Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Լավ գիտնականի ու գիտության ֆինանսավորման մասին

on January 29, 2018

Տարիներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանը հայտարարեց գիտելիքահեն հասարակություն ու տնտեսություն ունենալու մասին, հույս ունեի, որ վերջապես Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։ Տարիներ առաջ, երբ այն ժամանակվա կրթության և գիտության նախարար Աշոտյանին հանդիպեցինք ու կիսվեցինք մեր մտահոգություններով, թվաց՝ նախարարությունը մեր կողմից է, ու շուտով քայլեր կձեռնարկվեն թե՛ գիտության ֆինանսավորումն ավելացնելու, թե՛ որակը բարձրացնելու ուղղությամբ։

Տարիներն անցնում են, բայց կարծես գիտելիքահեն տնտեսություն չի ստեղծվում, ու չնայած որոշ քաղաքական գործիչներ երբեմն շեշտում են գիտությունը զարգացնելու կարևորությունը, ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ ոչինչ չի կատարվում։ Բնականաբար, հարց է առաջանում․ լավ, բա որ էդքան հասկանում են գիտության կարևորությունը, ինչու՞ պետական մակարդակով ոչինչ չի արվում ֆինանսավորումն ավելացնելու համար։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վերջապես տվեց այսքան տարի մութ մնացած հարցի պատասխանը․ «Գիտեք՝ լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել: Ֆինանսավորում կարող է լինել և՛ բարեգործական կազմակերպությունների, և՛ միջազգային համագործակցությունների, և՛ կոնկրետ համալսարանական ռեսուրսների միջոցով»:

Չգիտեմ՝ կրթության և գիտության նախարարն ինչ նկատի լավ գիտնական ասելով, բայց ուզում եմ որոշ պարզաբանումներ անել՝ հուսալով, որ այս գրառումը կարդալով կրթության ու գիտության նախարարը կհասկանա, թե ինչպես է որակյալ գիտություն ստեղծվում ու ով է լավ գիտնականը։

Սկսենք նրանից, որ գիտնականը, լինի լավը, թե միջակ, մարդ է իր մարդկային բոլոր պահանջներով, այսինքն՝ նրան աշխատավարձ է պետք սնունդ ձեռք բերելու համար։ Այսօրվա Հայաստանում գիտնականի աշխատավարձը կոպեկներ են։ Ուսանող ժամանակ մենք նույնիսկ կատակ էինք անում, որ անձի կրթության մակարդակը հակադարձ համեմատական է աշխատավարձին։

Իսկ Լևոն Մկրտչյանի լավ գիտնական դառնալու համար էնտուզիազմն ու անձնազոհությունը բավարար չեն։ Գիտեմ՝ Հայաստանում կան լաբորատորիաներ, որոնք գիտնականները սեփական միջոցներով են պահում։ Կան գիտնականներ, որոնք չնայած սեղմ ֆինանսավորմանը, կարողանում են տպագրվել միջազգային ամսագրերում։ Բայց նրանք բոլորը երջանիկ բացառություններ են ու նրանցից շատերն առաջին հնարավորության դեպքում մեկնում են արտերկիր՝ զարգացնելու էնտեղի գիտությունը։

Լավ գիտության համար նախ պետք է միջազգային գիտական գրականությունը հասանելի լինի։ Հայաստանում քանի՞ կրթական-գիտական հաստատություն կա, որոամսագրերին բաժանորդագրված են։ Իսկ առանց միջազգային գրականություն կարդալու ինչպե՞ս պետք է Հայաստանում գիտություն զարգանա, երբ գիտնականը տեղյակ էլ չէ, թե իր ոլորտում ինչ է կատարվում, տեյղակ չէ՝ իր գյուտը գյու՞տ է, թե՞ երեսուն տարի առաջ նույն բանը Չինաստանի գիտնականներն արդեն արել են։

Լավ գիտնական դառնալու համար պետք է լավ կրթություն։ Մեր կրթական համակարգի վիճակը տեսե՞լ եք։ Տեսե՞լ եք, թե պլագիատն ինչպես է ծաղկում Հայաստանում, ու նախարարությունը դրա դեմ ոչին չի կարող (թե՞ չի ուզում) անել։ Ինչ խոսք, կան հատուկենտ էնտուզիաստներ, որոնք զանազան ծառայություններից չեն օգտվում ու նվիրվում են ինքնակրթությանը։ Բայց նրանցից շատերն առաջին հնարավորության դեպքում հեռանում են Հայաստանից։

Ի վերջո, լավ գիտնական դառնալու համար պետք է լավ գիտություն անել, իսկ լավ գիտության համար փող է պետք։ Ու կապ չունի՝ հումանիտար, թե բնական գիտությունների ոլորտն է։ Գուցե հումանիտար ոլորտի գիտնականին լաբորատորիաներ թանկարժեք սարքավորումներով ու նյութերով պետք չեն, բայց վերևում նշված գրականության հասանելիությունը պետք է, տարրական տեխնոլոգիայի հասանելիությունը պետք է, միջազգային գիտաժողովների մասնակցելը պետք է։ Իսկ էս բոլորը օդից չեն ընկնում, փող արժեն։

Թե՞ դուք համոզված եք, որ լավ գիտնական չեն դառնում, ծնվում են։ Այդ դեպքում պիտի Հայաստանում լիքը լավ գիտնականներ ունենայինք, չէ՞։ Այդ դեպքում որտե՞ղ են նրանց տպագրությունները միջազգային ամսագրերում։ Ինչ խոսք, միջազգային ամսագրերում ինչ-որ հրաշքով տպագրվող հայաստանցի գիտնականներ, այնուամենայնիվ, կան։ Իսկ հրաշքը սովորաբար լինում է միջազգային համագործակցության արդյունքում կամ, որ ավելի վատ է, Հայաստանի բուհերն արտերկրում գիտությամբ զբաղվող գիտնականներին աղաչում-պաղատում են, որ հանուն հայրենիքի իրենց հոդվածի տակ հայկական բուհի անունն էլ գրեն։

Հերիք չէ՞ հանուն հայրենիքի գիտություն պահելը։ Դուք ուզում եք զրո ներդրում անելով լուրջ արդյունքներ ունենալ։ Ուզում եք միջազգային գիտական հաստատությունների հաշվին հայկական բուհերի ռեյտինգը բարձրացնել։ Ուզում եք, որ ոչնչից լավ գիտնականներ առաջանան։

Ու այո՛, ցավոք սրտի, արևմուտքում գիտնականը շատ է կախված գրանտներից, ու գուցե ինչ-որ չափով ճիշտ է, որ լավ գիտնականը ֆինանսավորման խնդիր չի ունենում (ավելի ճիշտ, լավ գիտնականի համար ավելի հեշտ է գրանտ ստանալը, չնայած էստեղ էլ բազմաթիվ քաղաքական հարցեր կան)։ Բայց Հայաստանում խնդիրը հենց լավ գիտնական պատրաստելու մեջ է, որովհետև լավ գիտնական դառնալու պոտենցիալ ունեցող գրեթե բոլոր երիտասարդներն ի վերջո հայտնվում են արտերկրի որևէ գիտական հաստատությունում, որտեղ իրենց աշխատանքը գնահատվում է։

Գուցե ուղղակի ժամանակն է անկեղծորեն խոստովանելու, որ կառավարությանը գիտությունը չի հետաքրքրում կամ ծիծիլյոներորդական կարևորություն ունի։ Ես էլ կասեմ՝ կառավարությունը հիմար է, ու էդպիսով Հայաստանի վերջն է նախապատրաստում։ Կասեմ, բայց գոնե երբևէ Հայաստանում գիտություն անելու հետ հույսեր չեմ անի։ Ու կիմանամ, որ տարիներ առաջ գիտափորձս խոչընդոտող բժիշկն ու ԵՊԲՀ հետբուհական կրթության բաժնի աշխատակիցը, որն ասաց, որ ինձ համար ասպիրանտուրայի տեղ չի լինելու, ավելի անկեղծ էին, քան կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

 

Advertisements

4 responses to “Լավ գիտնականի ու գիտության ֆինանսավորման մասին

  1. […] առաջ, երբ անդրադարձա արդեն նախկին իշխանությունների վերաբերմունքին […]

  2. Ռոբերտ Նազարյան says:

    Ես տեսաբան ֆիզիկոս եմ և ունեմ հրատարակված աշխատություններ՝ հոդվածների ու գրքերի տեսքով և իմ այդ գիտական ու քաղաքական հոդվածների մեծ մասի հետ կարող եք ծանոթանալ այստեղ. https://yerevan.academia.edu/RobertNazaryan (հոդվածները ներբեռնելու համար օգտագործեք Ձեր ՖԲ-ի կապը)։

  3. Ռոբերտ Նազարյան says:

    ՀՀ Մշակույթի Նախարար Լիլիթ Մակունցին,
    Ճշգրիտ Գիտությունները Կազմում են Ազգային Մշակույթի Կարևոր Բաղադրիչը

    Դիմում – Առաջարկ
    (Լուսավորենք Աշխարհը Հայկական Հարաբերականության Տեսությամբ)

    Ես տեսաբան ֆիզիկոս եմ և ունեմ հրատարակված աշխատություններ՝ հոդվածների ու գրքերի տեսքով և իմ այդ գիտական ու քաղաքական հոդվածների մեծ մասի հետ կարող եք ծանոթանալ այստեղ. https://yerevan.academia.edu/RobertNazaryan (հոդվածները ներբեռնելու համար կարող եք օգտագործել Ձեր ՖԲ-ի կապը)։

