Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վերջին 26 օրը Ֆինլանդիայում․ օր 18, աշխատակիցներս

on February 18, 2018

Նախորդ երեք օրերին չհասցրի որևէ բան գրել։ Մի կողմից զբաղվածություն էր (բացի նրանից, որ Մանուն մոտս էր, մինչև գիշերվա ժամը հազարը գրավորներ էի ստուգում), մյուս կողմից լրիվ ուժասպառ լինելս․ երեկ գրեթե ամբողջ օրը քնել եմ։ Պարբերաբար արթնանում էի ու քթիս տակ ինչ-որ բաներ մտմտում, տանը մի երկու շրջան անում, քնաթաթախ պատասխանում նամակներիս ու նորից պառկում քնելու։

Եվ հիմա կիրակի օրով, երբ տնից բացարձակապես դուրս չեմ եկել, ու նորից օրս մեծ մասամբ անցել է քնելով, ուտելով ու գիրք կարդալով, երբ աշխատավայրից որևէ մեկի տեսնելու հավանականությունը զրո է ոչ թե նրա համար, որ կիրակի է, այլ որովհետև տանն եմ, ուզում եմ պատմել աշխատակիցներիս մասին, որոնք Յոենսուում անցկացրածս վեց ամիսների ընթացքում իմ կյանքի կարևորագույն մասերից են կազմել։

Հենց առաջին օրերից էլ նկատել էի, որ մի հարցում բախտս լավ բերել է․ Յոենսուի մեր ամբիոնի աշխատակիցները մեկը մեկից լավ մարդիկ են ու անասելի ջերմ։ Չգիտեմ՝ դաժան աշխատանքային պայմաննե՞րն են պատճառը, որ դուռը ծեծելն ու հարցնելը՝ ո՞նց ես առօրյայի մի մաս էր դարձել, թե՞ ուղղակի մրցակցության ի սպառ բացակությունն էր թույլ տալիս մարդկանց ջերմ լինել։ Իսկ մրցակցության բացակայությունը երկու պատճառ կարող էր ունենալ․ մեկն այն էր, որ ամեն ոլորտից միայն մեկ-երկու նեղ մասնագետ կար, ու մրցակցելն անիմաստն էր դառնում։ Մյուսն էլ այն էր, որ Յոենսուում հայտնվել էին հենց չմրցակցող, ամբիցիաները մի կողմ դրած մարդիկ։

Ամեն ինչից բացի, մեր ամբիոնում նաև ամենաերիտասարդն էի։ Հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ սա իրոք երիտասարդ, երեխա չունեցող մարդկանց տեղ չէ։ Տեսնես ինձ նման քանի՞ հոգի է նախկինում եղել այստեղ ու շուտ հեռացել։

Առաջինը Քեթիի հետ ծանոթացա։ Նրա հստակ տարիքը չգիտեմ, միայն գիտեմ, որ մոտավորապես իմ տարիքի աղջիկ ունի։ Քեթին ամերիկուհի է, ու Յոենսուում հայտնվել է ԱՄՆ-ում ակադեմիական մրցակցությանը չդիմանալու արդյունքում։ Հենց առաջին օրերից սկսեց ինձ գրասենյակիցս հանել, հետը սուրճ խմելու տանել։ Ինձ ասում էր, որ երբ նոր էր եկել Ֆինլանդիա, ահագին մոլորված էր զգում իրեն, ու ամբիոնի մեկ այլ աշխատակից ահագին օգնել էր իրեն։

Քեթիին վաղուց չեմ տեսել։ Բըրնաութի պատճառով արձակուրդում է։ Իսկ առաջ տեսնում էի ամեն օր՝ օրվա բոլոր ժամերին, անգամ շաբաթ-կիրակի։

Հետո նաև Ալեքսանդրան էր՝ իմ անմիջական հարևանը: Եկավ ուրախ-ուրախ, ներկայացավ, մի քիչ խոսեցինք դեսից-դենից։ Ալեքսանդրան գերմաներենի մասնագետ է, ազգանունը՝ Լոպեզ, անգլերեն խոսում էր ուժեղ բրիտանական առոգանությամբ։ Հետագայում նրան պիտի պատահաբար հանդիպեի լողավազանում։ Մինչ այդ լողավազանում ծանոթ մարդ չտեսնելն ուղղակի երջանիկ պատահականություն էր․ Յոենսուն փոքր քաղաք է, կենտրոնին մոտ լողվազանը՝ միայն մեկը։ Բայց երբ յոթերորդ անգամ էնտեղ գնացի, հանդիպեցի Ալեքսանդրային, որը շարժվում էր ճիշտ նույն ռուտինով, ինչ ես։ Հենց դրա համար վերջում նաև սաունայում տեսա նրան։ Ինքը նստած էր մերկ ու հեչ պետքը չէր, իսկ ես առաջին անգամ այդ սաունայում փաթաթվել էի սրբիչով։ Ու չգիտեի՝ ինչն էր ավելի անհարմար զգացողություն առաջացնում․ կոլեգայի ներկայությամբ մերկ նստե՞լը, թե՞ կոլեգայի ներկայությամբ ամաչելը։

Հենց սաունայում էր, որ Ալեքսանդրային հարցրի, թե ինչքան ժամանակ է, ինչ Յոենսուում է ապրում։ Ասաց, որ այստեղ չի ապրում, Լոնդոնում է ապրում։ Ամիսը մեկ գնում է Լոնդոն։ Ճիշտ այնպես, ինչպես ես Կոպենհագենն եմ անում։ Բայց Լոնդոնն ավելի հեռու է, չվերթներն ավելի թանկ են, ժամային գոտիների տարբերությունն ավելի մեծ է։ Ու Ալեքսանդրան դա անում է արդեն յոթ տարի։ Ասացի, որ ես վեց ամսից երկար չձգեցի։

Մյուս կողքի հարևանս Յուկկան է, որը վերջերս ամբիոնի վարիչ է դարձել։ Դեռ վեց տարի առաջ ինձ Պոտսդամում դաս է տվել, բայց այդ մասին բացարձակապես ոչինչ չի հիշում։ Յուկկան ֆին է՝ մեր ամբիոնի հազվագյուտ ֆիններից։ Երբեմն միասին սուրճի կամ լանչի ենք գնում։ Ու էդ լանչերից մեկի ժամանակ էր, որ հայտարարեց, որ ամբիոնի վարիչ է դարձել։

Դռանս մոտով հաճախ անցնում է մի պարոն, որի անունը չգիտեմ, ու հարցնում է՝ երբ եմ տուն գնալու։ Անցնում է նաև մի տիկին, որը դիմացիս հարևանն է, հարցնում՝ թե արդյոք տուն չունե՞մ։

Դե ամբիոնի PhD ուսանողների հետ էլ հաճախ սուրճի ու լանչի եմ գնում։ Մի տեսակ հետաքրքիր է էստեղի էս հոգատարությունը միմյանց նկատմամբ։ Կոպենհագենում դա երբեք չեմ զգացել, ավելի ճիշտ՝ զգացել եմ միայն նեղ շրջանակում։ Էսպիսի հոգատարություն տիրում էր PhD ուսանողների միջև, մեկ էլ մեր թիմի ներսում։ Իսկ ամբիոնի մնացած աշխատակիցներն ապրում էին իրենց կյանքը՝ առանց գաղափար ունենալու միմյանց գոյության մասին։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: