#metoo

Այսօր համացանցը ողողված է #metoo հեշթեգով, որով կանայք (և տղամարդիկ) խոստովանում են, որ աշխատավայրում կամ այլուր սեռական ոտնձգության են ենթարկվել։ Հեշթեգի տարածվածությունը ցույց է տալիս, թե սեռական ոտնձգություններն ընդհանրապես ինչքան տարածված են աշխարհով մեկ։ Ֆեյսբուքի ֆիդովս անցնելիս նկատեցի, որ հեշթեգով շատ ավելի շատ կիսվում են Դանիայում բնակվող կանայք։ Սա իհարկե չի նշանակում, որ սեռական ոտնձգությունները Դանիայում ավելի տարածված են, այլ կարող է նշանակել, որ Դանիայում բնակվող կանայք որոշակի վախ կամ ամոթ հաղթահարել են՝ կարողանալով կիսվել հեշթեգով։

Իսկ ես մի քանի ժամ գցում-բռնում էի, մինչև ինքս էլ ի վերջո կիսվեցի։ Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ Հայաստանում շատ ավելի շատ եմ սեռական ոտնձգությունների ենթարկվել Դանիայի համեմատ։ Ու թեև Կոպենհագենի համալսարանի մեր ամբիոնում շշուկներ էին պտտվում, ու մի անգամ նույնիսկ ամբիոնի վարիչը բոլորին նամակ ուղարկեց՝ նշելով, որ ոտնձգությունների մասին բողոքներ կան, անձամբ իմ նկատմամբ երբևէ որևէ ոտնձգություն չի եղել։

Այնուամենայնիվ, այս գրառմամբ ուզում եմ պատմել սեռական ոտնձգության ենթարկվելու առաջին փորձիս մասին, որը երբևէ որևէ մեկի չեմ պատմել ու չգիտեմ՝ ինչու չեմ պատմել։

Հինգերո՞րդ, թե՞ վեցերորդ դասարան էի։ Չգիտեմ՝ որ մանկավարժական օրենքով է հիմնավորված կամ կա ընդհանրապես հիմնավորում, թե ոչ, բայց դասարանում ամեն նստարանի մոտ մի տղա ու մի աղջիկ էր նստում։ Դրան էլ ավելացնենք, որ մեր դասղեկի միտքը փայլատակել էր ու որոշել էր, որ վատ սովորող տղաներին լավ սովորող աղջիկների կողքին նստացնելով առաջինների առաջադիմությունը կլավանա։

Առաջադիմության մասին չգիտեմ, բայց իմ կողքը նստող տղան ամբողջ կիսամյակ «խանգարում» էր ինձ։ Համենայնդեպս, էդպես էի պատճառաբանում, երբ դասղեկին խնդրում-աղաչում էի ինձ տեղափոխել։ Իսկ իրականում կողքիս նստող տղան դասերի ժամանակ ձեռնաշարժությամբ էր զբաղվում։ Հիմա որ հետ եմ նայում էդ ժամանակներին, մտածում եմ՝ անհնար է, որ ուսուցիչները նկատած չլինեին։ Բայց ոչ ոք, փաստորեն, որևէ բան չէր ձեռնարկում։

Մեր դասարանում ոտնձգության մյուս դեպքն ավելի ցայտուն էր։ Մեզնից մի դասարան բարձր մի տղա մնացել էր մի տարի, հայտնվել մեր դասարանում։ Նրան նստացրել էին մի վատ սովորող աղջկա կողքին, որը բացի վատ սովորելուց նաև անասելի լուռումունջ էր։ Երբ դաս էին հարցնում, կկանգներ գրատախտակի մոտ, շուրթերը կշարժեր ու ոչինչ չէր ասի։ Դասատուներն աշխարհի վերջին վիրավորանքները կհասցնեին, ոմանք անգամ կհարվածեին չսովորելու համար, բայց, միևնույն է, ինքը ձայն չէր հանում։

Բայց մի անգամ դասի ժամանակ նույն լուռումունջ աղջիկը հանկարծ գոռգոռոցը դրեց։ Կողքը նստած տղային ձեռքերով հարվածում էր, հրում ու ինչ-որ բան ասում։ Ես շատ լավ գիտեի՝ ինչ էր կատարվել։ Գիտեի, որովհետև այդ նույն տղան մի անգամ դասամիջոցին ձեռք էր գցել հետույքիս, բայց ես լռել էի։ Լռել էի մինչև այս պահը, երբ դրա մասին գրում եմ բլոգումս։

Իսկ այդ տղան անընդհատ, պարբերաբար իր կողքը նստող աղջկան ձեռք էր գցում։ Այդ գոռգոռոցը նրա համբերության բաժակի լցվելն էր, ինքնապաշտպանությունը, երբ դասարանում ոչ ոք չկար, որ իրեն պաշտպան կանգներ։ Այդ գոռգոռոցին ներկա էր նաև ուսուցիչը։ Իսկ տղան շարունակեց նստել այդ աղջկա կողքը այնքան, մինչև նոր դասարան տեղափոխվեցինք, ու նստարանները վերադասավորվեցին։

Ու չգիտեմ՝ արդյոք այսօր #metoo գրող կանանց թիվն ավելի փոքր կլիներ, եթե գոնե դպրոցում բոլորի աչքի առաջ տեղի ունեցող դեպքերը կանխվեին ու դատապարտվեին։

 

32 thoughts on “#metoo

  1. Հայերի մեջ կա մի խավ, ով իրենց տղաներին մեծացնում է «արա, գնա մի հատ Մուշեղին/քեռուդ/հոպարիդ/ախպորդ քացով տուր արի» հանաք-մոտեցումներով, որոնք երբեմն հպարտության զգացում էլ են առաջացնում ասողի մոտ։ Ու այդ երեխաներին ամեն օր էլ դպրոցում նախատես, բաացտրես, արարքների դեմը առնես, միևնույն է շատ դեպքերում մեծանալու են աղջիկներին հետո էլ կանանց ձեռք գցող ու կնոջը ծեծող անասուններ։

    Իսկ իմ ժամանակվա ուսուցիչները ուղղակի անպատրաստ էին այսպիսի թեմաներով խոսել։ Ուսուցչուհիներիցս շատերը այսպիսին էին, իսկ տղամարդ ուսուցիչներիցս շատերը ոչխար էին։ Հուսով եմ, որ ժամանակները փոխվել են, բայց շաաաատ խիստ կասկածում եմ։ Հայրիշխանական ու խանժա հասարակության մեջ այդպիսի գործողությունների մասին խոսակցությունները սովորաբար կոծկվում են…

    Իսկ քո նկարագրած դեպքերը իմ դրոպցական օրոք համատարած էին։ Էն աստիճանի, որ դրանց չմասնակցող տղաները նախատվում էին։ Ու դրանք ոչ միայն դպրոցում էին, այլ նաև բակում ու կյանքի բոլոր մնացած շերտերում էլ։ Ու այն ղջիկը, ում ծնողները նույնիսկ դաշտանի գոյության մասին նախօրոք չեն կարողանում մի բան երեխու հետ խոսել, այսպիսի դեպքերի մասին ուղղակի ընդունակ չի ուրիշների հետ կիսվել։

    Լուծումներ չունեմ… մենակ զայրույթ։

    1. Բյուր, Երբ կողքդ մեկը ձեռնաշարժությամբ ա զբաղվում, էդ սեռական ոտնձգություն ա քո՞ հանդեպ։

      1. Կարող է դիտվել որպես հալածանք, ոնտձգություն, ճնշում (sexual harassment), բայց քանի չի եղել ֆիզիկական կոնտակտ՝ սեռական բռնություն չի։ Ու հոգեբանական բռնություն որակելն էլ է մի քիչ խնդրահարույց։

      2. Մի քիչ դժվար էր հասկանալը՝ որը ինչ ես որակում, քանի որ երկորդ դեպքը բացահայտ բռնություն է, իսկ դու երկուսն էլ կարծես «ոտնձգություն» ես անվանել։ Ու «ոտնձգությունը» հայերենում մի քիչ երկիմաստ բառ է այս առումով։

      3. Ոտնձգությունը harassment-ն ա, իսկ groping-ը նույնպես harassment-ի տակ ա անցնում։ Ուրիշբաները հարցականի տակ էր դնում առաջին դեպքի՝ ոտնձգություն (harassment) լինելը:

      4. groping-ը բացահայտ assault (battering) ա, մանավանդ, որ դու կանոնավոր groping-ի դեպք էիր նկարագրել։ Ու քանի որ այդ դեպքն էլ էիր ոտնձգություն անվանել, դժվար էր հասկանալը ոտնձգություն բառը դու օգտագործում ես «բռնության» իմաստով, թե «անդուր մթնոլորտ» ստեղծելու իմաստով։ Ու ինձ թվաց, որ ուրիշը հենց այս երկիմաստությունից ելնելով է հարցի տակ դնում քո «ոտնձգություն» բառի օգտագործումը առաջին դեպքի համար։

      5. Չեմ կարծում՝ Ուրիշը երկիմաստությունից ելնելով էր հարցը տալիս։ Ես ավելի շատ հասկացա, որ մոտավորապես սենց էր․ կողքդ ձեռնաշարժություն անելու էղածն ի՞նչ ա, որ դրա անունը դնում ես ոտնձգություն։

      6. Եսիմ․․․ հարցականը «քո»-ի վրա է դրված, ոչ թե «ոտձգության»․․․ ամեն դեպքում ես էլ էի ուզում նշել, որ քո գրառման մեջ տերմինների խնդիր կա, որոնց ճիշտ օգտագործումը, կարծում եմ, կարևոր է, նաև նրա համար, որ «դրա եղածն ի՞նչ ա» տիպի կարծիքներն էլ տեղ չունենան։

      7. Բոց ա։ Մարդ ռիսկ ա հավաքում, իրա՝ ոտնձգության փորձից ա խոսում, դուք դրել, տերմինոլոգիա եք քննարկում։

      8. Ու խոխմն էն ա, որ գրառումն անելուց առաջ գիտեի, որ տերմիններին կպնողներ են լինելու, որտև սենց դեպքերում մարդիկ սիրում են տերմիններից կախվել։ Դրա համար հատուկ մտածեցի ահագին ու որոշեցի «ամենամեղմ» տերմիններով գրել, որ կպնելու տեղ չլինի։ Բայց փաստորեն պիտի մի հատ տերմինաբանական նախաբան գրեի, բացատրեի որը ինչ ա, որ չհայտնվեր մեկը, չասեր՝ սխալ ես գրել, սենց չի, նենց ա։

      9. Օքեյ, Բյուր․․․ ախր լավ գիտես, որ ես տերմինների մասին չեմ խոսում քեզ հետ պատահածի դեպքը նվազեցնելու միտումով։ Ու իմ առաջին մեկնաբանությունը արել եմ առանց տերմինների մեջ խորանալու։ Բայց որ հարցը բարձրացվեց, ես էլ իմ կարծիքը ասեցի։ Թե համարում ես սա տերմիններից կախվել, քո գործն է․․․ բայց սենց մոտեցումներով դու էլ ես մասնակցում քննարկման կոծկումներին, ըստ իս։

      10. Տերմինների դասակարգմամբ թող դատարանը զբաղվի։ Էլի եմ ասում․ ես հատուկ բռնություն բառը ոչ մի տեղ չեմ գործածել, որովհետև գիտեի, որ մեկը գալու ա, ասի՝ բայց նկարագրածդ բռնություն չի։ Իսկ հիմա հայտնվում ա Ուրիշը, ով նաև ոտնձգություն բառն ա հարցականի տակ դնում։ Փաստորեն, դուրս ա գալիս, որ որևէ մեկի կողքը նստած ձեռնաշարժությամբ զբաղվելն ամենասովորական երևույթն ա, ու չարժե դրան էնպիսի վերամբարձ տերմիններով կոչել, ինչպիսին սեռական ոտնձգությունն ա։

      11. Այտա, լավ էլի․․․ դու ինձ ժամանակին մի հատ լավ ուսուցողական բան ես ինձ ասել, որ դու ծով համբերությամբ հետդ չհամաձայնվողին փորձում ես բացատրել՝ ճիշտը որն ա։ Շատ կուզենայի, որ հետդ պատահածները չլինեին, բայց այս թեմայով դու էլ ես էլ ուրիշներին կրթելու պարտականություն ունենք՝ որպես մի քիչ թեմաներին տեղյակ անձինք, որպեսզի սենց բաների դեմն առնվի։ Ու կարծում եմ այդ #metoo կամպանիայի իմաստն էլ էր հենց այն, որ ցույց տրվի, թե ինչքան համատարած են ոտնձգությունները։

        Ուրիշը չգիտենք ինչն է կասկածի տակ դնում՝ երկու հոգով երկու տարբեր կարծիք ունենք, ու հավանական է, որ ոչ մեկս էլ ճիշտ չենք։ Բայց թեկուզ չգիտի էլ․․․ կամ ես չգիտեմ, կամ չենք հասկանում քո ապրածների խորությունը․․․ էհ կրթի իրեն, ինձ, մնացածներին։ Կրթի ոչ թե որպես տուժած (տուժող անձը ոչ մեկի նկատմամբ էլ ոչ մի պարտականություն չունի), այլ որպես թեմայից հասկացող մարդ։ Հասկանում եմ, որ այս դեպքի շուրջը խոսելը քեզ համար հուզական է, ու չնայած անկարող եմ հետդ ապրածներիդ վիշտը ֆիզիկապես կիսել, բայց գրկում եմ քեզ՝ հուզականությունդ նաև վրաս վերցնելու փորձով։ Սակայն ռիսկ ես արել փորձիցդ խոսել, նաև արի իրար օգնենք այդ խոսելը օգտակար էլ դարձնել՝ այս հարցին ոչ շատ ծանոթ մարդկանց համար։ Թե չէ եթե մարդիկ քո ասածների մեջ շարունակեն ասացվածքային «գա՜յլը» լսել, դա ավելի շատ վնասում է այս խնդրի մասին իրազեկությանը, քան օգնում։

      12. Դե Ուրիշին հարց էի տվել, սպասում էի պատասխանի։ Ըստ դրա էլ կորոշեի ոնց շարունակեմ։ Հիմա դեռ սպասում եմ։ Կարող ա և սխալ եմ հասկացել հարցը;

      13. Չգիտեմ՝ ով ինչը ինչ ա համարում ու ինչ տերմիններով, իմ պատկերացմամբ՝ անկախ ով կար կողքը կամ չկար, էդ տղան զբաղվելու էր ինչով որ զբաղվում էր, այսինքն՝ կոնկրետ իր խնդիրն էր, ոչ թե ուղղակիորեն քեզ ուղղված. ես էդպես եմ պատկերացնում։ Գուցե այլ կերպ ա եղել, չգիտեմ, բայց նույն հաջողությամբ կարող ես հանդիպել փողոցում մի պատի տակ ձեռնաշարժությամբ զբաղվողի ու տհաճությամբ ճամփեդ փոխել։ էս դեպքում ճամփեդ փոխել չես կարող, մնում է միայն ուսուցչին տեղեկացնել, բայց այ հենց դա կաշկանդող ա, ու ստիպված ես տանել էդ խիստ տհաճ տեսարանը։ Չգիտեմ, երևի հենց էդ ստիպված տանելը դառնում էոտնձգություն, բայց մի-փոքր համարձակության դեպքում դրա առաջը կարող ես առնել, ինչպես մեկ այլ տհաճ բան նկատելիս, որը քո կողքին է, բայց ոչ քո հանդեպ։

      14. Ձեռնաշարժությունը որևէ այլ անձի ներկայությամբ էդ անձի նկատմամբ սեռական ոտնձգություն ա՝ անկախ նրանից դա կատարվում ա դասարանում, երբ կողքը աղջիկ կա նստած ու դասարանով մեկ քսան աշակերտ, պլյուս դասատու, թե փողոցի մեջտեղում, երբ դիմացով ով ասես անցնում ա։
        Դարձնելով դա ձեռնաշարժությամբ զբաղվողի խնդիրը՝ դու ասում ես, որ օքեյ ա ուրիշի ներկայությամբ (կոնկրետ էս օրինակում հիշեցնեմ․ 11-12 տարեկան աղջիկ) ձեռնաշարժությամբ զբաղվելը, որ էդ ուրիշը պիտի համարձակ լինի ու բարձրաձայնի։ Էդպիսով, դու արդարացնում ես նման գործունեությունը ու ոտնձգություն իրականացնողին ազատում պատասխանատվությունից։

      15. Իսկ փողոցում լրիվ մերկ քայլե՞լը կամ երկուսով սեքս անելը զբոսայգու նստարանի՞ն։ դրանք հասարակական կարգի խախտու՞մ են, թե՞ ոտնձգություն։ Կամ հասարակական կարգի խախտումը հենց ինքնին ոտնձգությու՞ն է այլոց հանդեպ։

      16. Երկուսով սեքսը՝ հասարակական կարգի խախտում, մերկ քայլելը մոտիվներից կախված կարա լինի հասարակական կարգի խախտում, կարա լինի ոտնձգություն, իսկ ձեռնաշարժությունը միանշանակ ոտնձգություն ա, որովհետև ամբողջ նպատակը հենց ականատեսի առկայությունն ա։

      17. Եթե դեմ չեք, ես էլ խառնվեմ զրույցին․․․

        Օրենքի տեսանկյունից կա Reasonable person գաղափարը․ եթե «ողջամիտ անձի» տեսանկյունից մի բան անդուր է, ապա դա անդուր է, եթե «ողջամիտ անձի» համար մի բան ոտնձգություն է, ապա դա ոտնձգություն է։ Այսինքն ոտնձգություն լինել-չլինելը բացարձակ ճշմարտության հարց չի, այլ հասարակական արժեքների ու կարծիքի նկատառումներով է սահմանվում՝ գոնե դատական պրակտիկայում։ Սեռական ոտնձգությունների առումով կա «ողջամիտ կնոջ» գաղափարը, քանի որ գենդերային տարբերությունները ազդում են սեռական ոտնձգությունների տարբեր տեսակի ընկալումների վրա։ Ու զանազանությամբ լի աշխարհում իրերը սովորաբար սահմանվում են հենց օրենքներով, քանի որ տարբեր էթնո-մշակութա-հասարակային փորձով մարդիկ տարբեր ձևերով են իրերը հասկանում, էլ չասած տաբեր դավանանքների դերի մասին։

        Նաև սեռական ոտնձգությունների օրինական դաշտում կարևոր է դեպքերի կրկնողությունը։ Ասենք եթե աշխտավայրում մի տղամարդ սեռական ենթատեքստով անեկդոտ է պատմում կանանց ներկայությամբ, ապա դա կարող է լինել տարբեր հումորների բախում։ Բայց եթե նմանատիպ անեկդոտներ պատմվում են ամեն օր, ապա դա ստեղծում է սեռական խտրականություն աշխատատեղում։

        Բյուրի նկարագրած դեպքը բոլոր պարամետրերով սեռական ոտնձգություն է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այդ ձեռնաշարժության ականատես են դառնում իրենց կամքից զատ։ Ու Բյուրի նկարագրությամբ, սա ստեղծել է սեռական խտրականության միջավայր։ Ու ոչ, «ողջամիտ մարդը» ոչ մի կերպ չի կարող դասարանում ձեռնաշարժությունը դիտել որպես սեռականորեն անդուր գործողությամբ ուսուցման գործընթացին չխանգարող երևույթ։

        Բայց պետք չի նաև մոռանալ, որ այդ դեպքի բոլոր անձիք էլ անչափահաս են, ԲԱՑԻ ուսուցչից։ Ու օրենքը տարբեր նշաձողեր ունի չափահասների ու անչափահասների համար։ Նաև, օրենքի տեսանկյունից այստեղ կա միջավայրի պատասխանատու անձի/կազմակերպության իրողությունը, ով այս դեպքում ուսուցիչ-տնօրեն-դպրոցն է։ Սրա պատճառով է, որ սովորաբար աշխատատեղի կամ ուսումնական հաստատություններում ոտնձգությունների հետևանքով սեռական խտրականության պատասխանատուն դատարանում գործատուն ու հաստատությունն են, իսկ իրական ոտնձգություն գործած անձը շատ դեպքերում պատասխանատվության չի ենթարկվում, եթե չի եղել բացահայտ բռնություն։

        Ու Բյուրի նկարագրած դեպքում ամենամեղավորը, ըստ իս, հենց ուսուցիչն է։ 11-12 տարեկան տղան հորմոններից տառապող դանդալոշ է, ում հայաստանյան միջավայրում երևի ոչ ոք էլ չի բացատրել իր գործողությունների անթույլատրելիությունը։ Իսկ եթե ուսուցիչը չի կարողանում այս հարցը լուծել, ապա պատասխանատվությունը անցնում է ադմինիստրացիայի ուսերին, ովքեր պիտի արդեն հոգեբանական օգնության միջամտություն էլ գործադրեն։ Բայց այն որ սա ուսումնական գործընթացին խանգարող խտրականություն է՝ հիմնված հասարակայանորեն անընդունելի գործողություններով ոտնձգության վրա, դա, կոպիտ ասած՝ անկասկած է։

        Երկրորդ դեպքը արդեն բացահայտ բռնություն է, ու եթե դրանից հետո էլ «տուժածին» չեն անջատել «ոճրագործից», ապա ուսուցիչն ու հաստատությունը դառնում են քրեական պատասխանատվությամբ հավանական դատական գործի առարկա։ Ծնողի տեսանկյունից՝ երբ երեխայիդ ուղարկում ես դպրոց, ունես երեխայիդ մարմնական ու հոգեբանական ապահովության սպասումներ, և այդ սպասումները ջաղջախված են Բյուրի նկարագրած երկրորդ դեպքում։ Ու նորից, դեպքը այստեղ մեկ անգամ ձեռք գցելու մեջ չի, չնայած դա էլ է դատապարտելի ու պիտի ամեն փորձով կանխարգելվի, այլ՝ կանոնավոր կրկնվող բռնությունների։

        Մնացածի մասին ամենաառաջին մեկնաբանությանս մեջ ասել եմ․․․

      18. Չէ, ես չեմ ասում, որ պարզապես տհաճ երևույթ էր առաջին դեպքը՝ դասին չխանգարող։ Ուղղակի հարց էր՝ ուղղված էր այն կոնկրետ Բյուրին, թե առհասարակ կանանց սեռին դասարանում։ Ու ոտնձգություն դառնում ա, որովհետև էդ տարիքում ու էդ ժամանակներում աղջիկը խիստ քաշվում ա տեսածի մասին արձագանքել՝ հազարումի պատճառներով, որոնցից մեկը ծաղրի ենթարկվելն ա։ Էդ տեսակետից հակահասարակական վարքը տղայի դառնում ա ոտնձուգություն, մինչդեռ նույնն անելը իր տան պատերի մեջ, այն է՝ հասարակությունից դուրս, համարվում ա իր իրավունքը։ Այսինքն հակահասարակական վարքի կանխման բարդությունը այն դարձնում է ոտնձգություն։

      19. Հետևությանդ հետ համաձայն չեմ։ Ոչ թե կանխման բարդությունն է դարձնում այդ արարքը ոտնձգություն, այլ այդ արարքի տհաճ ու խանգարող բնույթը։ Քո տան մեջ դու ինչ ուզում ես կարող ես անել, եթե չես վնասում ոչ մեկին, ու եթե ուրիշ մեկը դրանից տհաճություն է ապրում, ապա հանգիստ կարող է տնիցդ դուրս գալ։ Բայց այստեղ աշակերտները չեն կարող դուրս գալ դասարանից առանց իրենք իրենց վնասելու (նույն ձևով՝ աշխատատեղում էլ)։ Ու սա այնքան էլ սեռերի հարց չի։ Եթե քեզ թվում է թե դասարանի տղաներին տհաճ չի դասի ժամանակ ձեռնաշարժությունը մեկ այլ տղայի կողմից, ապա շտապեմ քեզ հիասթափեցնել… իրենց էլ է դա անդուր առաջին երեխայական հռճվանքից հետո։ Ու չեմ հասկանում, թե ինչու ես դու հակահասարակականը այդքան ուզում առանձնացրած լինել ոտնձգությունից։ Էդ անտերը եթե ՀԱԿԱհասարակական է, ուրեմն դա բացասական ազդեցություն ունի հասարակության վրա, էհ չեղա՞վ այդ հասարակության վրա ոտնձգություն։ Եթե մի անգամ է (մարդու անդրավարտիքի մեջ մեղու էր մտել, շորերը հանեց, ու մի երկու շարժում արեց, որ կարող է ձեռնաշարժություն կողքից դիտվել), ապա դա կարող է ընկալվել որպես խուլիգանություն, բայց եթե դա ունի կրկնվող բնույթ, ապա այդ գործողությունների ստիպված մշտական ներկաները հենց այն հասարակության մասն են, որի նկատմամբ այդ գործողությունը ՀԱԿԱ է։ Ու ինչո՞վ սա ոտնձգություն չի այդ մարդկանց նկատմամբ։

      20. Այսինքն, ստացվում է, որ արարքի տհաճ ու խանգարող բնույթն է այն դարձնում ոտնձգություն, այսինքն՝ ցանկացած արարք, եթե տհաճ է ու դրանով իսկ խանգարող /սովորաբար տհաճ լինելն ինքն արդեն խանգարող որակում է/, պիտի դիտվի որպես ոտնձություն։ Բայց օրենքով իրո՞ք այդպես է։ Բոլոր տհաճ երևույթներն են ոտնձգություն․ օրինակ մարդկանց հասարակության մեջ քիթ փորելը ոտնձգությու՞ն է․ հա՛մ տհաճ է, հա՛մ էլ սարսափելի խանգարող, շատերի մոտ նույնիսկ սրտխառնոց կարող է առաձացնել։
        Հիմա էստեղ Բյուրը իր կողքինի ձեռնաշարժությունը դիտում է որպես հատկապես իր հանդեպ սեռական ոտնձգություն, քանի որ նման գործողությունը, ըստ Բյուրի, անպայման ականատես է պահանջում և ունի թիրախ /տվյալ դեպքում Բյուրը/։ Ես օրինակ էդքան էլ համոզված չեմ, որ ձեռնաշարժությունը պարտադիր կենդանի ականատես է պահանջում որպես թիրախ։
        Նայի, ես դեմ չեմ, որ տհաճ ու խանգարող երևույթները, այն է՝ հակահասարակական երևույթները ոտնձգություն են այլոց հարմարավետության հանդեպ, բայց տվյալ օրինակում ՍԵՌԱԿԱՆ ոտնձգություն որպես դիտելը փորձում եմ հասկանալ՝ այդպե՞ս է, թե էնքան էլ չէ, թեև արարքը սեռական տիպի է․ բայց արդյո՞ք ամեն սեռական տեսակի արարքի հետևանք ոտնձգությունը նույնպես սեռական բնույթ ունի։ Եթե ընդունեմ, որ էդպես է, ապա հիմնականում այն պատճառով, որ դրա կանխումը կաշկանդված է զուտ էն պատճառով, որ սեռական է և աղջիկներն ամաչում են այդ մասին բարձրաձայնել։

      21. Այո, արարքի խանգարող լինելն է այն դարձնում ոտնձգություն։ Ու եթե հասարակական վայրերում դու կարող ես այս արարքը դրսևորողին շրջանցել, ապա ուսումնական և աշխատանքային վայրերում այնքան էլ չես կարող, այդ պատճառով այդպիսի վայրերում խանգարող հանգամանքները սովորաբար դիտվում են ավելի խիստ տեսանկյունից։ Մեկ անգամ քիթը մաքրելը կարող է դիտվել նորմալ, ինչպես և նախորդ մեկնաբանությանս մեջ նկարագրածս դեպքը, բայց եթե դա կրում է ԿՐԿՆՎՈՂ բնույթ, ապա դա կարող է դիտվել ոնտձգություն այն անձի հանդեպ, ով դրա իր կամքից անկախ ստիպված ականատես է դառնում։

        Բյուրի հետ ես էլ համաձայն չեմ, որ ձեռնաշարժությունը բացարձակ բոլոր դեպքերում ականատես է պահանջում (աբստրակցվենք մի կոնկրետ դեպքից, այդ դեպքի բոոր մանրամասներից տեղյակ չենք), բայց սեռական է գոնե այնքանով, որ ներառում է սեռական օրգաններ և միջավայրի կանացի ու արական սեռի ներկայացուցիչները դրան կարող են տարբեր ձևով դիտել։ Ու ներկայիս հասարակության մեջ անընդունելի է քո սեռական օրգանները հակառակ սեռի ներկայացուցիչին ցուցադրելը։ Ու հետևաբար այդ արարքը սեռական խտրականություն է մտցնում դասարանային միջավայրում (թեև բոլորին էլ տհաճ է, բայց աղջիկներին ավելի անընդունելի է ձեռնաշարժող տղան)։ Այս պատճառներով այդ արարքը միանշանակ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ է։ Ու ոտնձգության փաստը ոչ մի կապ չունի կանխման կաշկանդվածության հետ։ Ոտնձգության մեջ այդ արարքի անողն է գործող անձը (has agency), իսկ կանխման մեջ՝ ականատեսը, ու պետք չի հանցանքի լրջության բեռը դնել տուժածի ուսերին։ Հա, երբ տուժողը «թույլ» է, օրենքը սովորաբար ավելի մեծ պատիժ է ենթադրում (երեխաների նկատմամբ ոտնձգությունները ավելի ծանր քրեական հոդվածներով են պատժվում, օրինակ), բայց դե դեռ չի նշանուկ, թե ուժեղի նկատմամբ նույն հանցանքը դադարում է այդպիսի լինելուց։

        Իսկ օրենքով որ նայենք, ԱՄՆ-ում լիքը մարդ կա, որ ամբողջ կյանքը պիտի որպես sex offender գրանցվեն ոստիկանության բաժանմունքներում, որտեղ էլ որ չապրեն (ու այդ ցանկերը հանրության համար բաց են, ու ազդում են անշարժ գույքի գների վրա), միայն նրա համար, որ հասարակական վայրում միզել են, ու մի աղջիկ հանկարծակի տեսել է իրենց այդ գործողության ընթացքում։

        Ու կարծում եմ, որ ներկայիս հասարակական կարծիքով սեռական բնույթ կրող խանգարող դրսևորումները համարվում են հենց սեռական ոտնձգություններ։ Ու այնքան էլ կապ չունի՝ գործողության տերը քեզ որպես թիրախ նկատառում ունեցել է, թե ոչ։

      22. Բյուր, հետևությանդ հետ համաձայն չեմ. ես չեմ ասում, թե օքեյ ա, և ոչ էլ ազատում եմ պատասխանատվությունից։ Գրածս մտորումներ էին՝ որտեղ ա սահմանվում հասարակական կարգի խանգարումը, որտեղ՝ ոտնձգությունը, և որտեղ են դրանք հատվում։ Այն, որ ձեռնաշարժությունը կոնկրետ անձի դեմ ա ուղղված, որովհետև կոնկրետ ականատես ա պահանջում, այդ մասին ոչինչ չգիտեմ։ Իմ ենթադրածով՝ դա կարող է և չպահանջել կոնկրետ թիրախ, այլ առաջնորդվել այլ ներքին մղումներով, դրա համար էլ հարց առաջացավ, թե որքանով էր դա սեռական ոտնձգություն։ Էդքանը։

    2. Չգիտեմ, որ հետ եմ նայում էս բոլորին, մտածում եմ՝ լավ, բա դասատուներն ինչի՞ համար էին։ Ախր սենց բաները կանխելն էնքան էլ դժվար չի։ Ասենք, պիտի որ խնդիր չլիներ ինձ հենց սկզբից ուրիշ տեղ տեղափոխելը։ Մի ամբողջ տարի կռիվ եմ տվել, մինչև ուրիշ տեղ եմ գնացել։
      Իրոք ջղայնացնող ա։

      1. Չէ, Բյուր, այնքան էլ հեշտ չի սենց բաները կանխելը։ Եթե քեզ տեղափոխեր, պիտի ինքն իրեն բացատրեր, որ իր դասարանում այդպիսի բաներ են կատարվում, էլ չեմ ասում, որ երեխաներին էլ պիտի մի ձև բացատրվեր, թե ինչու է այդ տղայի կողքի տեղը ազատ մնում։ Դե հետո էլ ծնողական ժողովներում բարձրաձայնվեր դրա մասին․․․ կարճ ասած՝ տիեզերական «խայտառակություն»։ Շատ ավելի հեշտ է ժխտման մեջ ապրելը։ Այսպիսի դեպքերի հետ աշխատելու ունակություններ զարգացնելու համար ուսուցիչներին հետևողական թրեյնինգներ է պետք ապահովել, հասարակության մեջ էլ բաց խոսել թույլատրելիի ու անթույլատրելիի մասին, տարրակն սեռական կրթության ապահովել երեխաների ու խնողների համար ու նման բաներ։ Բայց քանի սեռական թեմաներով «ամոթը» շարունակվում է, ու օրինակ սեռական ակտիվ կյանքի մասին խոսացող կինը շարունակվում է համարվել ինքնագովազդող սեռական օբյեկտ, այպիսի բաների դեմը դժվար էլ առնվեն։

      2. Հա, ընդհանուր ասածներիդ հետ համաձայն եմ։ Բայց իմ բողոքն էլ էր ժխտողական բողոք (խոսում ա, խանգարում ա), հետևաբար դասղեկի համար դա արդեն հիմք էր շատ խոսելու պատճառով տեղափոխելու (ի դեպ, նույն հիմար արգումենտն էր բերվում, երբ աղջիկներին իրար կողք նստել չէին թողնում․ աղջիկներն իրար հետ խոսում են): Ի վերջո, ես իմ ուզածին հասա, բայց պիտի ծնողս ծնողական ժողովին ասեր, որ կողքիս տղան խանգարում ա, որ նոր ձայնս լսելի դառնար։

      3. Դե քեզ չսլսելը նշանակում էր, որ խդիրը չկա։ Այդ ծնողիդ չլսելը արդեն խնդիրը ավելի կբարդացներ, ու ժխտումը անկարելի կդարցներ։ Այդ տղա-աղջիկ նստելու մասին էլ բերանս մի բացի․․․ հիմա էդ թեմայով պատերազմների մեջ եմ. եթե մարդ ապուշ է՝ դա հարատև է․․․

  2. Բյուր, մի երկար մեկնաբանություն էի գրել, բայց ոնց որ թե սպամի ֆիլտրի զոհ դարձավ՝ մեջը երկու հղում կար։ Կստուգե՞ս, կա այդ գրառումը, թե՝ չէ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s