    Վերջին տաս տարվա ընթացքում, հատկապես 2013 թվականից սկսած, ես բազում անգամ դիմել եմ Հայաստանի նախորդ իշխանություններին և հորդորել նրանց ուշադրություն դարձնել տեսական ֆիզիկայի ասպարեզում մեր ստացած արդյունքներին, որովհետև դրանք ունեն շատ լուրջ գործնական հետևանքներ՝ հատկապես այն որ հնարավոր է դատարկ տարածությունից կորզել անսպառ ձրի էներգիա։ Մենք պարզապես տեսականորեն հիմնավորել ենք այդպիսի էներգիա ստանալու հնարավորությունը և անգամ ստացել համապատասխան բանաձևեր։ Նախորդ կառավարությունից մեր հարցապնդումներին ուշադրություն դարձրեց միայն նախկին վարչապետի առաջին խորհրդական Պր. Գագիկ Մարտիրոսյանը, ում հետ անձնական հանդիպման ժամանակ ներկայացրինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հավանաբար նախորդ կառավարության առաջնահերթությունները շատ արագ փոխվեցին և իմ գիտական հայցը ընթացք չստացավ, նույնիսկ մնաց անպատասխան։

    Դժբախտաբար մեր այժմյան նոր կառավարության մեջ նույնպես չկան մաթեմատիկոսներ կամ ֆիզիկոսներ, որոնք կարող էին ավելի առարկայականորեն քննարկել մեր առաջադրությունները, բայց համենայն դեպս ի դեմս Ձեզ, ես նորից ստիպված եմ Հայաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել այս իրողության վրա, այլապես ես չեմ ների ինձ անհամարձակության համար։
    Մեր նպատակն է եղել կառուցել աքսիոմատիկ ֆիզիկա, ինչպես Եվկլիդեսը իր 13 հատորների մեջ կառուցեց աքիոմատիկ երկրաչափություն և այդ ասպարեզում տիրեց կատարյալ խաղաղություն։ Նույն վիճակն է տիրում այժմ տեսական ֆիզիկայում և մենք գրանցել ենք տեսական հաջողություններ այդ ասպարեզում և կարող ենք հաստատել կատարյալ խաղաղություն տեսական ֆիզիկայի մեջ։
    Մենք կարողացել ենք առայժմ հրատարակել միայն երկու հատոր (Հայերեն և Անգլերեն), որոնք կարող եք վերցնել այստեղից.

    1. https://archive.org/details/Foundation_ATR_Revised
    2. https://archive.org/details/Foundation_ATR_ENG
    3. https://archive.org/details/Foundation_ATGR_ARM
    4. https://archive.org/details/Foundation_ATGR_ENG

    Միջազգային ֆրանկոֆոնիայի շեմին և համաժողովի ընթացքում պատվով դուրս գալու համար, մեր ազգային վերածննդի այցեքարտը պետք է լինի մեր ստեղծած տեսության նոր բանաձևերը, որոնց Աշխարհը տեսնում է առաջին անգամ։ Ֆրանկոֆոնյային այցելող հյուրերին, Զվարթնոցից դեպի Երևան ճանապարհին, նրանց ոչ թե պետք է ողջունեն տարբեր ուտեստների կամ այլ անկապ բաների գովազդային վահանակները, այլ նոր ստեղծված գիտական բանաձևերի պաստառները… Հյուրերին կարելի է նաև նվիրել այդ երկու հատորները որպես մեր նոր անկախ Հայաստանի գիտական սխրանք և այլն…

    Չեմ ցանկանում այս նամակը ծանրաբեռնել շարադրելով բազում ուրիշ գաղափարներ, բայց եթե իմ այս դիմում-առաջարկը ինչ որ կայծ կառաջացնի Ձեր հոգում, ապա կարող ենք հանդիպել և ավելի հանգամանորեն քննարկել նմանատիպ այլ գաղափարներ և հարցեր…

    Շնորհակալ եմ իմ նամակ կարդալու համար։

    Ռոբերտ Նազարյան
    xxx@yyyy.zz
    24 Մայիսի 2018թ., Ք. Երևան

    • byurie says:

      Հարգելի ռոբերտ Նազարյան,
      շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Ճիշտն ասած, փորձեցի ձեր գիտական աշխատություններից գտնել միջազգային ամսագրերում, բայց ոչինչ չգտա։ Գուցե օգնե՞ք ինձ հղումով։
      Հետո, մշակույթի նախարարն ի՞նչ կապ ունի գիտության հետ։
      Եվ ի վերջո, չգիտեմ ինչ սպասելիքներ ունեք ինձնից, բայց ես արտերկրում բնակվող հայ գիտնական եմ, ու որևէ կապ չունեմ կառավարության հետ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: