Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 6, ուժեղ կոտրված տեղերում

on February 6, 2018

Ես սկսեցի անհանգստանալ այն պահից, երբ շաբաթ-կիրակիների հանգիստը միայն շաբաթվա կեսին սկսեց հերիքել, որովհետև գիտեի, որ շուտով շաբաթվա կեսն ավելի է նվազելու։ Ու վերջին շաբաթ-կիրակիի հանգիստն ինձ միայն երկուշաբթի օրվա համար հերիքեց, իսկ ավելի ճիշտ՝ երկուշաբթի օրվա առաջին կեսի, բայց երկրորդ կեսը մի կերպ ձգեցի։ Իսկ երեքշաբթին արդեն կորած օր էր։

Թեև իմ սովորական ժամին արթնացել էի, իմ սովորական սուրճը խմել ու առավոտյան մանր-մունր աշխատանքն արել (հա՛, իմ աշխատանքային օրը տնից է սկսվում), տնից դուրս գալը սարսափելի տանջանք էր։ Երկար ժամանակ նստել էի ու փորձում էի տաք գուլպաներս հագս քաշել։ Ուղղակի չէր ստացվում և վերջ։ Չեմ կարող այդ զգացողությունը նկարագրել։ Հոգնած չեմ, քունս չի տանում, տխուր էլ չեմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ ստիպել գուլպաներս հագնել։

Ի վերջո, երբ կես ժամ անց վերջապես կարողացա տնից դուրս գալ, հեծանիվս սկսեց համը հանել․ ուղղակի չէի կարողանում նկուղից դուրս բերել։ Ամենօրյա սովորական գործողություն է, բայց չգիտեմ ոնց կպել էր կողքի հեծանիվին ու ոչ մի կերպ պոկ չէր գալիս։ Արդեն համարյա լացում էի, երբ վերջապես հեծանիվս դեպի դուռը գլորվեց, ու կարողացա հասնել համալսարան։

Իսկ համալսարանում մոտ մեկ ժամ չէի կարողանում կենտրոնանալ։ Տեսնելով, որ բան դուրս չի գալիս, Լիզա Հանիգանի At Swim ալբոմը միացրեցի։ Դեռ թեզս գրելու ժամանակ ամեն օրս հենց այս ալբոմով էի սկսում, ու ինչ-որ պայմանական ռեֆլեքս է ձևավորվել ալբոմի երգերի ու կենտրոնացման միջև։ Իրոք օգնեց, որովհետև սկսեցի մի քիչ կենտրոնանալ ու աշխատել։ Բայց մի երկու ժամ անց կամաց-կամաց ուժերս սկսեցին սպառվել։ Ու կամաց-կամաց աչքերս սկսեցին լցվել։

Չգիտեմ՝ ուսանողներիցս մեկն ինչքան ժամանակ էր էնտեղ կանգնած, որովհետև ականջակալներով էի ու չէի սպասում նրան։ Բայց երբ շրջվեցի, դողդողացող ձայնով արագ-արագ ասաց, որ եկել է խնդրելու, որ թույլ տամ տնայինը վերջնաժամկետից ուշ հանձնի։ Հետո չդիմացավ, սկսեց լաց լինել։ Հանգստացրի, հետն ահագին խոսեցի, լիքը բաներ բացատրեցի, ու միասին ծրագիր կազմեցինք դժվարությունները հաղթահարելու։ Վերջում թեթևացած գրասենյակիցս դուրս եկավ, բայց ես էի էդ բոլորը լրիվ ներս քաշել, ու էլ չդիմացա, լրիվ ինձ կորցրի։

Հետո նաև ընդհանուր քննության հարցեր կազմելն էր, որ ինձ լրիվ ափերից հանեց։ Ուրեմն էստեղ կան ամիսը մեկ տեղի ունեցող էսպես կոչված ընդհանուր քննություններ․ ֆակուլտետի ուսանողները հավաքվում են, տարբեր առարկաներից քննություն հանձնում, բայց պիտի պարտադիր նախապես գրանցվեն, որ անհատական քննաթերթիկ ստանան։ Ու տեխնոլոգիական առաջընթացի էս դարում էդ անհատական քննաթերթիկ պատրաստման կարգը ոչ միայն քարի դար է հիշեցնում, այլև անտանելի ժամանակատար պրոցես է ու խիստ կենտրոնացվածություն է պահանջում, այլապես կարող ես, օրինակ, որևէ ուսանողի քննաթերթիկ մոռանալ։ Ու կստացվի, որ ամիսներով պարապած, ուրիշ քաղաքից եկած ուսանողը ներկայանում է, բայց քննաթերթիկ չկա։ Հետևաբար, պետք է տուն գնա ու հաջորդ ամիս գա։

Էդպես էսօր զբաղված էի ուրբաթ օրվա քննաթերթիկները սարքելով։ Ու անընդհատ սխալ էի անում, ստիպված ամեն ինչ կա՛մ նորից սկսում, կա՛մ որոշ բաներ ուղղում։ Ու ամեն սխալից հետո քիչ էր մնում՝ գլուխս էկրանին խփեի կատաղությունից։ Հետո նաև կատաղած էի այն ուսանողների վրա, որոնք իրենց գրանցումը չէին ջնջել ու չէին հանձնելու քննությունը, չնայած հազար անգամ խնդրել-աղաչել էի թե՛ անձամբ հանդիպելիս, թե՛ ընդհանուր նամակով, որ եթե ինչ-ինչ պատճառներով չգան քննության, անպայման ինձ նախապես տեղեկացնեն, որ քննաթերթիկ չպատրաստեմ։ Գնալով կատաղությունս աճում էր, ու եթե էդ պահին ինչ-որ մեկը դիմացս հայտնվեր, հաստատ կգոռայի վրան։

Ի վերջո որոշեցի քննաթերթիկները թողնել էն վիճակում, ինչ կան։ Եթե ինչ-որ բան ավել-պակաս լինի, ինձ էլ չէր հետաքրքրում․ իմ հոգեկան առողջությունն ավելի կարևոր է։ Ու արագ-արագ հավաքվեցի, գնացի լողավազան։ Ճամփին մի աղջիկ հեռախոսով դանիերեն խոսելով գնում էր։ Ակամայից բացականչեցի՝ դանիերե՜ն։ Չլսեց ինձ։ Բայց հարազատություն զգալու մի ակնթարթ էր, որից ուզում էի կառչած մնալ մինչև օրվա ավարտ։

Սաունայում սկզբում մենակ էի։ Սրբիչս փռեցի ու պառկեցի վրան։ Որոշել էի դուրս չգալ, մինչև չզգամ, որ վառվում եմ։ Էնտեղ էին նաև մի ռուս մայր ու աղջիկ։ Աղջիկը չէր դիմանում տաքությանը, հետն էլ չիշիկ ուներ ու ուզում էր դուրս գալ, մայրը պահում էր։ Հետո քննարկեցին պառկած դամային, ու աղջիկը հայտարարեց, որ չի սիրում, երբ սաունայում պառկում են։ Դեմքիս ժպիտ հայտնվեց, բայց վեր կենալու մտադրություն չունեի։

Էսօր լողավազանի ջուրը սովորականից սառն էր թվում․ անընդհատ մրսում էի։ Տասը շրջանի փոխարեն տասներեքը լողացի ու ավելի կարճ ժամանակում, քան սովորաբար տասն եմ լողում։ Անլուրջ լողավազանում հոսանքին հանձնվեցի։ Առաջին անգամ էի նկատում, որ եթե ձգվեմ ամբողջ մարմնով, ջուրն ինձ կտանի, ու չեմ խեղդվի։ Էնպիսի՜ հանգստացնող զգացողություն էր։ Թվում էր՝ օդի մեջ եմ։

Լողալուց հետո սաունայում էլի ռուս մայր ու աղջկա հետ էի։ Մեկ էլ մայրը ֆիններեն ինչ-որ բան ասաց՝ ցույց տալով ջրով լի դույլը։ Չգիտեմ՝ հարցնում էր ջուր ավելացնե՞մ, թե՞ չավելացնեմ։ Ասացի, որ չեմ հասկանում։ Անգլերեն ասաց, որ ռուս է։ Ռուսերեն ասացի, որ ռուսերեն խոսում եմ։ Զարմացած ռեակցիա տվեց ու արագ սաունայից դուրս եկավ։

Իսկ լողավազանից հետո արդեն լավ էի։ Սովորել եմ ինքս ինձ վերականգնվել։ Դեռ քսաներկու օր կա, բայց չգիտեմ՝ մինչև վերջնականապես կոտրվելս ինչքան է մնացել։ Կարծում էի՝ էսօր էդ օրն է ու կարծում էի՝ ժամանակն է ամեն ինչ թողնեմ ու վերադառնամ Դանիա, բայց հիմա նորից ոտքի վրա եմ ու պատրաստ չորեքշաբթի օրվան։

Advertisements

5 responses to “Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 6, ուժեղ կոտրված տեղերում

  1. uluana says:

    Էհ… 😦 Աչքիս` մինչև դու էս մի ամիսդ գլորես, մենք էլ հետդ կես մարդ կդառնանք…
    Բայց դու միշտ գրի, ոչինչ: :)))
    Լավ ա` էդ սաունան էլ կա, թե չէ` ի՞նչ էիր անելու:

    • byurie says:

      Հա, իսկականից։ Բայց մյուս շաբաթվանից գոնե դաս չունեմ, մենակ պիտի մյուս գործերով զբաղվեմ (քննություններ ու գնահատականներ հիմնականում): Հույս ունեմ՝ տենց ավելի լավ կլինեմ։
      Ի դեպ, էնքան սաունան չի, ինչքան լողավազանը։

      • uluana says:

        Դե լավ ա, մխիթարեցիր: :)))

        Հա, ճիշտն ասած` ես էլ լողավազանը նկատի ունեի, չգիտեմ ինչի էի սաունա գրել: 🙂

  2. Marian says:

    30 րոպեում հավաքվել տանից դուրս գալը, 30 րոպեում կենտրոնանալը բավական լավ արդյունք ա։ Երբեմն էդ մի մոտ մի ամբողջ օր չի ստացվում։

    • byurie says:

      30 րոպեն գումարվում ա առավոտվա մնացած գործողություններին, ու ընդհանուր բոլորը միասին երկու ժամ են կազմում։ Բայց հա, պատկերացնում եմ կենտրոնանալու դժվարություններդ կամ տնից դուրս գալ չկարողանալը։ PhD-ի ընթացքում ես էլ էի նման իրավիճակներում շատ հաճախ լինում։ Ուղղակի ներկայիս աշխատանքում բազմաթիվ կարճաժամկետ դեդլայններ ունենալն ահագին օգնում ա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: