Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում․ օր 1, լողավազան

on February 1, 2018

Մտածում եմ՝ ամեն օր մինչև ամսի 28-ը գրել․ գուցե օգնի, որ այս վերջին ամիսը մի քիչ ավելի թեթև տանեմ։

Թեթև տանե՞լ։ Նորից տանը վերընկած եմ, ու որևէ բան անելու էներգիա չունեմ։ Չգիտեմորերորդ օրն է անընդմեջ, որ ընթրիքս բուրգեր էր էլի։ Ամեն օր ասում եմ՝ վերջ, վաղը ճաշ եմ էփելու։ Ու ամեն օր գործից այնքան ուշ եմ դուրս գալիս, որ սուպերմարկետները փակ են լինում կամ ուղղակի ուժ չեմ ունենում սուպերմարկետ գնալու։

Էսօր ստատիստիկայի դասից հետո որոշեցի մի գժական բան անել․ ամեն ինչ թողնել ու լողավազան գնալ։ Ժամը չորսին իրենց գիտափորձի թեմայով ուսանողներիս մի խմբի հետ հանդիպում ունեի։ Ուրեմն ուղիղ մեկուկես ժամ ունեմ լողավազանի համար։ Ճիշտ այնքան, ինչքան սովորաբար ինձ պետք է լինում լողավազանի ամբողջ պրոցեդուրայի համար։

Առաջին անգամ էր, որ ցերեկվա լույսով դուրս էի գալիս համալսարանից ու առաջին անգամ էր, որ ցերեկվա լույսով լողավազանում էի։ Միշտ էնտեղ եղել եմ մութ ժամանակ՝ փակվելուց մի ժամ առաջ։ Երբեմն նույնիսկ էնտեղից դուրս եկող վերջին հաճախորդն եմ եղել։

Իսկ այսօր լույս էր՝ արև։ Յոենսուի արևը մենակ ֆեյսբուքի նկարներում եմ տեսնում, մեկ էլ պատուհանիս շերտավարագույրից այն կողմ։ Այսօր արևը լողավազանի վրա էր ընկել, ու լույսի մեջ լողալը մի ուրիշ հաճույք էր։ Հենց լողավազանում եղած ժամանակ էր, երբ գրասեղանիս կուտակված բոլոր գործերը հեռու թվացին, ու ես պարզապես հանգիստ մի ծայրից մյուսն էի գնում, երբեմն՝ մեջքի վրա, երբեմն՝ սուզվում, երբեմն՝ ձգվում։ Ամենաշատը սիրում եմ, երբ հասնում եմ լողավազանի ծայրին, ձողից կախվում ու թուլացնում մարմինս՝ իջնելով ջրի մեջ այնքան, ինչքան մարմինս կձգվի։

Ցերեկները լողավազանի հաճախորդները հիմնականում թոշակառուներ են։ Երեկոյան ավելի շատ երեխաների, թինեյջերների ու ջահել ծնողների կտեսնես։ Լողավազանի մի հատվածում տատիկները ջրային աերոբիկայի դասի էին մասնակցում Ռամշտայնի երաժշտության ուղեկցությամբ։ Մտածում էի՝ ջրային աերոբիկան լավ միտք է, բայց մտածում էի՝ ֆիններեն, այն էլ տատիկների հետ ինչի՞ն մասնակցեմ։ Դրա համար ես ուղղակի իմ վարժություններն էի անում ամեն անգամ լողավազանի ծայրին հասնելով ու ամեն անգամ վայելում մարմնիս ճկունությունն ու ոտքերիս ամրությունը։

Իմ սովորական տասը շրջանը լողալուց հետո տեղափոխվեցի մյուս՝ «անլուրջ» լողավազանը, որի տարբեր հատվածներում ծովի, գետի կամ ջրվեժի սիմուլյացիաներ են անում։ Սիրում եմ ողջ մարմնով ձգվել ու թույլ տալ, որ հոսանքն ինձ առաջ տանի։ Մեկ էլ սիրում եմ խորը մասերը գնալ ու օրորվել ալիքների վրա այնպես, որ չխեղդվեմ։

Ու քանի որ վերջապես մի օր ցերեկով էի եկել, «անլուրջ» լողավազանը գրեթե դատարկ էր․ էստեղ սովորաբար փոքր երեխաներն են լինում իրենց ծնողների հետ, ու ջրային բարձիկներն էլ միշտ զբաղված են լինում։ Իսկ ցերեկով բոլոր բարձիկներն ազատ էին։

Վերցրի դրանցից մեկը, փաթաթվեցի ու հանձնվեցի ջրերին։ Լրիվ անջատվել էի մոտ տասը րոպե ու թույլ էի տալիս, որ ալիքները կամ հոսանքը որ ուղղությամբ ուզենան, ինձ քշեն։ Էնքա՜ն երանելի վիճակ էր։ Շուրջս ամեն ինչ վերացել էր, ոչ մի հոգս, ոչ մի մտածմունք չկար։

Լողավազան գնալն ինձ համար ռիտուալ է դարձել․ սկզբում ցնցուղ, հետո՝ մերկ սաունա, հետո՝ ցնցուղ, հետո՝ կես ժամից քառասուն րոպե լող նորմալ լողավազանում, հետո՝ տասը-տասնհինգ րոպե «անլուրջ» լողավազանում, հետո՝ ցնցուղ, հետո՝ սաունա, հետո՝ նորից ցնցուղ ու վերջ։

Իսկ սաունայում ֆին տատիկները լցված խորացել էին ինչ-որ թեմայով։ Անջատված նստած էի, երբ լսեցի, որ ինչ-որ բաներ են խոսում իմ աշխատավայրի մասին․ համալսարանի անուններն ու կամպուսներն էին քննարկում։ Յոենսուն այնքան փոքր է ու այնքան անհետաքրքիր, որ համալսարանից բացի ուրիշ խոսելու թեմա չկա։

Լողավազանից հետո՝ նորից աշխատանք․ ուսանողներս իրենց պրոյեկտով, հետո ուսանողներիս տնայինները, հետո՝ ուսանողներիս մեյլերը։ Իմ ամբողջ օրն ուսանողներովս է լցված, ու չգիտեմ՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Իրականում ահավոր շատ եմ սիրում նրանց ու ահավոր շատ եմ սիրում հետներն աշխատել, բայց արդյունքում հանգստի րոպե չի մնում, ու իմ բոլոր արթուն ժամերն աշխատանքով են լցված։ Բացի այն մեկուկեսից, որ լողավազանում եմ։ Ու բացի այն պահերից, երբ Յոենսուի իմ հատուկենտ ընկերների հետ եմ։

Քսանյոթ օր մնաց, ու դեռ չգիտեմ՝ կկարողանա՞մ արդյոք հոգեպես առողջ մյուս ծայրից դուրս գալ ու նոր աշխատանքս սկսել։

Advertisements

5 responses to “Վերջին 28 օրը Ֆինլանդիայում․ օր 1, լողավազան

  1. uluana says:

    Այ մարդ, ինչի՞ չպիտի կարողանաս, է՞: Դու սենց բաների՞ ես դիմացել: 😀
    Բայց լավ ես մտածել, որ ամեն օր գրես, տենց հաստատ ավելի հեշտ կլինի, ու գուցե նաև օգնի ավելի լավ լույսի տակ տեսնել ոչ էնքան հաճելի թվացող բաները, ի՞նչ իմանաս: Ամեն դեպքում գրելիս շատ բաներ մի տեսակ վերարժևորվում են հաճախ:

    • byurie says:

      Ան, չգիտեմ, մի քիչ վախենում եմ։ Մինչև հիմա բոլոր շաբաթ-կիրակիները հանգստացել եմ, ու դրա արդյունքում շաբաթվա առաջին կեսը նորմալ ձգում եմ, երկրորդ կեսին եմ թուլանում։ Բայց առաջիկա շաբաթ-կիրակիները պիտի աշխատեմ, չգիտեմ՝ ինչքան կձգեմ։ Էսօր արդեն զգում եմ, որ մոտավորապես նույն վիճակում եմ, ինչ նոյեմբերի վերջին էի։
      Բայց հա, տեսնեմ՝ ինչքան կձգեմ գրելը։ Փորձում եմ հիմնականում դրական բաների մասին գրել։

  2. byurie says:

    Ահավոր շատ գործ կա մինչև ամսվա վերջ անելու 😦 ուղղակի չեմ հասցնում շաբաթվա ընթացքում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: