Վերջին 26 օրը Ֆինլանդիայում. օր 10, կարաոկե

Քսանութ օրը դարձավ քսանվեց, որովհետև տոմսս փոխեցի ու որոշեցի հեռանալ հնարավոր ամենաշուտ օրը` փետրվարի 26-ին։

Իսկ այս շաբաթ-կիրակի Մորթենն այստեղ էր։ Քաղաքում թափառելուց, սաունայից ու ընթրիքից հետո որոշեցինք կարաոկե գնալ։ Հետաքրքիր է՝ կարաոկեների հետ կապված միշտ լիքը մազալու հիշողություններ ունեմ, ու կարաոկե գնալու իմ նպատակը ոչ թե որևէ տեսակի տաղանդ ցուցադրելն է, որն էսպես թե էնպես չունեմ, այլ մի կուշտ ջրիկանալը։

Երբ սկանդինավյան պետությունները միացնում են իրար ու բոլորի մասին ընդհանրացումներ անում, ահագին զարմանում եմ, որովհետև դրանք իրականում տարբեր են։ Ու հենց կարաոկեների տարածվածությունն այդ տարբերակիչ հատկանիշներից են։ Կոպենհագենում ընդամենը մի կարաոկե բար կա, այն էլ էնպիսի մի տեղ է, որտեղ երկրորդ անգամ չես ուզում ոտք դնել։ Աթոռներն ու սեղանները հնամաշ են ու հետսովետական շունչ են հաղորդում սրահին, պատվիրվող երգերը հիմնականում էնպիսիք են, որ նույնիսկ ամենախմած ժամանակ չէիր ուզենա լսել կամ կատարել։

Կոպենհագենի միակ կարաոկե բարը միայն մի անգամ եմ գնացել ընկերներիս՝ Մառլենի ու Անդրեասի հետ, իսկ ավելի ուշ նաև Մորթենը մեզ միացավ։ Այդ օրը շատ լավ եմ հիշում, որովհետև առաջին անգամն էր, որ Մորթենին ընկերներիս հետ էի ծանոթացնում, ու չգիտեի՝ ոնց ներկայացնել ու ոնց պահել։ Այդ օրվանից ես ու Մորթենն իրարից ահագին տարբերվող հիշողություններ ունենք։ Ես հիշում եմ, որ մենք միասին երգել ենք, Մորթենն ասում է՝ էդպիսի բան չի եղել։

Ֆինլանդիայում, ի տարբերություն Դանիայի, ընդհանրապես կարաոկեները բավական տարածված են ու մոդայիկ։ Հելսինկիում երկու անգամ եղել եմ երկու իրարից խիստ տարբերվող խմբերի հետ, երգել իրարից խիստ տարբեր երգեր, բայց երկու դեպքն էլ իմ հիշողության մեջ հավերժ կմնան իրենց անքուն գիշերներով ու շատ ուժեղ հույզերով։

Իսկ երեկ ուզեցի Ֆինլանդիայում մի վերջին անգամ կարաոկե գնալ։ Իմ տան մոտ մեկը կա, որի մոտով անցնելիս միշտ մտածում էի՝ մի օր գնամ էնտեղ։ Ու քանի որ Մորթենը քաղաքում էր, քաղաքում էր վերջին անգամ, որոշեցի էս անգամ առիթը բաց չթողնել։ Մեզ միացան նաև ուսանողներիցս մեկն իր կնոջ հետ, ու մենք չորսով անգլերեն երգերով ներխուժեցինք մի ֆիննական կարաոկե, որտեղ բոլոր երգերը ֆիններեն էին մինչև մեր հայտնվելը։

Երբ ես ու ուսանող Ալանիս Մորիսեթի You Oughta Know-ն սկսեցինք երգել, բարում անսովոր աշխուժություն սկսվեց։ Մի քանի հոգի հայտնվեցին բեմի դիմաց ու սկսեցին պարել։ Իսկ հետո բարում նորից նույն տխուր մթնոլորտն էր ու ֆիններեն երգերը, որոնք երբեմն-երբեմն ընդհատվում էին մեր անգլերեններով։

Բարի էդ տխուր մթնոլորտն էնքա՜ն ուժեղ էր զգացվում։ Ոնց որ օդի մեջ կախված չխոսացված, չհաղորդակցված տխրություն լիներ, ու բոլորը եկել էին լսելու ուրիշների անտաղանդ կատարումները։ Ամբողջ բարում չորսիցս բացի մեկ էլ մի երեք հոգի էին երգում։

Այս կարաոկեն էլ երբեք չեմ գնա, նույնիսկ եթե տեսականորեն Յոենսուում նորից հայտնվեմ։

2 thoughts on “Վերջին 26 օրը Ֆինլանդիայում. օր 10, կարաոկե

  1. Իսկ մինչև հիմա բախտ չի վիճակվել Կարաոկեում լինել` ոչ Հայաստանում, ոչ էլ ԱՄՆ-ում: Մենակ անընդհատ ուրիշների` կարաոկե գնալու մասին եմ լսում ու նախանձում: Մի անգամ տենց տխուր-տխուր Արշակին ասեցի, որ երբեք չեմ գնացել կարաոկե, ասեց` մեծ բան չես կորցրել. իրականում լրիվ լոքշ ա. մարդիկ հավաքվում են, ամեն մեկն իրանից գոհ, բայց անտաղանդ երգում ա, մյուսներն էլ քաղաքավարությունից դրդված ծափ են տալիս, հույ-բույ, որ իրան լավ զգա: 😀 Բայց դե, մեկ ա, նույնիսկ եթե տենց ա, կուզենայի գոնե մի անգամ աչքովս տեսնել: 😀

    Համ էլ շնորհավոր յոենսուական ծանր ժամանակաշրջանիդ կրճատման կապակցությամբ: :)))

    1. Արշակն ինչ-որ իմաստով ճիշտ ա ասում․ եթե կարաոկեն լուրջ ես ընդունում, բավական լոքշ մի բան ա դառնում։ Բայց ամբողջ կայֆն անլրջության մեջ ա, ու ես ուր էլ գնում եմ տարբեր խմբերի հետ, կարաոկեի ժողովուրդը վատանում ա մեր անլրջությունից։ Ասենք, հիշում եմ՝ մի անգամ կուրսեցիներով էինք գնացել։ Մեկը նենց բարդ-բարդ երգեր էր պատվիրում, որ իրա տաղանդը ցուցադրեր, իսկ մենք մի քանի հոգով ջրիկ-ջրիկ բաներ էինք երգում։ Էդ լուրջ երգողն ահագին կատաղել էր մեր վրա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s