Հունվարը Յոենսուում

Սիրում եմ Յոենսուն հունվարին։ Տարվա միակ ամիսն է, երբ քաղաքը ձևեր չի թափում, այլ այն է, ինչ կա․ լուռ, ձյունածածկ, ցուրտ ու տխուր, որտեղ սեղմվում ես ուսանողների ու թոշակառուների միջև ու ինքդ քեզ հարցնում․ ի՞նչ եմ կորցրել էստեղ։

IMG-20180122-WA0001.jpg

Հունվարին Յոենսուում ձյունը ոտքերիդ տակ խրթխրթում է, երկինքն ավելի պարզ է, քան մնացած ամիսներին, իսկ ցուրտը նյարդերիդ վրա չի ազդում, դեռ մի բան էլ հաճելի է։ Օրերն արագ տեմպերով երկարում են, չնայած ձյան հետ մութն այնքան էլ անտանելի չէ։ Իսկ երբ դրսում շատ ցուրտ է, ձյունը դառնում է ապակենման ու մթության մեջ փայլում է։ Եվ նույնիսկ հեծանիվիդ սառած կողպեքն այլևս չի անհանգստացնում․ ինչքան էլ պետք լինի, կքայլես։

Ինչ-որ ձգող բան ունի հունվարի Յոենսուն։ Դեռ հինգ տարի առաջ հենց հունվարի օրերն էին ինձ համոզել, որ մի օր կվերադառնամ Յոենսու։ Ապակենման ձյանն ու պուլլայի համի՞ն էի խաբվել, թե՞ գրադարանում աշխատելու ներդաշնակությանը, որ մի տարով Յոենսու գալն էնքան ահավոր չթվաց ինձ։

DSC_1529-EFFECTS.jpg

Հունվարին, ինչպես և մնացած ամիսներին, Յոենսուում անելիք չկա։ Օրերս անցնում են աշխատանքի, լողավազանի, տան ու հյուրերի միջև։ Անցյալ շաբաթ-կիրակի Սիլվիան էր եկել, ու միասին փորձեցինք սաունայից ձյան մեջ վազվզել, իսկ հետո նաև սառը ջուրը մտնել։ Մորթենի ասած՝ սառույցի վրա փորած ծակը։ Հինգ տարի առաջ կհամարձակվեի՞ նման բան անել։

Երբ մտնում ես սառը ջուրը, քեզ ավելի կենդանի ես զգում, քան երբևէ։ Ամբողջ մարմինդ խառնվում է իրար, չգիտի՝ ինչ զգա․ սաունայի տաքությու՞նը, թե՞ ջրի սառնությունը։ Հետո արդեն մարմինդ սովորում է, ու սաունայում էլ չես դիմանում, իսկ ջուրը բավականաչափ սառը չէ։ Մարմնիդ ձյուն ես շփում։ Չլիներ հունվարի Յոենսուն, կմտնեի՞ արդյոք սառցակալած լիճը։

Իսկ հաջորդ օրը Յոենսուի ամենացուրտ օրն էր։ Սիլվիային ճանապարհում էի դեպի կայարան՝ շոգելով իմ աներևակայելի տաք շորերի մեջ։ Նախորդ օրը լողազգեստով դրսում, հաջորդ օրը՝ հազար շերտի մեջ փաթաթաված։ Մազերիս ծայրերը սառցակալել էին։ Սիլվիան մեկընդմեջ կանգնում, հիանում էր արևով, հիանում էր ձյունով ու ֆոտոներ անում։ Սիլվիան սովոր էր ցրտին․ Իսլանդիայում է ապրել։

Այսօր ինձ ասացին, որ Յոենսուն կկարոտեմ ու կուզենամ վերադառնալ։ Յոենսուն հաստատ չեմ կարոտի, բայց կկարոտեմ հունվարը, կկարոտեմ նաև աշխատանքս, որը թեև ինձ հոգեկան հավասարակշռությունից հանում էր, ամեն դեպքում գժի պես սիրում էի (ու երևի հենց էդքան սիրելու պատճառով էր, որ ինձ չէի խնայում ու գնալով ավելի էի ինձ կորցնում)։ Կկարոտեմ նաև աշխատակիցներիս․ ոչ մի ուրիշ աշխատավայրում էսքան լավ աշխատակիցներ չեմ ունեցել։ Երևի հատուկ բնավորություն ու դիմացկունություն է պահանջվում Յոենսուում ակադեմիական կարիերա անելու համար։ Բայց ամենաշատը կկարոտեմ լողավազանի մի ծայրին հասնելը, դրսի բռնակից բռնելն ու ամբողջ մարմնով դեպի ներքև ձգվելը։ Այդ մի քանի վայրկյանների ընթացքում աշխարհում ամեն ինչ վերանում է, ու թվում է՝ մարմինդ լողում է անծայր տիեզերքում։

Ինձ մնաց հինգ շաբաթ Յոենսուում ու չորս վիքենդ, որոնցից մեկի ժամանակ Մորթենը հաստատ էստեղ կլինի։ Ուրեմն մնաց երեքը։ Մնաց երեք հյուր գտնեմ։

2 thoughts on “Հունվարը Յոենսուում

  1. Լսի, նկարի մեջ մազերդ ինչի՞ են մասամբ սպիտակ: 😀 Կմտածեի` ձյուն ա, բայց ախր հենց մազերդ են սպիտակ, ոչ թե վրան սպիտակ բան կա:

    1. Չգիտեմ Ան։ Ցրտի էֆեկտն էր, սառցակալել էին մազերս։ Սիլվիան նկատեց, որ մազերս սպիտակել են, նկարեց։ Բայց հենց տաք տարածք մտա, հալվեցին մազերս, նորմալ գույնը հետ էկավ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s