Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Նոյեմբեր

on November 28, 2017

Այս նոյեմբերը երկար ամիս էր, ու հենց առաջին օրվանից ականջիս մեջ էին Հենրիկ Նորբրանտի տողերը. «Նոյեմբեր, նոյեմբեր, նոյեմբեր, նոյեմբեր»։ Այս նոյեմբերը մի երկար հուզական ճամփորդություն էր, որի ընթացքում ամեն տեղ եղա, ամեն ինչ ճաշակեցի ու ինձ բազմաթիվ տարբեր կողմերից տեսա։

Այս նոյեմբերին էնպիսի զգացողություններ ունեցա, որ նախկինում երբեք չեմ ունեցել։ Մոտիկից զգացի, թե բըրնաութն ինչ տեսք կարող է ունենալ, ու եթե ժամանակին դադար չտայի, երևի պատգարակով Կոպենհագեն հասնեի։

DSC_1148.jpg

Այս նոյեմբերին իմ աշխատանքը խիստ ծանրաբեռնված էր ու է՛լ ավելի ծանրաբեռնվեց, երբ ղեկավարս վիրահատվեց, ու նրա գործի մի մասն էլ սկսեցի ես անել։ Ամսվա սկզբին դրան գումարվել էր սոցիալական մեկուսացվածությունը, իսկ ամսվա վերջին, ինչպես մի անգամ Ուլուանան էր ասել իմ մասին, մազերիցս բռնած ջրից դուրս էի քաշում ինձ, որ չխեղդվեմ։

Ամսվա վերջին է՛լ ավելի ուժասպառ էի եղել։ Սուպերմարկետներում չէի կարողանում մթերք գնել։ Ժամերով թափառում էի շարքից շարք՝ մոռանալով, թե ինչի համար եմ այնտեղ։ Ու հենց էս պատճառով չէի կարողանում նորմալ սնվել․ նախաճաշի ու ընթրիքի մթերք տանը չէր լինում, իսկ համալսարանի ճաշարանի ճաշը կիսատ էի թողնում։ Սարսափելի անքնություն էր սկսվել (ու դեռ շարունակվում է), և նույնիսկ հինգ գիշեր իրար վրայից չքնելուց հետո աչքս չէր կպնում: Լսարանում դա զգացվեց միայն ամենավերջին դասի վերջին երեսուն վայրկյանների ընթացքում, երբ նախադասությունը սկսեցի ու չկարողացա ավարտել։ Իսկ դրա մասին իմացա, որովհետև դասից հետո ուսանողներիցս մի քանիսը գրեցին ու հարցրին, թե արդյոք ամեն ինչ կարգին է։

Հենց այդ վերջին դասի օրն էր, որ ցերեկը ժամը երկուսին ամեն ինչ թողեցի ու տուն գնացի՝ վճռականորեն որոշելով, որ այդ օրը չէի աշխատելու։ Այդ օրն էր, որ դաշնամուրը բացեցի ու սկսեցի նվագել սովորել։ Հետո երաժշտությունը բարձր միացրի ու սկսեցի գժավարի պարել։ Ու հասկացա, որ արդեն ժամանակն էր։ Շունչ քաշելու ժամանակն էր։ Ու խո՜րը շունչ քաշեցի՝ բաց թողնելով հոդվածիս դեդլայնը։

Էմոցիոնալ էր նոյեմբերը, անտանելի էմոցիոնալ։ Մի կողմից միայնությունն էր, լքվածությունն ու հուսահատությունը, մյուս կոմից մարդիկ էին, որոնք իմ մասին հոգ էին տանում։ Լինում էին առավոտներ, երբ արթնանում էի, ու թվում էր՝ ամբողջ աշխարհին, ողջ մարդկությանը սիրում եմ։ Լինում էին երեկոներ, երբ միայնությունից կծկվում էի Ու չես հասկանում ինչու են բոլոր հույզերը կուտակվում մի տեղում ու դուրս ժայթքում միանգամից։ Այն աստիճանի, որ անգամ կարծում էի՝ երկբևեռ եմ։

Այս նոյեմբերին հյուսիսափայլը տեսա ու կտոր-կտոր եղա։ Միայնությունի՞ց էր, հոգնածությունի՞ց, թե՞ հյուսիսափայլի հետ կապածս հույսերից։ Բայց էդ օրը լրիվ տակնուվրա էի եղել, հոգեկանս լրիվ խանգարվել էր, ու հաջորդ օրվա դասը ստիպված քենսըլեցի։ Հյուսիսափայլը չէր մենակ, զբաղվածությունն էր նաև ու տարբեր մարդկանց հետ անընդհատ աշխատելու անհարմարությունը։ Քամվել էի, ինձ ոչինչ չէր մնացել։

Այս նոյեմբերին բլոգումս բազմաթիվ գրառումներ սկսեցի, ու դրանք բոլորը կուտակված են սևագրերում։ Չգիտեմ՝ երբևէ կավարտե՞մ, թե՞ ոչ։ Չգիտեմ՝ երբևէ կավարտե՞մ այս գրառումը, թե՞ ոչ։ Այս նոյեմբերին անգամ հելունագործս կիսատ թողեցի։ Գիրք կարդալ չէի կարողանում․ երկու-երեք էջ, և ուշադրությունս մարում էր։ Միայն շփվել էի կարողանում, մարդկանց հետ շփվել, ու դա լավ էր։

Այս նոյեմբերին իմ մասին նոր բաներ իմացա ու զարմացա, որովհետև անսպասելի էր, անակնկալ, «ե՞ս, երբե՛ք» շարքից։ Ինքս ինձ նորովի բացահայտեցի ու սիրեցի մարդկությանը, սիրեցի կյանքը, սիրեցի կենդանի լինելու զգացողությունը։

Այս նոյեմբերին սովորեցի համարձակ լինել։ Երբ սուզվում ես ջրում, ու արդեն մոտ է խեղդվելուդ պահը, ձեռքդ մազերիդ տանելու ու դուրս քաշելու համար համարձակություն է պետք։

Նոյեմբերի վերջին շաբաթ-կիրակին Կոպենհագենում անցկացրի։ Մեկուկես ամիս այնտեղ չէի եղել։ Ու նորովի բացահայտեցի սերս քաղաքի նկատմամբ։ Էնքա՜ն տաքուկ էր, էնքա՜ն հարազատ։ Անգամ անձրևի տակ քայլելը տհաճ չէր։ Այս նոյեմբերին ավելի քան երբևէ հասկացա, որ Կոպենհագենն իմ տունն է։

Նոյեմբերը լավ ամիս է․ Մորթենը նոյեմբերին է ծնվել։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: