Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պրոֆեսորները ռոք անել չգիտեն

on November 4, 2017

Թե ինչպես սոցիալիզացիայի ի սպառ բացակայությունն ընդամենը մի օրում վերածվեց սոցիալական գերծանրաբեռնվածության, ու ես սկսեցի վախենալ, որ աշխատանքս չեմ հասցնի, մի առանձին երկար պատմություն է, ու անպայման դրա մասին մոտ ժամանակներս կգրեմ։ Բայց հենց այդ թոհուբոհի ընթացքում էր, որ գնացի Քերուբի՝ պրոֆեսորների ռոքը լսելու։

Իսկ պրոֆեսորների ռոքն ամենամյա միջոցառում է, որին մասնակցում են ֆիննական համալսարանների դասախոսական անձնակազմից բաղկացած երաժշտական խմբեր։ Այս տարի Յոենսուն էր հյուրընկալում միջոցառումը։

Էնտեղ չէի հայտնվի, եթե Դինարան՝ մեր ամբիոնի PhD ուսանողներից մեկը չգրեր։ Իրականում հայտարարության էկրաններին վաղուց էի տեսել, որ այս շաբաթ Քերուբիում նման բան է սպասվում։ Բայց ականջի հետև էի գցել, որովհետև հետս գնացող չունեի, ու աշխատանքի մեջ էլ խեղդվում էի։

Թե ինչպես Դինարայի հետ ծանոթացա, վերևում նշված պատմության մի մաս է կազմում, ու այստեղ չեմ մանրամասնի։ Պարզապես ասեմ, որ առաջին անգամ պիտի Քերուբիում հանդիպեինք։

Քանի որ Դինարան վոլեյբոլի էր, իսկ ես երեկոյան ազատ էի, որոշեցի նրանից շուտ գնալ Քերուբի ու լսել նաև մեր համալսարանը ներկայացնող խմբին։ Այդ խմբով հատկապես հետաքրքրված էի, որովհետև նրանց մեներգչուհին Ֆինլանդիայի տաղանդի հաղթողներից էր։ Էդպես ուսապարկիցս հանեցի ամենակարևոր բաները, որ հետս վերցնեմ․ հեռախոս, կրեդիտ քարտ ու բանալիներ։ Մտածեցի՝ անձը հաստատող փաստաթղթի կարիք չի լինի, բայց դե մարդ ես, վերցրի հետս։

Ու ճիշտ արեցի, որովհետև Քերուբիի աշխատողն ինձնից անձը հաստատող փաստաթուղթ պահանջեց։

— Էդքան ջահե՞լ եմ երևում,- հարցրի։
— Որպես կոմպլիմենտ ընդունիր,- ասաց, մինչ ես կհանեի նույնականացման քարտս։ Երբ ցույց տվեցի, աչքերը թռան ճակատին, ծիծաղեց։ Իսկ ես ինձ հույս տվեցի, որ հավանաբար ցածր հասակս ու գունավոր գլխարկս էին պատճառը, որ ինձ անչափահասի տեղ դրեց։

Ներս մտնելուց հետո հաջորդը բանը, որ նկատեցի, շեֆս էր։ Այ քեզ բան․ ինքն էնտեղ է։ Մնում էր հուսալ՝ ուսանողներիցս էլ կլինեն, որ բալանսը պահպանվի։ Շեֆիս քեֆը լավ էր․ երևի արդեն մի երկու բաժակ գարեջուր հասցրել էր։ Մի քիչ դասեր-մասերից խոսեցինք, հետո ինձ մենակ թողեց։

Իսկ դահլիճում կատաստրոֆիկ վիճակ էր։ Ներկաները բոլորը պլպլան շորերով էին, ու ես իմ ջինսերի մեջ ինձ վատ զգացի։ Հետո մտածեցի՝ ռոք համերգ ո՞վ է պլպլան շորերով գնում։ Էստեղ սխալն իրենք են, ոչ թե ես։ Իսկ բեմի դիմացը լրիվ դատարկ էր․ մարդիկ խմբվել էին դահլիճի ծայրում ու մոտ չէին գալիս։

Երբ Ֆինլանդիայի տաղանդը սկսեց երգել, պլպլան շորերով մի քանի կանայք հայտնվեցին դահլիճի կենտրոնում ու սկսեցին տուտուզներն աջ ու ձախ շարժել․ պարում էին։ Ու էս դասարանի քեֆային վիճակները հակադրվում էին Էնսիֆերումի՝ երկու շաբաթ առաջվա համերգին, երբ բեմի դիմաց մարդիկ այնքան խիտ էին դասավորվել, որ անհնար էր շարժվել առանց կողքինիդ կպնելու։ Ու բոլորը միասին գլուխներն էին թափ տալիս։ Անկեղծ ու բաց մթնոլորտ էր։

Իսկ այսօր կենտրոնում հավաքված բոլոր մարդկանց վրայից կեղծիքը թափվում էր, ու դա մի տեսակ ծիծաղելի էր, բայց հետս մարդ չկար, որ ծիծաղեի։ Ֆինլանդիայի տաղանդի խումբն էլ ահավոր մի բան էր։ Այն աստիճանի, որ կեսից դուրս եկա միջանցք, որ չտեսնեմ ու չլսեմ նրան։

Դինարան եկավ մի ժամ անց։ Ասաց, որ ինքը պարել շատ է սիրում ու հույս ունի՝ երաժշտությունը լավը կլինի, ոչ թե մետալ, որի ժամանակ մարդիկ գլուխներն են թափ տալիս։ Նայեցի Դինարային, նայեցի բեմից հնչող երաժշտությանը ու հասկացա, որ երեկոն երկար է լինելու, շա՜տ երկար։

Ու քիչ անց Դինարան թևիցս քաշեց, բերեց դահլիճի կենտրոն՝ պարահրապարակ, ու մենք դարձանք այն պարողները, որոնք քիչ առաջ այնքա՜ն ծիծաղելի էին թվում։ Մի կերպ կաշկանդված շարժումներ էի անում՝ դահլիճի ծայրում շեֆիս հայացքը մեջքիս վրա զգալով և ուղղակի ամբողջ ինտրովերտ կողմս ջրի երես հանած՝ երազելով հարմարավետ բազմոցի ու տաք թեյի մասին։ Տեսնողը չէր հավատա, որ ընդամենը երկու շաբաթ առաջ ես էի Էնսիֆերումի համերգին էնպես տժժում, որ ամբողջ երկու օր վիզս բռնվել էր։

Հանկարծ հայտնվեց Ռիտա Սարգսյանի ճիշտ նմանակը ու նրա պես պարելով անցավ դահլիճի մի ծայրից մյուս ծայրը։ Ու ես հաստատ կմտածեի, թե Ռիտա Սարգսյանն է, եթե չգար ու ֆիններեն չհարցներ․ Kuka sinä olet? Քանի որ Ռիտա Սարգսյանի հետ ծանոթանալու ցանկություն բնավ չունեի, ինձ լրիվ էշի տեղ դրեցի ու ասացի, որ ֆիններեն չեմ հասկանում։

Իսկ այդ արտահայտությունը, որ նշանակում է «Ո՞վ ես դու», հանկարծ շատ կոպիտ թվաց։ Լսարանային տարածքում երբևէ հարցականի տակ չէի դրել արտահայտության քաղաքավարության աստիճանը ու երբեք չէի մտածել, որ այն իսկապես գործածում են ֆինները ծանոթանալիս։ Ու փաստորեն Ռիտա Սարգսյանը հայտնվել, հարցնում էր՝ «Ո՞վ ես դու»։

Դինարայի աչքից չվրիպեցին իմ անհավես պարային շարժումները, ու առաջարկեց նստել։ Ասաց, որ հոգնած եմ երևում։ Իսկապես հոգնած էի․ անտանելի ծանր շաբաթ էր, ու դեռ շաբաթ-կիրակի էլ պիտի հասցնեի, որ մյուս շաբաթվա դասավանդվելիք տասը ժամին հասցնեի։ Բայց եթե համերգը ձանձրալի չլիներ, դժվար երկու լոնկեռոյից հետո այդքան անհավես լինեի։

Տամպերեի համալսարանը ներկայացնող խումբը գոնե էսթետիկորեն նայվում էր․ խմբի բոլոր անդամները տարիքն առած սպիտակամազ պրոֆեսորներ էին, ու հավես էր նրանց բեմի վրա տեսնելը։ Բայց երաժշտական առումով նույն ախմախությունն էր։

Չէ, պրոֆեսորները հեչ չեն կարող ռոք նվագել։ Ավելի լավ է՝ իրենց գիտությամբ զբաղվեն։

Advertisements

7 responses to “Պրոֆեսորները ռոք անել չգիտեն

  1. uluana says:

    Էս նախադասության վրա ահագին ծիծաղել եմ. 😀
    «Քանի որ Ռիտա Սարգսյանի հետ ծանոթանալու ցանկություն բնավ չունեի, ինձ լրիվ էշի տեղ դրեցի ու ասացի, որ ֆիններեն չեմ հասկանում»։

    Լսի, բայց Նաիրուհու էն դասախոսն էլ չէ՞ր ռոք նվագում։ :))) Կարդալիս իրա էն գրածը հիշեցի իրանց դասախոսի մասին։

    • byurie says:

      Հա, բայց իրա դասախոսը լեզվի դասախոս էր, գիտնական չէր։ Գիտնականներին ու՞ր ա էդքան ժամանակ, որ նորմալ նվագել սովորեն։

  2. urishbaner says:

    Չէ, Բյուր, սա Ռիո դե Ժանեյրոն չէ 😀

  3. Ruby Rue says:

    Էս Նոր Տարվա ուսանողական փարթիի ժամանակ, ֆիզիկայի, քիմիայի ու հարակից ոլորտների մի քանի պրոֆեսոր էին նվագում։ Ճիշտ ա՝ ռոք չէր, բայց հիշում եմ որ «Վարդագույն պանտերայի» սաունդթրեքը խզարեցին։ Մեծամասամբ ամանորյա երգեր էին, բայց շատ լավ էին նվագում, մի հատ ամերիկացի պրոֆեսոր էլ «թամադա» վարողն էր։
    Ես, որ ահավոր չուզելով էի գնացել, ահագին տժացի։ 😀

  4. […] վերջերս Դինարան ֆեյսբուքով մեկ շուխուռ գցեց, որ հավաքում է բոլոր […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: