Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Աշխատանքային պայմաններ․ Դանիա և Ֆինլանդիա

on November 6, 2017

Այս առավոտ, երբ արթնացա, ու աչքերս դեռ չբացած ձեռք գցեցի գիտական հոդվածին, որը հոգելեզվաբանության դասի ժամանակ քննարկելու էինք, չէի պատկերացնում, որ այս շաբաթ բլոգումս գրառում կանեմ։

Այս առավոտ, երբ նախաճաշիս հետ արագ-արագ վերընթերցում էի հոդվածը, որ համոզվեմ՝ ոչինչ բաց չեմ թողել, գիտեի, որ կյանքիս ամենազբաղված շաբաթն է սկսվել։ Ու դեռ չգիտեմ՝ ոնց եմ դիմանալու։ Անգամ բժշկականում սովորելիս էսպիսի զբաղվածություն չեմ ունեցել։ Ճիշտ է՝ պատահել են քննություններ, որոնց պատրաստվելիս օրը երեք հարյուր էջ կարդալու կարիք է եղել։ Բայց դրանք եղել են զբաղված օրեր, ոչ թե զբաղված շաբաթներ։

Այս շաբաթ ես պիտի հասցնեմ տասը ժամ դասավանդել (ու այդ տասը ժամին պատրաստվել), երկու քննություն անցկացնել, որոնցից մեկը՝ ինքս ստուգել, մյուսը՝ ֆոտո անել, ուղարկել դասախոսին, տեղի լաբերից մեկն այցելություն կազմակերպել ու ուղեկցել ուսանողներին, դասացուցակն էնպես հետուառաջ անել, որ լաբի էքսկուրսիայի հետ կոնֆլիկտ չլինի, դեպի Հելսինկի կատարվելիք գիտական ճամփորդությունը կազմակերպել և երկու գիտական հոդված խմբագրել, որովհետև քոմենթները եկել են, ու համահեղինակներից ոչ մեկը սպասել չի ուզում։ Չգիտեմ անգամ ֆիզիկապես ոնց եմ հասցնելու։

Ու թեև սա կիսամյակի ամենազբաղված շաբաթս է, Յոենսուում սովորական են դարձել վեցօրյա աշխատանքային շաբաթներն ու տասը ժամյա աշխատանքային օրերը։ Աշխատանքային պայմանագիրս ասում է՝ տարին 1624 ժամ աշխատանք, ինչպես ուզում ես, բաշխիր։ Իսկ իրականում այդ ժամերն իմ փոխարեն բաշխել են․ աշնանը ճռռա, իսկ գարնանը պարապ ման կգաս։

Անգամ PhD-իս ընթացքում ու անգամ վերջին շաբաթներին էսպիսի զբաղվածություն չեմ ունեցել։ Կոպենհագենում եթե հատուկ պատճառ չկար, աշխատանքս սկսում էի տասից հետո, տուն գնում վեցի կողմերը։ Քանի որ ես աշխատանքային օրս ուշ սկսողներից էի, սովորաբար տուն գնացող վերջին մարդն էի լինում ու տեսնում էի, որ շենքը դափ-դատարկ է․ բոլորը չորսի կողմերը տուն են գնում։ Վիքենդներին էլ էի հանգստանում՝ որոշ բացառություններ չհաշված, երբ պիտի լաբում էքսպերիմենտ անեի կամ երկուշաբթի օրը դաս ունեի, ու չէի հասցրել մինչև վերջ պատրաստվել: Հիվանդանոցի լաբում ոչ աշխատանքային օրերին ու ժամերին հազվադեպ կտեսնեիր մի երկու հոգու աշխատելիս, համալսարանում՝ երբեք։

Իսկ Յոենսուում էսպիսի գրաֆիկով աշխատող միակ մարդը չեմ։ Լինի դա երեկոյան ժամը ութը, թե կիրակի, ամբիոնում միշտ ինձնից բացի մարդ լինում է։ Ճիշտ է՝ իրենց համեմատ ես էլի ավելի շատ եմ աշխատում, բայց նրանք էլ Կոպենհագենի համալսարանի աշխատակիցների համեմատ են շատ աշխատում։ Երեկ օրինակ դասախոսներից մեկը տուն գնալիս ինձ ասաց, որ պետք է մի քիչ էլ վիքենդ ունենալ։ Իսկ այսօր, երբ արդեն երեկոյան ժամը յոթն էր, մեկ այլ դասախոս հարցրեց, թե արդյոք հոբբիներ չունեմ։

Դանիայում 37 ժամը շաբաթվա մեջ բաշխելը հնարավորություն էր տալիս աշխատանք-կյանք բալանսը պահպանել։ Դանիայում նաև ողջունելի չէր չափից շատ աշխատելը, ու եթե ղեկավարությունդ իմանար, անպայման դրա դեմ միջոցներ կձեռնարկեր։ Էստեղ դա նորմ է, բոլորի ապրելակերպը։ Ավելին՝ շատերը Յոենսուում չեն էլ ապրում, ու աշխատանքը մի տեղում, կյանքը մեկ այլ տեղում ունենալը բավական ձեռնտու լուծում է։ Իմ դեպքում էլ է էդպես․ էսպիսի ճռռիկ գրաֆիկի միակ մխիթարանքս այն է, որ ամբողջ դեկտեմբերին Կոպենհագենում եմ լինելու ավելի թեթև գրաֆիկով։

Էսօր կարդացի, որ Ֆինլանդիայի կառավարությունն ուզում է կրճատել համալսարանների ակադեմիական հաստիքները։ Ցնդել են լրիվ։ Առանց էդ էլ (գոնե մեր ամբիոնում հաստատ) աշխատուժի լուրջ պակաս կա։

Եթե ինձ հարցնեն, դանիական մոդելը՝ բալանսավորված աշխատանք-կյանքը, նախընտրում եմ Դանիայում, ֆիննական մոդելը՝ աշխատանքը մի տեղում ու ժամանակահատվածում, կյանքը՝ մի ուրիշ, Ֆինլանդիայում։ Բայց էս շաբաթվա ծանրաբեռնվածությունը չափից դուրս շատ է։ Էսօր 20:45 գործից դուրս եկա։ Չափից դուրս ուշ ժամ խանութների ու անգամ ֆասթֆուդի տեղերի բաց լինելու համար։ Ինչ արած, էսօր տանը եղած մրգերով կկշտանամ։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: