Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Սերը և օբյեկտիվությունը դասավանդման մեջ

on October 20, 2017

Ընդհանրապես, որպես դասախոս այս կամ այն մոտեցումն ընտրելիս միշտ հիշում եմ իմ սեփական ուսանողական փորձը ու թե ինչպես էր այս կամ այն մոտեցումն ինձ վրա ազդում։ Իհարկե, ինձնով չափելը մի քիչ սահմանափակ է, որովհետև ուսանողներն էլ տարբեր են լինում ու տարբեր մոտեցումների կարիք ունեն, բայց ամեն դեպքում գոնե օգնում է խուսափել մի շարք սխալներից։

Երբ հետ եմ նայում իմ ուսանողական տարիներին, նկատում եմ, որ հատկապես այն դասախոսների առարկաներն եմ հատկապես լավ սովորել, որոնց սիրում էի։ Հիմա չգիտեմ՝ սիրո պատճառ-հետևանքային կապը․ արդյոք առարկայի նկատմամբ սե՞րն էր տարածվում դասախոսի վրա, թե՞ հակառակը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ առարկաներ են եղել, որոնք մի կիսամյակ մի դասախոս է դասավանդել, երկրորդը՝ մի ուրիշ, կարելի է ասել, որ դասախոսն իր դերն ունեցել է։

Ամենացայտուն օրինակը կենսաքիմիան էր։ Առաջին կիսամյակում սովորել եմ էնքան որ «գերազանցի» հասնեմ։ Ինձ համար ամենաանհետաքրքիր ու ձանձրալի առարկան էր։ Իսկ երբ երկրորդ կիսամյակում ուրիշ դասախոս մտավ լսարան, որին անմիջապես սիրեցի, կենսաքիմիայի նկատմամբ հետաքրքրությունս կտրուկ աճեց, ու ահագին խորացա՝ լրացուցիչ աշխատանք կատարելով ու ի վերջո քննությունից «10» ստանալով (բժշկականում «9» սովորական «գերազանցն» էր, «10»-ը՝ բացառիկ):

Ինչ խոսք, դասախոսին սիրելը հենց էնպես չի լինում ու մի քանի հանգամանքներից է կախված․ ինչպե՞ս է դասախոսը դասավանդում, ինչպե՞ս է տրամադրված իր ուսանողների և առարկայի նկատմամբ։ Կոնկրետ ինձ համար սարսափելի վանող է դասախոսի անտարբերությունը դասավանդվող նյութի ու լսարանում ներկաների նկատմամբ։ Էդպես մաստերիս ընթացքում մի առարկայի քննական առաջադրանքը չէի կարողանում կատարել հենց մենակ դասախոսին չսիրելու պատճառով։ Ահռելի կամքի ուժ եմ գործադրել, որ ի վերջո մի բան հանձնեմ։

Բայց դասախոս-ուսանող հարաբերություններում միմյանց նկատմամբ լավ տրամադրված լինելը մեկ այլ վտանգավոր հետևանք ունի․ օբյեկտիվության կորուստ։ Անձամբ ինքս իմ անվերջանալի ուսանողական տարիների ընթացքում շատ եմ բախվել դասախոսների ոչ օբյեկտիվ վերաբերմունքին։ Ունեցել եմ դասախոսներ, որոնք ակնհայտորեն նախընտրել են տղա ուսանողներին, ու իմ պատասխանն ինչքան էլ կատարյալ է եղել, միշտ ցածր են նշանակել։ Ունեցել եմ դասախոսներ, որոնք ուսանողուհիներին բաց ծիծիկների համար են բարձր գնահատել, իսկ գիտելիքն իրենց մոտ հաշիվ չէր։ Եվ անգամ զարգացած Եվրոպայում ունեցել եմ դասախոսներ, որոնք իրենց ոլորտի գիգանտներ են եղել, բայց ուսանողներին գնահատական նշանակել են ոչ թե ըստ գիտելիքների, այլ ըստ նրանց նկատմամբ տրամադրվածության։

Բայց հանուն արդարության ասեմ, որ ունեցել եմ նաև դասախոսներ, որոնք ինձ են շատ սիրել։ Մի դեպք գոնե հիշում եմ, որ հյուսվածաբանության գնահատականս սուբյեկտիվ դրական վերաբերմունքի արդյունք է եղել։ Բայց դրանից ամոթից գետինն էի մտել, ու առարկայի մնացած 3/4-ն էնպես եմ սովորել, որ դասախոսս արդեն ամբիոնից ուրիշ դասախոսների էր կանչում, որ զմայլվեն գիտելիքներովս։

Ունեցել եմ նաև դասախոսներ, որոնք ինձ շատ սիրելով հանդերձ օբյեկտիվությունը չեն կորցրել ու պետք եղած դեպքում ցածր են նշանակել: Ու դասախոսական ամենակարևոր դասս հենց նրանցից եմ սովորել․ սիրել ուսանողներին, չկորցնել օբյեկտիվությունը։ Իսկ դա սարսափելի բարդ է։

Ամեն անգամ նոր առարկա դասավանդելիս փորձում եմ նախ ինքս ինձ տրամադրել ու սիրել այն։ Առայժմ մենակ ձևաբանություն-շարահյուսություն առարկայի դեպքում դա չէր ստացվում, բայց երրորդ դասից սկսած ոնց որ դա էլ հաղթահարեցի ու սկսեցի սիրով լսարան մտնել։ Հետո փորձում եմ ուսանողներին սիրել։ Ցավոք, դա ոչ բոլորի դեպքում է ստացվում։ Բայց նույնիսկ այդ դեպքում աշխատում եմ որևէ մեկի նկատմամբ անտարբեր չլինել ու չատել, ինչպես անում էին մաստերիս ընթացքում ինձ դասավանդած գրեթե բոլոր դասախոսները։ Ու արդյունքը շատ արագ եմ տեսնում։ Շատ արագ տեսնում եմ տեղ հասած գիտելիք, հետաքրքրվածություն առարկայի նկատմամբ, սովորելու ծարավ։

Իսկ երեկ առաջին քննությունն էր։ Ուսանողներիցս երեք հոգու կտրեցի։ Իրականում եթե շատ ուզեի, կարող էի «անցողիկ» նշանակել։ Բայց կարդալով իրենց պատասխանները՝ հասկացա, որ մեթոդաբանության որոշ ֆունդամենտալ հարցեր լավ չեն հասկացել, իսկ դա իրենց շատ կխանգարի մաստերի հետագա ընթացքում։ Դրա համար լավ կլինի՝ էդ բոլորը մի անգամ էլ բացատրեմ, վերաքննություն հանձնեն ու տեղը տեղին գիտելիք ցուցադրեն։

Կտրվողներից մեկն էլ իմ սիրելի ուսանողներից էր։ Երևի նաև շատ սիրելուց կտրեցի, որովհետև գիտեմ, որ եթե էս ամենը հիմա լավ չիմանա, հետագայում մագիստրոսական թեզի որակի վրա ահագին վատ կանդրադառնա։ Չգիտեմ, երևի ինքը դա չի հասկանա։ Երևի ես էլ սխալ եմ անում վերաքննության ավելորդ սթրեսի ենթարկելով։ Բայց իմ սերն ուսանողներիս նկատմամբ հենց էդպես է դրսևորվում․ ինչքան շատ սեր, էնքան մեծ ցանկություն գիտելիքն ամբողջությամբ տեղ հասցնելու։

Advertisements

6 responses to “Սերը և օբյեկտիվությունը դասավանդման մեջ

  1. Ծլնգ says:

    հմմմ… կարծում եմ ուսուցիչը (լինի բուհական դասախոս, թե դպրոցական դասատու) պիտի սիրի գիտելիքները, ոչ թե աշակերտ-ուսանողներին։ Ու պետք է փոխանցի հենց այդ սերը գիտելիքների ու սովորելու նկատմամբ։ Հա, որոշ ուսանողների հետ ավելի հեշտ է աշխատել, քան մյուսների, բայց ես հաստատ սիրել բառը այդ կոնտեքստում չէի օգտագործի։ Նույնն էլ ուսուցիչների նկատմամբ՝ որոշները շատ ավելի լավ են տրամադրում իրենց առարկայի նկատմամբ, իսկ ուրիշները մեռցնում այդ առարկայով ոգևորվածությունդ։ Բայց երբեք ոչ սիրած ուսուցիչ եմ ունեցել, ոչ էլ սիրած աշակերտ/ուսանող… բայց մի երկու ուսուցիչ-դասախոս եմ ունեցել, ովքեր «սիրելով» ցածր են նշանակել, ու իրենց նկատմամբ կորցրել եմ հարգանքս։ Օբյեկտիվությունը պետք է լինի բոլոր ուղղություներով էլ, իսկ գնահատականը միմիայն անկապ դրսի համար չափանիշ է։ Ու եթե դասախոսը կարծում է, որ բացեր ունեմ գիտելիքներիս մեջ, ապա ես կընդունեի որպես անարգանքի նշան, որ դրա մասին չի կարող ինձ ասել բացահայտ ու հետն էլ վստահել, որ կկարողանամ լրացնել դրանք, այլ անում է դա «սիրելով» կտրելով։ Կարծում եմ այդպիսի վերաբերմունքը ամրացնում է գնահատականի դերը ուսման մեջ, ինչն ինձ համար աբսուրդ է։ Գնահատականի համար սովորողը ինքն իրեն լիքը սահմանափակում է…

    • byurie says:

      Ուսանող-աշակերտի նկատմամբ սերը շատ մարդկային սեր ա, իսկ դասավանդումը՝ մարդկային հարաբերություն։ Դիմացինիդ եթե չես սիրում կամ անտարբեր ես իրա նկատմամբ, մի քիչ դժվար ա հարաբերությունը ստացվում կամ չի ստացվում, իսկ դասավանդման պրոցեսը ոչ թե հաղորդակցություն ա լինում, այլ մենախոսություն։
      Գնահատականի պահով համաձայն եմ, որ անկապ չափանիշ ա ու դրա համար չարժե սովորել։ Ժամանակին իմ կուրսեցիները դրանից էին տրաքվում, որ տեսնում էին՝ մտնում էի քննության լրիվ անտարբեր, թե ինչ կստանամ, մինչդեռ իրենք հազար անգամ չէին ներկայանում, որ հետո անպայման գերազանց ստանան։
      Ինչ վերաբերում ա «սիրելով» կտրելուն, ապա ֆիդբեքի հնարավորություն էս համակարգը տալիս ա մենակ կտրելու դեպքում։ Իհարկե, հետո շեղվեցի ու հերթով քննությունը ստացած ուսանողներին էլ հանդիպեցի ու ֆիդբեք տվեցի։ Բայց շեֆությունը ջղայնանալու ա վրաս, եթե իմանա, որ դրական ստացած ուսանողներին ֆիդբեք եմ տրամադրել։ Ու ընդհանրապես, էդ աղջկան հեչ չարժեր կտրել։ Էսօր առավոտյան նայեցի գրավորը նորից։ Ճիշտ ա՝ վատագույն գրավորներից էր, բայց էդքան սարսափելի չէր (չնայած ֆունդամենտալ բացեր իրոք կային):

      • Ծլնգ says:

        Չասեցի մարդկային չի… բայց դու կարծես մարդկային սիրոց դուրս էի խոսում, չէ՞։ Այսինքն երբ ասում ես սիրածս ուսանող, կամ ուսուցիչ, արդեն իսկ տարբերություններ ես մտցնում այդ մեկի և մյուսների միջև։ Իսկ իմ ասածը այն է, որ սիրում ես բոլորին, ինչպես մնացած այլ մարդկանց։ Մի աբսուրդ համեմատություն անեմ. պատկերացրու ծնողը ասի՝ Անին/Արմենը իմ սիրելի երեխաներից մեկն է, բայց այս անգամ չարություն արեց։ Հա, սիրում ես, ու դա մարդկային է, բայց մեկին մյուսից ավել սիրելը մի քիչ անտեղի է, ըստ իս։

      • byurie says:

        Մմմ, հասկանում եմ՝ ինչ ես ասում։ Հայաստանում դասավանդելիս էդ սիրած ու ոչ սիրած ուսանողի տարբերությունը շատ կտրուկ էր, որովհետև սիրած ուսանողները նրանք էին, ովքեր սովորելու համար էին էնտեղ (իսկ էդպիսիք շատ քիչ էին), մինչդեռ մյուսները ամեն ինչի, բացի սովորելուց։ Ի դեպ, նույնն էլ Դանիայում էր։ Էստեղ մի քիչ ուրիշ կերպ ա։ Էստեղ իսկապես բոլորին եմ սիրում։ Բայց կան առանձին մի քանի հոգի, որոնց հետ չէի ասի, թե ավելի հեշտ ա աշխատելը (զարմանալիորեն էստեղ դեռ որևէ դժվար ուսանողի չեմ հանդիպել, գուցե դեռ ամեն ինչ առջևում ա, չգիտեմ), այլ որոնք ոնց որ իմ թիմից լինեն ու օգնում են դասը կառուցել, այսինքն՝ մաքսիմալ անկեղծությամբ ֆիդբեք են տալիս ինձ, մաքսիմալ անկեղծությամբ ասում են, թե ինչը չեն հասկացել կամ ասածներիցս ինչի հետ համաձայն չեն, գիտելիքներս չելենջ են անում ու մաքսիմալ անկեղծությամբ ինձ տեղեկացնում են իմ բոլոր սայթաքումների մասին։ Այ էդ շատ դզող թիմային աշխատանք ա։ Իհարկե ես շատ կուզեի, որ բոլոր ուսանողները մասնակցեին էդ պրոցեսին, բայց դե չեն մասնակցում։ Ու իրականում մի քանի տարի անց էս ուսանողներից շատերն արդեն ինձ կոլեգա են լինելու, ու հետաքրքիր ա հիմիկվանից տեսնելը, թե ում հետ ա ավելի լավ աշխատվում։ Նույն Սիլվիան էլ ժամանակին իմ դասախոսն ա էղել, ու ինքն իմ ամենաուժեղ ակադեմիական կապերից ա (անգամ էս բոլոր խառը կապերից հետո), որի հետ մինչև հիմա աշխատում եմ։

      • Ծլնգ says:

        Հա, ես էլ քեզ եմ հասկանում, բայց սենց տիպի բաները չպիտի ոչ մի կերպ ազդեն գնահատականների վրա։ Եթե իսկապես այդքան լավ հարաբերություններ ունես ուսանողի հետ, ի՞նչն է խանգարում մի հատ էլ-նամակ ուղարկել, ու ասել՝ չնայած բավարար գնահատական ես ստացել, բայց գիտելիքներիդ այս ու այն բացերը խոչընդոտ են լինելու հետագայում, ու առաջարկել, որ հետդ կապնվի այդ բացերը լրացնելու համար։ Ֆիդբեք կարելի է տալ հազար ու մի ձևով․․․ գնահատականը այդ ձևերից ամենաանկապն ա, ըստ իս։

        Մի օր կպատմե՞ս այդ ճամփորդող մաստերսի մասին։ Հետաքրքիր է ոնց է կազմակերպված ու ինչ գենդերային հարաբերակցություն ունի ուսանողների կազմը։

      • byurie says:

        Բա իմ ասածն էլ ա էդ, որ սենց բաները չպիտի ազդեն գնահատականի վրա։ Ու էս կոնկրետ իրավիճակում էլ չի ազդել։ Էդ ուսանողուհու աշխատանքն օբյեկտիվորեն երեք ամենավատերից էր։ Ավելին՝ քննությունը երկու մասից էր բաղկացած, երկրորդ մասի պատասխանատուն ես չէի։ Ու երկրորդ մասից էլ ա նույն անձը կտրվել, այսինքն՝ եթե նույնիսկ ես անցողիկ դնեի, ինքը մեկ ա պիտի նորից հանձներ ամբողջ քննությունը։ Էստեղ ավելի շատ ուրիշ բան ա ազդում։ Ի վերջո, ես կարո՞ղ էի իրեն դրական դնել, թե չէ։ Որոովհետև օբյեկտիվորեն ամենավատերից լինելով հանդերձ նաև ինքը ճիշտ դրականի ու բացասականի սահմանին էր։ Մի խոսքով, բարդ ա, ու ընդհանրապես չեմ սիրում սենց քննություններ, որոնք գնահատման միանշանակ չափանիշներ չունեն։

        Հա, կպատմեմ էդ մաստերի մասին։ Գենդերային հարաբերակցությունը նախապես ասեմ․ մեծ մասամբ կանայք են (մեր սերնդում տասնհինգ հոգուց երեքն էին տղա, էս սերնդում, որին դասավանդում եմ, քսաներեքից չորսն են): Ավելին՝ ծրագրում դասավանդող դասախոսների մեծ մասն էլ են կանայք։ Բայց ամեն ինչ պակաս պայծառ ա դառնում, երբ էդ կանանց կենսագրություններին ես նայում․ մեծ մասը կենսաբանական էրեխեք չունեն, ով էլ ունի, քառասունից հետո ա ունեցել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: