Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Սոցիալիզացիա (կամ դրա բացակայությունը)

on October 30, 2017

Յոենսուում գրեթե երկու ամիս անցկացնելուց հետո ու սոցիալիզացիայի անիմաստ փորձերից հետո որոշեցի ուղղակի իրականությունը բաժանել երկու մասի ու հանգիստ ապրել․ Յոենսու, որտեղ աշխատանքն է, ու Կոպենհագեն, որտեղ սոցիալիզացիան է։

Իրականում ես չէի պատկերացնում, որ ամեն ինչ էս աստիճանի ահավոր կլինի։ Գիտեի, որ ինչ-որ դժվարության կհանդիպեմ, բայց երբևէ մտքովս չէր անցնում, որ որ կողմ նայեմ, խոչընդոտի եմ հանդիպելու։

Սկսենք հասակակիցների խնդրից, որոնց հետ սոցիալիզացվելն ամենախելքին մոտը կլիներ․ խոսելու շատ բան կունենայինք, նմանատիպ շատ խնդիրներ։ Ամեն դեպքում, ինչպես նախորդ գրառումներիցս մեկում նշել էի, էստեղ իմ սերունդը խիստ քչություն է անում, ով էլ կա, մի կողմ քաշված ընտանիք է պահում։ Տակը մնում է մի տասը-տասնհինգ հոգի, որոնց կարելի է քաղաքում հանդիպել։ Ու ինքս ինձ նվիրեցի նրանց հետ ծանոթանալու ու շփվելու գործին։

Իմ հասակակիցներին հնարավոր է հանդիպել Յոենսուի անգլախոսների խմբի հանդիպումների ժամանակ, ընդ որում՝ գալիս են թե՛ օտարերկրացիներ, թե՛ ֆիններ։ Թեև առաջին հանդիպումն առանձնապես հետաքրքիր չէր անցել, որոշեցի ամեն դեպքում երկրորդ հնարավորություն էլ տալ։

Երկրորդ անգամ երբ գնացի, սկզբում միայն ֆիններ էին, ու գարեջրի բաժակները ձեռքներին լուռ իրար էին նայում։ Արդեն մտածում էի՝ կա՛մ խոսակցություն սկսեմ, կա՛մ թողնեմ գնամ, երբ մարդիկ սկսեցին հոսքերով գալ։ Հիմնականում ուսանողներ էին, բայց սերնդակիցներիցս էլ եկան։ Չգիտեմ ոնց ստացվեց, բայց էդ ընթացքում մենակ ուսանողների հետ շփվեցի։ Ավելի ճիշտ, անընդհատ թեքվում էի դեպի իմ հասակակիցները, բայց նրանց զրույցներում ներգրավվելը շատ բարդ էր դառնում։ Իսկ ուսանողներն էլ․․․ հենց ձեռքս պարզում էի ու ծանոթանում, պարզվում էր՝ իրենց դաս եմ տալու։ Ինչքան էլ փորձեի անմիջական լինել հետները, միևնույն է, քաշվում էին։

Գնացի նաև երրորդ անգամ։ Այս անգամ ուսանողներ չկային, միայն իմ սերնդի մարդիկ էին։ Նստեցի երկու ժամ։ Երկու ժամ շարունակ ներքին կատակներ ու զրույցներ մարդկանց մասին, որոնց չեմ ճանաչում։ Մի երկու անգամ փորձեցի որևէ բան ասել, բայց կատակի էին տալիս ու վերադառնում իրենց թեմաներին։ Էնպիսի զգացողություն էր, որ իրենք ընկերախումբ են, ես էլ զոռով խցկվում եմ։ Էդպես ինքս ինձ համար որոշեցի, որ վերջին անգամ եմ իրենց հավաքին գնում։

Ու տակը մնացին ուսանողներն ու տարիքն առած մարդիկ։ Ուսանողների հետ սկզբում փորձում էի սոցիալիզացվել լեզվի կաֆեներում։ Ու ոնց որ վատ չէր։ Բայց հետո հանկարծ սկսեցին ժամերն իրենց հարմարացնել, իսկ դա նշանակում է օրվա մեջտեղում հանդիպել, երբ ես դեռ պիտի աշխատեմ։ Կանգնած լինելով ամենապրոդուկտիվ ժամերիս աշխատանքը հանուն սոցիալիզացիայի զոհելու ընտրության առջև՝ որոշեցի հրաժարվել նաև էդ տիպի սոցիալիզացիայից։

Ամբիոնի աշխատակիցների հետ շփվում եմ։ Մեկ-մեկ լանչի կամ սուրճի ենք իրար հետ գնում ու դեսից-դենից զրուցում։ Էս վերջին անգամ մի պրոֆեսորի հետ սուրճ էի խմում։ Հարցրեց, թե արդյոք ընկերներ ունեմ։ Հիշում եմ՝ Կոպենհագենում էլ էին էդ հարցը հաճախ տալիս, ու միշտ սկսում էի թվարկել բոլոր նոր ընկերներիս ու այն վայրերը, ուր գնում էի սոցիալիզացվելու։ Պրոֆեսորին պատասխանեցի, որ ոչ, չունեմ ընկերներ, բայց հաշտվել եմ էդ մտքի հետ։ Ասաց, որ Յոենսուում տարածված խնդիր է։

Դե հա, մեկ-մեկ Մանուի հետ եմ շփվում։ Անցյալ անգամ էլ Մանուի ու երկու այլ ուսանողների հետ Էնսիֆերումի համերգին էինք գնացել։ Բայց էստեղ իմ սոցիալիզացիան հյուրից հյուր է տեղի ունենում: Էս շաբաթ-կիրակին լավ անցավ․ Յուվասկուլայից Մանուի ընկերուհին էր էկել, երեքով գժանոց վիքենդ անցկացրինք։

Իսկ ընդհանուր առմամբ իմ հանգստի բոլոր ժամերն անցնում են թելերիս հետ։ Սիրուն շարֆ եմ գործում։ Գոնե ուրախ կլինի։ Ամբողջ դեկտեմբերին էլ Կոպենհագենում եմ լինելու։

Advertisements

27 responses to “Սոցիալիզացիա (կամ դրա բացակայությունը)

  1. uluana says:

    Եթե դու, տենց համառ ու նախաձեռնող լինելով, չես կարողանում էդ սոցիալիզացիայի հարցը լուծել, պատկերացնում եմ՝ ինչ աստիճանի բարդ ա…

    Անհամբեր կսպասեմ շարֆի նկարին։ :))) Քեզ համա՞ր ես գործում։

    • byurie says:

      Իրականում իմ ամբողջ նախաձեռնող էությամբ չեմ ստեղ, որտև ուսանողների առկայության փաստից մի քիչ քաշվում եմ։ Բայց էլի էնպես չի, թե մատը մատիս չեմ խփում։

      Հա, սկսեցի ինձ համար գործել, բայց էնքան լավ ա ստացվում, որ մտածում եմ՝ նվիրեմ։ Ամեն դեպքում, էս մեկն ինձ կպահեմ, հետո էլի ուրիշների համար կգործեմ։ Բայց երկար ա տևում։ Էրեկ սաղ իրիկուն գործել եմ, հազիվ 1/8-ն եմ արել։

      • uluana says:

        Բայց հելունով գործը, ինչքան գիտեմ, արագ ա առաջ գնում, ասենք, շյուղերով գործելու համեմատ։ Տենց չի՞։ Բայց, մեկ ա, մակրամեին չի հասնի։ 😀 Ես մակրամեով եղել ա մի օրում եմ գործել մի շարֆը։ Բայց ոչ ամբողջ օրը գործելով, էլի։ Օրվա կեսից քիչը։

      • byurie says:

        Չէ, պատկերացրու հելունով ավելի դանդաղ ա։ Դե մակրամեով ոնց հասկանում եմ մեջը լիքը ծակեր կան, ծավալն արագ ա լրանում 😀 Իսկ հելունն ահագին խիտ ա անում։

  2. uluana says:

    Ամեն դեպքում եթե էդ սոցիալիզացիայի խնդիրը տենց անլուծելի ա, երևի արժե ուղղակի ընդունել իրավիճակը ու վայելել, ի վերջո, մեկ էլ ե՞րբ ես էդքան ազատ ու մենակ ժամանակ ունենալու, որ ձեռագործով զբաղվես։ :))) Ուղղակի տրվի դրան ու լիարժեք վայելիմ քանի կարող ես։

    • byurie says:

      Տենց էլ անում եմ։ Մինչև սատկելու աստիճան աշխատում եմ, իսկ սատկելուց հետո գնում եմ տուն ու գործում եմ։ Մեկ-մեկ որ տեսնում եմ՝ մարդու էրես չտեսնելուց ցնդելս գալիս ա, Մանուին կանչում եմ միասին մի բան անելու։ Ընտիր կյանք 😀

  3. urishbaner says:

    Բյուր, դու ինչ-որ տեղ ասել ե՞ս, թե դու ինտրովերտ ես ։))

    • uluana says:

      Ինքը հետո կմանրամասնի, բայց ես համառոտ ասեմ. Բյուրն ամբիվերտ ա՝ ավելի շատ ինտրովերտի կողմը հակված։ 😀

      • urishbaner says:

        ոնց ա է՞ հակված․ մի գլուխ տրտնջում ա ինտրովերտի գյոզալ-երազանք Յոենսուից :))

      • byurie says:

        Մանուն էլ ա ինտրովերտ, ինքն էլ ա ստեղ գժվում։ Ինտրովերտ չի նշանակում մարդկանց հետ ընդհանրապես չշփվել կամ ընդհանրապես կարիք չունենալ շփվելու, այլ նշանակում ա ուրիշ որակի շփում նախընտրել։ Հակառակը՝ ես կասեի էքստրավերտների վիճակը ստեղ ավելի հեշտ ա, որտև փարթիներ ու դեբիլ հավաքույթներ ինչքան ասես կան։

      • urishbaner says:

        Ախր քո փնտրած շփման ձևերը էքստրովերտական են։ Ես, օրինակ, քո տեղը եթե լինեի, էդքան ուսանողից արդեն նենց կհագենայի որ մի շաբաթով հինգ քառակուսի մետրանոց գորգագործությունը պատրաստ կլիներ ։D

      • byurie says:

        Հակառակը, ինտրովերտական են։ Ուղղակի նոր մարդկանց հետ ծանոթանալու համար իրանց հետ պիտի մարդաշատ միջավայրերում ծանոթանաս, հետո անցնես քո ինտրովերտական շփումներին։ Նայի, նույն Յոենսուի անգլախոսների խումբը։ Եթե էքստրավերտ լինեի, իրանց հանդիպմանն էդքան վատ չէի զգա։ Ինձ մեջ կգցեի, ամբողջ զրույցն ինձնով կանեի ու լիքը կխոսեի։

      • urishbaner says:

        Բայց նենց չի որ լրիվ անմարդաբնակ կղզում ես, ախր։ Հեչ որ չլինի, ռումմեյթ ունես, հեչ որ չլինի ինտերնետը կա, հեչ որ չլինի մենք կանք ու կանք 😀
        Երևի դու թարմացավերտ ես :)) Քեզ ուղղակի նոր ծանոթություններ են պակասում։

      • byurie says:

        Ինտերնետն ինձ համար ընդհանրապես նորմալ շփման միջոց չի, այսինքն՝ չի փոխարինում իրականում կյանքում շփմանը։ Հետո, տարածքում մարդկանց առկայությամբ ուրախանալն էլ ա էքստրավերտական հատկանիշ։ Թե չէ նոր ծանոթությունների պակաս չունեմ։ Արդեն սաղ քաղաքին ճանաչում եմ։ Նոր մտերմությունների պակաս ունեմ։

      • urishbaner says:

        Լավ, համոզեցիր, բայց սա ինտրովերտի ինչ-որ ուրիշ տեսակ ա, մի քիչ շեղումով :)))

      • byurie says:

        Դե Անուկն արդեն ասեց՝ ամբիվերտ։ Ինձ համար ինտրովերտի դրախտ Կոպենհագենն ա, ստեղ շատ ծայրահեղ ա։

      • byurie says:

        Ու ասենք ինքդ էլ ինտրովերտ լինելով հանդերձ գիտես, որ քեզ մտերիմ շփումներ են պետք, ոչ թե տոննաներով small talk: Ցավոք, դեպի մտերիմ շփումներ տանող դուռը small talk-ի միջոցով ա։ Ու իմ ամբիվերտության շնորհիվ ա երևի, որ էդ աստիճանի հուշտ չեմ ըլնում small talk-ից ու պատրաստ եմ մի քիչ ինձ զոռել հանուն հետագա մտերիմ շփման։ Բայց դե փաստորեն էստեղ չի ստացվում տենց։

      • urishbaner says:

        Դե հա, ցանկացած հարաբերություն սմոլ-թոքից ա սկսվում բնականաբար, բայց մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե հատուկ սմոլ-թոքի համար դուրս եկողների մեջ ոնց կարող ես գտնել խորը, մտերիմ հարաբերություններ։ Թեև, գուցե քո նման ամբիվերտներ էլ կան նրանց մեջ, չգիտեմ։ Ես, օրինակ, էդ աստիճան սոշըլ չեմ, որ անձամբ նախաձեռնեմ սմոլ-թոքեր՝ աջ ու ձախ, էն ակնկալիքով, որ նրանցից մեկի մեջ նստած ինձ է սպասում մտերիմ-հարաբերություն։ Ես, մի տեսակ, սպասում եմ, որ հանդիպումներն իրենք պատահեն, դիպվածով, իսկ եթե “քո” մարդն ա, հարաբերությունն ինքնըստինքյան իր ճանապարհը կգցի։

      • byurie says:

        Դու երևի մոռացել ես, թե ոնց ա լինում նոր քաղաք տեղափոխվելը։ Անկախ նրանից մարդ ամբիվերտ ա, ինտրովերտ, թե էքստրավերտ, սկսում ա նոր մարդկանց հետ ծանոթանալ, որոնց մի մասի հետ ի վերջո ընկերանում ա։ Ու ինչու՞ պիտի նույնը չլինի Յոենսուում։
        Ամբիվերտությունը բավական հազվադեպ հանդիպող երևույթ ա։ Ես ինքս էլ մաքուր ամբիվերտ չեմ ու վերջին տարիներին ավելի շատ ինտրովերտ եմ դարձել։
        Իսկ սմոլ թոք նախաձեռնելը նաև հմտություն ա, որն ինտրովերտներն էլ կարան ունենան։ Էդ չի նշանակում, որ սմոլ թոքը դառնում ա հաճելի զբաղմունք։ Էդ նշանակում ա, որ ինտրովերտը, հասկանալով դրա անհրաժեշտությունը, նախաձեռնում ա։
        Ինչ վերաբերում ա էս տեղերին, որ ասում ես՝ մարդիկ սմոլ թոքի համար են գնում։ Հենց էդ ա, որ սխալ տպավորություն ունես։ Յոենսուի անգլախոսների խումբը հենց ինտրովերտների հավաքածու ա։ Դրա համար էլ նորեկներին չեն ներառում։ Իրանք արդեն իրանց ընկերական շրջապատն ունեն, իրանց պետք չի նոր մարդկանց հետ ծանոթանալ։
        Իսկ դիպվածով չգիտեմ մարդիկ ոնց են հանդիպում։ Եթե մարդկանց հետ չես շփվում, մարդկանց չես հանդիպում։ Իսկ Յոենսուում բացի նշածս շփման միջավայրերից, մեկ էլ աշխատավայրս ա նոր ծանոթությունների միջավայր, էն էլ էնտեղ աշխատողներից գրեթե ոչ մեկը Յոենսուում չի ապրում։ Էլ ուրիշ որտե՞ղ ա հնարավոր «դիպվածով» ինչ-որ մեկի հետ ծանոթանալ։ «Դիպվածով» ծանոթանում են էն քաղաքներում, որտեղ արդեն որոշակի ընկերության ու զբաղմունքների շրջանակ ունես ու ժամանակ առ ժամանակ ուզած-չուզած հայտնվում ես որոշակի սոցիալական միջավայրերում։ Բայց սկզբի համար պետք ա էդ միջավայրերը ստեղծել։

      • urishbaner says:

        մի շաբաթում*

    • byurie says:

      հա, ինտրովերտ եմ 😀

  4. Marian says:

    Ուֆ ուֆ եսիմ է։ Չնայած մի բանն ա հույս տալիս, որ ֆիններին ժամանակ ա պետք քեզ ադապտացվելու, ընկերանալու համար, բավական շատ ժամանակ.. Էս համարյա երկու տարի ստեղ մնալուց հետո, ինչ-որ մանր սոցիալիզացիայի հատիկներ են երեւում հորիզոնում։Ես էլ կյանքում չէի մտածի, որ իմ պես շփվող մարդը սոցիալիզացիայի խնդիրներ կունենա, but this is Finland. 😀

    • byurie says:

      Անկեղծ ասած, ֆինների վրա ես ընդհանրապես հույս չեմ դնում ու չեմ էլ փորձում հետները սոցիալիզացվել։ Խոսքս ավելի շատ տեղի արտասահմանցիների մասին ա։ Ի վերջո, պետք ա փնտրել մարդկանց, ովքեր նույնպես փնտրում են մարդկանց։ Թե չէ ֆիններն արդեն իրենց սոցիալական շրջանակն ունեն ու ընդլայնելու ցանկություն չունեն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: