Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հումորը մանկավարժության մեջ

on October 10, 2017

Ընդհանրապես, համալսարանական մանկավարժության ներածական դասընթացից բացի որևէ տեղ մանկավարժություն չեմ սովորել, ու դասավանդելիս համապատասխան գիտելիքների պակասը հաճախ եմ զգում։ Ու քանի որ հմտություններս տեսությունով զարգացնելու համար ժամանակ էդպես էլ չեմ գտնում, աշխատում եմ դիտարկումներով ու փորձով սովորել։

Հումորի կարևորությունն առաջին անգամ հասկացա, երբ Էնդի Ֆիլդի դասագրքով ստատիստիկա սովորեցի։ Ստատիստիկան երևի այն համալսարանական առարկաներից է, որը լավ յուրացնելու համար շատ կարևոր պայման է լավ սովորեցնող ունենալը։ Ինքս ստատիստիկայի անթիվ-անհամար դասընթացների եմ գնացել, ու պատահել է, որ լսարանից դուրս եմ եկել՝ առանց գաղափար ունենալու, թե ինչից էր խոսվում, չնայած թեմային ծանոթ եմ եղել։

Էնդի Ֆիլդի դասագիրքն էլ էդ լավ բացատրելու օրինակներից մեկն էր ու մինչ այդ ինձ հանդիպած ստատիստիկայի միակ դասագիրքը, որից որևէ բան հնարավոր է սովորել։ Հետաքրքիր է, որ գրքի նախաբանում հեղինակն ինքն էլ է խոստովանում, որ իր առաջ խնդիր է դրել մանկավարժական տեսանկյունից որակյալ գիրք գրել։ Ու գրքում բազմաթիվ այլ հնարքների կողքին կա նաև հումորը․ չկա գլուխ, որտեղ մի բան բացատրելիս որևէ կատակ չանի, ու ծիծաղից չթուլանաս։

Բայց հումորի՝ աշխատող միջոց լինելու մեջ պիտի համոզվեի դասի ժամանակ կիրառելուց հետո։ Մինչ այդ մի քիչ նախապատմություն։

Մի անգամ Բեռլինում ընկերներով հավաքված էինք, ու չգիտեմ ոնց խոսք գնաց ֆիններենից։ Մեր մեջ մի ֆիննուհի կար, ընկերը՝ հայ։ Ուզում էինք մեր հայ ընկերոջը համոզել, որ ֆիններեն «ես քեզ սիրում եմ»։ Ինքը չէր հիշում ու չէր հիշում։ Բայց մի քիչ օգնելով, մի քիչ հիշողությանը զոռ տալով ասեց․ «Մինա ռակաստան սինուա»։ Մեկ էլ մնաց-մնաց, թե՝ «ռակաստա՞ն»։ Ու ծիծաղից թուլացավ։

Հիմա վերադառնանք լսարան։ Առարկան, որը դասավանդում եմ, կոչվում է ձևաբանություն ու շարահյուսություն։ Երբ դա ինձ տվեցին, մի քիչ ընդդիմացա՝ պնդելով, որ ձևաբանությունից ու շարահյուսությունից շատ բան չգիտեմ։ Իրոք, գիտելիքներս սահմանափակվում էին այդ նույն դասընթացն անցած լինելով։ Դրանից ավելին շատ քիչ էի սովորել տարիների ընթացքում։ Այնուամենայնիվ, առարկան մնաց ինձ վրա, ու ես պիտի ինչ-որ բան անեի։

Էստեղ իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ դասավանդման ձևը նախապես որոշված է․ դասախոսություններ։ Իսկ դա նշանակում է, որ երեք դասի ընթացքում պիտի հասցնեմ հարյուր էջին համարժեք նյութ մատուցել՝ առանց որևէ տեսակի ինտերակտիվության։ Իհարկե, անինտերակտիվության մասից մի քիչ շեղվում եմ, որովհետև ուղղակի ինձ չեմ կարող ներել մի մեթոդ կիրառելու համար, որը գիտեմ՝ արդյունավետ չէ։

Ուրեմն ձևաբանության երկրորդ դասախոսությունն էր։ Հսկայական լսարան։ Ուսանողներն անհավես նստած էին լսարանում։ Կարդում էի ածանցման ու բարդ բառեր կազմելու մասին։ Դեմքերից հասկանալի էր, որ կա՛մ չեն հասկանում, կա՛մ ահավոր ձանձրանում են, ես էլ ինձ ահավոր մեղավոր էի զգում։ Ու մեկ էլ երբ պիտի խոսեի ածանցավոր ու բարդ բառերի իմաստի թափանցիկության մասին ու այն մասին, որ չնայած բառարանում շատերը չեն հայտնաբերվում, բայց զրուցակիցը հասկանում է դիմացինին, որոշեցի օրինակ բերել, բայց ի տարբերություն էն հարյուրավոր օրինակների, որոնց մասին լսում են դասի ժամանակ, էս անգամ ծիծաղելի օրինակ ուզեցի բերել։

Պատմեցի Բեռլինի պատմությունն ու բացատրեցի․ «Հայերենում -ստան ածանցը նշանակում է երկիր, իսկ ռակը ռուսերենից փոխառված խեցգետին բառն է։ Փաստորեն, ռակաստան ստացվում է խեցգետինների երկիր։ Ու իմ ընկերոջը պետք չէր դա բացատրելը, որովհետև իմաստը թափանցիկ էր»։ Էստեղ ուսանողներս ծիծաղեցին, դեմքներն էլ պայծառացավ։ Հետո իմացա, որ «ռակաստանը» լավ տպավորվել էր, որովհետև իրենց բացակա համակուրսեցիներին պատմել էին այդ մասին։

Երեկվա դասախոսության մեջ հումորային օրինակները շատացրի։ Ուսանողներիս դեմքերից կարելի էր ասել, որ էս անգամ ավելի ուշադիր ու հավեսով էին լսում, ու հաստատ ինչ-որ բան սովորած լսարանից դուրս եկան։

Advertisements

6 responses to “Հումորը մանկավարժության մեջ

  1. uluana says:

    Հա, հումորն իրոք շատ կարևոր դեր ունի։ Գրառումդ կարդալուց հետո ակամա սկսեցի հիշել քոլեջի իմ դասախոսներին ու զգացի, որ համարյա բոլորն էլ բավական հաճախ էին հումորներ անում դաս բացատրելիս, հատկապես օրինակներ բերելիս, ու երևի դա էլ զգալի դեր ունի նրանում, որ էստեղ ինձ դասավանդած դասախոսները հիմնականում շատ լավն էին։

    • byurie says:

      Ահա, ու ես մտածում եմ ասենք լիքը նենց աշխարհահռչակ գիտնականների, որոնց դասախոսություններն ահագին հետաքրքիր ա լսելը, նույնիսկ եթե ոլորտից հեռու ես։ Ու բոլորն առանց բացառության լիքը կատակներ են անում։

  2. Ծլնգ says:

    Ո՜նց եմ պայթում այդ «մանկավարժություն» բառից, ոնց որ մանուկներին կրկեսի կենդանիների նման դրած վարժեցնելու մասին լինի․․․ գոնե ուղիղ իմաստով παιδαγωγία-ան թարգմանեին՝ մանկավարություն, առանց ժ-ի․․․

    Բուն թեմայով․ հա՛, հումորը օգտակար բան է, ու ոչ միայն դասավանդման մեջ։ 🙂 Ընդհանրապես, դասախոսությունը կատարողական արվեստ է, ու լավ կատարողը պիտի կարողանա ունկնդրի տրամադրությունը հմուտ կառավարի։ Հումորն էլ այդ ունկնդրին տրամադրելու հեշտ ձև է, բայց անդրոգոգիկայի մեջ այնքան էլ կարևոր չի, ըստ իս։ Բայց դե եթե գոնե մենակ քեզ ավելի լավ զգացնել է տալիս, հաստատ արժի։ 🙂 Մի ծանոթ անգլիացի ունեմ, ով հաճախ վեց հարյուրից մինչև ութ հարյուր հոգանոց դասախոսություններով դասեր է դասավանդում, ու իր այդ դասերի թեմատիկան ամբողջությամբ Dr. Who-ի հումորի վրա է հիմնում։ Այս դարի ուսանողների համար էլ դա այնքան nerdy է, որ լավ տպավորվում են։ 🙂

    Էնդի Ֆիլդից էլ վիճակագրություն սովորած մի երկու հոգեբանների գիտեմ․․․ միգուցե հումորից բացի նաև օգնում է այն, որ ինքն էլ է հոգեպաթոլոգ։

    • byurie says:

      Անդրոգոգիկա 😀 Չէի լսել էդ տերմինը։ Ես ինձ լավ եմ զգում, երբ տեսնում եմ՝ դիմացինը հասկանում ա, թե ինչից եմ խոսում։ Իսկ դասի ժամանակ ուսանողների դեմքի արտահայտություններից էնքան ինֆորմացիա կարելի ա ստանալ։ Ու դասը կատակներով անցկացնելով տեսնում ես, որ ինչ-որ բան հասկանում են կամ առնվազն կարողանում են կենտրոնանալ, հետևաբար լսել, հետևաբար հասկանալ։

      Ֆիլդն իրա նախաբանում նաև ասում ա, որ մանկավարժություն ախպորից ա սովորել։ Չեմ կարծում, թե իրա հոգեբան լինելն ա ստեղ առանցքայինը։ Լիքը ստատիստիկայի դասախոսներ կան, որ հոգեբան են, բայց ահավոր վատ են դասավանդում։ Ուղղակի Ֆիլդն իրա առաջ խնդիր ա դրել նենց դասագիրք գրել, որ ուսանողը չտառապի ձեռը։ Ու ընդհանրապես ես որ նայում եմ լիքը առարկաների դասագրքերի, ահավոր վատն են։ Ամենապրիմիտիվ բանը նենց խրթին ա բացատրած, որ մտածում ես՝ խեղճ ուսանող։

      • Ծլնգ says:

        Հա բայց հումորից հետո դժվար է ուսանողների երեսից պարզել՝ հասկանում են նյութը, թե՝ հումորից են տժժում։ 😀 Բայց հա, քանի կարողանում ես ուշադրությունները գրավել, լինի հումորով թե պար ու երգով, իրենց հասկանալու հույսը ավելի մեծ է…

        Ֆիլդի հոգեպաթոլոգ լինելը նկատի ունեի, որ քո լեզվով է խոսում։ Ասենք ինձ համար իր գրելաոճը լիքը ջուր ծեծոցի է, բայց դե հասկանում եմ, ինչ ես ասում։ Բայց չգիտեմ, դա հումորից է գալիս, թե իր պատմելու հմտությունից (storytelling-ը հզոր բան է թե՛ գրքագրությոն մեջ, նույնիսկ՝ գիտական, թե՛ դասախոսական արվեստի մեջ)։ Ու լավ գիտության պոպուլյարիզատորները իմ հիշողություններով ոչ թե հումորով են աչքի ընկնում, այլ հենց որոկյալ պատմողականությամբ։ Իսկ եթե ներըթիվ չունես, կոպիտ ասած, ուզում ես մեջը հումոր կոխի, ուզում ես ուրիշ բան, մեկ ա հասկանելիությունը դրանից չի բարձրանա։

      • byurie says:

        Հա բայց մի քանի վայրկյան տևող ծիծաղից հետո ասենք հաջորդ քսան րոպեն տեսնում ես, որ կենտրոնացած լսում են։
        Համաձայն եմ, որ storytelling-ը հզոր բան ա։ Անգամ ակադեմիական տեքստ գրելու լավագույն գրքերում միշտ նշվում ա, որ գրելիս չի կարելի մոռանալ, որ ընթերցողին պատմություն ենք պատմում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: