Հեղափոխությունից դուրս մնացած ոլորտը

Ամիսներ առաջ, երբ անդրադարձա արդեն նախկին իշխանությունների վերաբերմունքին գիտությանը, դեռ չգիտեի, որ խնդիրն ավելի խորքային էր, քան պատկերացնում էի։ Նոր իշխանությունների մասին դեռ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև շուտ է։ Բայց եթե ենթադրենք, որ նոր իշխանությունները հետևելու են հանրային կարծիքին, ստորագրահավանքներին, նամակներին ու հեռախոսազանգերին, ապա դժվար թե Հայաստանում գիտությանն ավելի լավ ապագա սպասվի, քան ՀՀԿ-ական իշխանության օրոք էր։

Գիտության խնդիրների մասին առայժմ չենք բարձրաձայնում։ Ասում են՝ իշխանությունները նոր են, սուս մնացեք, թող աշխատեն, գիտությանն էլ հերթը կհասնի։ Այնուամենայնիվ, ուշադիր հետևելով կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությանը՝ նկատեցի, որ գիտության մասին ոչինչ չէր ասում։ Լավ, ըմբռնումով ենք մոտենում․ ավելի հրատապ հարցեր կան։ Բայց այս ընթացքում մի տխուր հետևություն արեցի․ Հայաստանի հասարակության մեծ մասը գիտության կարևորությունը չի գիտակցում ու չի ընդունում։ Գիտությամբ զբաղվելը ոչ պատվաբեր է։ Իսկ շատերը չեն տեսնում նաև, թե ինչ կապ կա գիտության և կրթության միջև։

Հայերենում կա «խելքը գիտությանն է տվել» արտահայտությունը, ինչը, ի դեպ, հենց իմ ու գիտնական ընկերներիս մասին բավական հաճախ էին օգտագործում, երբ իմանում էին, որ ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ։ Արտահայտությունն օգտագործողների համար գիտությամբ զբաղվել նշանակում է չզբաղվել կյանքի ամենակարևոր գործերով, որոնք, ըստ իրենց, կայուն եկամուտ ունենալը, ընտանիքն ու երեխաներն են։ Մի կողմ թողնենք, որ գիտությունն ու այս «կարևոր» գործերը կատարյալ աշխարհում այնքան էլ իրար չեն հակասում։ Այստեղ պարզապես վերաբերմունքի հարց է․ գիտությամբ զբաղվել նշանակում է կյանքից հետ մնալ, մոռանալ «կարևորի» մասին, չլինել հասարակության լիարժեք անդամ։

Համեմատության համար ասեմ, որ ամեն անգամ, երբ Դանիայում ասում եմ, որ գիտությամբ եմ զբաղվում, քիչ է մնում՝ դիմացինս խոնարհվի իմ առաջ։ Ու չնայած այստեղ էլ երկրի ղեկավարությունն անընդհատ պակասեցնում է գիտության ֆինանսավորումը, դանիացիները շարունակում են հարգել գիտնականներին, իսկ գիտությամբ զբաղվելը համարվում է խիստ պատվաբեր։

Երբ եվրոպական մաստերս վերջացնելուց հետո եկա Հայաստան, ու փորձում էի աշխատանք գտնել, առողջապահության նախարարություն գնացի։ Երբ ինձ հարցրին, թե ինչ եմ սովորել, ու իմացան, որ կլինիկական լեզվաբանությունը գիտական մասնագիտություն է, ինձ թարս նայեցին ու ասացին․
— Կարծում ես՝ Հայաստանին դա պե՞տք ա։

Կասեք՝ ՀՀԿ-ն ու իրենց ժամանակների նախարարությունը։ Բայց հիմա նոր ժամանակներ են, հնարավորություն կա գիտությանը լուրջ ուշադրություն դարձնելու։ Ու Արայիկ Հարությունյանի՝ Ազատությունով ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ վերջապես մի օգտատեր գիտության մասին հարց է տալիս։ Լրագրողը կարդում է հարցը։ Արայիկ Հարությունյանը սկսում է պատասխանել հարցին։ Լրագրողն ընդհատում է, ինչ-որ ուրիշ բան ասում, անցնում այլ հարցի։ Նույն կերպ Նվեր Մնացականյանը հարցազրույցի ժամանակ գիտությանը ձևի համար մի հարց չի տրամադրում։ Լրագրողի համար գիտությունը կարևոր չէ։ Լրագրողի Հայաստանին գիտություն պետք չէ, կրթության և գիտության նախարարը սահմանափակվում է կրթությունով։ Բայց կրթություն առանց գիտության չի կարող լինել։ Ավելին՝ հաճախ նույնիսկ հնարավոր էլ չէ դրանց միջև սահման դնել։

Վերջերս երբ Հայաստանում էի, մի համալսարանի դասախոս հարցրեց, թե Դանիայում ինչ եմ անում։ Ասացի, որ բժշկությունը թողել եմ, գիտությամբ եմ զբաղվում։ Խղճահարությամբ նայեց ինձ, ասես կյանքս չէր ստացվել ու որպես մխիթարանք առաջարկեց․
— Գոնե քույր աշխատեիր։

Սա ասում է համալսարանի դասախոս։ Ասում է մի մարդ, որն ըստ էության ինքն էլ պիտի գիտությամբ զբաղվի, բայց նրա համար գիտությունն ինչ-որ ցածրակարգ մի բան է, որով մարդիկ զբաղվում են ճարահատյալ, երբ ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ու, փաստորեն, հենց այնտեղ, որտեղ կրթությունն ու գիտությունը պետք է էնպես միահյուսված լինեն, որ չկարողանաս իրարից անջատել, առաջանում է կրթություն-գիտություն անդունդը։ Եվ գիտության բացակայության պատճառով է, որ կրթությունն այս մակարդակի վրա է։

Որպես մի վերջին փորձ փնտրեցի «համալսարան» բառի սահմանումը։ Ագլերեն University բառի վիքիպեդիայի հոդվածում գրված է, որ համալսարանը բարձրագույն կրթական և գիտական հաստատություն է, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Իսկ հայերեն հոդվածում համալսարանը դառնում է բարձրագույն ուսումնական հաստատություն, որը «ուսումնական կոչումներ» է շնորհում։ Ոչինչ չկա գիտության մասին։ Ստուգեցի ինձ քչից-շատից ծանոթ մնացած բոլոր լեզուներով հոդվածները։ Բոլորում էլ բառի սահմանման մեջ ինչ-որ կերպ հիշատակվում են «գիտություն» կամ «գիտական» բառերը։

Հիմա կասեք՝ հոդվածը կարելի է խմբագրել։ Իհարկե կարելի է։ Եվ էդպես էլ կանեմ։ Բայց փաստորեն նույնիսկ հայերեն վիքիպեդիայում համալսարանը սահմանվում է որպես կրթական, գիտությունից անջատ մի կառույց։ Իսկ կրթությունն առանց գիտության գոյություն ունենալ չի կարող։

Համալսարանն այն վայրն է, որտեղ գիտելիքը ոչ միայն փոխանցվում է, այլև ստեղծվում։ Լսարան մտնող դասախոսները սովորաբար գիտնականներ են, որոնք ոչ միայն կարող են իրենց ստեղծած գիտելիքով կիսվել, այլև տիրապետում են իրենց ոլորտի վերջին գիտելիքներին (այլ գիտնականների ստեղծածին)։ Եթե տեղյակ չլինեն, իրենց ստեղծածն էլ անարժեք կլինի։ Հենց սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում բուհական կրթությունը խայտառակ վիճակում է։ Դասախոսների մեծ մասը գիտությամբ չի զբաղվում, հետևաբար տեղյակ չեն, թե ինչ նոր գիտելիք կա աշխարհում։ Արդյունքում՝ լսարանում նստած ուսանողներին հին մեթոդներով փոխանցում են հնացած գիտելիք, որը ոչ մի բանի պետք չի գալու։

Բայց ուսանողը նաև մասնակցում է գիտելիքի ստեղծման ընթացքին։ Տիպիկ օրինակը PhD-ուսանողները (ասպիրանտները) կլինեն, որոնց կրթություն ստանալը հենց գիտելիք ստեղծելն է, ու ավարտվում է այդ ստեղծված գիտելիքի պաշտպանությամբ։ Հայաստանում, փաստորեն, շատ քիչ ոլորտներում մատների վրա հաշված ասպիրանտներ են նոր գիտելիք ստեղծում։ Մնացածներին գիտությունների թեկնածուի աստիճանն ուղղակի շնորհվում է, ինչպես նշված է վիքիպեդիայի հոդվածում։

Գիտելիքի ստեղծման պրոցեսին կարող են մասնակցել նաև մագիստրատուրայի և անգամ բակալավրիատի ուսանողներ, որոնք իրենց ներդրումն են ունենում գիտելիքի ստեղծման պրոցեսում կամ սովորում են ինչպես գիտելիք ստեղծել։ Դեռ ուսանողական տարիներից բժշկականում անընդհատ հոգեբուժության ամբիոնի դուռն էի ծեծում, որ գիտական աշխատանք անեմ։ Ամբիոնի վարիչն ինձ անընդհատ ուղարկում էր ռեֆերատ գրելու։ Ու երևի մտքով չէր անցնում, որ հանձնածս բոլոր ռեֆերատներն իսկապես գրել էի, որևէ տեղից չէի թխել կամ գնել։ Բժշկականում միայն մի երկու ամբիոն կար, որտեղ ուսանողներն իսկապես ներգրավվում էին գիտական գործընթացներին։ Բժշկականում մատների վրա հաշված դասախոսներ կային, որոնք մեզ ոչ թե քսաներորդ դարի կեսերի, այլ քսանմեկերորդ դարի գիտելիք էին փոխանցում։ Ու տարօրինակ կերպով հենց նրանք էին, որ գիտությամբ էին զբաղվում։ Տարօրինակ կերպով նրանցից շատերն այլևս Հայաստանում չեն ու դժվար՝ վերադառնան, եթե գիտության նկատմամբ նման վերաբերմունքը շարունակվի։

Հետհեղափոխական Հայաստանում իսկապես շատ խնդիրներ կան լուծելու, ու լիովին հասկանում եմ, որ նախարար Արայիկ Հարությունյանն այժմ զբաղված է ավելի հրատապ հարցերով, ինչպիսին դպրոցներում դրամահավաքներն են։ Բայց Այբ հիմնադրամի աուդիտ կազմակերպելու հետ մեկտեղ կարելի է նաև պարզել, թե ինչպես էր ստացվում, որ նախկին իշխանությունները խոստանում էին ավելացնել գիտության ֆինանսավորումն ու էդպես էլ չէին անում, թե ուր են գնում գիտությանը հատկացված փողերը, թե ինչպես է կազմակերպվում ասպիրանտուրայի ընդունելությունը և այլն։ Բայց այս բոլորը չի անի, որովհետև լրագրողը չի հարցնի, անթիվ-անհամար ֆեյսբուքյան ստատուսներ չեն գրվի, թեժ գիծ զանգող չի լինի, ու մեզ կմնա համբերատար սպասելը, թե երբ վերջապես ոչ այդքան հրատապ համարվող գիտությանն անդրադարձող կլինի։

6 thoughts on “Հեղափոխությունից դուրս մնացած ոլորտը

  1. Իրոք ահավոր ա: Էս մասը լրիվ սպանիչ էր. «Խղճահարությամբ նայեց ինձ, ասես կյանքս չէր ստացվել ու որպես մխիթարանք առաջարկեց․
    — Գոնե քույր աշխատեիր»:
    Ուրեմն գիտությունը չեղավ, չեղավ, քույր աշխատելու չափ էլ չեղավ, հա՞: Վերջն ա: Ու նույն ձևով էլ մարդկանց բուժում են, էլի. տատուս թվի գիտելիքներով: Դրա համար էլ Հայաստանում հազվագյուտ են էն բժիշկները, որոնց գիտելիքները բուհն ավարտելուց հետո թարմացվել են որևէ կերպ: Հուսով եմ` նոր առողջապահության նախարարն էդ հարցին էլ լուրջ ուշադրություն կդարձնի, որ 20-րդ դարակեսում մնացած բժիշկները իրանց նավթալինոտ գիտելիքներով մարդկանց կյանքերի հետ չխաղան:

    1. Ստեղ մի այլ հարց ա, որ նաև քույրի աշխատանքը պետք չի թերագնահատել։ Հայաստանում քույրերն էլ հեչ հարգված չեն, մինչդեռ դա մի առանձին ու շատ կարևոր մասնագիտություն ա։ Ասենք, ես չէի կարողանա քույր աշխատել, որովհետև ուղղակի էդ գիտելիքներն ու կրթությունը չունեմ։
      Բայց հա, էդ տատուս թվի գիտելիքներն էլ մի ուրիշ խնդիր են, բայց դրանով էլ պիտի կրթության նախարարը զբաղվի։ Բժշկականը ԿԳՆ-ի տակ ա։

      1. Սկզբում ԿԳՆ էի գրել, հետո մտածեցի` արդեն աշխատող բժիշկները պիտի որ ԱՆ-ի տակ լինեն: :))) Բայց ես բացի կրթությունից, նաև նկատի ունեի, որ ստուգվեն արդեն աշխատող բժիշկները, ու նավթալինոտները դուրս գան համակարգից, եթե չեն ուզում թարմացնել իրենց գիտելիքները: Էդ արդեն պիտի որ ԱՆ-ի պատասխանատվության տակ լինի, չէ՞:

      2. Դե հիմա էլ կան տենց բաներ։ Ինչ-որ պարտադիր վերապատրաստումներ, որը ԵՊԲՀ-ի տակ գտնվող կառույց ա անում, բայց կարծեմ ԱՆ-ի ենթակայության տակ ա։ Ստեղ սաղ հարցն էն ա, որ Հայաստանում բժիշկների լուրջ պակաս կա, ու տենց հեշտ չի էդ նավթալիններին հեռացնել գործից։ Գիտեմ, որ պարադոքսալ ա հնչում, որտև տարին 300 բժիշկ ա ավարտում, բայց մի մասն արտասահման ա գնում, մի մասը գերտարածված էն մի երկու մասնագիտություններն են ընտրում, մի մասն էլ բժշկությունը թողնում ա, ուրիշ բանով զբաղվում։ Արդյունքում՝ լիքը ոլորտներում ու հատկապես մարզերում բժիշկ չկա։ Կարծում եմ՝ մի բան, որ ԱՆ-ն կարա անի, լիցենզավորումը վերականգնելն ա, ու յուրաքանչյուր բժիշկ ստիպված լինի հինգ տարին մեկ քննություն տալ, որ պահի լիցենզիան։ Մյուս հնարավոր բանը պարտադիր բուժման սխեմաներ մտցնելն ա, ու դրանց չհետևելու դեպքում բժշկին պատժել։ Բայց դե էս վերջինը տարիների լուրջ աշխատանք ա պահանջում։

  2. Էնքան լավ եմ քեզ հասկանում, Բյու՛ր՝ թե՛ նախորդ գրառումդ, թե՛ սա։ Թեև Հայաստանում իմ կուրսընկերների մի մասը պատրաստվում էր խորանալ գիտության մեջ ու իմ «թևից» էր, բայց ընդհանուր առմամբ գիտությամբ զբաղվելու ապագա պլանները ասոցացվում էին խելքը գիտությանը տալուն, ու խղճահարությամբ նայում էին ինձ։
    ՀՀ վերջին քաղաքական իրադարձություններին էլ չեմ հետևում, բայց խանդավառությունս անցնելուց հետո հասկացա, որ խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել. նույն ազգայնականությունը, որոշ հարցերի շուրջ նույն վերաբերմունքը ու իմ մոտ նաև դեռ էնպիսի տպավորություն է, որ էս իշխանությունը մոռացել ա, թե ինչի համար են հավաքվել։ Իմ հետևածով՝ նոր ընտրությունների իրականացումը ամենաշոշափվող թեման չի։
    Հա, ու գնալով ավելի եմ համոզվում, որ ժամանակի՝ Հայաստան վերադառնալու պլաններս ավելի շատ ռոմանտիկայի, քան իրական կյանքի ժանրից են։

    1. հա, ահավոր տխուր ա իրականում 😦 էս վերջերս էլ մի հատ հարցաշար էր պտտվում, որտեղ հավաքագրում էին դրսում ապրող հայ մասնագետների։ Ու մեջը մի եքա ցուցակ կար, թե ով ինչ ոլորտում կարա օգուտ կա։ Ինչ ասես չկար, բացի գիտությունից 😦 Իհարկե լավ էր էս հեղափոխությունը, գոնե ՀՀԿ֊ից ազատվեցինք։ Բայց մոտ ապագայում, համենայնդեպս, Հայաստանը չի դառնալու մի երկիր, որտեղ մենք կարանք ապրենք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s