է դուրս եկել։ :))) Այստեղ սուտ չլինի մի 8 տարբեր բանկերում հաշիվներ եմ ունեցել, ու մի տեղ չեմ հիշում, որ ամեն ինչ սահուն լիներ։ 🙂 Մի տեղ նույնիսկ դեպոզիտներս պարբերաբար կորում էին, մեկ ուրիշ տեղ՝ պարբերաբար ծառայողական ծախսեր էին ավելանում։ Վերջին բանկում էլ որ հաշիվ էի բացում, ավելորդ փաստաթղթեր ուզեցին, ես էլ ասեցի իզուր եք ուզում։ Սրանք էլ՝ չէ բա չէ, առանց դրա չենք կարա։ Ասի՝ լավ, իմաստ չունի սրանց հետ քյալլա տալու։ Դուրս եկա գնացի տուն, իրենց կայքում առցանց հաշիվ բացեցի (առանց որևէ փաստաթուղթ տրամադրելու, այլ նույն փաստաթուղթը, որ բաժանմունքում ցույց է տվել, միայն դրա համարը ներմուծեցի)։ Վերջում էլ կայքը ասեց՝ էս թուղթը տպի տար բաժանմունք։ Ես էլ տպեցի ու մյուս օրը գործի գնալուց տարա նույն աշխոտողի ձեռքը տվեցի։ Մանթոյից չգիտեր որ ծակը մտնի։ 🙂 Ու սենց գրեթե բոլոր բանկերում․․․ աշխատողներին մի հատ պիտի կրթես, որ ուզածդ անեն։ Նենց որ պետք չի խեղճ ու կրակ Ֆինլանդիայի վրա մի հիմար աշխատողի պատճոռով բոշկա գլորել։ :))

    1. Ծլնգ, ստեղ մենակ մի աշխատող չի, սա համատարած ա։ Էս թեմայով անընդհատ ինչ-որ բաներ տարիներ շարունակ լսում ես։ Դեռ հինգ տարի առաջ, որ էստեղ սովորում էի, մեզնից մի տարի առաջ էստեղ եղածները խորհուրդ տվեցին բանկերի հետ ուղղակի գործ չբռնել։ Ու բոլորս մեր գերմանական բանկային հաշիվներով էինք էստեղ։ Կամ էս էստոնացու պատմությունը Յոենսուում չի էղել։ Եթե սեղմես լինքի վրա, կտեսնես, որ անգամ դատարանում բանկի պաշտոնական դիրքորոշումն ա էղել արտասահմանցիներին օնլայն բանկինգ չտրամադրելը՝ պատճառաբանելով, որ արտասահմանցին ավելի ռիսկային ա ահաբեկչություն անելու ու փողերի լվացման դեպքում։

      1. Բյուր ջան, բանկային համակարգը ամենուր է այդպիսին։ Նույնն էլ այստեղ է։ Վերջին անգամ տեղափոխվելուց հետո պիտի բանկային հաշիվ բացեի, քանի որ երկրի ամենամեծ բանկերից մեկը, որտեղ հաշիվ ունեի (հաշիվը բացել էի այլ բանկում, բայց այդ բանկն էլ մի երկու տարի հետո գնվեց այդ մեծի կողմից) այս նահանգում մասնաճյուղ չուներ։ Ու ուզում էլի մեծ ցանցեր ունեցող բանկերից մեկում բացել հաշիվ, որ տարբեր նահանգներում բանկային ծառայությունների հնարավորություն ունենամ։ Բայց որ բանկի մասին առցանց չուսումնասիրեցի, բոլորին էլ քրֆում էին։ Վերջը ասի կա-չկա, ու գնացի մի փոքր տեղական բանկում հաշիվ բացեցի՝ գոնե տեղական բիզնեսներին ահագին սատարում է այդ բանկը։ Էն էլ այդտեղ էլ նկարագրեցի արդեն ինչ մոտեցում էր։ Արտասահմանցիների առումով էլ քո նկարագրածից ու մի երկու ուրիշ բան ցանցում կարդալուց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ուղղակի խառնաշփոթ է․․․ իրենք էլ չգիտեն ինչ են անում, բանկային աշխատողներն էլ լրիվ մթության մեջ են։ Բայց նենց չի որ դրած արտասահմանցիներին ուզում են նեղած լինեն, համենայն դեպս ինձ մոտ տենց տպավորություն չստեղծվեց։

      2. Ծլնգ, բանկային համակարգը տարբեր երկրներում կարելի ա երկար քրֆել։ Բայց ես եվրոպական չորս երկրների հինգ տարբեր բանկերում հաշիվ եմ ունեցել ու ինչ ասես չեմ տեսել, բայց երբևէ որևէ մեկն ինձ basic ծառայություն չի մերժել։ Ասենք, օրինակ, Դանիայում երկու շաբաթ տևեց, մինչև հաշիվս բացվեց, բայց ինչ-որ նոր բան էր էդ բանկը հորինել, ու երկու շաբաթ տևում էր բոլորի համար՝ անկախ ազգությունից։ Կամ ասենք Հոլանդիայում կրեդիտ քարտ մերժեցին, ու օնլայն գնումներ կատարելիս մենակ հոլանդական կայքերից կարայի օգտվեի ու փեյփալով վճարեի։ Բայց էդ բանկը կրեդիտ քարտ մերժում էր տրամադրել բոլոր ուսանողներին՝ անկախ ազգությունից։ Կամ ասենք Գերմանիայի բանկը ինձնից սկսել էր ծառայության վճար գանձել, չնայած ուսանող էի։ Որ բողոքեցի, ասեցին՝ քսանհինգ տարեկանդ լրացել ա, դրա համար ենք գանձում։ Հետո էլ էդ նույն բանկը հաշվիցս մի քանի հարյուր եվրո սխալմամբ հանեց, ու պիտի գնայի բանկ, տուրուդմփոց սարքեի, որ վերադարձնեն։ Դա էլ պատճառ դարձավ, որ Գերմանիայում ուրիշ բանկում հաշիվ բացեմ։ Սենց անվերջ կարելի ա թվարկել, բայց basic ծառայության մերժում՝ պատճառաբանելով ազգությունս, երբևէ ո՛չ լսել եմ, որ տեղի ունենա ուրիշ եվրոպական երկրում, ո՛չ անձամբ ինձ հետ տեղի ա ունեցել։ Իսկ Ֆինլանդիայում էս դեպքերը համատարած են ու տարիներ շարունակ ու բոլոր բանկերի մասին։ Բնական ա, որ հատուկ չեն դնում ու նեղում արտասահմանցիներին, ուղղակի ինչ-որ ապուշ զգուշություն են ցուցաբերում՝ լավ իմանալով, որ օրենք են խախտում ու մտածելով, որ արտասահմանցի ա, ձեն չի հանի (ու էդպես էլ լինում․ իրանցից տուժածների դեպքերը շատ ավելի շատ են, քան դրանից ինչ-որ կերպ բողոքողների):

      3. Հա բայց ի՞նչ գիտես, թե գիտեն, որ օրենք են խախտում։ Իմ աչքին շարքային տգիտություն ա երևում։ Նայի սկզբից ուզում էր չէ բացել օնլայն բանկինգ, բայց հետո ասեց, որ չի լինում։ Երևի իր հաշիվ բացելու ինտերֆեյսում թռչնակ դնելու տեղ չէր գտել արտասահմանցիների համար օնլայն բանկինգ բացելու։ Քո մուննաթից սրտնեղած հարցը ուսումնասիրել էր, ու երևի ղեկավարությունից իմացել էր, թե ոնց պիտի արվի, բայց ասել էին մի ձև կռուտիտ եղիր, որ դատական գործի տակ չընկնենք։ Հա, զգուշավորություն ա, բայց դատարանը հաստատել ա, որ մարդկային իրավունքների խախտում ա, ու պիտի որ ժամանակի հետ այդ տգիտությունը վերանա։ Լրիվ հասկանում եմ վրդովմունքդ, բայց էլի իմ աչքին գրառմանդ անվանումը չի համապտասխանում իրավիճակի տագնապալիությանը։

        Հ․Գ․ Դու ինձ ժամանակին «Ծլնք ջան» չէի՞ր դիմում։ Էս ինչ գենդերային խտրականություն ա, մի հատ ջան մերժեն թե ինչ է ուրիշ գենդերի եմ, էս Կարուսելը աչքիս ալաբուլա բլոգ ա երևում։ 😛

      4. Ծլնգ ՋԱՆ, եթե հարցը շարքային տգիտություն լիներ, երկրորդ անգամվանից արդեն կիմանային ոնց զբաղվել էդ հարցով։ Բայց սա տարիներով շարունակվող երևույթ ա, ու խնդրեմ, էդ էստոնացու դեպքում էլ բանկը պաշտոնապես ասել ա, թե ինչու օնլայն բանկինգ չի բացում։ Իսկ աշխատակցուհին երբ պրոցեսը սկսել էր, ընթացքում էր տարբեր բաներ պարզում։ Ես արդեն նստած էի էնտեղ, երբ անձնագիր ու personal identification code ուզեց։ Ու իմ տվյալների մեջ մտնելուց հետո էր, որ ասեց՝ չի կարա բացի, ինքը չէր էլ սկսել պրոցեսը։ Ու նաև հավանաբար ինքն ընթացքում չաթով տեղի վերադասաի հետ հաղորդակցվում էր (գիտեմ, որ կոնկրետ էդ բանկի հիմնական ներքին հաղորդակցության ձևը հենց չաթն ա)։ Բայց դա էական չի։ Էլի եմ ասում․ եթե շարքային տգիտություն լիներ, էս մի դեպքով կսահմանափակվեր, ու անընդհատ էս խոսակցությունները Ֆինլանդիայում ակտիվ չէին լինի։ Եթե շարքային տգիտություն լիներ, իմ հակադարձմանը, թե մի քանի օր առաջ ընկերուհուս համար բացել եք օնլայն բանկինգ, չէր պաստասխանի` I’m sorry, այլ մի քիչ ավելի շատ կփորփրեր։ Ու էդքան դեբիլ չեմ էլի, տեսնում եմ, թե որ հարցերի դեպքում են անտեղյակ ու փորձում որոշ բաներ պարզել, որ հարցերի դեպքում՝ չոր դիրքորոշում հայտնել։ Նույն աշխատակցուհուն մի ուրիշ հարցով էի դիմել (բավական ոչ ստանդարտ, իրանց բանկի, բայց ոչ իմ հաշվեհամարի հետ կապ ունեցող), ինքն ամեն կերպ փորփրեց, պատասխանը գտավ։ Ու չնայած էդ պատասխանն ինձ բավարարում էր, դեռ առաջարկեց վերադասի հետ կապվել ու ավելի մանրամասն ճշտել։ Ինչու՞ հենց էդ նույն անձն օնլայն բանկինգ բացելու դեպքում էդքան supportive չէր, ու բոլոր հակադարձումներիս ուղղակի ասում էր՝ I’m sorry:

      5. որովհետև այդ պահին այդ հարցերում դեբիլ վերադասուի հետ էր խոսում չաթով։ Հնարավոր է, որ Մանուի դեպքում զուգահեռ խելամիտ վերադասուի հետ է խոսելիս եղել, ով օգնել է գտնել այն թռչնիկը, որով հնարավոր է եղել օնլայն բանկինգ բացել, իսկ քո դեպքում վերադասում չորով ասել է՝ հնարավոր չի, այդ բանկային աշխատողին էլ ոչինչ չի մնացել քան քեզ ասել՝ I’m sorry։ Ու հա, անընդհատ նույն հարցով կրկնվում են նույն տիպի խնդիրները, որովհետև օրենքները ու դատական վճիռները այդ հարցով փոփոխվում են, ու իրենք էլ չեն հասկանում ինչը ոնց ա։ Իսկ բանկային ներքին ինտերֆեյսերը տասնամյակներ են տևում, որ փոխվեն։ Ու այդ մի թռչնիկ ավելացնելը ահագին բարդ հարց ա (իրենց software հազար ու մի պետական վերահսկման կանոնի պիտի համապատասխանի, ու իսկապես ջանջալ գործ ա դրա փոխելը, այն աստիճանի, որ արդեն 30 տարի ակտիվ օգտագործում չունեցող լեզուներով ծրագրավողների են հատուկ գործի ընդունում, որ իրենց լեգասի կոդից գլուխ հանի)։ Եսիմ․․․ էլի, հասկանում եմ վրդովմունքդ, բայց տվյալ դեպքում դավադրություն չեմ տեսնում։ 🙂 ՋԱՆ-ի համար էլ շնորհակալություն։ 😀

      6. Օրենքները հաճախ չեն փոխվում, հավասարության օրենքը միշտ նույնն ա էղել գոնե վերջին տարիներին։ Ուղղակի էսքան պատմություններից հետո կարիք ա էղել մի առանձին օրենք էլ ընդունել, որտեղ ամեն ինչ հատուկ դեբիլների համար պարզ ու հասարակ կերպով ասվում ա։ Ես վստահ եմ, որ էստեղ թռչնիկի խնդիր չի։ Ոչ էլ դավադրություն եմ փնտրում։ Պարզապես բանկերը մի այլ կարգի հուշտ էղած են։ Գուցե պատժամիջոցները փողերի լվացման կամ տեռորիզմի դեպքում շատ ավելի խիստ են, քան էդ հինգ հազար եվրո տուգանքն ու փիառ վնասը, որ կրում են ամեն անգամ դատարան գնալուց։ Ու ահավոր տխուր ա, որ իրանք կարծում են, թե համալսարանում աշխատող օտարերկրացին ավելի շուտ կարա տեռորիստ լինի, քան իրանց հարևան հարբեցող Յուկկան։ Բայց դե էս ա իրականությունը։
        Էլի չեմ ուզում շատ խորանամ դավադրության տեսությունների մեջ, բայց դու Մանուին տեսե՞լ ես։ Ինքն արտաքնապես ոչ մի բանով ֆիննից չի տարբերվում։

      7. Բանկային պրոցեդուրալ օրենքներ-կանոններն են փոխվում։ Բանկերում ամեն ինչ անելը կապված է ստույգ կանոնադրության վրա։ Ու բաժանմունքի աշխատողը չի կարող որոշել որ հավասարության օրենքի համաձայն սենց կամ նենց պիտի անի։ Արդեն ասեցի, որ բանկային էլեկտրոնային համակարգերը սովորաբար հետ են ընկնում կանոնադրությունից, ու աշխատողների թրեյնիգն էլ նոր համակարգերի վրա էլ ավելի է հետ ընկնում, մանավանդ գավառներում։

        Չեմ կարծում թե իրենք համարում են որ Բյուրը ավելի շատ կարա տեռորիստ դառնա քան Յուկկան, բայց եվրականոնակարգից բռնած, ու ֆիննական տարբեր վերահսկումներով վերջացրած՝ բնակային համակարգը ահագին բարդ կառավարվող օրգան է, ու քո փորձն էլ ցույց է տալիս, որ ի վերջո խելքները գլուխն են հավաքել, ու նույնիսկ հետևիցդ են ընկել, որ սխալները ուղղեն։

        Բա որ չես ուզում խորանալ դավադրությունների տեսության մեջ, ինչո՞ւ ես սա ընդհանրապես նշում։ Կամ քո կարծիքով բանկում հաշիվ բացելուց գոնե մի երկու բառ հետը չե՞ն խոսել, որ հասկանան որ ֆինն չի։

      8. Քո տրամաբանությամբ բանկային հետ ընկնող համակարգի պատճառով ա փաստորեն, որ էսքան օտարերկրացիների մերժում են օնլայն բանկինգը կամ հետաձգում մի քանի ամսից մի քանի տարով։ Ահամ։ Մեկ էլ հանկարծակի համակարգը սկսում ա աշխատել, հաշիվը բացում են։ Իսկ անկախ նրանից բանկն ինչ ներքին կանոնադրություն ունի, եթե որևէ պահի իրանց ներքին կանոնադրությունն էղել ա, որ պետք ա օտարերկրացու համար օնլայն բանկինգ չբացել, ուրեմն դա արդեն հակասել ա Ֆինլանդիայի օրենքներին։
        Իհարկե պարզել են, որ Մանուն ֆինն չի, բայց իրանց մոտ պարանոյայի հստակ աստիճաններ կան՝ կապված մարդու մաշկի կամ մազերի գույնի հետ։ Մանուն լրիվ անցնում ա ֆիննի տակ, ուրեմն դժվար տեռորիստ լինի։ Ես մուգ մազերով եմ ու սպիտակ մաշկով, ուրեմն հավանական ա, որ տեռորիստ կլինեմ, կարելի ա հաշիվ բացել, բայց սահմանափակումներ դնել։ Իսկ սևամորթները հաստատ տեռորիստ են, իրանց համար ընդհանրապես պետք էլ չի հաշիվ բացել։ Իսկ խելքները գլուխներն են հավաքել ոչ թե իմ սիրուն աչքերի համար, այլ որտև իրանց կենտրոնական գրասենյակը բավական ջղային նամակ ա ստացել օրենքներին բոլոր տեսակի հղումներով, ու ջոկել են, որ եթե խելքները գլուխները չհավաքեն, էն մյուս բանկի պես սկանդալների մեջ են ընկնելու։

      9. Հա, բանկին ձեռ ա տալիս ինչ-որ աբստրակտ պարանոյայի հիման վրա կլիենտ ու հավելյալ բիզնես կորցնել․․․ լրիվ տրամաբանակն էր։

    2. Ուղակի շատերի մտքով չի անցնում էդ հարցով զբաղվել, դրա համար էլ շարունակում են էսպես արխային աջ ու ձախ օտարներին դիսկրիմինացնելն ամբողջ Ֆինլանդիայով մեկ։ Ընկերուհիս էլ, որ նույն բանկի Հելսինկիի մասնաճյուղում հաշիվ ունի, մի տարի համբերատար սպասել ա, մինչև օնլայն բանկինգը բացեն։

    3. Ընդհանրապես էդ բանկերի հետ ամեն ինչ չի, որ հստակ սև ու սպիտակ ա։ Հիշում եմ՝ տարիներ առաջ մի անգամ վճարում էի արել մի դեբիտ հաշվիցս, որի մեջ այդքան գումար չկար, այսինքն՝ չեկով էի արել վճարումը, որ վճարվողը հանել էր մի քանի օր հետո, ու էդ պահին էդ դեբիտ հաշվիս մեջ բավարար գումար չէր եղել։ Բանկը, բնականաբար, վճարել էր էդ գումարը Վճարվողին, բայց ինձ 40 դոլար տուգանք էր դրել, որ ավտոմատ հանեց հաշվիցս, հենց հաջորդ աշխատավարձս նստեց հաշվիս։ Ես էդ ժամանակ շատ քիչ էի հասկանում էդ բաներից ու զանգեցի պարզաբանելու։ Արդյունքում օպերատորը ասեց՝ դե լավ, բան չկա, հեսա քենսըլ կանեմ էդ տուգանքը (որը ավտոմատ էր արվել բոլոր օրենքներով ու արդարացիորեն)։Զարմացա, որ փաստորեն նույնիսկ հստակ օրենքը կարող ա զիջվի՝ կախված, թե ով էր էդ օրը օպերատորը։

      1. Դե հա, ոչ միանշանակ բաներից էլ վերջերս դանիական հաշվիցս փոխանցում էի արել Ֆինլանդիա, ու փոխանցման համար ահռելի թիվ էր պահել։ Զանգեցի, հարցրի՝ էս ինչ հաշիվ ա։ Քենսըլ արեցին։ Ու նույն օնլայն բանկինգն էլ հենց նույն բանկը մի քանի օր առաջ Մանուին (նույն հայկական անձնագրով) տրամադրել ա (իհարկե, սահմանափակ վերսիան), իսկ Մանուի կուրսեցիներից ոմանց ընդհանրապես մերժել ա հաշիվ բացելը։ Տարօրինակ զուգադիպությամբ ում որ մերժել են, բոլորը սևամորթներ էին։

      2. Դե նոր ձեռքբերածդ գիտելիքներով (դատական դեպքերը, օրենքի ընդունման տարեթվերը) կիսվի, թող գնան կռիվ։ Այդ զուգադիպությունն էլ թող մեջ բերեն, մի հատ էլ ռասիզմ գոռան, որ ծնկները թուլանա։

        Բայց ասեմ, որ այնքան էլ տարօրինակ չի ինձ համար օտարերկրացուն որոշ ծառայություններ մերժելը։ ԱՄՆ-ում եթե չունեs աշխատանքի իրավունք, social security համար չի տրամադրվում։ Ու այստեղ գրեթե ամեն պետական վերահսկման ծառայություն պահանջում ա այդ անտեր social security համարը։ Ու կարճատև փոխանակման ծրագրով եկած ուսանողները հաստատ չեն ստանում այդ համարից, և բանկերում էլ իրենց մի կիսատ-պռատ հաշիվ են բացում՝ «մենակ թե կարողանան մի երկու կոպեկ փոխանցում ստանան, որ սովից չմեռնեն» կարգի հաշիվ, լիքը բեյսիկ ծառայություններն էլ սահմանափակված են։ Ու նենց չի, որ այդ բանկը չի ուզում տալ, ուղղակի պետական վերահսկում կա՝ անօրինական իմիգրանտների ու փողի լվացման դեմ ուղղված պայքարի մոտիվացիայով։

        Քո դեպքը իհարկե մի քիչ ակնառու է, քանի որ աշխատավարձ ես ստանում ու հարկատու ես։ Բայց դե էլի, իմ աչքին սա շարքային տգիտություն է, ոչ թե դիտավորյալ իրավունքների ոտնահարում կամ օրինազանցություն։

      3. Եթե ԱՄՆ-ում ինչ-որ բան էսպես կամ էնպես ա, Ֆինլանդիայում դրա էսպես կամ էնպես լինելը չի արդարացնում։ Ընդհանրապես եվրոպական երկրներում էդ social security համարը ցանկացած դեպքում տալիս են, եթե օրինական կացության քարտ ես ցույց տալիս՝ անկախ նրանից աշխատանքի իրավունք ունես, թե չէ։ Ու հա, Դանիայում մի քիչ ավելի շատ, Գերմանիայում կամ Նիդեռլանդներում մի քիչ ավելի քիչ, բայց էդ համարը շատ կարևոր ա, ու առանց դրա բան չես կարա անես։ Ու ի վերջո, ուրիշ հարց ա, երբ պետական վերահսկում կա (չնայած կասեի, որ, փաստորեն, դիսկրիմինացիան պետական մակարդակով ա կատարվում), ու բանկերը ենթարկվում են դրան։ Էստեղ պետությունն ուրիշ բան ա պարտադրում, բանկերն ուրիշ բան են անում։
        Հա, խմբում կիսվեցի գիտելիքներովս, որ ով ուզենա, զբաղվի դրանով։ Բայց էդ ուսանողները կարծեմ ուրիշ բանկում հաշիվ բացեցին․ իրանց օդ ու ջրի պես հաշիվ էր պետք, որովհետև կրթաթոշակն էդ հաշվին էր գալու։
        Ես կարծում եմ, որ էստեղ իրանք խառնվել էին իրար նաև նրանից, որ հայկական անձնագիր ունեի, Դանիայում հասցե ու հարկային պարտավորվածություններ ու ուղղակի մտածել էին՝ վախենալու կերպար եմ, որոշել էին մերժել, որովհետև մերժելու ընթացքում նույն աշխատակցուհին, որին դու մեծահոգաբար մենակ տգետ ես անվանում, նաև նշում էր Դանիայում ժամանակավոր հասցե ունենալու փաստը։

      4. Ես չասեցի, թե ԱՄՆ-ում եղածը պիտի այդտեղ տարածվի, միմիայն մոտեցմամբ ես կիսվում։ Ու ոչ, չեմ համարում դա դիսկրիմինացիա՝ պետական լինի, թե մասնավոր։ Թե չէ կարող ենք շուտով հասնել արտասահմանցիների տեղական կառավարման մարմինների ընտրելու իրավունքները սահմանափակումն էլ դիսկրիմինացիա համարել։

        Դե տեսնում ես, նենց էլ խառնաշփոթ վիճակւ դու քո եռակի ստատուսով էլ ավելի ես բարդացնում, մարդիկ շոի մեջ են ընկնում։ :)))

      5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրելու իրավունքների մասով․ ես որպես ոչ քաղաքացի, բայց Դանիայում երեք տարուց ավել ապրած անձ իրավունք ունեմ ընտրելու, ինչը լրիվ խելքին մոտ ա։ Հետո, ընտրություններին չմասնակցելը էականորեն չի անդրադառնում անձի ամենօրյա կյանքին, ի տարբերություն օնլայն բանկինգ չունենալուն։ Օնլայն բանկինգ օտարեկրացուն չտրամադրելն ավելի շուտ նույնն ա, ինչ օտարերկրացուն վարձով տուն չտրամադրելը։ Ու սա իսկական դիսկրիմինացիա ա։

      6. Քո խելքին մոտ ա, իսկ իմ՝ ոչ։ Տունն ու բանկինգը նույնը չի, քանի որ տնային խտրականությունը բերում է անտնության, իսկ մի բանկի կողմից սերվիս չտրամադրելը միայն բերում է այդ բանկում այդ սերվիսից չօգտվելուն։ Ու ի դեպ, տուն չտալու լիքը ձևեր էլ կան, ինչին կարծում եմ հաստատ հանդիպած կլինես, ու ոչ, դա չի նշանակում, թե մի կոնկրետ բնակարանի քեզ չտալը բերելու է քո անտնության։ Բայց երբ տնային խտրականության դեմը չեն առնում, դա բերում է գետոյացման կամ անտնության, ինչը բանկինգի դեպքում այդքան էլ տենց չի, մանավանդ երբ էլէկտրոնային բանկինգը այդքան էլ երկար պատմություն չունի, որ բոլոր անողորկությունները հարթված լինեն։

      7. Առանց ֆիննական օնլայն բանկինգի ես անգամ համալսարանիս գաղտնաբառը չեմ կարող փոխել։ Այ էդ կարգի ա օնլայն բանկինգն էստեղի առօրյա մտած։ Դանիայում առանց օնլայն բանկինգի չեմ կարող բժշկիս օնլայն հետ հաղորդակցվել, չեմ կարող գործազրկության ապահովագրությունս վճարել, չեմ կարող իմիգրացիոն ծառայության հետ կապի մեջ լինել ու չեմ կարող կացության քարտս երկարաձգել։ Նույնն էլ, ի դեպ, Ֆինլանդիայի համար ա կիրառելի, բայց քանի որ ես էստեղ ապագա չեմ կառուցելու, դրա համար շատ չեմ անհանգստանում։ Դե էլ չեմ ասում, որ եթե օնլայն բանկինգ չունես, վարձեր վճարելը բավական բարդանում ա, ինչպես նաև որոշ տեսակի գնումները (ինքնաթիռի տոմսերի մասին արդեն ասեցի): Օնլայն բանկինգն էսօրվա օրով նույնքան լուրջ անհրաժեշտություն ա գոնե աշխարհի էս հատվածում, ինչքան բնակավայր ունենալը։ Մարդ կարա անտուն լինի ու ապրի, բայց դրա հետ լիքը անհարմարություններ ու դժվարություններ են գալիս։ Նույնն էլ օնլայն բանկինգն ա։ Կարաս չունենաս, բայց չունենալու դեպքում կյանքումդ լիքը անհարմարություններ կլինեն։ Ու իմ կյանքում եղել են շատ կարճատև դրվագներ (մեկ-երկու շաբաթ), երբ չեմ ունեցել օնլայն բանկինգ։ Ու գիտեմ՝ դա ինչ կատաստրոֆիկ անհարմարություն ա։

      8. Արի մի բան խնդրեմ․․․ կարո՞ղ ես նայել թե բնակչության քանի՞ տոկոսն ա անտուն, ու քանի տոկոսը չի օգտվում օնլայն բանկինգից․․․ հենց նույն Դանիայում, կամ Ֆինալնդիայում։ Հետո արի «նույնքան լուրջ անհրաժեշտությունների» մասին խոսենք։

      9. Եթե անտունների թիվն ավելի փոքր ա, քան օնլայն բանկիգից օգտվողներինը, դա դեռ չի նշանակում, որ մեկը մյուսից կարևոր ա։ Դու կարաս անտուն լինես ու օնլայն բանկինգ ունենաս, նույնիսկ ավելի կարևոր ա օնլայն բանկինգը, երբ անտուն ես, որովհետև քաղաքապետարանը կապը հենց օնլայն բանկինգի կոդերի միջոցով ա պահում, ու եթե չունենաս օնլայն բանկինգ, հնարավոր ա՝ կարևոր տեղեկություն բաց թողնես ազատված բնակարանի մասին։
        Դու երևի իրոք չես պատկերացնում, թե Սկանդինավիայում ոնց ա օնլայն բանկինգը միահյուսված առօրյային ու ոնց են որոշ բաներ անհնար, որոշ բաներ՝ ահագին դժվար դառնում դրա բացակայության պայմաններում։

      10. Չնայած էնքան իդիոտ են, որ պիտի ենթադրեին, որ եթե ես Դանիայի հասցես եմ հաղորդում, ոչ թե Հայաստանի, եթե Դանիայում հարկային պարտավորվածություններս եմ հաղորդում, ուրեմն երևի թաքցնելու բան չունեմ, ու կարելի ա վստահել։

      11. Այ Բյուր ջան, ի՞նչ վստահություն։ Քո կարծիքով այդ բանկային աշխատողին հազար տարի պե՞տք է դու վստահելի մարդ ես, թե՝ չէ։ Բարդ դեպք ես եղել, վրեքներից գցել են։ Ու որպես արդյունք կորցրել են հաճախորդ։ Դու էլ սարքում ես դիսկրիմինացի, էլ եսիմ ինչ։ Եսիմ․․․ մի քիչ տարօրինակ է, որ բանկային մի սենց իրադեպը քո «այստեղ մտքերս կարդում են» վերաբերմունքը այդքան արագ փոխել է։ Ի դեպ խորհուրդ կտամ այդ աշխատողին մի հատ նամակ գրել այս թեմայով, որ մեծ հավատքով ու սպասումներով էիր եկել այդ երկիրը, բայց իր մի արածը լրիվ վստահությունդ այդ հարակության նկատմամբ քաքմեջ արեց։ Թող մի քիչ մտածի մյուս անգամ արտասահմանցիների հետ ոնց ու ինչ անելու մասին։ Չնայած էլի, շատ հնարավոր է, որ իր ձեռքերն էլ են կապված եղել վերադասների կողմից․․․

      12. Նորից ու նորից եմ ասում․ բարդ դեպք լինելու տարբերակին կհավատայի, եթե միակ դեպքը լինեի, ու էսպիսի պատմություններ անընդհատ տեղի չունենային։ Բարդ դեպք էի իրենց սոցապահովագրության գրասենյակում, ու աշխատողն իրոք չգիտեր ինձ հետ ինչ աներ։ Բարդ դեպք էի հարկայինում, չնայած բավական պրոֆեսիոնալ կերպով հարցը լուծեցին։ Բանկում էլ բարդ դեպք կլինեի, եթե մենակ ես լինեի։ Բայց մենակ ես չեմ, սենց բաները տարիներով շարունակվում են։

      13. Հա, որովհետև բանկային աշխատողները փոփոխվող կանոնակարգում մնում են տգետ։ Բայց իրենց սխալը հասկանալուց հետո սկսում են կլիենտների հետևից ընկնել, որ ուղղեն։

        Լավ, ռասիստական երկիր է, բոլոր արտասահմանցիներին դիսկրիմինացիայի են ենթարկում, օնլայն բանկինգ չեն բացում։ Տեսնես ո՞նց է սա ազդում ներգաղթի վրա․․․

      14. Ես երկրի վրա ընդհանրացնու՞մ եմ։ Էստեղ կոնկրետ բանկային համակարգի մասին ա խոսքը, որտեղ մարդկանց դիսկրիմինացիայի են ենթարկում ըստ ազգության։ Բայց ամեն դեպքում, Ֆինլանդիան արտագաղթի էդքան բարձր ծավալներ չունի, ի տարբերություն հարևան Շվեդիայի։

      15. Գրառմանդ անվանումն է ընդհանրացումներին ակնարկում․․․ Շվեդիայի մասին ակնարկդ էլ հետաքրքրեց, արագ որոնեցի, մի երկու հետազոտություն աչքովս ընկավ, որոնք ակնարկում էին outmigration-ի ընդհանուր ցածր մակարդակի մասին․․․

      16. Ի՞նչ ասեմ, դա արդեն քո ընկալումն ա։ Գրառման վերնագրի տակ հասկանում եմ՝ տեսեք, որ օրինապաշտ Եվրոպայում էլ են ապօրինություններ լինում։ Ու կարծում եմ՝ գրառման տեքստն էլ հենց դրան ա տանում։ Ամբողջ պետության վրա տարածելու որևէ ակնարկ չկար։
        Չգիտեմ՝ outmigration-ն էս կոնտեքստում ինչ կապ ունի կամ ոնց ա դա ազդում Շվեդիայի/Ֆինլանդիայի իմիգրացիայի վրա։

      17. Դե գրել էիր, որ Շվեդիայից արտագաղթում են, ես էլ նայեցի թե ներգաղթածներից քանիսն են արտագաղթում ու պարզվեց՝ ոչ այնքան շատերրը։

        Անվան հիման վրա մի հատ կատակային մեկնաբանություն արեցի, բայց քննարկման ընթացքում պարզվեց, որ մազեր ու արտաքին տեսք էլ ես դու այս իրադեպի ու դրա նմանների մեջ տեսնում․ դրա համար էլ գնաց հետագա բանավեճը։ Բայց հիմա որ 50 մեկնաբանությունների շեմը անցանք, ադեն համաձայնվենք, որ այդ մի պարագայում համաձայնության չեկանք։ 🙂

      18. Կներես, արտագաղթը լեզվի սայթաքում էր, ներգաղթ պիտի գրեի․ Ֆինլանդիայում ներգաղթն անհամեմատ ավելի ցածր ա Շվեդիայի համեմատ։
        Մազերն ու արտաքին տեսքն առաջ եմ քաշում, որ եթե ուզենանք դավադրության տեսության մեջ խորանանք։ Գրելիս էլ ասեցի, որ չեմ ուզում էդ ուղղությամբ գնալ։ Ու մեկ ա, անգամ Մանուին սահմանափակ օնլայն բանկինգ են տվել ու անգամ սահմանափակն ա ապօրինի։ Ուղղակի իրան լիարժեք տարբերակն էդքան էլ կարևոր չի, քանի որ հարկատու չի։
        Հա, արի համաձայնենք, որ համաձայնության չենք գալիս։ Բանկի աշխատողը դեբիլ էր, ես էլ անկապ նվնվում եմ։

      19. Չասի նվնվում ես, բայց հեռու գնացող հետևություններ ես անում առանց դրա համապատասխան տվյալներ ունենալու․․․ դե ըստ իս, էլի։ 🙂 Էն որ դեբիլ ա, էդ հաստատ 🙂 Ու բանկային աշխատողների գերակշռող մեծամասնությունը այդպիսին է. մի քիչ ինքնուրույն մտածելակերպ ունեցողը այդ միջավայրում (լուռ տոննաներով կանոններին հետևել, ու ոչ մի շեղում ոչ այս կողմ, ոչ՝ այն) չի դիմանում։ Էս էլ իմ կանխակալումը․․․ 😀

        Բայց Բյուր ջան, եթե չես ուզում ինչ-որ ուղղությամբ գնալ, ի՞նչն է իմաստը այդ ուղղությունը մեջբերելու։

      20. Օք, արի համաձայնենք, որ բանկային աշխատողների մեծ մասը դեբիլ են Ֆինլանդիայում, դրա համար էլ էս խնդիրը կա, խոսակցությունը փակենք։ 😀
        Հեչ, իմաստ չկա, պահի տակ մտքովս անցավ, ասեցի։ 😀 Լրիվ լուրջ։

      21. Հա, պտիչկայի մասով էլ․ ուրեմն էրեկ քաղաքային գրադարանում էի գրանցվում, չէին կարում ինձ գրանցեին, որովհետև ֆիննական հեռախոսիս համարը չէի հիշում, համակարգն էլ դանիականը չէր ընդունում։ Ու աշխատողն անկեղծ ասում էր, թե ինչու չի ստացվում։ Վերջը լուծում գտնվեց։ Ուզում եմ ասել՝ եթե պտիչկայի հարց լիներ, մի քիչ ավելի շատ ջանք կթափեին։ Ես էնտեղ նստած շատ լավ տեսնում էի, որ պտիչկայի հարց չի։

      22. Գրադարանի ու բանկային աշխատողների միջև մի քիչ տարբերություն կա էլի։ Ինչպես նաև համակարգերի․․․ գրադարանի աշխատողը սխալի համար հազիվ մի հատ շեֆից նկատողություն ստանա, իսկ բանկային աշխատողը կարող է նստել էլ․․․ նենց որ համեմատությունդ աբսուրդ է։ Տեսնելդ էլ, լավ ինչ ասեմ, ցավակցում եմ, որ այդպիսի անմարդկային պայմաններում դեռ մի քանի ամիս էլ պիտի անկացնես․․․

      23. Բանկային աշխատողը, ինչպես և գրադարանի աշխատողը կարող են ամեն ինչ մինչև վերջ ճշտել կլիենտին մերժելուց առաջ։ Ավելին ասեմ․ գրադարանի աշխատողն ինձ քարտ տրամադրելու ոչ մի շահ չուներ, դեռ ավելի շատ պատճառ ուներ քարտ չտալու․ գրադարանը լրիվ անվճար ա, ես՝ արտասահմանցի։ Կարող եմ գիրքը վերցնել ու թռնել ուրիշ երկիր, ու էդպես էլ չկարողանան գիրքը գտնել։
        Ու դու նորից ընդհանրացնում ես կոնկրետ բանկի հետ ունեցածս փորձառությունն ամբողջ երկրի հետ։ Եթե գրառմանս վերնագիրն ա նպաստում, որ անընդհատ ամբողջ երկիրն ու ամբողջ երկրի բանկային համակարգը նույնացնես, ապա ասեմ, որ էս պատմությունով ուզում էի ցույց տալ օրինապաշտ Եվրոպայում օրինախախտման օրինակ։ Իսկ օրինապաշտ Եվրոպայում օրինախախտման օրինակները շատ-շատ են, անգամ պետական պաշտոնյաների մակարդակով (իհարկե ոչ միշտ դիսկրիմինացիայի հետ կապված)։
        Ընդհանուր տպավորություններով ֆիննական ակադեմիան շատ ավելի պակաս դիսկրիմինացիոն ա, քան դանիական ակադեմիան։

      24. Կարող են իհարկե ամեն ինչ մինչև վերջ ճշտել, բայց բանկային անձնակազմը ավելի հիերարխիկ է․ ու եթե քեզ սպասարկողին մի հեռավոր օֆիսում նստած վերահասուն ասել է՝ ձև չկա, ապա դրանով հարցը փակված է, իսկ գրադարանի աշխատողը ինքնագլուխ էլ կարա քեզ քարտ տա՝ մի անկապ հեռախոսի համար ներմուծելով, ու խնդրելով, որ մյուս անգամ գրադարան գալուց ճիշտ համարդ տրամադրես։ Բացի դրանից, բանկային համակարգը լիքը պետական վերահսկումների առարկա է, իսկ գրադարանը՝ ոչ։ Ու իրենց քարտ տրամադրելու ինտերֆեյսներն էլ լրիվ տարբեր են՝ գրադարանինը շատ ավելի պարզ է։ Գրադարանում դու կարող ես բաց գրապահարանների գրքերն էլ վերցնես ու ավիրես ծածուկ, հո չի նշանակում, թե մենակ պասպորտով պիտի գրադարան ներս թողնեն, իսկ բանկերում փողերը բնականաբար հասարակայնորեն հասանելի բաց դարակներում չեն պահում։ Եթե գիրքը վերցնես թռնես էլ, այդ գրքի կորուստը գրադարանի բյուջեի մեջ հաշվառված է, իսկ ապօրինի բանկային ծառայություններ չտրամադրելը կարող է բերել դատական գործերի ու բանկային լիցենզիայի կորուստի։ Ու բանկին շատ ավելի հարմար է քաղաքացիական դատարան ընկնելն ու մի երկու կոպեկ տուգանք վճարելը, քան քրեական պատասխանատվության դիմաց կանգնելու վտանգով հղի հավանաբար օրենքով արգելված ծառայություններ տրամադրելը։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, համեմատությունդ, կարծում եմ, լրիվ անիմաստ էր։

        Հա, անվանումը մի քիչ․․․ հիպերբոլիկ է ականջիս հնչում։ Բայց քո պնդումն էլ, որ հաստատ խտրականություն է, ու դրանք տարածված դեպքեր են էլի այնքան էլ մի դեպքի կտրվածքով դիտարկման մասին չեն հուշում։ Օրինախախտումներ բնական է, որ կան, այլապես ոստիկանական ու դատական համակարգերը վաղուց վերացած կլինեին։ Ու այս օրինախախտման դեպքում էլ ինձ զարմացնում է քո այն կանխավարկածը, որ սա խտրականությամբ պայմանավորված դիտավորյալ օրինախախտում է։ Եթե սխալ եմ հասկացել՝ ներողություններս, բայց քննարկումից (ավելի քիչ՝ գրառումից) մոտս այդպիսի հստակ տպավորություն է ստեղծվել։

      25. Ծլնգ, ի՞նչ մի դեպք։ Էստեղ հղում եմ արել նաև աղմուկ հանած մենակ այլ դեպքի։ Եթե էթիկան թույլ տար, ֆեյսբուքի համապատասխան խմբի գրառումներն էլ սքրինշոթ կանեի, կդնեի էստեղ, կտեսնեիր, թե քանի մենակ Յոենսուում ա էսպիսի խնդրի բախվել։ Ֆեյսբուքի բլոգիս էջում էլ Օուլուից մի հայ աղջիկ էր գրել, որ ինքն էլ ա խնդիրներ ունեցել օնլայն բանկինգի հետ։ Եթե պիտի երկու ոտքդ դնես մի կոշիկի մեջ ու ասես, որ մի դեպքի վրա ընդհանրացումներ եմ անում, արի միանգամից փակենք էս թեման։ Բայց էլի եմ ասում․ սա մի դեպք չի ու մի բանկով պայմանավորված չի։
        Ու հա, Եվրոպայում դիտավորյալ օրինախախտումներ բավական հաճախ լիքը իրավաբանական ու ֆիզիկական անձինք անում են օտարեկրացիների նկատմամբ՝ օգտվելով օտարեկրացու անտեղյակությունից, միամտությունից կամ անօգնականությունից, ու դրանց մի մասը կարող են դասակարգվել որպես խտրականություն, մի մասը՝ ոչ։ Բայց դա առանձին թեմա ա, առանձին գրառմամբ կանդրադառնամ։ Իմ կանխավարկածն էս ա․ հա՛, դիտավորյալ օտարեկրացիների համար օնլայն բանկինգ չեն բացում: Հղումը մի հատ էլ եմ դնում․ https://yle.fi/uutiset/osasto/news/banks_forced_to_accept_foreign_id_in_landmark_tribunal_ruling/7370297
        Կարող ես մտնել, նորից կարդալ, որ բանկն ինքը հանգիստ խոստովանել ա, որ օտարերկրացի ա, դրա համար օնլայն բանկինգ չեն տրամադրել։
        Ստեղ էլ կարաս կարդաս, որ դա համատարած երևույթ ա Ֆինլանդիայում ու որ ապօրինի ա․ https://www.expat-finland.com/finance/online_banking.html
        Բան չունեմ ասելու, էս թեման անընդհատ թեժ ա մնում ու քննարկվում ա, բանկերն էլ բեխաբար են, առանց իմանալու օրենք են խախտում։ Իսկ որ էսպիսի օրինախախտումը խտրականությամբ ա պայմանավորված, ես չեմ որոշել, դատարանն ա որոշել։ Կռիվ ունես, գնա դատարանի հետ արա։

      26. Այ մեկ էլ որ ճշտես թե այդ հղումներից որ մեկում է մազի ու մաշկի գույնի մասին ասվում, կարող է սկսեմ մի քիչ մոտեցումդ հասկանալ․․․ այդ որոշումների մասին կցկտուր գրածները ոչինչ էլ չեն նշանակում։ Չի ասվում նրա մասին, թե ինչն է դրդել բանկին այդպիսի որոշումներ ընդունել, ինչպես են պետական բանկային փաստաթղթերի մասին կանոնները սրան վերաբերվում, և այլն։ Մեկում էլ ասվում է, որ բանկը ապելյացիայի է տալու, դրա մասին կա՞ն տեղեկություններ։

        Լավ, օքեյ, 25 դեպք ա եղել․․․ արա էդ ֆինները լրիվ պարանոյիկ են արտասահմանցիների նկատմամբ, տո՜․ մազերի ուրիշ գույնը իրենց աչքին նշանակում է՝ խաբեբա, իսկ աստված չանի մաշկի ուրիշ գունը՝ տեռորիստ։

      27. Մաշկի գույնն իմ ենթադրություններն են, դրա մեջ կարանք չխորանանք, դա կարանք մի կողմ թողնենք։ Հասկանու՞մ ես, որ քսանհինգ դեպ չի։ Էստեղ ոչ թե օտարերկրացու օնլայն բանկինգ բացելն ա ավելի տարածված, այլ՝ չբացելը։ Դժվար քսանհինգ հոգու հիման վրա էքսպատների էջն էդպիսի բան գրեր իմ տված երկրորդ հղումում։ Չգիտեմ՝ բանկը բողոքարկել ա, թե չէ, բայց էդ պատմության բանկը մեր օրերի Յոենսուում միակն ա, որն առանց որևէ օտարերկրացու ներվերն ուտելու հանգիստ բացում ա օնլայն բանկինգ։ Ուրեմն էս պատմությունն ինչ-որ կերպ ազդել ա իրանց վրա։ Իսկ ավելի ուշ՝ 2017-ին, սևը սպիտակի վրա որոշում ա կայացվել, որ օտարերկրացուն basic ծառայություն մերժելն ապօրինի ա։ Էդ մի հղումն էլ մի հատ էլ տեղադրեմ․ http://www.fin-fsa.fi/en/Financial_customer/Financial_services/Banking_services/Basic_banking_services/Pages/Default.aspx

      28. Մի երկու տեղ էլ ես նայեցի, օրինակ՝ https://yle.fi/uutiset/osasto/news/banks_under_pressure_to_offer_online_banking_to_foreigners/7804023

        Ու օրենսդրության այն երկու մեջբերումները լավ ցույց են տալիս, թե ինչպիսի խառնաշփոթ է(ր) տիրում կանոնակարգում։ Ու ամեն մեկը իր գրպանի գյոռռա է այդ «if desired»-ը հասկանում․․․ քո այս նորից մեջբերած հղմամբ էլ մի քիչ անհասկանալի է, թե փաստաթղթերի ստուգումը ոնց է արվում, ու որոնք են մինիմալ պահանջները փաստաթղթերի նկատմամբ։ Ու փաստորեն բանկերի վրա պահանջներ են դնում, առանց հստակ կանոնակարգ հաստատելու (կամ էլ կա, բայց հլը դրան հղում չի տրվել)։ 🙂 Սա պետական խնդիր է, ոչ թե կոնկրետ բանկի կամ կոնկրետ աշխատողի։ Ու ամենասկզբից էլ ասում եմ, որ էդ անտեր բանկերին չկա հստա ասող, թե ինչ պիտի անեն, խառնաշփոթ է տիրում, աշխատողներն էլ՝ տգետ, ու փորձում են սայթաքել քաղաքացիական խախտումների ուղղությամբ, ոչ թե՝ քրեական։ Վոբշըմ՝ բարդ ա, բոլորն էլ մեղավոր են 🙂

      29. Դե հա, բանկերի աշխատողները փաստաթղթերից գլուխ չեն հանում։ Օտարերկրյա անձնագիր են տեսնում, քաքում են տակները։ Օրենքի պահանջն իրականում բավական հստակ ա․ ցանկացած չվնասված անձնագիր բավարարում ա անձի հաստատման պահանջները։
        Էս քո բերած հոդվածում էլ հենց իմ բանկն ա։ Էն ա, տեքստում նույն բանն ա գրած, ինչ աշխատողն ինձ ասել ա։ Բայց դե աշխատողն էնքան իդիոտ ա, որ չի ջոկում, որ ֆիննական միգրացիոն ծառայությունների տրամադրած կացության քարտից լավ ոչ մի բան չի կարա իմ անձը հաստատի (անգամ մատնահետքիս մասին ինֆորմացիա կա վրան)։

      30. Հա, վերջը գալիս ենք էլի նրան, որ բանկային աշխատողի տգիտությունն է, ինչը բարդանում է խառնաշփոթով (այդ «if desired» կանոնադրության մեջ տեղ չունի)։ Ինչևէ, ճիշտ ես, աբսուրդ վիճակ է, որ այս դարում այդպիսի խառնաշփոթի (տգիտությունն էլ եմ սրա մեջ դասում) դեմը արագ չեն կարողանում առնել։

  4. Հա, մոռացա հարցնեմ․․․ բա Դանիայում բանկինգ անելով դրամի փոխանակումների վրա չե՞ս կորցնում, թե հաշիվդ եվրոյով է Դանիայում։

    1. Դրան ուշադիր հետևել եմ։ Կրոնից եվրո ու եվրոյից կրոն փոխարկումները համարյա նույն փոխանակային արժեքով են անում։ Արդյունքում՝ կորուստը չնչին ա լինում, մոտավորապես էնքան, ինչքան էստեղ բանկային ծառայություն ունենալու ամսավճարը կլիներ (էդ էլ մի ուրիշ պատմություն, որ էստեղ բանկային հաշիվ ունենալը թանկ արժե, իսկ Դանիայում համարյա ձրի ա):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s