Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Իմ երազանքների աշխատանքը

on November 1, 2017

Էսօր մի ուսանողից նամակ եմ ստացել։ Անծանոթ անուն-ազգանուն էր։ Ասում էր, որ իրենց ամբողջ ուսումնական ծրագրում մենակ իմ դասախոսությունն էր հասկացել, ու թեման իրեն ահագին հետաքրքրել էր։ Ուզում էր իմանալ, թե որ համալսարանում եմ PhD արել, որ ինքն էլ դիմի։ Նամակը կարդալուց հետո մի քանի վայրկյան պետք եղավ, որ տեղը բերեմ, թե ով էր, ինչ էր։

Ուրեմն անցյալ ձմեռ Կոպենհագենի համալսարանում մի պոստդոկի էի դիմել ու վեց ամիս անց մերժվել։ Հետագայում էդ ամբիոնում PhD արած ընկերներիցս մեկի՝ Սիգրիդի հետ խոսեցի։ Պարզվեց՝ էդ պոստդոկը Սիգրիդի համար էին հայտարարել, բայց ինքը չէր դիմել։ Ստիպված ուրիշի էին ընդունել։ Էդ ուրիշն էլ հրաժարվել էր պոստդոկից, իսկ դասավանդվելիք առարկան բաց էր մնացել։ Սիգրիդն էլ առաջարկել էր դասավանդել առարկան՝ որպես ժամավճարով դասախոս, մինչև մյուս տարի նոր պոստդոկ գործի ընդունեն։

Էս պատմությունը պատմելուց հետո Սիգրիդն առաջարկեց հյուր-դասախոս լինել իր առարկայից ու քառասունհինգ րոպե նյարդալեզվաբանությունից խոսել։ Ես էլ չմերժեցի։ Էդպես գտանք էնպիսի օր, որ ինքը դաս ուներ, ես էլ Կոպենհագնում էի լինելու, պայմանավորվեցինք, որ 45 րոպե ինձ է տրամադրելու։

Քանի որ էդ ընթացքում կյանքումս շատ բան էր կատարվում, դասախոսությանը պատրաստվելուն առանձնապես ժամանակ չտրամադրեցի։ Իմ պաշտպանության պրեզենտացիայից մի քանի սլայդ հանեցի, մի քանի կոնֆերանսային սլայդ էլ ավելի մարդավարժական սարքեցի ու որոշեցի էդպես ներկայանալ։

Լսարանում էլ սիրուն բացատրեցի լեզվական մոդելները, մի քիչ իմ էքսպերիմենտներից պատմեցի, պատասխանեցի ուսանողների հարցերին ու դուրս եկա։ Ինչպես ասում են, դասի մեջ էնքան սիրտ ու հոգի չէի դրել, ոնց որ Յոենսուում եմ անում։ Ու հիմա էսպիսի մեյլ եմ ստանում։ Ամենատարօրինակն էն է, որ էդ պոստդոկի թափուր տեղը նորից են հայտարարել։ Նորից առաջին երկրորդ փուլերն անցել եմ, երրորդը՝ ոնց որ չէ (չգիտեմ՝ ուշացնու՞մ են հարցազրույցի հրավերը, թե՞ էդպես էլ չեն կանչելու)։

Յոենսուում էլ ոնց որ ուսանողներս ինձնից գոհ են։ Առարկաներից մեկը դասավանդելիս, քանի որ ինքս ինձ վրա վստահ չէի, անանուն ֆիդբեք հավաքեցի։ Ահագին կոնստրուկտիվ փոփոխությունների հետ մեկտեղ լացելու աստիճանի դրական բաներ էին գրել, թե ինչքան գոհ են իմ դասավանդման մեթոդներից։

Իսկ ես իմ աշխատանքից մի այլ կարգի հաճույք եմ ստանում։ Էսպես շաբաթական հիսուն ժամից ավելի աշխատելու հիմնական մոտիվատորը հենց սերս է դասավանդման նկատմամբ։ Էն պահը, որ լսարանից դուրս եմ գալիս ու զգում եմ, որ ուսանողները դասից հեռանում են մի բան ավել իմացած։ Էն պահը, երբ նայում եմ ուսանողներին, ու աչքերը փայլում են, որովհետև գրքում գրած խրթին բաները վերջապես հասկանալի են դառնում։ Բա ո՜նց եմ սիրում, երբ իմ գրասենյակում նստած մտածում եմ, թե ոնց անհասկանալի տեքստը հասկանալի լեզվով բացատրեմ, ու վերջապես լուծումը գտնում եմ։

Ու ամենահետաքրքիր այն է, որ առավոտյան ժամը տասից գրասենյակումս եմ։ Իմ ամբողջ կյանքում չի եղել էսպիսի վիճակ, որ ամեն հաջորդ օրվան անհամբերությամբ սպասեմ ու ատեմ էն ժամերը, որոնք քնած պիտի անցկացնեմ՝ առանց աշխատելու։ Էսօր էլ նույնիսկ իննից առաջ էի աշխատանքի գնացել․ էսօրվա դասս չէի հասցրել լավ պատրաստել, օրս շուտ սկսեցի, որ ցերեկը պատրաստ մտնեմ լսարան։ Ուրիշ ժամանակ էսպիսի դեպքերում գլխառադ եմ անում։ Բայց երբ խոսքը դասի մասին է, պատասխանատվության զգացումը մի այլ կարգի մեծ է։

Ընդհանրապես, ես ինձ ահագին անամբիցիա ու աննպատակասլաց մարդ եմ համարում։ Երբեք մեջտեղից չեմ ճղվում ինչ-որ բանի հասնելու համար, այլ հոսքի հետ գնում եմ։ Երբեք չեմ կարողացել հասկանալ՝ ինչ աշխատանք եմ ուզում ու ինչ մասնագիտության մեջ եմ ուզում մնացած կյանքս անցկացնել։ Ու հենց էդպես հոսքի հետ գնալու արդյունքում եմ Յոենսուում հայտնվել։

Բայց հենց Յոենսուում հայտնվելս որոշիչ դարձավ, որ հասկանամ՝ ինչ եմ իրոք սիրում անել։ Ես գժվում եմ գիտելիքի շրջանառության՝ սովորելու ու սովորեցնելու համար։ Ընդ որում, սովորելու ամենասիրածս ձևը հենց սովորեցնելն է։ Դեռ ուսանողական տարիներիս հավաքում էի համակուրսեցիներիս ու կենսաքիմիա բացատրում։ Հո հենց էնպես չէի՞ անում։ Արդյունքում ես էլ էի սովորում, ու դրանից կայֆ բան չկար։ Հետագայում տարբեր համալսարաններում դասավանդելն էլ գերագույն հաճույք էր ինձ համար։ Իսկ հիմա էսպես մի ամբողջ կիսամյակ լրիվ դրույքով դասավանդման մեջ խրված լինելն ինձ համար կատարյալ երջանկություն է։

Էսօր էլ շեֆս պայմանագիրս երկարացնելու հեռավոր ակնարկ արեց։ Մի կողմից, էս տեսակ կատարյալ աշխատանքը շարունակելու երջանիկ հեռանկարը, մյուս կողմից՝ աշխատնաքից բացի մնացած ամեն ինչի բացակայությունը Յոենսուում։ Չգիտեմ։

Մտածում եմ՝ էս Յոենսուի շեֆս ինչ մեծ ռիսկ արեց, որ առանց հարցազրույցի, առանց բանի ինձ գործի ընդունեց։ Ճիշտ է՝ դեռ հինգ տարի առաջվանից ինձ գիտեր որպես պարտաճանաչ ուսանողի։ Բայց դա արդյոք հերի՞ք է մի մագիստրոսական ծրագրի ամբողջ կիսամյակի դասընթացների ուղիղ կեսը վստահելու համար։

Էսօր դասից հետո մի ուսանողի հետ իր առանձին գիտական պրոյեկտն էինք քննարկում։ Մեկ էլ բռնեց ու ասեց, որ լսարանում իրենք զգում են, թե ոնց եմ գործս սիրում, ու դա վարակիչ է։

Մինչև հիմա ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչու Կոպենհագենի համալսարանից էդպես քշվեցի։ Մորթենին ասում եմ՝ ուզում եմ դանիական քոլեջներում դասավանդել։ Ասում է՝ բայց դրանք պրիստիժնի չեն։ Պրիստիժը կապ չունի։ Ես իրոք ուզում եմ դասավանդել մինչև կյանքիս վերջ, իսկ Յոենսուում հավերժ մնալ ուղղակի չեմ կարող։

Advertisements

25 responses to “Իմ երազանքների աշխատանքը

  1. urishbaner says:

    Ինչ նախանձելի հայտնվել ես քո տեղում։ Իսկ Յոենսուին մի օր սիրահարվելու ես ու չուզենաս հեռանալ ։)

    • byurie says:

      Անհնար ա։ Որ ինձ տեսնես տանը, կհասկանաս, թե ինչու էսքանով հանդերձ չեմ ուզում ստեղ լինել։ Ես ամեն երեկո տանը բարձրաձայն լացում եմ մենակությունից։

      • urishbaner says:

        Էդ հիմա ա, հո էդպես չի մնա. կհայտնվեն մարդիկ, ու հենց իրենց շնորհիվ կկապվես էդ քաղաքին։

      • byurie says:

        Ու՞ր ա, ո՞նց, որտե՞ղ։ Մեռա մարդ ման գալով, չկա մարդ։ Ամբիոնում էլ որ դժգոհում եմ, ասում են՝ հա, Յոենսուի հիմնական պրոբլեմներից ա։

      • urishbaner says:

        Հետաքրքիր ա, փաստորեն բոլորն իրար են փնտրում ու չեն գտնում ։) քաղաքին կապվելու համար քանակություն պետք չի մարդկանց, մի ձեռքի մատների թվովը լրիվ կբավականացնի, իսկ նրանք մի օր դուրս կգան ծակուծուկերից, հնարավոր ա՝ նույնիսկ էսօր կողքդ են, ուղղակի դեռ էդ մասին չգիտես։

      • byurie says:

        Դե մեր ամբիոնի աշխատակիցներից մենակ շեֆս ա Յոենսուում ապրում։ Մնացածները հեռավոր քաղաքներից են։ Ի դեպ, երբ հինգ տարի առաջ մի ամբողջ կիսամյակ էի էստեղ, էդպես էլ ոչ մի նոր մտերմություն չհաստատեցի։ Երևի կյանքումս միակ քաղաքն էր, որ հենց էդպես հեռացա՝ առանց նոր մարդկանց։

  2. theologos says:

    Իսկ Արուսը Յոնեսուում սովորում ա՞, թե՞ ուղղակի եք հանդիպել, նկարներում տեսա ձեզ միասին:Ճ

    • byurie says:

      Հեհե, ճանաչու՞մ ես Արուսին։ Չէ, ինքը Յուվասկուլայում ա սովորում, հյուր էր էկել։

      • theologos says:

        Հա, ճանաչում եմ, էստեղ ռումինացիների հետ փոխանակման ծրագրի ենք մասնակցել: Հայաստանը շատ փոքր ա իրականում))):

      • byurie says:

        հա, ահավոր փոքր ա 😀 բայց ուրեմն Ֆինլանդիան էլ ա փոքր

      • theologos says:

        Հայերի համար փաստորեն՝ միանշանակ:)))

  3. uluana says:

    Ինչ հավես ա, որ գտել ես քո երազանքի աշխատանքը։ :)))) Կարծում եմ՝ Դանիայում էլ կգտնես դասախոսական աշխատանք։

    Բայց դու որ չես ասում՝ ես ահավոր անամբիցիա ու աննպատակասլաց եմ, ոնց որ մի բանով տան գլխիս։ Եթե դու ես տենց, բա նպատակասլացը էլ ո՞րն ա, այ մարդ։ 😀

    • Ծլնգ says:

      Ի դեպ ես էլ եմ իմ մասին մոտավորապես նույն կարծիքի, ինչ Բյուրն է այստեղ իր մասին արտահայտել։ Բայց մի անքամ մի ընկերս ասեց, որ իմ մեջ նպատակասլացությունն է հարգում, ես էլ լրիվ շոկի մեջ էի։ Երևի որ մի բանը սիրում ես, դա որպես նպատակ չես ընկալում ու դրան հասնելը տեղի է ունենում քեզնից անկախ։

    • byurie says:

      Դե հենց էդ ա, որ զարմանալի ա, որ ինձ կողքից տենց են ընկալում։ Բայց եթե դու տեսնես իմ շրջապատի ժողովրդին, կհասկանաս՝ ինչ եմ ասում։ Ասենք, ինձ համար PhD-ից հետո պետք էր ընդամենը մի քիչ մասնագիտական գործ ճարելը, ու առաջին պատահած գործի վրա թռա միանգամից։ Իսկ իմ ստատուսի մարդիկ կոնկրետ ռեյտինգի համալսարան են ուզում։ Ինձ հերիք ա, որ իմ գիտական հոդվածներն էնքան որ տպագրվեն։ Իսկ ամբիցիոզ մարդիկ էնքան են տանջվում, մինչև բարձր ազդեցության գործակցով ամսագրում տպագրվեն։ Ու էն ա, եթե տեղը տեղին ամբիցիոզ մարդ լինեի, պիտի որ նստեի, գրանտներ գրեի, բայց մատս մատիս չեմ տալիս։

  4. Ծլնգ says:

    Պրեստիժը լավ էլ կապ ունի։ Յոենսուն էլ կապ ունի, դասավանդական մեղրասեմեստրդ էլ։ 🙂 Բայց ամենաշատ կապ ունի այն տեղը, որտեղ դու ինքդ քեզ տեսնում ես։

    • byurie says:

      Ծլնգ, բայց մեղրասեմեստր չի։ Էս հինգերորդ սեմեստրն ա, որ դասավանդում եմ։ Մեղրասեմեստր ա Յոենսուի համար։ Ու մեղրասեմեստր ա, որ մեկից ավելի առարկա եմ դասավանդում։ Բայց միշտ սենց սիրով եմ մտել լսարան։

      • Ծլնգ says:

        Մեղրասեմեստր ա էն իմաստով, որ ահագին նորովի ա քեզ համար այդ դասավանդելը, Մանկավարժականում էլ էր նորովի, որպես ասպիրանտ էլ էր նորովի, հիմա էլ է նորովի։ Ու սա ահագին տարբերվում է ոչ-նորովի դասավանդելուց։ Ասենք տես դու զուգահեռ ես տարել դասավանդելու ու սովորելու միջև, ու մինչև հիմա քո բոլոր դասավանդելները զուգակցվել են լիքը կողքից սովորելով։ Իսկ երբ նույն առարկան երրորդ անգամ ես դասավանդում, արդեն շատ սովորել կողքից չի լինում, ու դասավանդելն էլ է դառնում մի սովորական գործունեություն՝ իր բոլոր վերելքներով ու արհավիրքներով։ Իհարկե չեմ ժխտում թե սիրում ես, կամ որ այդ զգացողությունը չի շարունակվելու ամբողջ կարիերայիդ ընթացքում, միմիայն ասում եմ, որ դու դեռ տուրիստ ես դասավանդման ոլորտում, ու լավ է որ այս աստիճանի դուրդ գալիս է, դա ահագին խոստումնալից է։ 🙂

      • byurie says:

        Ծլնգ, բժշկականում նույն առարկան երեք-չորս կռուգ, եթե ոչ ավելի շատ, իրար վրայից դասավանդել եմ (էնտեղ առարկաները ցիկլերով են դասավանդվում․ մի խումբ ամբողջ երկու-երեք շաբաթ նույն առարկան ա անցնում, հետո մյուսն ա գալիս, ու էդպես սեմեստրի ընթացքում ութ անգամ ցիկլը կրկնվում ա)։ Նույնիսկ էդ ընթացքում, որ լսարան մտնում էի բացարձակապես անպատրաստ (իմ մասնագիտական առարկան էր), ընթացքում լիքը բաներ էի սովորում։ Ու ընդհանրապես նույն առարկան անընդհատ նորից դասվանդելիս էլ անհնար ա լիքը բաներ նորից չսովորելը։ Նախ, գիտելիքն ա անընդհատ փոխվում, պետք ա թարմացնել։ Հետո, լիքը բան ուսանողներից ես սովորում։ Կրթական գործընթացը միակողմանի չի, այլ գիտելիքի փոխանակում ա տեղի ունենում, թեև ոչ համաչափ։ Ես մեր Խրոնինգենի սեմեստրն եմ հիշում, երբ պրոֆեսորը պահանջում էր էնպիսի պրեզենտացիաներ անենք, որոնցից ինքը մի բան սովորի։ Ու լիքը բան էր սովորում ու դրանից հաճույք էր ստանում։ Թոշակի տարիքին մոտ պրոֆեսորը, որն ամբողջ կյանքն ակադեմիայում ա անցկացրել։
        Կարծում եմ՝ կրթությունը սկսում ա լճանալ ու անիմաստ դառնալ էն պահից, երբ դասավանդողը որոշում ա, որ իրա կրթությունն ավարտվել ա, ու ինքը մենակ գիտելիք տվողի դերում ա։

      • Ծլնգ says:

        Վերջին նախադասությունդ անտեղի էր այս քննարկման մեջ, քանի որ ես դա նկատի չեմ ունեցե, ինչպես նաև լճանալու գաղափարը, ու ինքս էլ քո այդ ասածի հետ լրիվ համաձայն եմ։ Մնացածի առումով՝ ուզում եմ ասել «օքեյ» ու անցնել մյուս գրառումների, բայց մի քիչ կռիվ տանք․․․ :)))

        Այդ Խրոնիգենի պրոֆեսորը հաճույք էր ստանում պրեզենտացիաներից, ոչ թե ամբաղջ առարկան դասավանդելու գործընթացից (հավանաբար), ու հա, իհարկե այստեղ-այնտեղ փոքր-մոքր հա էլ սովորում ես, նույն բանը կարող ես նորովի մատուցելու ձևեր գտնել, և այլն։ Բայց այդ նորության ճռճռոցը անցնում է, ոնց էլ որ չլինի։ Ու նորից, ես չեմ ասում թե քո վերաբերմունքը դասավանդման մասին փոխվելու է, միմիայն որ այստեղ նշածները ահագին հատուկ են թարմ դասավանդողի մտածելակերպին։

      • byurie says:

        Խրոնինգենի պրոֆեսորը պրեզենտացիաները հանձնարարում էր իր գիտելիքի բացը լրացնելու համար, երբ կոնկրետ թեմայով կոնկրետ մեկը հարց էր տալիս, ինքը պատասխան չէր ունենում, իսկ ուսանողներից մեկնումեկն ունենում էր։ Ու թեև էդ պրեզենտացիաները լրիվ առարկայի կոնտեքստում էին մնում, մեկ ա, ինքը (ու ամբողջ կուրսը) նոր գիտելիք էր ձեռք բերում։ Հետո, չգիտեմ՝ ձեզ մոտ ոնց ա, բայց էս առարկաների մեծ մասը, որ դասավանդում եմ, գիտական առարկաներ են, ու ամեն տարի մի բան փոխվում ա, նոր հոդվածներ են հայտնվում, նոր նյութեր են հայտնվում։ Բնականաբար, պետք ա ամեն ինչ անընդհատ թարմացնել։ Այ ձևաբանություն ու շարահյուսությունը մոտակա հարյուր տարում երևի չի փոխվի, ու մանրից նոր բան սովորելու տեղ չի մնա (չնայած անգամ էս դեպքում հաստատ ամեն անգամ լսարանում կգտնվի մեկը, որը կունենա էնպիսի մայրենի լեզու, որը չի բռնի ստանդարտ նյութին, ու դրա պատասխանի որոնումները կտանեն նոր գիտելիքի ձեռքբերման):

    • byurie says:

      Հա, իսկ պրիստիժի մասին ինչու եմ ասում կապ չունի։ Մի սեմեստր մանկավարժականում եմ դաս տվել, ու էլի տենց հաճույք էի ստանում։ Ճիշտ ա՝ էնտեղ ուսանողների որակի ու մոտիվացիաների խնդիր կար, ու անընդհատ պիտի կռիվ տայի դիպլոմը որպես օժիտ ընկալող ուսանողների ու իրանց ծնողների հետ։ Նաև կար վարձատրման խնդիր․ ամիսը 3200 դրամ էին վճարում։ Բայց էդ չէր խանգարում, որ անասելի հաճույքով լսարան մտնեի։

      • Ծլնգ says:

        Դե հենց էդ ա, որ պրիստիժը ոչ միայն դասախոսին է կպնում, այլ նաև ուսանողին, ու ուսանողների որակի վրա լիքը ազդում է։ Նայի, կոպիտ ասած կա դասավանդման երկու տեսակ․ երբ դասավանդում ես ընդհանուր մարդկության գիտելիքները հարստացնելու համար (այստեղ քեզ Սոկրատ պատկերացրու), ու երբ դասավանդում ես կոնկրետ անբանիմաց մարդկանց բան սովորեցնելու համար։ Առաջին դեպքում ամբողջ կարիերայիդ ընթացքում քեզ մոտավորապես զգում ես այնպես ինչ դու այս գրառման մեջ ես նկարագրել, քանի որ ուսանողներդ իրենց պոտենցիալով հաճախ գերազանցում են քեզ, ու դու գիտես որ մասնակցում ես ապագա գիտության առաջատարների մասնագիտական ձևավորմանը։ Իսկ երկրորդի դեպքում քո ուսանողների մեծ մասի երազանքը շուտափույթ աշխատանք գտնելն է՝ գիտելիքների հերն էլ անիծած։ Ու դա էլ կարող է հոյակապ զգացմունքներով զուգորդվել, երբ հասկանում ես, որ մասնակցում ես այդ ուսանողների սոցիո-տնտեսական աճին։ Բայց գիտելիքների առումով սա ահագին տարբերվում է առաջին տիպի դասավանդումից։ Ու հենց այդտեղ էլ իր դերն է խաղում պրեստիժը․․․

      • byurie says:

        Կարծում եմ՝ տարբերությունը զուտ մատուցվող բովանդակության մեջ ա։ Նայի, նույն առարկան, որ մյուս շաբաթվանից էստեղ դասավանդելու եմ, դասավանդել եմ նաև մանկավարժականում ու Կոպենհագենում։ Բնական ա, մանկավարժականում ահագին պրիմիտիվացրել էի, որովհետև ուղղակի անհնար էր լրիվ ուրիշ գիտական դպրոցի գիտելիքն այլ կերպ տեղ հասցնելու, ու մեկ ա, իրենց զուտ ծանոթության կարգով էր նյութը պետք, իսկ էստեղ ահագին ծանրացնելու եմ բովանդակությունը, որովհետև սա իրենց մասնագիտության հիմնաքարն ա։ Բայց սովորելու տեսանկյունից տարբերություն չկա։ Հա, հենց նույն մանկավարժականում էլ ուսանողներից լիքը բաներ եմ սովորել, որոնք մինչ այդ չգիտեի։

      • Ծլնգ says:

        Օքեյ, Բյուր ջան․․․ պրեստիժը կապ չունի, ուսանողների մոտիվացիաներն էլ կապ չունեն, գիտելիքների խորությունն էլ կապ չունի, քո դերի մասին զգացածդ էլ կապ չունի։ Մենակ մարդու դասավանդման նկատմամբ սերը կապ ունի։ 🙂

        Իմ ասածները մեկ առարկայի մասին չեն, այլ երբ սեմեստրից սեմեստր աշխատում ես նույն ոչ-այնքան-գիտելիքի համար սովորող ուսանողների հետ, ու նոր բաներ սովորելը այլևս նույն հաճախակիությամբ տեղի չի ունենում․․․ դու էլ քեզ երբեմն դասավանդող հաստոց ես զգում, ու սկսում ես մտածել թե իսկապես մի օր մի համակարգիչ փոխարինելու է քեզ, դու էլ մնաս անգործ։ :)) Դե մոտավորապես տենց, չնայած իհարկե լիքը ճոխացնում եմ։ Բայց իսկապես ահռելի տաբերություններ կան իմ նկարագրած երկու տարբեր դասավանդումների մեջ, ու դու դա զգացել ես արդեն հասարակ ուսանողների ու քո ղեկավարության տակ հետազոտություններ անող ուսանողների օրինակի վրա։ Ուղղակի դեռ այդ «սովորական» ուսանողները դեռ շատ սովորական երևույթ չեն քեզ համար․․․

      • byurie says:

        Ուսանողների մոտիվացիաներն իհարկե կապ ունեն, բայց քանի դեռ ուսանողի մոտիվացիան մենակ օժիտի դիպլոմը չի, դասավանդումը շարունակում ա հաճելի պրոցես լինել։ Նույն բժշկականի ուսանողների միակ մոտիվացիան քննություն ստանալն էր․ հոգեբուժությունն իրանց հազար տարի պետք չէր։ Բայց անգամ իրանց չորով քննության պատրաստելը հերիք էր, որ հավեսով մտնեի լսարան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: