Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ճանապարհային պատմություններ կամ թե ինչպես էթնիկ դանիացու պատկերացումները գլխիվայր շուռ եկան

on March 12, 2018

Օրհուսում աշխատել սկսելուց կարճ ժամանակ անց հայտնաբերեցի, որ Օրհուս-Կոպենհագեն գնացքի տոմսերն աստղաբաշխական թվերի են հասնում շաբաթ-կիրակի օրերին, ու փորձեցի այլընտրանք գտնել։ Ավտոբուսները չափազանց անհարմար էին։ Դրա համար ի վերջո որոշեցի բախտս փորձել gomore-ի հետ․ գտնում ես համակարգում գրանցված վարորդի, ով քո ուզած օրն ու ժամին ճամփորդում է քո ուզած կետերի միջև, միանում համակարգին, վճարում գնացքից շատ ավելի քիչ, բայց ավտոբուսի տոմսի գնին մոտ գումար, ու միասին ճանապարհվում։

Էդպես փորփրեցի, գտա Շիմային, որը կիրակի երեկոյան Կոպենհագենից գնում էր Օրհուս։ Վարորդին ընտրելիս բավական բծախնդիր էի։ Նկարներն էի նայում, կատարած տեղափոխությունների թիվն էի նայում, ունեցած աստղերն էի նայում։ Շիման ամենահարմար տարբերակն էր։ Միակ թերությունն այն էր, որ պրոֆիլում չէր գրել, թե որտեղ ենք հանդիպում։ Բայց գրանցվելիս հարցրի։ Պատասխան չկար։

Շաբաթ երեկոյան հեռախոսին հաղորդագրություն ուղարկեցի։ Էլի պատասխան չկար։ Կիրակի առավոտյան քիչ էր մնում՝ պատվերս չեղարկեի, այլ վարորդի ընտրեի կամ ստիպված գնացք նստեի։ Հետո մի քիչ մտածեցի, ևս մեկ նամակ գրեցի, բայց այս անգամ անգլերեն ու բավական հուսահատ տոնայնությամբ։ Րոպեներ անց պատասխանեց՝ մանրամասն բացատրելով, թե որտեղ ենք հանդիպելու։

Հանդիպեցինք պայմանավորված վայրում։ Շիման պարսկուհի էր, իսկ ես պարսիկների հանդեպ թուլություն ունեմ։ Թիթիզ-միթիզ վարդագույն ձեռնոցներով, տիպիկ պարսկական արտաքինով, հաճելի հոտով օծանելիքով նստած էր ղեկի մոտ ու քրոջ հետ հեռախոսով խոսում էր, մինչ մյուս ուղևորներն էլ կգային։ Նստեցի հետևում։

Շիման հարցրեց, թե արդյոք դանիացի եմ։ Հարցից ծիծաղս եկավ․ նայիր ինձ ու քեզ ու տես, որ մենք երկուսս շատ ավելի շատ ընդհանրություններ ունենք, քան այն դանիացի ուղևորները, որոնք մի քանի րոպեից կհայտնվեն։

Ինձնից հետո հայտնվեց մի երիտասարդ աղջիկ ու դանիերեն հարցրեց, թե արդյոք Շիման է վարորդը։ Շիման խնդրեց անգլերենի անցնել, որովհետև դանիերեն չգիտի։ Աղջիկը զարմացավ կամ ջղայնացավ ու Շիմային ասաց․
— Բա ո՞նց ես գործ ճարել, եթե դանիերեն չգիտես։
— Ես վիճակագիր եմ։ Գործիս տեղն աշխատանքային լեզուն անգլերենն է։
Էստեղ պարզ դարձավ, թե ինչու էին իմ դանիերեն հաղորդագրություններն անպատասխան մնում։
— Դու գոնե դանիերեն խոսու՞մ ես,- հարցրեց աղջիկը՝ դիմելով ինձ ու անցնելով դանիերենի։
— Հա, մի քիչ,- ասացի։
Եկավ նաև վերջին հաճախորդը՝ Պիան, որը տեղավորվեց ազատ մնացած դիմացի նստատեղում։ Միջին տարիքի դանիացի մի կին, որը Կոպենհագենում այցելում էր իր ուսանող աղջկան։ Պիան էլ իր հերթին զարմացավ, որ Շիման դանիերեն չի խոսում։
— Ինչքա՞ն ժամանակ է, ինչ Դանիայում ես,- հարցրեց ճանապարհին։
— Վեց տարի։
— Ո՞նց։ Ու մինչև հիմա դանիերեն չգիտե՞ս։ Էդպես չի կարելի, պիտի սովորես։
— Դե երբ եկա PhD անելու, չէի ուզում Դանիայում մնալ։
Էստեղ հաստատ Պիայի մազերը բիզ-բիզ կանգնեցին․ յուրաքանչյուր միջին վիճակագրական դանիացի համոզված է, որ ամբողջ աշխարհը երազում է գալ Դանիա ու մնալ այնտեղ։ Պիան միջին վիճակագրական դանիացի էր, Շիման՝ Դանիայում հայտնված իմիգրանտ, որն առաջին տարիներին չէր ուզում Դանիայում մնալ։
— Ուզում էի ԱՄՆ կամ ՄԹ գնալ,- շարունակեց,- այսինքն, ԱՄՆ գնացի, բայց դուրս չեկավ, հետ եկա։
Պիան շուռ եկավ դեպի ինձ․
— Դու՞ էլ դանիերեն չես խոսում։
— Խոսում եմ։ Գործիս տեղն էլ աշխատանքային լեզուն դանիերենն է։
Մինչ այդ հասցրել էի ասել, որ Օրհուսում պոստդոկ եմ անում։
— Ո՞նց, բայց ես էլ եմ Օրհուսում պոստդոկ արել, անգլերենը հերիք էր,- ասաց Շիման։
Բացատրեցի, որ իմ հետազոտության բուն թեման հենց դանիերենն է, ու դրա համար մեծ մասամբ դանիերեն եմ խոսում։

Իսկ ճանապարհին Պիան ու կողքս նստած աղջիկը միմյանց հետ դանիերեն էին խոսում՝ լեզուն գործածելով օտարներին որպես իրենց շրջանից դուրս թողելու գործիք։ Այդ գործիքին շատ լավ ծանոթ էի դեռ Կոպենհագենի համալսարանում աշխատելու ընթացքում։ Ու երբեք մտքովս չէր անցնում, որ այդ նույն լեզուն կարող էր կիրառվել նաև որպես մարդկանց իրենց շրջան ներս թողնելու գործիք, ինչպես արվում էր Օրհուսի համալսարանում․ բոլորը միմյանց հարցնում են, թե արդյոք անգլերեն ու դանիերեն են նախընտրում, ու քեզնով հետաքրքրվում են դանիերեն, քեզ ներառում զրույցների մեջ։ Մի բան, որ այնքա՜ն պակասում էր Կոպենհագենում, ու մի բան, որ Պիան ու այն աղջիկը չէին կարողանում կամ չէին ուզում անել։

Երբ հասանք նավին, չորսս տարբեր ուղղություններով ցրվեցինք։ Երբ նավը հատեց ջրային տարածությունը, ու մեքենայի մոտ հանդիպեցինք, վառ լուսավորության տակ հանկարծ նկատեցի կողքիս աղջկա դիմագծերը․ հաստատ էթնիկ դանիացի չէ։ Սև աչք-ունքով ու թուխ մաշկով․ կարող է արաբ լինել, կարող է պարսիկ լինել, կարող է որտեղից ասես լինել, բայց ոչ զտարյուն դանիացի, ինչպես իրենք են սիրում սահմանել։ Ու դա Պիայի աչքից էլ չվրիպեց, որովհետև եթե մինչ այդ թիմավորվել էր աղջկա հետ «մենք ու նրանքի», ապա դրանից հետո աղջիկն էլ դուրս մղվեց դանիականության շրջանակից, ու մենք դարձանք երեք, իսկ Պիան մենակ մնաց։

— Դու դանիացի՞ ես,- հարցրեց Պիան։
— Հա, Դանիայում եմ ծնվել,- պատասխանեց աղջիկը, որի անունը, ինչպես ընթացքում իմացանք, Հանին է՝ արաբական անուն։
— Իսկ ծնողներդ որտեղի՞ց են։
— Մայրս պարսիկ է, հայրս՝ Իրաքի արաբ։
— Պարսկերեն ու արաբերեն գիտե՞ս։
— Պարսկերեն ընդհանրապես չգիտեմ, իսկ արաբերեն՝ շատ վատ,- հպարտությամբ հայտարարեց։
— Ես սարսափում եմ, որ իմ երեխան կարող է պարսկերեն չիմանալ,- ասաց Շիման,- իմ ընկերների երեխաները չգիտեն, որովհետև ծնողները հետները դանիերեն են խոսում։
Պիան շրջվեց դեպի ինձ․
— Դու՞ էլ ես արաբ։
— Չէ՛, ես Հայաստանից եմ։
— Էս ինչ էկզոտիկ երկրներից եք բոլորդ,- ասաց Պիան։
Մեքենան արդեն դուրս էր եկել նավից, ու դանդաղ շարժվում էր Օրհուսի փողոցներով՝ մոտենալով կայարանին, որտեղ պիտի բոլորս իջնեինք։
Իսկ ճամփորդությունից հետո, հավատացած եմ, Պիան երկար մտածեց «ոչ արևմտյան»  իմիգրանտների (տերմին, որ լայնորեն կիրառվում է քաղաքական դաշտում ու անգամ օրենքներ ընդունելիս) ու նրանց սերունդների մասին։ Երևի զարմացավ, որ կարող ենք բարձրագույն կրթություն ունենալ, կարող ենք աշխատել ու հարկատու լինել, կարող ենք նաև ընտրել, թե որտեղ ենք ուզում լինել ու կարող ենք իրենց մայրենի լեզուն հետազոտել։ Զարմացավ երևի, որովհետև իր կարդացած թերթերում լրիվ ուրիշ բաներ են գրվում մեր մասին։ Բայց հաստատ այդ նույն թերթերը կարդացող ընկերներին անպայման կպատմի Կոպենհագենից Օրհուս այդ հիշարժան ճամփորդության մասին այն երեք հաճելի ոչ-արևմուտքցի կանանց հետ։

Advertisements

6 responses to “Ճանապարհային պատմություններ կամ թե ինչպես էթնիկ դանիացու պատկերացումները գլխիվայր շուռ եկան

  1. Marian says:

    Էդ պահերը իմ ամենասիրած պահերն են, երբ զգում ես, որ ջարդեցիր դիմացինիդ կարծրատիպերը

    • byurie says:

      Հա 😀 էդ ամբողջ ընթացքում երբ երկուսով հարձակվել էին Շիմայի վրա, Շիման էլ մեկիկ-մեկին կարծրատիպերը ջարդում էր, ես լայն ժպտում էի։ Լավ ա՝ մութ էր, ժպիտս չէր էրևում 😀

  2. Marian says:

    Սիրեցի Շիմային։ Մի անգամ ավտոբուսում էի Ֆինլանդիայում, սովորություն ունեմ fb feed@ scroll եմ անում, նորությունների, հետաքրքիր էջերի եմ բաժանորդագրված, կարդում եմ։Մեկ էլ մի մեծ կին հետեւս նստած զգամ մրթմրթում ա։ Դե զարմացա սկզբից, ֆիննական ավտոբուսի մեջ, տարօրինակ էր շատ։ Մեկ էլ պտտվեմ տեսնեմ ինձ ա ինչ որ բան ասում։ Անգլերենով հարցրի ինչ ա եղել։ Մեկ էլ ասում ա “You don’t even read that, you just do..” ու ցույց ա տալիս մատներով արագ հեռախոսի էկրանը scroll անելը։ Ասեցի “I am reading, I can read fast as I am a researcher”. Մեկ էլ պատասխանեց, թե բա Really? Ասեցի Really։ Մյուս կանգառում իջավ, չգիտեմ էլ իրա կանգառն էր, թե ամոթից։

  3. Marian says:

    Հա, ու շատ հանգիստ ձայնով եմ պատասխանել իրա մրթմրթոցին։ Չնայած ուրախացել էի, որ ռեալ էմոցիաներով մարդ էի տեսել Ֆինլանդում, որը կարա նաեւ հունից դուրս գա։ Ամեն օր չես տեսնի։ 😀

    • byurie says:

      Հա, սովորաբար տատի-պապիները հեշտությամբ են հունից դուրս գալիս։ Մեր տակի հարևանը վկա 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: