Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հելունագործ

on October 26, 2017

Մութ ու ցուրտ տարիներին մամաս մի խայտաբղետ ժակետ էր հագնում վերարկուի փոխարեն։ Ինքն էր գործել։ Էդ ժակետը շատ էի սիրում։ Երբ մի քիչ մեծացա, ես սկսեցի հագնել, բայց մենակ մի քանի անգամ։ Չեմ հիշում՝ իմ հագով չէ՞ր, թե՞ ուղղակի մորս էդ վատ տարիներն էին հիշեցնում, ու ինձ խնդրեց այլևս չհագնել այն։

Մեր ընտանիքում բոլորը ձեռքի աշխատանքից լավ են, չնայած այդ ձեռքի աշխատանքը հստակ գենդերային բաժանում ունի։ Պապիկս հյուսն է, ու փայտի ու տուն կառուցելու հետ կապված ամեն ինչից գլուխ հանում է։ Արհեստն իր հորից է ժառանգել։ Պապիկիս եղբայրներն էլ նույն կերպ ձեռքի աշխատանքի հետ կապված մասնագիտություն են ունեցել։

Պապիկիս մայրը ձեռագործի վարպետ էր, ու իր բոլոր դստրերին փոխանցել էր իր վարպետությունը։ Մորս էլ է գործել սովորեցրել, ու հերթը կամաց-կամաց ինձ էր հասնում։ Հիշում եմ՝ 90-ականների սկզբին քանի՜-քանի՜ ձմեռային երեկո եմ նստել մեծ տատիս կողքը, մինչ նա ձեռագործներն էր անում ու մեկումեջ ինձ խնդրում ասել, թե ժամացույցի մեծ ու փոքր սլաքները որ թվերի վրա են։ Մեծ տատս ինձ թվերն էր սովորեցրել, մեկ էլ կոճակ կարել։ Կվերցնեի նրա կոճակների հսկայական տոպրակն ու ամեն տեղ կկարեի։ Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի մեծանամ, որ հելունով գործել սովորեմ։

Բայց մեծ տատս կյանքից հեռացավ ավելի շուտ, քան ես կմեծանայի, ու ինձ հելունագործ սովորեցնելու դաժան պարտականությունն ընկավ մորս ուսերին։ Այդ ժամանակ Պրահայում էինք ապրում, ես էլ ինը-տասը տարեկան էի։ Մայրս որոշեց, որ ճիշտ ժամանակն է։ Համապատասխան պարագաներ գնեց, ու գործի անցանք։ Սկսեցինք շղթա գցելուց։ Հելունը բռնել չէի կարողանում։ Ներվայնացա, սկսեցի մատներով շղթա գցել։ Երբ մայրս տեսավ, որ ստացվում է, ասաց, որ գործելու ժամանակն է։ Ցույց տվեց՝ ոնց անել։ Չհասկացա։ Նորից ցույց տվեց։ Էլի չհասկացա։ Ու բռնեցի ու ամբողջ կծիկը շղթա գցեցի։ Մայրս մի լավ ջղայնացավ, բայց դե ես սովորող պտուղը չէի։ Ու դա եղավ ինձ հելունագործ սովորեցնելու առաջին ու միակ անհաջող փորձը։

Տարիներ անց համակուրսեցիներիցս մեկը շյուղերով գործելու խմբակ էր բացել։ Հավաքվել էինք աղջիկ-տղա, փորձեր էինք անում։ Էլի չստացվեց։ Ներվայնացա, դա էլ կիսատ թողեցի ու այլևս երբեք շյուղեր ձեռքս չվերցրի։

Իսկ վերջերս Յոենսուում երեկոյան զբաղմունք էր պետք գտնել։ Ամբողջ օրը մտավոր աշխատանքից հետո կարդալ չէր լինում։ Ոչ էլ կինո նայել էի ուզում։ Ու անիմաստ կոմպի մոտ նստելու այլընտրանք էր պետք գտնել։ Տատանվում էի գորգիկագործության ու ներկելու գրքերի միջև։ Բայց երբ ցրտերն ընկան, ու ես էլի սկսեցի տառապել իմ ուզած գլխարկի ու ձեռնոցի բացակայությունից, Մանուի հետ էլ խորհրդակցեցի՝ ինչ անել, ասաց՝ ինքը գործում է։ Խնդրեցի, որ ինձ սովորեցնի։ Նույն օրը վազեցի սուպերմարկետ, թել ու հելուն առա, եկա տուն։ Դե պատկերացրեք՝ գործելն ինչքան է սազում Յոենսուին, եթե հասարակ սուպերմարկետում զանազան-զարմանազան թելեր, շյուղեր ու հելուններ են վաճառում։

gortsats

Բայց դե ես Մանուին սպասողը չէի։ Յություբով մի երկու վիդեո նայեցի ու անցա գործի։ Մեկ էլ էն եմ նկատում, որ թեև մի քիչ ծուռ, բայց շարքը շարքի հետևից շարվում է։ Ու էն եմ նկատում, որ գրեթե ամեն երեկո մի երկու ժամ ամեն ինչից անջատվում եմ ու գործում։ Ֆոտո արեցի, մամայիս ուղարկեցի գործածս առաջին մի քանի շարքը։ Զարմացավ ու ուրախացավ, ասաց, որ մի օր պիտի սովորեի, որովհետև գենետիկ է։ Հետո արդեն ամեն օր հարցնում էր՝ ուր հասա։

Երեկ վերջապես որոշեցի էդ գործածս հատվածն առարկայացնել ու դարձրի երաժշտական փլեյերի պարկիկ։ Ամենազարմանալին այն է, որ գործվածքը յություբի վիդեոյին հեչ նման չէ։ Մտածում էի՝ երևի ինչ-որ բան սխալ եմ արել, բայց դե տեսքը լավն է, կարևորը դա է։ Պարկիկը ֆոտո արեցի, ուղարկեցի մամայիս։ Ասաց՝ դու էլ ինձ նման ես գործում, տատիկս հա զարմանում էր, թե ինչու է իմ գործվածքն ուրիշ կերպ ստացվում։

Իմ հորական տատիկն ու պապիկը պրոֆեսորներ են եղել։ Ու ես ամեն օր գնում եմ համալսարան, կատարում ակադեմիական աշխատանքս, գալիս տուն, նստում թելերի ու հելունի հետ։ Հեչ որ չէ, Յոենսուից էս նոր հմտությունը կմնա։

Advertisements

8 responses to “Հելունագործ

  1. Ծլնգ says:

    Պատկերը ստուդիա եմ պահանջւմ։ 🙂

    • byurie says:

      Թե չգիտեի, որ պատկերը պահանջող ա լինելու։ Ասեցի չդնեմ, մարդ ես, կարող ա պլստամ։ Ամեն դեպքում, դրեցի արդեն։

      • uluana says:

        Ապրես, որ վերջը սկսեցիր։ 🙂 Համ էլ ձեր ցեղի պատիվը պահեցիր։ 😀 Բայց հետաքրքիր ա, ինչի՞ չէիր ուզում նկարը դնել որ։
        Իսկ գորգիկի հետ կապված փոշմանեցի՞ր։ :)))

      • byurie says:

        Եսի՞մ, դե մի քիչ ծուռումուռ ա էղել, դրա համար։ Գորգիկի հետ կապված առայժմ փոշմանել եմ։ Եթե հելունով գործելուց հավեսս հանեմ, կանցնեմ գորգիկին։ Բայց ոնց որ հլը որ հավեսս դուրս չի գալիս 😀

      • uluana says:

        Մինչև ասելդ ոչ էլ նկատել էի, որ մի քիչ ծուռումուռ ա։
        Դե, հլը նոր ես սկսել, հավեսդ էլ պիտի որ նոր բացված լինի, ի՞նչ հավեսը հանելու մասին ա խոսքը դեռ։ 😀

      • byurie says:

        Մանուն էլ նոր տեսավ իրական կյանքում, ասեց ահագին լավ ա էղել 😀 հեսա սկսեմ գկխարկ գործել

      • Ծլնգ says:

        Շատ էլ լավն ա։ 🙂 Ծուռ-մռություն ավելի է ընդգծում պարկիկի իրական լինելը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: