Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 9, Կապույտ երազ

Յոենսուի լավ կողմերից մեկն այն է, որ քանի որ քաղաքում ոչինչ չի կատարվում, ամեն հետաքրքիր բան իրականացնելը քեզ վրա է։ Կարող ես զբաղվել էնպիսի բաներով, որոնց համար առաջ երբեք ժամանակ չէիր գտնում։ Ավելին՝ կարող ես միանալ հետաքրքրություններդ կիսող մարդկանց ու նրանց հետ զբաղվել քո ուզած բանով։

Երբ նոր էի տեղափոխվել էստեղ, ես էլ էդպիսի պայծառ մտքեր ունեի է՛լ ֆիլմի դիտումների, է՛լ հայերենի լեզվի կաֆե անցկացնելու, է՛լ ընթերցանության ակումբի, է՛լ երաժշտական երեկոների։ Բայց անիմաստ լավատես էի, որովհետև շուտով խրվելու էի աշխատանքի մեջ, ու միակ բանը, որ կարողանալու էի երբեմն-երբեմն կազմակերպել, սրճելը կամ տանն ընթրիքներն էին։

Այնուամենայնիվ, վերջերս Դինարան ֆեյսբուքով մեկ շուխուռ գցեց, որ հավաքում է բոլոր նրանց, ովքեր միասին նվագել-երգելու հավես ունեն, թե հետաքրքրվողներ կան, թող ձայն հանեն։ Միանգամից գրանցվեցի, հետն էլ սկսեցի ԴԴՏ-ի Это всё-ն ուկուլելեով պարապել։ Թե ինչու էդ երգը, չեմ կարող հստակ բացատրել։ Մենակ էն գիտեմ, որ նկատել էի, որ խմբում լիքը ռուսներ ու ռուսախոսներ կան։ Ուզեցի ռուսերեն որևէ երգ ընտրել, քանի որ ընտրված բոլոր երգերը կա՛մ անգլերեն էին, կա՛մ ֆիններեն։ Это всё-ն իմացածս ռուսերեն երգերից երևի ամենաանշառն էր։ Բայց որ պարզվեց՝ ուկուլելեով ահագին հեշտ է, էդ հաստատ։

Բազմալեզու երաժշտական ակումբի (այդպիսի անուն էր Դինարան տվել խմբին) առաջին հանդիպումն էսօր էր։ Ճիշտ է՝ իմ աշխատանքի համեմատ ցերեկային ժամ էր, բայց որոշեցի գործս ընդհատել, միանալ մի երկու ժամով, մանավանդ որ հենց մեր մասնաշենքի լսարաններից մեկում էլ հանդիպելու էինք։

Ընդհանրապես, Դինարան իմ Յոենսուի սոցիալական շրջանակի կարևոր մաս է կազմում։ Հետաքրքիր բան է․ երբ առաջին անգամ հանդիպել էի նրան, հաստատ գիտեի, որ երբեք մտերիմ ընկերներ չենք լինի։ Հիմա էլ եմ դրանում վստահ։ Բայց Դինարան կարևոր ներդրում ունի Յոենսուի սոցիալական կյանքում։ Իր էքստրավերտության շնորհիվ չի քաշվում նոր մարդկանց հետ ծանոթանալուց, այդ նոր մարդկանց տարբեր տեղեր կանչելուց կամ զանազան միջոցառումներ կազմակերպելուց։ Հա, ու մեկ-մեկ էլ միասին լանչի ենք գնում, երբեմն՝ Սաթուն էլ մեզ հետ։

Մի խոսքով, էսօր էդ օրն էր։ Դինարան եկավ Իրինայի հետ՝ մի ռուս տիկին, որը տասնութ տարի է, ինչ Ֆինլանդիայում է։ Իրինան պրոֆեսիոնալ դաշնակահարուհի է, ու պիտի նվագակցեր նապապես ընտրված հինգ երգերին։ Փնփնթաց, թե Ռիչարդ Մարքսի Right Here Waiting for You-ն ահագին բարդ երգ է, չենք կարողանալու երգել։ Հետաքրքիրն այն է, որ ի վերջո ամենալավ ստացված երգերից մեկը հենց դա էր։ Երևի նրանից էր, որ բոլորիս ծանոթ էր։

Հերթով սկսեցին գալ տարբեր ազգության ջահելներ։ Մի ֆին էլ կիթառով էր։ Ես իմ ուկուլելեն մի խորը տեղ պահեցի, որ ոչ ոք չասի՝ նվագի։ Սկսեցինք մի ֆիննական օրորոցայինով՝ Sininen uni (Կապույտ երազ)։ Հետաքրքիր է՝ երգի ինչ տարբերակ գտնում եմ Յություբում, ոչ մեկն էնքան սիրուն չի հնչում, ինչքան մեր կատարումն էր։ Իսկ ես դժգոհում էի, թե երգել չգիտենք։

Հետո անցանք Yesterday-ին։ Երևի եղածներից միակ երգն էր, որ քնից էլ հանեին, կերգեի։ Տարիներ առաջ, երբ կիթառի էի գնում, նվագում ու երգում էի Yesterday-ը։ Հիշում եմ՝ կիթառով ահագին բարդ էր։ Ուզեցի ուկուլելեով էլ փորձել, բայց էլի բարդ էր, զահլա չարեցի։

Մեկ էլ Голубой вагон-ը երգեցինք։ Էն երգերը, որոնք մեծամասնությունը չգիտեին, սկզբում մի երկու անգամ լսում էինք Յություբով։ Голубой вагон-ն էլ բացառություն չէր, բայց պարզվեց՝ երգի ֆիններեն ու անգլերեն տարբերակներն էլ կան։ Ու քանի որ ներկաների միայն կեսը ռուսերեն գիտեին, Դինարան որոշեց անգլերենի վրա կենտրոնանալ։ Ու էն տարբերակը, որը հնչեց էկրանից, ուղղակի կախարդական էր։

Կատարեցինք երգը ու վերջում մի տուն նաև ռուսերեն երգեցինք։ Հետաքրքիր զգացողություն էր․ կանգնած ես ֆիննական մի կորած քաղաքում ու երգում ես քո մանկության երգերից մեկը ուրիշ՝ քո չափահասության, պրոֆեսիոնալ ու անձնական կյանքի լեզվով։ Հետո պիտի գայի տուն ու փորփրեի այս աղջկա ալիքը ու լիքը սիրուն կատարումներ գտնեի։

Երաժշտական ակումբի հանդիպմանը մինչև վերջ չմնացի։ Հետ գնացի աշխատասենյակս ստատիստիկայի տնայինները ստուգելու ու այլ մանր-մունր պոչերով զբաղվելու, որ հանգիստ շաբաթ-կիրակին վայելեմ․ գիշերը Մորթենը գալիս է։ Բայց երաժշտական ակումբը շատ հավես բան էր։ Հիշեցի այն կիրակնօրյա առավոտը, երբ Մառլենը մեզ հյուր էր եկել, ու երեքով զանազան երգեր էինք նվագում ու երգում ու հարևաններին գժվացնում։

7 thoughts on “Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 9, Կապույտ երազ

  1. Հիմա դու վերջը երգեցի՞ր ДДТ-ն, թե՞ չէ:

    «Կապույտ երազը» լավն էր: «Կապույտ վագոնի» անգլերեն տարբերակն էլ: :))) Ինչ կապտաշատ հավաքույթ ա եղել, փաստորեն: 😀

    Ի դեպ, Yesterday-ը ես էլ էի մի ժամանակ երգում Արեգի համար` որպես օրորոցային: :)))

    1. Չէ, չերգեցի, թռա 😀 Հա, հա՛մ կապտաշատ էր, հա՛մ Yesterday-աշատ։ Մի հատ ուրիշ երգ էլ կար, որ երբևէ չէի լսել, Yesterday եսիմինչ եսիմինչ էր կոչվում։ Հենց էդ երգի ժամանակ գնացի։

  2. Sininen uni-ն իմ ամենասիրած ֆիննական երգերից ա, փորձել էի նույնիսկ երգել սովորել մինչեւ Ֆինլանդիա գալս

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s