Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Երեք տարի առաջ ու երեք տարի անց

on October 25, 2017

Սրանից ուղիղ երեք տարի առաջ, երբ Կոպենհագենի բարերից մեկում գարեջուր էինք խմում, հեռախոսի մեջ նշում արեց, որ երեք տարի անց զանգի ու հարցնի, թե արդյոք Դանիայից զզվել եմ արդեն։ Գրազ եկանք։ Ինքն ասում էր՝ երեք տարի անց զզված եմ լինելու, ես ասում էի՝ չէ, ուզենալու եմ իմ ամբողջ մնացած կյանքն այնտեղ անցկացնել։ Այն ժամանակ դեռ Մորթենը չկար, իսկ PhD-ս նոր էի սկսել։

Ասաց, որ նշումը Գուգլի օրացույցում է ու սինխրոնիզացված է իր բոլոր սարքերի մեջ։ Ասաց, որ ինչ էլ լինի, հիշեցում կստանա ու կզանգի։ Հարցրեց՝ տարօրինակ չե՞մ համարի նման զանգը։ Զարմացա հարցից։ Ասացի, որ չէ։ Ասաց՝ նույնիսկ եթե այդ ժամանակ չշփվե՞նք միմյանց հետ։ Հարցրի՝ իսկ ինչու՞ պիտի չշփվենք։

Երեք տարի անց մենք իսկապես այլևս չենք շփվում։ Իսկ երեկ ամեն ինչ շատ սյուռ էր։ Իմ երկրորդ ծննդյան օրն էր Յոենսուում։ Հիշում եմ՝ անցյալ անգամ քննությունների մեջտեղում էի, ու հազիվ էի համոզել, որ մի քանի համակուրսեցի գոնե գա իմ տուն տորթ ուտելու։ Հիշում եմ նաև համակուրսեցիներիս նվերը․ մեր այցելած քաղաքներում մեր ֆոտոներից կոլաժ էին սարքել։ Մինչև հիմա հետս ման եմ տալիս էդ կոլաժը։ Բայց շաբաթ օրը գնացինք ծննդյանս առթիվ խմելու։ Հենց այդ ժամանակ էր, երբ կյանքիս մեջ առաջին անգամ լոնկեռո խմեցի, ու դա դարձավ իմ ֆիննական խմիչքը։ Բայց ինչքան հիշողությանս զոռ եմ տալիս, չեմ կարողանում հիշել՝ որ փաբում էր։ Գուցե էդ փաբը հիմա չկա, ինչպես շատ բաներ են վերջին հինգ տարիների ընթացքում փակվել Յոենսուում։

Լավ էր, որ Մորթենը եկել էր, որովհետև չգիտեմ՝ առանց նրա օրը ոնց էր անցնելու։ Ֆեյսբուքում մի անդեմ հրավեր գրեցի, որ ով հավես ունենա, երեկոյան գա խմելու։ Մոտիկներին առանձին էլ ասացի։ Այնպես էր ստացվել, որ իմ համակուրսեցի Թոյվոն ու մեզնից մի կուրս ցածր Նաստյան էլ էին այստեղ դասավանդելու։ Նրանց էլ կանչեցի։

Երբ սկսեցի ավանդական տորթը թխել, պարզվեց՝ ձվերը նեխած են։ Ժամկետի մեջ, սուպերմարկետից նույն օրը գնած, բայց մեջը սև ու ջրիկ։ Մորթենը վազեց նոր ձու բերելու։ Արագ-արագ սկսեցինք թխել։ Իսկ վերջում տորթը տարայից չէր պոկվում։ Գժվել էի արդեն։

Փաբում Նաստյան ու Թոյվոն մեզ դիմավորեցին։ Էլ ոչ ոք չեկավ։ Մտածում էի՝ բախտս մի լավ բերել է, որ էս շաբաթ նրանք էստեղ են։ Թե չէ ես ու Մորթենը նստելու էինք տորթի հետ ու իրար նայեինք։ Յոենսուում շրջապատ չունենալս բնավ պատրանք չէ, այլ դառնագույն իրականություն։

Երեկ ամեն ինչ շատ սյուռ էր, որովհետև պահից դուրս էի եկել ու հիշողությունների գիրկն ընկել։ Չգիտեմ ինչից էր, բայց երեկ շնորհավորանքների ճնշող մեծամասնությունն իմ կյանքի լավագույն դրվագներից հուշեր էին պարունակում։ Կարծես հիշեցում լիներ, որ ես մի ժամանակ տարբեր տեղերում տարբեր մարդկանց հետ երջանիկ պահեր եմ ունեցել, ու էդ տեղերը Յոենսուն չէին։

Առավոտյան Մորթենը գնաց։ Չգիտեմ ինչու էսօր որոշեցի ոտքով համալսարան գնալ։ Ցուրտ էր։ Միացրեցի Ջուլյա Սթոունի երգերը ու քայլեցի դեպի համալսարան։ Ջուլյա Սթոունին հինգ տարի առաջ Յոենսուում եմ հայտնաբերել։

Դասերին սովորաբար էներգիայով լիքն եմ լինում, բայց էսօր հոգնած էի շատ, ու դա զվարճալի էր։ Հոգելեզվաբանության դասին լեզվի սայթաքումների մասին խոսելիս ինքս էլ անընդհատ սայթաքում էի ու ծիծաղում․ հոդվածներում նկարագրված օրինակներից խոսել պետք չէր, ես կենդանի օրինակ էի էնտեղ կանգնած։

Դասից տուն եկա ու վերջացրի հելունով իմ առաջին աշխատանքը․ պարկիկ երաժշտական փլեյերիս համար։ Երեք տարի անց ես նորից ուզում եմ Դանիայում լինել։ Նա պարտվեց գրազը, ու երևի գիտի դրա մասին։ Դրա համար էլ չզանգեց։

 

Advertisements

9 responses to “Երեք տարի առաջ ու երեք տարի անց

  1. urishbaner says:

    Շնորհավոր տարեդարձդ, Բյուր ջան։ Ամենակարևորը ներկա էր տարեդարձիդ, մնացածի ներկայությունn, ըստ իս, /նկատի ունեմ պատահական՝ ով-կա չկա, հավաքվելու-խմելու, անցողիկ բաներ են ու մակերեսային ժամանցի առարկա/, դա լինում է և առանց տարեդարձի էլ, իսկ սա քո հատուկ օրն է, որին, ի սրտե, շատ քիչ մարդ է իրականում հաղորդակից սովորաբար, և տարեդարձիդ կապակցությամբ ցանկանում եմ, որ այդպիսի մարդկանց պակաս երբեք չզգաս քո կյանքում ։)
    Վոբշմ, շատ խոսացի, էն ինչ էր էն․․․ լոնկեռոն, լցրու խմենք, կենա՛ցդ 🙂

    • byurie says:

      Շնորհակալ եմ շատ 🙂 Հա, համաձայն եմ մնացածների անկարևորության մասին։ Ուղղակի ամբողջ հարցն էն ա, որ ուր էլ գնում եմ, միշտ էդպիսի մի քանի մարդիկ հայտնվում են իմ կյանքում, որոնք շատ կարևոր են։ Իսկ Յոենսուում էդպիսի բան չկա ու չի լինելու։ Դրա համար եմ ասում՝ էս անգամ սաղ հիշողություններով էր լցված, որովհետև էդ բոլոր մտերիմ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից գրում էին, ու իրանք ստեղ չէին։

  2. Ծլնգ says:

    Շնորհավոր։ 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: