Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Աչաջուրյան մտքեր

on December 22, 2017

Փարպեցու Աչաջուրում վաղուց չէի եղել։ Մորթենն ասում է՝ առաջին անգամ է էստեղ։ Ուրեմն վերջին անգամ էստեղ եղել եմ առնվազն երկու տարի առաջ, եթե ոչ ավելի վաղուց։
Էստեղ ամեն ինչ նույնն է. կոմպերի հետևում կորած ջահելներ, բարակաձայն ու նրբակազմ աշխատակիցներ, տաք վաֆլու հոտ ու սիրուն երգեր։ Հետո հանկարծ հիշողությունս փայլատակում է, ու հիշում եմ, թե երբ եմ վերջին անգամ եղել այստեղ։ Կամ վերջին անգամներից մեկը։ Երեք տարի առաջ էր, երբ Հայաստան եկել էի լրիվ ջախջախված, եկել էի մխիթարվելու, ու Աչաջուրում նստած էինք, երբ Սոֆի Զելմանիի երգերից հնչեց։ Դրանից հետո ամիսներ շարունակ նրա երգերը որպես թերապիա էի օգտագործում։

Հիմա նորից էստեղ եմ, ու ականջակալներս միացրել եմ, որ չլսեմ շուրջս հնչող երգերը։ Լիլիթի նոր ալբոմն եմ լսում։ Չգիտեի, որ Քերեն Էննի երգերից էլ է թարգմանել։ Այս ալբոմը ժամանակին միասին գետնին պառկած լսում էինք։ Լիլիթը նորովի է ներկայացրել երգը, Քերեն Էնն էլ չկա։ Չկա նաև նրա հետ կապվող անձը։ Այսօր ամսի 22-ն է։ Ինը օր է մնացել մինչև տարվա ավարտը։ Արդյոք անհա՞րթ կանցնեն այս օրերը, թե՞ պատրաստ լինեմ մի նոր հարվածի։

Նստած եմ Աչաջուրում, ու Մորթենն իմ դիմաց է։ Հունվարի նոր դասախոսությունը պատրաստելու փոխարեն սուզվում եմ հիշողությունների մեջ, 2017-ի հետ կապված հիշողությունների։ Եղե՞լ է իմ կյանքում մի այդպիսի տարի, որ էդպես լեցուն լինի հաղթանակներով ու պարտություններով, մարդկանց կորցնելով ու գտնելով, ծայրահեղ երջանկությունից ծայրահեղ միայնության անցումներով։ Եղե՞լ է մեկ այլ տարի, երբ այսքան հաճախ ինքս ինձ հարցնեմ, թե ով եմ ես։ Եղե՞լ է մեկ այլ տարի, երբ իմ սոցիալական դերերն այս աստիճանի լղոզված լինեն, ու չհասկանամ՝ որտեղ ով եմ։

Վերջերս հաճախ եմ մտածում ընկերներիս մասին, ու թե ինչքան բախտավոր եմ ես, որ ունեմ էդպիսի մեծ թվով մտերիմ ընկերներ աշխարհի տարբեր քաղաքներում, տարբեր ազգությունների։ Ասում են՝ հնարավոր չէ միաժամանակ շատ մտերիմ ընկերներ ունենալ։ Համենայնդեպս, ինձ դա հաջողվել է։ Եթե սկսեմ թվարկել, հավատացած եմ, ցանկը երկու տասնյակից կանցնի։ Ու բոլորը խորը, սիրուն հարաբերություններ են։ Շատերի հետ լիքը փոթորիկների միջով եմ անցել, ոմանց հետ էլ դեռ կանցնեմ։ Ու հենց էդ բոլոր դժվարություններն ավելի սիրուն են դարձնում այն, ինչ ունենք։ Իմ ընկերներից ներել եմ սովորել, ներել եմ նրանց, նրանք ներել են ինձ։ Իմ ընկերներից ազնվություն եմ սովորել։ Սովորել եմ երբեք հետևից չասել այն, ինչ նրանց երեսին չէի ասի։ Սովորել եմ չմեղադրել։ Սովորել եմ հասկանալ։ Ու ամենակարևորը՝ սովորել եմ, որ ընկերությունը զուգարանի թուղթ չէ, որ հետևդ սրբես ու դեն նետես։

Ես նաև բախտավոր եմ, որ ունեմ բազմաթիվ էսպես կոչված մակերեսային ընկերներ կամ ուղղակի մարդիկ, որոնց սիրում եմ ու որոնց կգրկեմ ամեն անգամ տեսնելիս, որոնց հետ մի քանի տարին մեկ սուրճ կխմեմ կամ կհանդիպեմ, երբ պատահաբար Կոպենհագենում հայտնվեն։

Երևանի միակ դրական կողմը հենց մարդիկ են։ Այստեղ պատրաստ եմ դիմանալ ինձ ուշաթափության հասցնող կեղտոտ օդին, պատրաստ եմ դիմանալ խորը խառնաշփոթին ու լաչառ տաքսու վարորդներին, միայն թե գրկեմ այս բոլոր մարդկանց, որոնք իմ կյանքն ինչ-որ կերպ փոխել են։

Ես բախտավոր մարդ եմ։ Իմ կյանքում այնքա՜ն ջերմություն կա, որ երբ մեկն ինձ տրորում է, հեշտությամբ վերականգնվում եմ։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: