Պառակտված իրականություններ

Կոպենհագենի պատուհանիցս այն կողմ արևը փայլում է։ Հազվագյուտ մի բան Սկանդինավիայի դեկտեմբերի համար։ Նստած եմ մեր բնակարանի լռության մեջ ու դանդաղ, շա՜տ դանդաղ փորձում եմ վերականգնվել։ Երկու ժամից Սիլվիային պիտի հանդիպեմ սուրճ խմելու, իսկ ավելի ուշ Շոնի պաշտպանությունն է։ Երեկոյան մեր գրողների խմբի հանդիպումն է, որից հետո բոլորս միասին կգնանք Կոպենհագենի պոեզիայի ակումբ։ Ալդոն գուցե մի երկու բան կկարդա։ Պոեզիայի ակումբում մի երեք տարի չեմ եղել։

Կարծես վերադարձել եմ իմ իրականություն։

Ուրբաթ օրն օդանավակայանից ուղիղ կոկտեյլ բար գնացի, որտեղ պիտի Մառլենին հանդիպեի՝ Կոպենհագենի իմ լավագույն ընկերներից մեկին։ Մենք գրեթե միաժամանակ հեռացանք։ Ակադեմիայում մշտական աշխատանք ստանալուց ընդամենը կես տարի առաջ Մառլենը թողեց ամեն ինչ ու մեկնեց Ավստրիայի մի փոքրիկ քաղաք՝ կենդանիների իրավունքների պաշտպան աշխատելու։

Մառլենին պինդ գրկեցի։ Մի քանի անգամ։ Ինքն իմ PhD-ի ընթացքում իմ լավագույն հենարաններից էր։ Երբ ասում եմ իրեն, զարմանում է։

Ավստրիայի իր աշխատանքից դժգոհ էր։ Ուզում էր Կոպենհագեն վերադառնալ։

-Արի միասին վերադառնանք,- ասում եմ,- ես էլ երևի մարտից էստեղ կլինեմ։

Մի ամսվա անքնությու՞նն էր պատճառը, թե՞ ինձ ուժասպառ արած Հելսինկիի ճամփորդությունը։ Բայց երբ տուն մտանք, ես հանգեցի մահճակալին։ Հանգեցի մինչև առավոտ։ Իսկ առավոտյան դժվարանում էի ընկալել, թե որ իրականությանն եմ պատկանում։

Ամբողջ շաբաթ օրն անկողնում անցկացրի։ Յոենսուում ուսանողներս հավաքվել էին ու ուրախանում էին։ Գրեցին, որ կուզեին՝ ես էլ էնտեղ լինեի։ Նկարներ ու վիդեոներ ուղարկեցին։ Ես էլ ուզեցի էնտեղ լինել։ Պիտի որ երջանիկ լինեի, որ վերջապես դեկտեմբերը եկավ, ու ես Կոպենհագենում եմ։ Բայց անկողնում ուժասպառ պառկած միայն անհետանալու մասին էի երազում։

Շաբաթ երեկոյան Մորթենի հետ նորաբաց մեքսիկական ռեստորանը գնացինք։ Կոպենհագենի շունչը շատ ուժեղ էր էնտեղ․ օդում դանիերեն ու անգլերեն, զուսպ ու սիրուն տղամարդիկ ու կանայք ու կենդանություն, որն այնքա՜ն պակասում էր Յոենսուում։ Իսկ ես դեռ անհետանալ էի ուզում։

Երեկ Մարի-Լուիզենց տանը Ծննդյան տոների հավաքույթ էր։ Լինեն էլ էր էնտեղ։ Մարի-Լուիզն էլ, Լինեն էլ ասացին, որ ինձ կարոտում են ամբիոնում։ Մարի-Լուիզի հետ առավոտները սուրճ էինք խմում ու իրար բզում, որ շուտ գործի գնանք։ Չասացի, որ Յոենսուում առանց որևէ տեսակի ջանքի առավոտյան յոթ-ութից ոտքի վրա եմ։ Բայց ահագին ազդվեցի, մտածում էի՝ մենակ ես եմ կարոտում կոպենհագենցիներին։

Իսկ իմ իրականությունները պառակտված են, ու այլևս չգիտեմ՝ որտեղ եմ ուզում լինել։ Յոենսուի հետ լրիվ սեր-ատելություն հարաբերության մեջ եմ․ երբ էնտեղ եմ, չեմ ուզում էնտեղ լինել, իսկ երբ Կոպենհագենում եմ, կարոտում եմ։ Չգիտեմ ինչն եմ կարոտում, որովհետև դժվար ամիսներ էին ինձ համար։

Յոենսուի ղեկավարս վերջերս առաջարկեց պայմանագիրս երկարացնել ու ակնարկեց, որ մշտական աշխատանքի բավական լուրջ հեռանկար կա։ Ակադեմիական կարիերայում առաջին քայլերն անողին ուրիշ ի՞նչ է պետք։ Բայց կուզենա՞մ արդյոք մնացած ամբողջ կյանքս Յոենսուում անցկացնել։ Երևի չէ։ Իմ տունը, այնուամենայնիվ, Կոպենհագենում է, ու ուզում եմ այստեղ մնալ։ Իսկ մինչ այդ պիտի պառակտվեմ երեք իրականությունների միջև․ քաղաք, որտեղ ապրում եմ, քաղաք, որտեղ աշխատում եմ, ու քաղաք, որտեղ մեծացել եմ ու որն այցելում եմ միայն պարտականությունից դրդված։

 

2 thoughts on “Պառակտված իրականություններ

  1. Դժվար թե քեզ սա օգնի, բայց ասեմ, որ ահագին տարածված երևույթ է այդ իրականության պառակտումը ակադեմիայում։ Ամեն դեպքում այսպիսի հարցերի շուրջ մտածելն էլ է օգնում ինքդ քեզ համար որոշելուն, թե իրականություններից որն է հենց քոնը ու մնայուն, ու որն է ցանկալի, բայց ոչ բացարձակ բավարարող։ Քեզ լա՜վ հանգիստ Կոպենհագենում։

    1. Իմ դեպքը Դանիայի համար մի քիչ էքստրեմալ ա։ Էստեղի ակադեմիայում միջազգային տեղաշարժերը շատ քիչ են։ Ինձ հետ PhD անողներից մենակ մի հոգու գիտեմ, որ վերջացնելուց հետո ուրիշ երկրում ա գործ ճարել, բայց ինքը գոնե էս պառակտված իրականությունները չունի, որովհետև ուղղակի տեղափոխվել ա ուրիշ երկիր։ Կամ էլ երևի սխալվում եմ, չգիտեմ։ Էս ուրբաթ կտեսնեմ իրան, կհարցնեմ։

      Շնորհակալ եմ, բայց էստեղ էլ պիտի աշխատեմ։ Հլը որ փորձում եմ ուշքի գալ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s