Քննություններ և գնահատականներ․ ինչի՞ համար են դրանք

Ձևաբանության ու շարահյուսության քննության լսարանը չգիտեի, թե որտեղ է։ Դեռ հինգ տարի առաջվանից աղոտ հիշում էի, որ ինչ-որ խուճուճ տեղում է։ Երբ դուրս եկա մեր մասնաշենքից, որ գնամ լսարանի մասնաշենք, տեսա էդ ուղղությամբ գնացող իմ ուսանողներից մեկին, որը նույնպես քննության էր գնում։ Հարցրի, թե արդյոք գիտի լսարանի տեղը։ Ասաց, որ գիտի։ Խնդրեցի, որ ուղեկցի ինձ։ Ասաց՝ լավ։ Բայց նրա հետ քայլելը բավական անհարմար էր, որովհետև ուսանողուհին միայն քննության փաստից արդեն ահագին լարված էր, իսկ իմ ներկայությունն այդ լարվածությունը մեծացրեց։

Երբ մտա լսարան, այդ նույն ուսանողուհու նման ևս տասը հոգի կար՝ ահավոր սթրեսված, ահավոր անհանգիստ։ Հարցաթերթիկները բաժանեցի, քննությունը սկսվեց։ Հետս գիտական հոդված էի բերել, որ քննությանը նստած ժամանակ չձանձրանամ։ Բայց կարդալ չկարողացա․ տասնմեկ ուսանողների սթրեսը լրիվ ինձ էր փոխանցվել, ու անհանգիստ նստած րոպեներն էի հաշվում, որ երկու ժամը լրանա, գնամ։

Ֆիննական կրթական համակարգում թույլ է տրվում նույն քննությունը ուզածի չափ հանձնել, մինչև ուզածդ գնահատականը ստանաս։ Հետևաբար, պիտի որ քննությունը պակաս սթրեսային լինի։ Բայց փաստորեն չէ․ շատ ուսանողներ նույնիսկ չեն էլ ներկայանում քննության առաջին փորձին, չնայած կորցնելու ոչինչ չունեն․ կտրվեցի՞ն կամ ցա՞ծր ստացան։ Ոչինչ, կարող են վերահանձնել։

Քննության առաջացրած սթրեսային պայմաններում ես վստահ չեմ, որ ուսանողն իր գիտելիքը լավագույնս ցուցադրում է։ Ավելին՝ վստահ եմ, որ չի ցուցադրում։ Մեկ անգամ չէ, որ նկատել եմ դասերին նմանատիպ հարցերին հեշտությամբ պատասխանող, գիտելիքներով հարուստ ու վերլուծող ուսանողները  քննության գրավորի մեջ լուրջ սայթաքումներ են թույլ տալիս ու առավելագույն գնահատական չեն ստանում։ Այսպիսով, քննությունը դառնում է ոչ թե գիտելիքները, այլ սթրեսադիմացկունությունը ստուգող հարթակ։

Ինքս էլ ուսանող եղած ժամանակ քննությունների ընթացքում հաճախ անհանգստությունից ինձ կորցրել եմ ու չեմ կարողացել գիտելիքներս ըստ արժանվույն ցուցադրել։ Իհարկե, դա հիմնականում բանավոր քննությունների ժամանակ էր, իսկ գրավորներին համեմատաբար հանգիստ էի։ Բայց քննություններին նայելով մյուս՝ դասախոսի կողմից, հասկանում եմ, որ ես միակ մարդը չէի, որ քննությունները ծանր էր տանում։

Փաստորեն, մի կողմից անտեղի սթրես, մյուս կողմից՝ դրա հետևանքով գիտելիքների ոչ ճիշտ ցուցադրություն։ Այդ դեպքում պե՞տք են մեզ քննությունները։ Իսկ ինչպե՞ս ստուգել գիտելիքները։

Էստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ է գիտելիքը։ Առարկայի բովանդակությունն իր բոլոր խրթին տերմիններով ու սահմանումներով գլխում ման տալն ինձ համար գիտելիք չէ։ Ավելին՝ ինտերնետի հասանելիությունն այսօր հնարավորություն է տալիս մոռացած տերմինը մի քանի վայրկյանում գտնել։ Քննությունների ժամանակ ընդհանրապես ես դնում եմ էնպիսի հարցեր, որոնք ստուգում են ուսանողի՝ առարկայի բովանդակությունը պրակտիկ խնդիներ լուծելու համար գործածելու ունակությունը և սովորած նյութի հանդեպ քննադատական մոտեցումը։ Հարցերին պատասխանելու համար առարկայից միայն նվազագույն ինֆորմացիա է պետք, բայց պետք է կարողանալ այդ ինֆորմացիան կիրառել հարցերին պատասխանելու համար։

Կախված ինչ կրթական համակարգից են՝ ուսանողներիս մի մասը դժվարանում է դասագրքում գրվածը վերաշարադրելուց ավելին գրել քննության ժամանակ։ Երբեմն նույնիսկ ուղղակի զարմանում եմ, թե ինչպիսի հաջողությամբ են կարողացել բավական խրթին տեքստն անգիր անել, ու մի քիչ տխրում, որ ցածր գնահատական եմ դնելու, որովհետև իմ հարցին, ըստ էության, չեն պատասխանել։

Բայց էսպիսի հարցերին պատասխանելու համար բնավ պետք չէ, որ ուսանողը երկու ժամով բերվի լսարան։ Ավելին՝ ուսանողին ավելի երկար ժամանակ ու տան հարմարավետությունը տալով՝ հնարավորություն է ստեղծվում սթրեսի բաղադրիչը հասցնել նվազագույնի, իսկ մտածելու, վերլուծելու, համեմատելու ու համադրելու բաղադրիչը՝ առավելագույնի։ Էստեղ կշահեն նաև այնy ուսանողները, որոնք էնպիսի կրթական համակարգերից են, որտեղ դասագրքի տեքստ անգիր անելը խրախուսվում է․ այլևս ժամանակ չեն ծախսի անգիր անելու վրա, այլ կկենտրոնանան քննության հարցերին պատասխանելու վրա։ Այս դեպքում կարող եմ նաև ավելի ծավալուն հարցեր տալ ու ավելի լավ պատկերացում կազմել ուսանողի գիտելիքների մասին։ Ավելին՝ գիտելիքների ստուգման պրոցեսը դառնում է նաև սովորելու պրոցես․ առաջադրանքը կատարելիս ուսանողը կարդում է լրացուցիչ գրականություն, ժամանակ ունենում մտածելու դրա մասին, գրածը կարող է ուզածի չափ խմբագրել, հետևաբար նաև ակադեմիական տեքստ գրելու հմտություններն են զարգանում։

Էսպիսի առաջադրանքների դեպքում, այնուամենայնիվ, էսպես կոչված վերահանձնումը դժվարանում է, ու ստացած գնահատականն ուսանողին ուղեկցում է ողջ կյանքում՝ հաճախ նաև ճակատագրական լինելով (օրինակ, ասում են՝  որևէ առարկայից C ստացած ուսանողը PhD-ի շանս գրեթե չունի): Ու այստեղ գալիս է գնահատականի հարցի կարևորությունը․ ինչու՞ ուսանողին գնահատել։ Ի վերջո, ինչքան էլ գնահատման էսպես կոչված օբյեկտիվ չափանիշներ լինեն, գնահատող դասախոսը մարդ է իր սուբյեկտիվությամբ, ու ինչ-ինչ պատճառներով դրած ցածր գնահատականը կարող է ուսանողի ապագայի հետ խաղալ։

Չնայած ինքս գնահատման շատ խիստ չափանիշներ եմ սահմանել ինձ համար, ամեն անգամ գրավորներ ստուգելիս սուբյեկտիվության դեմ կռիվ եմ տալիս։ Հատկապես երբ ըստ չափանիշների, աշխատանքը սահմանային է, բավական դժվար է որոշելը վերև՞, թե՞ ներքև գնալ։ Կարող եմ իհարկե առաջնորդվել նրանով, թե ուսանողը դասերի ժամանակ ինչ գիտելիքներ էր ցուցադրում, ըստ այդմ էլ ավելի բարձր կամ ցածր գնահատական դնել։ Բայց այդ դեպքում գնահատականը հետևողական չի լինի. նույն որակի աշխատանքների մի մասը բարձր, իսկ մյուսները ցածր գնահատական կստանան։ Գնահատելիս մաքսիմալ օբյեկտիվության հասնելու համար կարելի է գրավորներն անանուն դարձնել։ Գրավոր քննությունների ժամանակ դա չի օգնում․ ուսանողներիս ձեռագրերն արդեն անգիր գիտեմ։ Տանը կատարած առաջադրանքների դեպքում կարող է որոշ չափով օգնել, հատկապես որ աշխատանքը տպագիր հանձնելու հնարավորություն կա։

Դանիայում դասախոսի սուբյեկտիվությունը նվազեցնելու համար կա ցենզորի ինստիտուտը․ ցանկացած քննության գնահատման պրոցեսին մասնակցում է ոլորտի մեկ այլ մասնագետ, որը դասավանդման հետ կապ չի ունեցել, ու գնահատականները դասախոսը համաձայնեցնում է ցենզորի հետ։ Բայց նույնիսկ այս լուծումը կատարյալ չէ․ հաճախ ոլորտի մասնագետն ավելի նեղ առարկան այնքան էլ լավ չի պատկերացնում։ Օրինակ, հայերենի քննության ժամանակ ցենզորը իրանագետ էր ու չէր կարող օբյետիվորեն դատել, թե ուսանողն ինչպես է պատասխանում քննությունը։

Եվ ի վերջո, գնահատականներն ինչի՞ համար են։ Ուսանողներին դասակարգելու՞։ Ըստ ինչի՞։ Ինչու՞ է այդքան կարևոր ուսանողներին դասակարգելը։ Արդյոք ավելի կարևոր չէ՞ գիտելիքի փոխանցման պրոցեսի վրա կենտրոնանալն ու անել առավելագույնը, որ ուսանողը գիտելիք ստանա։ Այդ դեպքու մի՞թե ավելի լավ չի լինի վերացնել բոլոր տեսակի լսարանային քննությունները, գիտելիքների ստուգման համար տնային առաջադրանքներ տալ, իսկ դրանք գնահատել միայն «ստուգված/չստուգված»։

 

15 thoughts on “Քննություններ և գնահատականներ․ ինչի՞ համար են դրանք

  1. Ամբողջ կրթական համակարգից քննությունները վերացնելը, կարծում եմ, անհնարին է, քանի որ սահմանափակ ռեսուրսների համար մրցակցության պայմաններում (ԲՈՒՀեր ընդունելություն, օրինակ) ստանդարտ չափանիշները անհրաժեշտ են։ Իսկ եթե ուշ թե շուտ ինչ-որ բախտորոշիչ (high-stakes) քննություն պիտի հանձնեն, ապա արժի դրան նախապատրաստվել ու քննություներ հանձնելու հմտություններ էլ զարգացնել։ Սա նաև շատ օգտակար կարող է լինել հետ-կրթական կյանքում էլ օրինակ աշխատանքային հարցազրույցների ժամանակ, ղեկավարներիդ դիմացը պրեզենտացիաների ժամանակ և այլն։ Կոպիտ ասած, այստեղ խնդրիը ես տեսնում եմ ոչ թե քննությունների գոյություն մեջ, այլ քննություններ հանձնելու հմտության պակասի մեջ։ Իհարկե դասախոսն էլ կարող է և պիտի նպաստի այդ հմտությունը զարգացնելու գործին և պետքն եղած տեղը փորձի հույզերը պակասացնել, բայց ի վերջո սթրեսային իրավիճակում գիտելիքներիդ ու պրակտիկ հմտություններիդ դրսևորումը կարևոր հմտություն է և, ըստ իս, ուսանողները պետք է այն որոշակիորեն զարգացնեն մինչև հետ-կրթական «իրական» կյանք ոտք դնելը։

    1. Ծլնգ, ես իմ կյանքի ընթացքում երևի մի քառասուն գրավոր քննություն եմ հանձնել, մի երեսուն հատ էլ բանավոր։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում, թե ինչ հմտույթուն եմ էդտեղ զարգացրել։ Քննությունն ինձ համար շարունակում ա մնալ սթրեսային պրոցես, որտեղ չեմ կարողանում իմ գիտելիքները լիարժեք դրսևորել։ Կա՛մ ես եմ ահավոր դամբուլ, որ յոթանասուն քննությունից հետո մեկ ա բանավոր քննության ներկայանալիս էլի բերանս փակվում ա, իսկ գրավոր քննությանը ձեռքս դողում ա, կա՛մ իրոք էստեղ ինչ-որ համակարգային խնդիր կա։ Ու փաստորեն թույլ տալով, որ քննությունները որոշիչ լինեն՝ առավելություն տրվում ա նրանց, ովքեր քննություններին չեն սթրեսվում, ոչ թե նրանց, ովքեր լավագույնս են տիրապետում առարկային։ Ընդ որում, ես սա ասում եմ որպես մեկն, ով էդ քննությունների 90%-ից գերազանց ա ստացել։
      Ու երևի հազիվ տասը առարկա ա էղել, որոնց գնահատումը տեղի ա ունեցել քննասենյակից դուրս։ Այ էդ դեպքում մաշկիս վրա զգացել եմ, թե ոնց են որոնողական, վերլուծական ու ակադեմիական տեքստ գրելու հմտություններս գնալով լավանում, իսկ դրանք հմտություններ են, որոնք կյանքի ընթացքում այլ ոլորտներում լիքը պետք են գալու։
      Ես մի քիչ չեմ պատկերացնում, թե ղեկավարի դիմաց պրեզենտացիա անելու կամ աշխատանքային հարցազրույցի ընթացքում լավ դրսևորվելու հմտություններն ինչ կապ ունեն քննությունների հետ․ պրեզենտացիայի հմտությունները բարելավվում են բազմաթիվ պրեզենտացիաներ անելով, աշխատանքային հարցազրույցին դրսևորելը՝ բազմաթիվ աշխատանքային հարցազրույցների գնալով։

      1. Ինչ-որ բան անընդհատ անելը դեռ չի նշանակում թե դրանից լավ ես դառնում կամ հմտություն ես զարգացնում։ Բայց ինչ-որ բան անելուց մտածելը, թե ինչպես կարելի է անել, որ նույն բանը ավելի լավ անես, կամ ինչ մոտեցումները կօգնեն մյուս անգամ ավելի քիչ սթրես ապրել դա անելուց երևի կօժանդակի հմտության ձևավորմանը։ Ես չեմ ասում, թե ամեն առարկայում քննությունը անհրաժեշտ է, բայց չեմ կարծում որ հասարակությունից կարելի է բացարձակ քննությունները վերացնել։ Ու այդ պատճառով արժի այդ քննությունները ունենալ կրթական տարբեր փուլերում, որ աշակերտ-ուսանողները դրա փորձն ունենան ու հետզետե զարգացնեն սթրեսային իրավիճակում իրենց այլ հմտությունների լավ դրսևորման հավանականությունը։

        Հա, կան առարկաներ, որոնցից դասարանային քննությունը անիմաստ է, ու դասի իմաստն էլ բուն բովանդակությանը տիրապետումը չի, այլ հետազոտական հմտությունները, գրելու հմտությունը և այլն։ Այդ դեպքում կուրսային հոդվածի տիպի ստուգարքները ավելի էֆեկտիվ կարող են լինել։ Բայց կան նաև առարկաներ, որտեղ սահմանափակ ժամանակում գրավոր կամ բանավոր պատասխաններ ու լուծումներ տալը բացահայտ պահանջ է (ասենք բանավոր լեզվի դասին), ու այն ուսանողը, ով դրանից սթրես է ապրում այն աստիճանի, որ չի կարողանում պատասխանել հասարակ հարցերի երևիթե չպիտի բարձր գնահատական ստանա։ Ուրիշ հարց է, որ որոշ մարդիկ ունեն ախտաբանական ընքզայեթի, ու քննության անունն էլ կարող է իրենց հունից հանել, բայց դե դա, կարծում եմ, պիտի դիտվի որպես հաշմանդամություն ու համապատասխան պայմաններ ստեղծվեն այդպիսի ուսանողների համար։

        Վերջին պարբերությանդ մասով. բա ինչո՞ւ լավ քննություն հանձնելու հմտություն չես ձևավորել քննություններին գնալով։ Սթրեսային տեսանկյունից քննությունները, պրեզենտացիաները ու հարցազրույցները կարող են իրար ահագին նմանվել, քանի որ բոլորում էլ ինչ-որ ստուգման ես ենթարկվում, ու չձախողվելու պատասխանատվությունը կարող է խեղդող լինել։ Ուսումնական կարիերայում այսպիսի սթրեսային իրավիճակների կառավարման հմտությունների ձևավորելը ավելի նպաստավոր է, քան հետ-կրթական իրավիճակներում, որտեղ բաձր սթրեսդ ու դրան դիմակայելու հմտությունների բացակայությունը կարող է քեզ անաշխատանք ու սոված թողնել։ Ու ստուգող աչքի տակ գիտելիքներդ լավ արտահայտելու հմտությունն էլ կարող է կյանքի տաբեր ոլորտներում լիքը օգտակար լինել, ու ես կասեի ավելի օգտակար, քան գրելու հմտությունները։

        Բայց ասեմ նաև, որ դասախոսն էլ ունի որոշակի պատասխանատվություն ուսանողների սթրեսային վիճակը նվազացնելու գործում։ Եթե իհարկե ուզում է, որ ուսանողները գնահատվեն ըստ գիտելիքների, ոչ թե սթրեսային իրավիճակներին դիմակայելու հմտությունների հիման վրա։

      2. Ուրեմն նայի։ Ես ուսանողներ ունեմ, որոնք երկրորդ մաստերն են անում արևմտյան կրթական համակարգում։ Այսինքն՝ էսպիսի քննություններ հանձնելն իրենց համար նորություն չի։ Ու դա չի խանգարում, որ իրանք պակաս սթրեսով ներկայանան քննության։ Ես իրենց հետ հաճախ եմ էդ թեմաներով խոսում, փորձում հասկանալ․ ի վերջո, իմ վերջին ուսանողական քննությունից հինգ տարի անցել ա, ես էլ չեմ հիշում՝ ինչը ոնց էր։ Իրանք սթրեսը նվազեցնելու համար ասենք կարող ա պետք էղածից շատ պարապեն։ Դա անում են քնի հաշվին։ Չքնած ներկայանալով մեկ ա էլի սթրեսված են, քնի պակասն էլ վրայից, ու վատ են գրում քննությունը։ Իրանց մեջ նենցները կան, որ նենց հզոր գաղափարներ են գեներացնում, որ էլ ասելու չի։ Ու ասենք վաղը-մյուս օրը ոչ թե էդ գաղափարները գեներացնելու ու դրանք էքսպերիմենտ դարձնելու հմտությունն ա որոշելու իրանց ապագան, այլ ինչ-որ անիմաստ գրավոր քննությունից ստացած գնահատական։ Դեռ լավ ա, որ վերահանձնելու հնարավորություն կա, ու հիմիկվանից զգուշացնում եմ իրանց, որ եթե PhD են ուզում, առանց ծերից ծեր գերազանցների Ֆինլանդիայից չգնան։ Հարցազրույցն ու պրեզենտացիան ուրիշ են, որովհետև դրանք նույն բանն են, որ անընդհատ անում ես, նորից եմ ասում։ Քննությունը չես կարա նորից ձևով անես, եթե, իհարկե, նույն առարկայի քննությունը չի։ Ուզում ա հինգ հազար հոգու առաջ պրեզենտացիա անեմ, ես շատ քիչ եմ սթրեսվում պրեզենտացիա անելուց, հատկապես երբ տանը մի երեսուն անգամ պարապել եմ մարդկանց առաջ դուրս գալուց առաջ։ Քննությունը չես կարա տենց պարապես։ Կամ տեսականորեն կարաս, բայց քննասենյակում դա չի փրկում։ Ինձ չի փրկել, իմ դասընկերներին չի փրկել, ոչ էլ իմ ուսանողներին ա փրկում։ Ու եթե պետք ա էսքան մարդու վրա դիագնոզ կպցնել ու բուժմամբ զբաղվել, ապա ուղղակի լացելու ա էդ հասարակությունը, որը փորձում ա չաշխատող մեխանիզմի վրա ուղղակի դիագնոզ դնել։
        Ես վստահ եմ՝ ցանկացած առարկայից հնարավոր ա էնպիսի լուծում գտնել, որը չընդգրկի սահմանափակ ժամանակում բանավոր կամ գրավոր քննության ենթարկվելու պրոցեսը։
        Իսկ լեզվի քննությունները մի ուրիշ կատաստրոֆիկ պատմություն են։ Ես իմ լեզվի բանավոր քննությունները միշտ շատ ավելի վատ եմ հանձնել, քան գիտեմ (երևի ֆրանսերենը միակ բացառությունն ա), անգամ անգլերենը, որը հանձնելու պահին սահուն խոսում էի։ Ասենք, ում պետք են իմ լեզվի գիտելիքները, պետք են իրական գիտելիքները, ոչ թե քննությանը դրսևորածը։ Ինչու՞ պիտի քննության ինչ-որ գնահատական որոշի ես տվյալ գործին կամ ուսումնական ծրագրին պիտանի եմ, թե չէ։ Լեզվի հմտությունները կարելի ա ընդամենը հինգ րոպեով մեկի հետ հեռախոսով խոսելով որոշել, ոչ թե ինչ-որ թղթի կտորով։
        Ի դեպ, կա նաև հակառակը․ մարդիկ, որոնք առանձնապես գիտելիք չունեն, բայց քննություն հանձնելուց լավ են։ Իհարկե, կոնկրետ իմ առարկաների քննություններում տենց բանը բացառվում ա հարցերիս ձևակերպումների պատճառով, բայց լեզվի քննություններին հաճախ հանդիպող երևույթ ա։ Մեր էս մաստեր ծրագրի կոորդինատորն ասում ա, որ լիքը էղել ա, որ ԹՈՅՖԼը 100 ու ավելի հավաքած ուսանողներ ստիպված ծրագրի ընթացքում ահագին տառապել են անգլերեն չիմանալու պատճառով, մի երկուսն էլ նույնիսկ դուրս են մնացել։

        Կհավատայի, որ դասախոսի դերը մեծ ա սթրեսը նվազեցնելիս, եթե մաշկիս վրա չզգայի, թե ոնց դա որևէ օգուտ չի տալիս։ Ձևաբանության ու շարահյուսության նկարագրածս քննությունից հետո հաջորդ քննության համար ուսանողներիս քննության երեք հարցերից մեկը նախապես ասեցի, երկրորդն էլ մոտավորապես ասեցի, թե ինչ թեմաներից ա լինելու։ Դրան գումարած տեղեկացրի, որ կարան ամբողջ շաբաթ կիրակի հարցեր գրեն ինձ։ Բոլոր հարցերին, առանց բացառության, անգամ երկուշաբթի առավոտը ժամը հինգին էկածին մանրամասն պատասխանել եմ։ Բայց գալիս ա երկուշաբթի առավոտը, ու տեսնում եմ լսարանի մոտ խմբված սփրթնած դեմքեր։

        Ես չգիտեմ, ինձ ուղղակի թվում ա դասախոսները սովորաբար ոնց կարան անտեսում են սթրեսված ուսանողներին։ Վերջերս նույն բանավեճը մի այլ դասախոսի հետ ունեցա, որը պնդում էր, թե դասախոսը պիտի սթրեսային մթնոլորտը վերացնի և այլն, բայց էդ նույն դասախոսը նենց սթրեսի մեջ էր գցել ուսանողներին, որ ուսանողներն ուղղակի որոշել էին էդ առարկայից հրաժարվել։

      3. Արի մանրամասն չփորձեմ իմ անձնական փորձերով ժխտել ասածներդ, միմիայն ասեմ, որ ինքս գտնում եմ, որ դասախոսը այս տիպի հարցերում կարող է շատ ավելի շատ անել, քան այն ինչ դու ես արել։ Ինչպես նաև ուսանողը կարող է շատ ավելի շատ անել քննություներ հանձնելու հմտությունը զարգացնելու գործում, քան առարկան լավ պարապելը։ Ու ինքս էլ գրեթե համոզված եմ, որ առարկային լավ տիրապետող ուսանողը ուղղակի չպիտի սթրեսի մեջ ընկնի։ Ու ասածս ոչ թե այն է, որ անքուն պարապելը պիտի նպաստի սթրեսի բացակայությանը, այլ այն, որ լավ իմացությունը նաև ներառում է գիտելիքների նկատմամբ ինքնավստահություն էլ։ Ու լավ ուսուցիչը պիտի ուսանողին օգնի դրան հասնելու գործում էլ։ Ու ոչ, երկար պարապելը դրա պատասխանը չի։

      4. Ես
        Իհարկե ես իմ արած ամբողջ աշխատանքի մասին չեմ խոսում, այլ ընդամենը մի բաղադրիչի, որն ավելացրել էի մնացածի վրա։ Ու էսքանից հետո արդեն ոչ ոք ինձ չի կարող համոզել, թե դասախոսից ա կախված։ Այսինքն, դասախոսը կարա սթրեսը շատացնի, բայց նվազեցնել՝ երբեք, որովհետև ես ուղղակի վստահ եմ, որ գոնե սթրեսի նվազեցման հարցում որևէ կերպ չեմ թերանում։
        Իմ առարկաների քննության հարցերը իրանց բնույթով նույնությամբ կրկնում են էն հարցերը, որոնք դասերի ժամանակ ուսանողները խմբերում քննարկում են, ու ուսանողները դրա մասին տեղյակ են լինում։ Այսինքն, իրենք նմանատիպ հարցերի պատասխանները դասի շատ ժամանակ շատ հանգիստ գտնում են։ Իրենցից շատերը քննության ժամանակ էլ են գերազանց դրսևորում, մի մասը՝ ոչ էնքան լավ։ Բայց անգամ գերազանց դրսևորածները քննությանը ներկայանում են սթրեսված, իսկ գերազանց չդրսևորածները երբ հանգիստ պայմաններում գալիս են ֆիդբեքի, առանց իմ ասելու էլ իրենք գտնում են իրենց գրածի թերությունները։
        Իսկ գիտելիքի քանակի ու ինքնավստահության միջև ընդհանրապես կորելյացիա չկա։ Իմ ուսանողներից շատերը թե՛ իմ առարկայից, թե՛ ուրիշ առարկաներից գերազանց ստանալուց հետո թե՛ զարմանում են, թե՛ մի հատ էլ մեյլ գրում ու խնդրում ստուգել, թե դա հաստա՞տ իրենց գնահատականն ա։

      5. Իսկ ո՞վ է ասում որ կորելացիա կա։ Իմ ասածը այն է, որ գիտելիքներիդ նկատմամբ ինքնավստահությունը իմացության մաս է։ Այսինքն գիտելիքները առանց ինքնավստահության ավելի թերի են, քան ինքնավստահությամբ գիտելիքները։ Իհարկե առանց գիտելիքների ինքնավստահությունը ոչ մեկին էլ պետք չի։ Ու եթե ես որևէ մեկին բան եմ օգնում սովորել, կնախընտրեմ նշաձողը դնել վստահության ձեռքբերումից այն կողմ։ Ինչը իհարկե չի նշանակում, թե ինքնավստահություն չունեցողը գերազանց չի կարող ստանալ։

        Քեզ համոզելու էլ առաքելություն չունեմ, բայց այդպիսի մոտեցումներով ինքդ քեզ ես սահմանափակում, ըստ իս։ Բոլորս էլ լիքը աճելու տեղ ունենք, նույնիսկ մեր մասնագիտական գործերում, ու այն ինչ մեզ այնքան ակնհայտ մի ձև է թվում այսօր, վաղը հնարավոր է լրիվ ուրիշ ձևով ներկայանա։

      6. Ծլնգ, լավ էլի, էդ ինքնավստահության մասով որ ասում ես, ոնց որ հեչ ակադեմիայից չլինես։ Իմ ուսանողների ինքնավստահության հետ աշխատանքը լրիվ առանձին, արտասլարանային, մեթնորային պրոցես ա, որը ես անում եմ զուտ նրա համար, որովհետև ժամանակին ինքս էլ նույն ծրագրում ինքնավստահության խնդիրներ եմ ունեցել։
        Բայց դու ակադեմիայում իր գիտելիքների վրա վստահ մարդու երբևէ տեսե՞լ ես։ Եթե տեսել ես, շնորհավորում եմ, ես գրեթե չեմ տեսել։ Տեսածներս էլ հիմնականում գնալովի-գալովի են։
        Աճելու պահով համաձայն եմ․ դասախոսական հմտությունները անընդհատ պետք ա աճեն, բայց սթրեսի պահով, կարծում եմ, հասել եմ նրան, որ նվազագույնի հասնի ուսանողներիս սթրեսի մակարդակը։ Սրանից էն կողմ մենակ լսարանային քննության վերացումն ա։

      7. Տեսել եմ, համենայն դեպս այն մակարդակի գիտելիքների վրա, որից քննություն են հանձնում։ Ես ինքս ուսանող լինելով բացարձակ ինքնավստահ էի գիտելիքներիս վրա, ու դրա հետևանքով էր, որ թարգեցի գնալ դասախոսությունների։ Ու հաշվի առ, որ իմ բնագավառը այնպիսին է, որ շատերը կարծում են թե մարդիկ ծնվում են դրանից լավ կամ վատ։ Ու այո, ավելի քան համոզված եմ, որ լավ ուսուցիչը կարող է նպաստել այդ ինքնավստահության ձևավորմանը, ինչպես նաև սթրեսի նվազեցման այն աստիճան, որ լսարանային քննությունները խնդիր չլինեն։

  2. Բայց հենց Ֆինլանդիայում էլ էդ օրինակը շատ դեպքերում աշխատում ա գնահատման համակարգում pass/fail նշելու։ Ու նաեւ քննություններն էլ մինիմալի են հասցված, մեծամասամբ տանը արված հանձնարարությունները լրիվ հերիք են լինում։ Թե տենց չի Յոենսուում?

    1. Յոենսուում գրեթե բոլոր առարկաներից գնահատականով քննություն կա, ընդ որում՝ ոչ միայն բակալավրի, այլև մագիստրատուրայի մակարդակում։ Առարկաներ կան, որոնցից դասախոսություն ընդհանրապես չկա, բայց քննություն կա։ Ու սարսափելին էն ա, որ որպես առարկայի պատասխանատու դասախոս ես չեմ կարող գիտելիքի ստուգման ինձ հարմար ֆորմատն ընտրել․ եթե գրած ա գրավոր քննություն, պիտի գրավոր քննություն լինի։ Մաքսիմում կարողանամ թեստային կամ բաց հարցերով քննության միջև ընտրեմ։ Pass/fail-ով քննություններն էլ են շատ քիչ։ Իմ դասավանդած յոթ առարկայից մենակ երկուսն են pass/fail, որոնցից մեկն ընդհանրապես զրո կրեդիտանոց առարկա ա, այսինքն՝ էղած-չեղած մի հաշիվ ա։

    2. Հա, եթե ընդհանրապես կոորդինացրածս առարկաներն էլ հաշվենք, տասնմեկից երկուսը կլինի pass/fail։

  3. Հետաքրքիր ա, ուրեմն համալսարանների մեջ էլ տարբերություններ կան հենց Ֆինլանդիայի մեջ։ Կարող ա դիսցիպլինից կախված էլ լինի, եսիմ։

    1. Հա, փաստորեն։ Դիսցիպլինը չգիտեմ, բայց մեր ամբողջ ֆակուլտետն էս ձևի ա։ Ընդհանրապես, UEF-ի ղեկավարման մեջ լիքը բացեր ու անիմաստ որոշումներ կան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s